ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

10 օգոստոսի, 2018 | 11:09

Օգոստոսի 10-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը:

Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին նոր Հայաստանում՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Ես մեզ բոլորիս ուզում եմ շնորհավորել երկու իրադարձության առթիվ: Նախ այն բանի համար, որ դուք իսկապես գտնվում եք նոր Հայաստանում, և իհարկե շնորհավորում եմ «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի առթիվ: Սա սփյուռքի նախարարության համար աննախադեպ ծրագիր է, երբևէ նախարարությունը միաժամանակ 400 սփյուռքահայ պատանիների չի հյուրընկալել: Մեզ համար մարտահրավեր է, սակայն մենք անելու ենք մեր լավագույնը, որ թերացումներ չլինեն»:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին՝ Հայ-ռուսական համալսարանին, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «GG» տաքսի ծառայությանը, «All Inclusive Armenia» և «Loft» կազմակերպություններին:

«Ես առավել քան վստահ եմ, որ դուք գժի պես սիրահարվելու եք այս երկրին, և Հայաստանն էլ սիրելու է ձեզ: Ուզում եմ, որ տարբեր պատմամշակութային վայրեր այցելելուց բացի՝ երբեմն դուրս գաք և շփվեք մարդկանց հետ: Տեսնեք, թե որքան դրական էներգետիկա է կուտակվել թավշյա հեղափոխությունից հետո: Խոսե՛ք, զրուցե՛ք, կիսվե՛ք, ճանաչե՛ք ձեր հայրենակիցներին: Դուք կսիրեք նրանց»,-ընդգծեց նախարարն ու վստահություն հայտնեց, որ «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից շատերին տարիներ անց կրկին կհանդիպի, և նախարարությունն ամեն բան անելու է, որ նրանք տեղափոխվեն Հայաստան:

«Դուք այստեղ հյուր չեք, դուք այստեղ եք տանտիրոջ կարգավիճակով: Միշտ հիշեք, որ կա մի փոքր պետություն մեծ ներուժով, 42 հազար կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ: Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ»,-ամփոփեց իր խոսքը Մխիթար Հայրապետյանը:

Մասնակիցներին ողջունեց նաև Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը:

«Մեր համալսարանում բազմաթիվ սփյուռքահայ ուսանողներ ունենք: Ձեզ նույնպես սպասում ենք այստեղ: Բարո՛վ եք եկել, բարի երթ»,-նշեց Էդվարդ Սանդոյանը:

Ծրագրի մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին երգիչներ Հայկ Ստվերը, Հայկ Եսայանը և Վլադիմիր Ահարոնյանը: Պատանիները պարեցին, ծանոթացան սփյուռքի նախարարի հետ, լուսանկարվեցին:

Այնուհետև ծրագրի 440 մասնակիցները բաժանվեցին հոսքերի ու խմբերի: Նրանք այսօր ըստ ուղղությունների կմեկնեն Հայաստանի պատմության, Երևանի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարաններ:

Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարությունից։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Սկսվել է «Արի տուն» ծրագրի անցումային փուլը, իսկ օգոստոսի 10-ից կսկսվի վերափոխված՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը
2. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփել է 2014-ը
3. Կնքվեց համագործակցության հուշագիր
4. Սփյուռքի նախարարը Բարսելոնայում
5. Հայաստանում բնակվող սիրիահայերի 30 տոկոսն ունեն իրենց բնակարանները. սփյուռքի նախարարը` սիրիահայերի դժգոհությունների մասին
6. Հեսսենի հայ մշակութային միության ծրագրերը ներկայացվեցին սփյուռքի նախարարին
7. ՀԲԸՄ ներկայացուցիչները սփյուռքի նախարարի հետ քննարկեցին սիրիահայության խնդիրները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: