ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի հուշարձանը

17 հուլիսի, 2018 | 18:07

Հուլիսի 17-ին Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարությունը ներկա է եղել   Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի քաղաքական ու ռազմական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար Արամ Մանուկյանի հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը: Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ քննադատություններին՝ կապված արձանի տեղի եւ որակի մասին, ինչպես նաեւ մշակույթի նախարարության հայտարարությանը, արձանն այնունամենայնիվ բացվել է։ Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը եւ այլ բարձրաստիճան հյուրեր։ Պետական, քաղաքական, ռազմական գործչի հուշարձան-կոթողը կառուցվել է Աշոտ Թունյանի և Գաբրիել Չեմբերջյանի բարերարությամբ: Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքամայր Երևանում ներկա գտնվեց Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո Վարչապետ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի ներկաներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ համախմբվել եք պետական-հասարակական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով:

Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ: Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերտման պատասխանատվությունից ու ամբողջանվեր ջանքերից: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է՝ որպես երախտիք մեր ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում այսօր ապրողներիս և մեր հետագա սերունդներին:

Այս արարողությունը, սիրելիներ, առիթ է ընծայում մեզ նաև անդրադառնալու և կարևորելու, որ ցեղասպանության նախճիրի միջով անցած մեր ժողովուրդը, առ Քրիստոս հավատքով, հարության անպարտելի հույսով կարողացավ վերագտնել իր քաջության ոգին և իր արի զավակների շնորհիվ, որոնցից մեկն էր Արամ Մանուկյանը, կերտեց իր նորագույն պատմության հաղթանակները: Մեր պատմության կարևոր դրվագներից է Սարդարապատի հերոսամարտի նախօրեին Արամ Մանուկյանի հանդիպումը Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, երբ Մայր հայրենիքի պաշտպանության վճռականությունը ստանձնած նվիրյալ հայորդին ականատես եղավ նաև աննահանջ հոգևոր ուժին Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետի: Միասնական կամքով պայքարի ելած մեր ժողովուրդը հաղթանակեց՝ պաշտպանելով իր գոյության, հայրենի հողի վրա ապրելու ու արարելու իր արդար իրավունքը: Արամ Մանուկյանը կարճ կյանք ունեցավ, բայց այն ամբողջությամբ ընծայեց պայծառ ու հզոր Հայաստանի, բարգավաճող իր ազգի, առաջընթաց հայ կյանքի վառ տեսլականի իրագործմանը:

Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, մենք կոչված ենք Արամ Մանուկյանի, Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր հերոսների տեսիլքները իրականություն դարձնելու, ընթանալու դեպի նորանոր իրագործումներ ու արարումներ՝ հանուն հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի երջանկության, բարօրության ու բարգավաճման:

Այս հիշարժան առիթով Հայրապետական Մեր գնահատանքն ենք հայտնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին, ինչպես նաև՝ բարերարներ Աշոտ Թունյանին և Գաբրիել Չեմբերջյանին, քանդակագործ Դավիթ Մինասյանին:

Թող Արամ Մանուկյանի լուսավոր կերպարը քաջալերություն ու ոգեշնչում լինի մեզ ամենքիս, ազգիս բոլոր զավակներին՝ Տիրոջ զորակցությամբ, միասնական ջանադրությամբ կերտելու հզոր պետություն՝ որպես ամուր վեմ ու պատվար մեր ժողովրդի նոր հաջողությունների, մեր արդար հույսերի ու մեր պայծառ ապագայի՝ այսօր և միշտ. ամեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել պետական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը: 
Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետև նրա կյանքը և գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի և գործունեության, ով ծնվեց, ապրեց և մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն և ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը: Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար և նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետևանքով և ամբողջացրեց իր առաքելությունը: Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք: Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան և Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է և հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի ելույթը` Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով.

«Հայաստանի հողի վրա հայոց պետականության կորստից մոտ 9 դար հետո վերականգնված հայոց պետականության Հայաստանի Հանրապետության փաստացի հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի կանգնեցումը քաղաքամայր Երևանի կենտրոնում, թեկուզ ուշացած, բայց պատշաճ հարգանքի տուրք է: Հարգանքի մի քյալ, որը ցանկալի է, որ ունենա իր շարունակությունը, այնպես ինչպես նախատեսված էր` Արամ արքային նվիրված Արամի փողոցի վերանվանումը Արամ Մանուկյանի փողոց, այդ փողոցի մեկ հավտածում Հայաստանի առաջին հանրապետության նվիրված այգու հաստատումը` խորհրդարանի նախագահների ու վարչապետերի կիսանդրիներով: Մենք նաև աշխատում ենք, որ այդ փողոցում գտնվող Արամ ՄԱնուկյանի տունը, ավելի ճիշտ, տան մնացած պատերի ներսում կառուցվի Արամ Մանուկյանի և Հայաստանի առաջին Հանրապետության նվիրված տուն-թանգարան:

Հասկանալի է, որ առանց այդ վերականգնված պետականության, մենք չէինք ունենա ոչ Խորհրդային Հայաստան, ոչ վերանկախացած Հայաստանի Հանրապետություն, ոչ` նոր Հայաստան:

Արամի արձանի կանգնեցումը չի կարելի մեկնաբանել որպես անհատի պաշտամունքի դրսևորում: Ընդհակառակը, սա հարգանք է մեկ սովորական մահկանացուի, ով ծնվել էր Սյունիքում, մեծացել Շուշիում, կուսակցական գործունեություն ծավալել Բաքվում, Թիֆլիսում ու Կարսում, ապա անցել Վան, կազմակերպել տեղի հայությանը, Մեծ եղեռնի օրերին կազմակերպել Վանի ինքնապաշտպանությունը և հիմք դրել հայոց պետականության վերականգնմանը, անցել Երևան, առաջնորդել մայիսյան ճակատամարտերն ու ՀՀ հիմնադրությունը: Եվ որպես սովորական մահկանացու ինքը ևս վարակվել էր ժողովրդից բծավոր տիֆով և ընդամնեը 40 տարեկանում մահացել:

Դեռ սովետական ժամանակաշրջանից սկսած Արամի ու իր գոծակիցների վաստակի ստորագնահատումի կարևոր պատճառներից մեկը նրա ՀՅԴ անդամ լինելու փաստն է: Արամը դաշնակցական էր երկու առումով, առաջին` կուսակցական` իր ամբողջ կյանքը նվիրելով հայ ժողովրդի ազատության պայքարին: Նա նաև դաշնակցական էր բառի ոչ կուսակցական առումով: Նա հավատում էր, որ կարող է պայքարել` տարբեր ուժեր համախմբելով:

Արամի մտքերից շատերը այսօր ևս մնում են ուսանելի, առաջնորդող: Այդ մտքերից է այս բառերով արտահայտածը:

«Մենակ ենք ու պետք է ապավինենք միայն մեր ուժերին, թե ճակատը պաշտպանելու, թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ կամ ընկերներ, բայց նշանակում է` հույսը ամենից առաջ դնել սեփական ուժերի վրա, թե մեր ներքին խնդիրները լուծելու, թե մեր արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները դիմակայելու համար:

Արամի արձանը կանգնեցնելով մենք հարգում ենք մեր պետականությունը վերականգնած ամբողջ սերնդին: Արամի մտքերից մեկը նաև մեր երկիրը ընկույզի նմանեցնելով, նրա կորիզը կարևորելն է: Այսօրվա մեր Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները մեր հայրենիքի  կորիզն են, որի շուրջ ապագայում ձևավորվելու է մեր ամբողջական հայրենիքը: Մինչ այդ, սակայն, ինչպես Արամն է պատգամել, մեր նպատակը պետք է լինի Հայաստանի կորիզը աճեցնել»:


Առնչվող նյութեր
1. Մշակույթի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Արամ Մանուկյանի արձանի տեղադրման աշխատանքները
2. Հարձակում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա. Օմբուդսմենը խստորեն դատապարտել է կատարվածը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: