ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը

10 հոկտեմբերի, 2018 | 07:45

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ: Բացման խոսքով հանդես եկավ Նախարարական համաժողովի նախագահ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է 3 տարի անց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը կրկին հյուրընկալելը: Այդ առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերը Հայաստանի կողմից համաժողովի նախագահության ստանձնման գործում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարի կոչով համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին «մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծն քաղաքացու, աշխարհից էլ մեծ Շառլ Ազնավուրի հիշատակը», ով «մարմանավորում էր Ֆրանկոֆոն արժեքների հիմք հանդիսացող մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը»:

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Տեղի ունեցավ քննարկում ֆրանկոֆոն աշխարհում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Նախարարական համաժողովի մասնակիցները նաև անդրադարձան 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ համաժողովի ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային ելույթներով։

Կայացավ ոչ պաշտոնական խորհրդակցություն եվրոպական հաստատություններում ֆրանսերեն լեզվի և բազմալեզվության տարածման հետ կապված հարցերի շուրջ։

Հոկտեմբերի 9-ին իր եզրափակիչ խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ներկա պատվիրակություններին իրենց ակտիվ մասնակցության և ծավալված համապարփակ քննարկումների համար։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքների տարածումը, տարածաշրջանային և միջազգային արդի մարտահրավերների և խնդիրների խաղաղ հանգուցալուծումը շարունակում են մնալ ՖՄԿ օրակարգում։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը Կազմակերպության շրջանակներում ընթացող բոլոր գործընթացներում՝ ուղղված համերաշխության, խաղաղության և հանդուրժողականության տարածմանն ու ամրապնդմանը Ֆրանկոֆոն տարածաշրջանում։

Նույն օրը նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Օուանը և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մասնակցեցին Ֆրանկոֆոնիայի ավանի հանդիսավոր բացմանը, որին ներկա էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՖՄԿ անդամ պետությունների ղեկավարները և պատվիրակները։  Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներով:

Երեւանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի օրերին Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ  նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղարի, Լիտվայի եւ Մոլդովայի արտգործնախարարների, Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարարի հետ։ 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի փակման ելույթը

Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկնայք և պարոնայք դեսպաններ և անձնական ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Փոխանակումներով հարուստ այս երկու աշխատանքային օրերից հետո կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ մասնակցության և մեր քննարկումներում ունեցած նպաստի համար։

Այն առաջարկությունները, որոնք մենք պատրաստվում ենք անել պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, կխթանեն մեր կազմակերպության գործունեությունը և կուրվագծեն գալիք տարիների գերակայությունները։

Առաջին հերթին ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից վավերացված տեքստերի կարևորության վրա՝ նախևառաջ Երևանի հռչակագրի նախագիծը «Ապրել միասին» կարգախոսի վերաբերյալ, ինչպես նաև ֆրանկոֆոնների «Միասին Ապրելու» կոչը:

Պետք է ընդգծել  թեմայի կարևորությունն  ու արդիականությունը:

Իրապես, շատ կարևոր է պոպուլիզմի և ծայրահեղականության աճի, ատելության քարոզչության և անհանդուրժողականության դրսևորումների տարածման, անհավասարության աճի,  կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունների համատեքստում հակադարձել խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ հարգանքի ուժով՝ գործելով ի նպաստ մշակութային և լեզվական բազմազանության և ամրապնդելով հանդուրժողականության սկզբունքը, որը կենսական նշանակություն ունի ֆրանկոֆոն տարածության տարբեր հատվածների միջև հարաբերությունների հավասարաչափ զարգացման համար:

Ինչպես  նշեցի երեկ «Ապրել միասին» մոտեցումը պետք է առաջին հերթին վերաբերի ֆրանկոֆոն տարածության ժողովուրդներին: Այսպիսով, մենք պետք է ականջալուր լինենք մեր ժողովուրդներին և հաշվի առնենք նրանց՝ ավելի արդար ու մարդասիրական հասարակությունում ապրելու ակնկալիքները։

Ցանկանում եմ անդրադառնալ դռնփակ նիստի ժամանակ բազմակողմանիության վերաբերյալ ունեցած մեր բեղմնավոր քննարկումներին:

ՖՄԿ-ի կողմից տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ արդեն իսկ ձևավորված համագործակցությունն, անշուշտ, ուղենշում է այն ճանապարհը, որին պետք է նախապատվություն տալ բազմակողմանիությանը նոր խթան հաղորդելու նպատակին հասնելու համար:

Անշուշտ, մեր քննարկումներում արտահայտված մոտեցումները պետք է կատարելագործվեն և արդյունավետ կիրառում գտնեն։

Անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության հայտերը ևս մեկ անգամ ի ցույց են դնում Ֆրանկոֆոնոյի գրավչությունը. աշխարհին բացվելու կարողությունը վերջինիս արժանիքն է։ Այդ գրավչությունը վկայում է միջազգային մակարդակում Ֆրանկոֆոնիայի զբաղեցրած առանցքային դիրքի մասին։

Այս առնչությամբ պետք է նկատի ունենանք Անդամակցության հայտերով զբաղվող Հատուկ կոմիտեի սահմանափակ խմբի կողմից արված առաջարկությունները, մասնավորապես՝ չափորոշիչների և անդամակցության պայմանների վերաբերյալ։

Ի դեպ, ինչպես առաջարկում է Սահմանափակ խումբը, մենք նույնպես համոզված ենք, որ  ատյանների աշխատանքների արդիականացման ու ակտիվացման, դիտորդ պետությունների և կառավարությունների դերի և դիրքի, Ֆրանսիայում հատուկ ՖՄԿ-ի համար դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման, ոչ անդամ պետություններին հարակից կառավարությունների՝ ՖՄԿ-ին անդամակցության վերաբերյալ մտքերի փոխանակումը շարունակվելու է նաև Մոնակոյի նախարարական համաժողովին։

Ես նաև ողջունում եմ Ֆրանկոֆոնիայի ռազմավարության ընդունումը՝ ուղղված Կանանց և տղամարդկանց հավասարության, կանանց իրավունքների և անկախության խթանմանը: Այս կարևոր փաստաթղթի ընդունումը մեր կազմակերպության առաջնահերթությունների առանցքում է դնում կանանց և տղամարդկանց միջև հավասարության գաղափարը։

Հայաստանի համար մեծ պատիվ է այս ռազմավարության ընդունումը Երևանյան գագաթաժողովի շրջանակներում։ Այն առանձնակի կարևորություն ունի, քանի որ մենք գիտակցում ենք «հայկական թավշյա հեղափոխության» մեջ կանանց կարևոր դերը:

Ուրախ եմ Թվային հարցերի պատասխանատու ֆրանկոֆոն նախարարների ցանցի ստեղծման կապակցությամբ, ինչը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ կապակցությամբ շնորհակալություն ենք հայտնում Բենինի մեր գործընկերներին՝ թվային տնտեսության ոլորտում իրապես կարևոր այս նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ցանկանում ենք նաև մեր երախտագիտությունը հայտնել այսօր մեր ուշադրությանը ներկայացված 2019-2022թթ. Ծրագրավորման նախագծի համար: Այդ նախագծի, ինչպես նաև 2019-2022 թթ. Բյուջեի ընդունումը, թույլ կտան քայլեր ձեռնարկել համագործակցության հաստատման ուղղությամբ՝ ի նպաստ  Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների պետությունների և կառավարությունների:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ համոզված եմ՝ մեր կողմից հաստատված և Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին փոխանցվելիք տեքստերը կնպաստեն կազմակերպության ձեռքբերումների ավելացմանը:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին և ՖՄԿ-ին կատարված աշխատանքի համար:

Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի նիստը հայտարարում եմ ավարտված:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:

Մշտական խորհրդի նիստը բացեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով ներկայացրեց գագաթաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը: Ելույթ ունեցավ նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը:

Ողջունելով Մշտական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մեծապես կարևորեց կազմակերպության գործունեությունն՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը:

«Հայաստանը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներին, ինչպես նաև Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին՝ այդ առնչությամբ մեծապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի երիտասարդների ցանցում իրականացված խորհրդատվությունը «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի» մշակման գործում»։

Անդամ երկրների ներկայացուցիչներն  անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և օրակարգին առնչվող տարբեր հարցերի: Քննարկվեցին Երևանի հռչակագրի, որոշումների և գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:

Կազմակերպության լիիրավ անդամների նիստում հաստատվեց 17-րդ գագաթաժողովին ուղղված՝ կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի վերաբերյալ հատուկ աշխատանքային խմբի զեկույցը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը
3. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
4. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
5. Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում ներկայացրել է Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը
6. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները ԵԽԽՎ-ում
7. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
8. Կցանկանայի խոնարհվել ֆրանսերենի դեսպան Ազնավուրի առջև․ Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդ
9. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
10. Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: