ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը

18 սեպտեմբերի, 2017 | 10:01

Սեպտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:  Օրհնության խոսքով հանդես եկավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,  տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400-ից ավելի  պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Ֆրանսիայից (92),    Լիբանանից (107),  Սիրիայից (44), Իրանից (56),  Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան ևս 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղությունների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություններն են Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի  նախարարությունները:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 2 կլոր-սեղան-քննարկումներ: Առաջին կլոր-սեղան քննարկումը վերաբերում է Համահայկական խորհրդի ձևավորմանը: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը:

Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» թեմայով:

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները կներկայացնեն թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները:

Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի հայտարարություն:

Մարզահամերգային համալիրում ձևավորվել են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումներն են ներկայացնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների  կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Առանձին տաղավարներով ցուցադրված են գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները: «Մեգերյան կարպետը» ներկայացնում է հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումներն է ներկայացնում Արցախը: Գործում է նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված տաղավար:

Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ:  Սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում արդեն բացվել է «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանը, որտեղ տեղադրված են հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան:

Սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին:

Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակը: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին, որտեղ կմեծարվեն Հայաստանի և Սփյուռքի արվեստի նշանավոր գործիչներ:

Սեպտեմբերի 5-29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Ընտրանի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկզբի 24 հայ նշանավոր արվեստագետների 30 ստեղծագործությունները՝ բացառապես մասնավոր հավաքածուներից:

Համաժողովի հովանավորներն են «Գրանդ քենդի» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանը, «Վեդի ալկո» ընկերությունը, «ՋԱՀ» հիմնադրամը, «Նոյյան» հյութերի հիմնադրամը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ոսկեվազ» գինու գործարանը, «Սիփան» ընկերությունը, «Ավշար-Ալկո» ընկերությունը:

Տեղեկատվական հովանավորներն են Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր մեդիա», «Արարատ», «Ար» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Համաժողովի ընթացքում գործելու է մամուլի կետրոն:

Նշենք, որ առաջին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ  2011 և 2014 թվականներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
9. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: