ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում նշվել է Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը

12 հոկտեմբերի, 2017 | 12:30

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը շքեղ հանդիսությամբ նշեց Թեքեյան Կենտրոնի բացման 20-րդ տարեդարձը:

Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում եւ հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի միավորման խորհրդանիշներից մեկը: Սկսած 2001թ-ից գործում է որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ (ԹԿՀ) եւ, ինչպես իր հիմնադիր Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը (Tekeyan Trust London), ունի հայապահպան նշանակություն:

Կրթական, մշակութային, սոցիալական եւ բազմազան այլ մարդասիրական ծրագրերի միջոցով ԹԿՀ նպաստում է ազգային ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը: 2010թ. սկսած հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Հայաստանի եւ Արցախի դպրոցների եւ աշակերտների հիմնախնդիրները: Հիմնադրամը նաեւ ակտիվ գործունեություն է ծավալում մշակույթի ոլորտում, մասնավորապես բազմաժանր ցուցահանդեսներ կազմակերպելով եւ հայ ժամանակակից արվեստագետներին լայն հանրությանը ներկայացնելով: ԹԿՀ ակտիվորեն համագործակցում է հայաստանյան, միջազգային պետական եւ հասարակական, ինչպես նաեւ Սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունների հետ:

Թեքեյան Կենտրոնում հոբելյանական ձեռնարկին ներկա էին պետական կառույցների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, բարերարներ, համակիրներ Հայաստանի մարզերից, Արցախից եւ Սփյուռքից:

 

Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով ներկաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ, նա երախտիքի խոսք հայտնեց Թեքեյան Կենտրոնի բոլոր բարերարներին, համակիրներին եւ գործընկերներին Հայաստանից եւ Սփյուռից, որոնց շնորհիվ ստեղծվել եւ կայացել է հիմնադրամը: Նախագահը ներկայացրեց Կենտրոնի ստեղծման գաղափարը, պատմությունը, անցած ուղին, իրականացվող ծրագրերը. կարճ ժամանակում ԹԿՀ ձեռք բերեց ուրույն դիմագիծ եւ հսկայական թռիչք արձանագրեց: Այս ամենն ամփոփ ներկայացվեց նաեւ էկրանին՝ սլայդերի միջոցով:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, խոսելով ԹԿ ապագա անելիքների մասին, մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց սփյուռքի հայ կրթօջախների պահպանման վերաբերյալ եւ հավելեց, որ հիմնադրամը պատրաստ է սերտ համագործակցել ՀՀ ԿԳՆ հետ եւ մշակել լուրջ ռազմավարություն դպրոցների փակման գործընթացը կանխելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ ԹԿ հիմնադրամի եւ Լոնդոնի Թեքեյան Թրաստի բազմամյա մշակութային եւ բարեսիրական գործունեությանը՝ ի նպաստ հայ ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն ու տարածմանը, Հայրենիքին օգտակար լինելու գործին: Նա նաեւ կարեւորեց ԹԿ հիմնադրամի հայանպաստ ծրագրերը, որոնք մատաղ սերնդի շրջանում առողջ հոգեւոր, մտավոր, մշակութային խորաթափանց դաստիարակություն են սերմացնում: Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ ազգանպաստ համագործակցությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից հանձնեց շնորհակալագիր՝ «Թեքեյան Կենտրոնի 20-ամյակի առթիվ եւ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի կողմից նույնպես արժանացավ շնորհակալագրի՝ «սերտ համագործակցության եւ մշակութային ծրագրերի իրականացման, Արցախում հոգեոր-մշակութային առողջ միջավայրի պահպանման եւ ապագա սերունդների գեղագիտական ճաշակի զարգացման համար»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն արժեւորեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի մասնակցությունը կրթական գործընթացներին, արձանագրելով նաեւ հիմնադրամի ակտիվ մասնակցությունն ու մեծ ներդրումը դպրոցաշինության ոլորտում: Անդրադառնալով սփյուռքի հայ դպրոցների հարցին, նա ասաց. «ՀՀ ԿԳՆ այսօրվա մտահոգություններից մեկը դպրոցների պահպանումն է: Եւ եթե բոլորս հետեւականորեն ընդգրկվենք այս գործընթացում, ապա հայի պահպանման խնդիրը սփյուռքում կարելի է համարել ինչ-որ չափով լուծված»:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, որում քաղաքապետը մասնավորապես արժեւորում էր ԹԿՀ անցած ճանապարհը հայեցի տեսակի պահպանման եւ հանրահռչակման բարդ գործընթացում: «Վստահ եմ՝ կազմակերպության մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բազմաբովանդակ ծրագրերն իրենց բնույթով ունեն ռազմավարական մեծ կարեւորություն, քանի որ ձեւավորում են մի տեսակ, որը ապագայի հաղթանակների ու ձեռքբերումների կերտողն է»:

Այնուհետեւ, ընթերցվեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ողջույնի եւ շնորհավորական ուղերձը:

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը բրիտանահայ համայնքի անունից շնորհավորեց Թեքեյան Կենտրոնին հոբելյանական տոնի առթիվ, հատկանշելով, որ կազմակերպությունն այն առաջատարներից է, որոնք գործնական հողի վրա սկսեցին ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապերը: Խոսելով Լոնդոնի Թեքեյան Թրաստի մասին, սրբազանը առանձնահատուկ անդրադարձավ նրա պատվավոր քարտուղար եւ ԹԿՀ նախագահ Վարդան Ուզունյանին, ում համարում է Լոնդոնում «դեսպան», որն իր նվիրական ու անխոնջ  աշխատանքով հզորացնում է Թեքեյան կառույցները թե Հայաստանում եւ թե Անգլիայում: «Շատ ցանկալի կլիներ, եթե Սփյուռքի բոլոր կազմակերպություններն այսպես կապված լինեին Մայր Հայրենիքի հետ»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը մասնավորապես նշնեց. «Վեհափառ Հոր օրհնությամբ միշտ պատրաստ ենք մեր կարողությունը բերել Մայր Աթոռի եւ Թեքեյան Կենտրոնի հաջող եւ արդյունավետ գործունեության համար, քանի որ այն ծառայում է մեր ազգին՝ մեր ազգի ինքնության պահպանմանը եւ մեր ազգային առաջընթացին կրթության եւ մշակութային ասպարեզում»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, բարձր գնահատելով արդյունավետ համագոծրակցությունը տարբեր կառույցների հետ, հոբելյանական պատվոգրեր շնորհեց եւ ԹԿՀ «բարեկամ» տիտղոսին արժանացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանին, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանին, Երեւանի քաղաքապետարանի Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանին, Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանին, «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սեւակ Հակոբյանին, «Լոնդոն բիզնես գրուպ» հայ-բրիտանական աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Զորյանին, «Բի լայն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Խանջյանին:

Իսկ ԹԿՀ «նվիրյալ» տիտղոսին արժանացան «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, գլխավոր հաշվապահ Անահիտ Հարությունյանը, ծրագրերի պատասխանատու Սեդա Խաչատուրյանը, անվտանգության ծառայության աշխատակից Վախթանգ Վարդանյանը, պարետ Արթուր Սարոյանը:

Թեքեյան Կենտրոնում երեկոն շարունակվեց մշակութային ծրագրով. հյուրերը հաճույքով լսեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան դպրոցի երգչախմբի /խմբավար՝ Մարիետա Մկրտչյան/ եւ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի «Ժողովրդական նվագարաններ» համույթի /ղեկավար՝ Նունե Դանիելյան/ կատարումները: Հնչեցին ստեղծագործություններ Վ. Թեքեյանից, Կոմիտասից, Տ. Մանսուրյանից, Է. Բաղդասարյանից եւ այլն:

Հանդիսությունը եզրափակվեց հյուրասիրությամբ եւ ցուցահանդեսի դիտումով:

Թեքեյան կենտրոն

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում
2. Թեքեյանցիների ամառային հանգիստը Հայաստանում
3. «Լուսանկարչի օրագրից» ցուցահանդեսը Երեւանի Թեքեյան կենտրոնում
4. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
5. Տոնական միջոցառում Լոնդոնում
6. «Հայկական մշակույթի շաբաթ» Տոկիոյում
7. «Կոմիտաս» մեդալ` Վարդան Ուզունյանին. հանդիսավոր ձեռնարկ Լոնդոնում
8. Սերգեյ Գասպարյանի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» Թեքեյան կենտրոնում
9. Սիփան Օլահը եւ ,,Կոմիտաս,, երգչախումբը փայլեցին Բարոնուհի Քոքսի կազմակերպած Սուրբ Ծննդյան համերգին
10. ԼՈՆԴՈՆ. «Կոմիտաս» երգչախմբի փայլուն համերգը Պիկադիլի հրապարակում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: