ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երախտագիտություն մեդալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին. եվրոպահայերի 4-րդ համագումարը Բրյուսելում

18 հոկտեմբերի, 2017 | 23:54

Հոկտեմբերի 18-ին Բրյուսելի Հայ տանը հանդիսավորապես բացվեց Եվրոպահայության 4-րդ համագումարը։Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ  Գասպար Կարապետյանն իր բացման խոսքում անդրադարձավ կազմակերպության կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքներին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի խնդրին վերաբերող հարցերում արձանագրված հաջողություններին, մասնավորապես ֆլամանդական եւ ֆրանսիախոս խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծման գործընթացի մասին։ Նա նաեւ ծանոթացրեց ապագայի ծրագրերին, միաժամանակ նշելով Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի ու Արցախի պատկան մարմինների հետ արդյունավետ համագործակցության մասին։ 

Այնուհետեւ ձայնը տրվեց  Արցախի Հանրապետութեան նախագահ Բակո Սահակյանին, ով բարձր գնահատեց Հայ Դատի հանձնախմբի կատարած աշխատանքը եւ կազմակերպությանը պարգեւատրեց ,,Երախտագիտություն,, մեդալով։ Արցախի նախագահը նշեց, որ հանձնախումբը ամենաարդյունավետ աշխատող հայկական կազմակերպություններից է եւ երախտագիտություն հայտնեց բոլոր նրաց, ովքեր մշտապես սատարում են Արցախին։ 

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառն իր խոսքում շեշտեց, որ մեր պահանջատիրությունը Հայ Դատի սահմաններից ավելի լայն է՝ ազգային պահանջատիրություն է։«Մեր ազգային պահանջատիրությունը մեր նեղ ազգային սահմաններից դուրս եմ տեսնում. մեր դատը մարդու իրավունքների դատ է, իսկ մարդկային իրավունքները աստվածային իրավունքներ են»,-ասաց նա։

Վեհափառը շեշտեց, որ անցնող տարիներին  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հետապնդել է նաեւ իր դատը՝  Թուրքիայից պահանջելով   Սիսի պատմական կաթողիկոսությունը։ Ազգային պահանջատիրությունը Հայ եկեղեցու, մասնավորապես Կիլիկիո Կաթողիկոսության համար սովորական դատ չէ, այլ կենսական խնդիր է: Հայոց ցեղասպանությունից հետո Կիլիկիոյ Կաթողիկոսությունը դարձել է աքսորական՝ հաստատվելով Հալեպում, Դամասկոսում, Երուսաղեմում, Կիպրոսում, Բեյրութում, Փարիզում և, ի վերջո հանգրվանել է Անթիլիասում:

Վեհափառի ասելով, Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ յուրովի է պայքարել՝ Հայ դատը դարձնելով օրակարգային: Արամ Ա կաթողիկոսը նշեց,  որ մեր ժողովուրդը մշտապես միջազգային հանրության օրակարգում է պահել ազգային պահանջատիությունը՝ այժմեականացնելով, քաղաքականացնելով և միջազգայնացնելով Հայ դատը:  

,,Ճկունությունն էլ պետք է իր մարտուկանությունն ունենա, այլապես կկորցնենք մեր իրավունքները, ասաց նա, նշելով, որ Լիբանանից եւ Սիրիայից Հայ Դատը պետք է դուրս բերել նաեւ իսլամական աշխարհի այլ երկրներ։ ,,Պետք է իրապաշտ լինել։ Միջազգային իրավունքն այնքան էլ նպաստավոր չէ մեր ժողովրդի համար։ Պետք է տվյալները մանրամասն ուսումնասիրվի եւ ներկայացվի միջազգային համայնքին։ Աշխարհաքաղաքական շահերը վեր են, քան ներկա օրենքները։ Ակտիվիզմից մեր աշխատանքը պետք է տանել դեպի գործողության,,-ընդգծեց Վեհափառը։ 

 ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն  իր խոսքում կարևորեց նման ներկայացուցչական հարթակում համազգային խնդիրների արծարծումը:

Սփյուռքի նախարարն անդրադարձել է հայերի ակտիվ մասնակցությանը եվրոպական քաղաքակրթության  զարգացման գործում, ինչպես նաև եվրոպական արժեհամակարգի ազդեցությանը հայ մշակույթի զարգացման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում: Նա մասնավորապես ասել է. «Իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել եվրոպական արժեքներն ու գաղափարները դավանելու համար՝ արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, հանդուրժողականություն,  արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին թուրքական բռնապետերի համար, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ և սահմռկեցուցիչ եղանակով՝ Ցեղասպանությամբ:  Դիպուկ է բնութագրել նրանց դեռևս համիդյան կոտորածների ժամանակ  Մեծ Բրիտանիայի չորս անգամ  վարչապետ դարձած Ուիլյամ Գլադստոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետևից և ինչքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը ..»:

Եղեռնազարկ, հայրենազարկված հայի առաջ Եվրոպան իր դռները բացեց, քանզի արդեն ճանաչում էր նրա պրպտող տեսակն ու ստեղծարար միտքը: Հայերը դարձան մոլորակի բնակիչ, Հայաստանի դեսպաններն ամենուր և Հայոց պետության  հետ  շարունակում են պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար: Պայքարում ենք  բոլոր տեսակի ցեղասպանությունների բացառման, չկրկնվելու  համար, ինչը նաև  համայն մարդկության խնդիրն է: Դեռևս 1919թ. Թուրքիայի  ռազմական դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսպիսով՝ ուղղակի կերպով ընդունելով Ցեղասպանության փաստը:

Այս պարագայում ի՞նչն է այսօր՝ մեկ դար անց, կաշկանդում աշխարհին, նաև՝  եվրոպական   շատ  երկրների,  վերջնականապես դատապարտելու   Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճիրը՝ ցեղասպանությունը: Այսօր ժողովրդավարության մի  փոքրիկ  կղզյակի վերածված Արցախը դեռ ունի խնդիր  ազգերի    ինքնորշման   միջազգային     իրավունքը     իրացնելիս:  Աշխարհը վաղուց դատապարտել և չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները,  սակայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բռնակցման այս որոշումը, չգիտես ինչու, դեռևս ուժ ունի, և այդ է պատճառը,  որ  Ադրբեջանը  շարունակում է   իր  հոխորտանքները:  Եթե Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա  դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարևան երկու պետությունների կողմից՝ սահմանափակելով մարդու ազատ    տեղաշարժվելու     իրավունքը»։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաև Սփյուռքում հայապահպանությանը՝ նշելով, որ այն մեկ ամիս առաջ տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայակական համաժողովի առանցքային ուղղություններից մեկն էր:

 Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տէր Խաչատուրյանն անդրադարձավ այն բոլոր ծրագրերին, որ իրականացրել է Հայ Դատը համաշխարհային մակարդակով՝ Հայաստանի հզորացում, ցեղասպանության հարց, Ջավախքի հետ կապված խնդիրներ, երիտասարդական ծրագրեր։ ,,Շատ ուրախ եմ, որ այսօր Հայ Դատի ընկալումը համընդհանուր բնույթ ունի,, ասաց նա։ 

Ներկաներին ողջունեց նաեւ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ով նախ ներողություն խնդրեց, որ դեռեւս լավ հայերն չի խոսում։ Նա վերջերս է ամուսնացել հայուհու հետ եւ խոստացել էր, որ մեկ տարի անց հայերն կխոսի։ Այնուհետեւ անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող հետապնդումներին, այդ թվում մալթացի լրագրողի սպանությանը,  ով զբաղվել է ադրբեջանական կոռուպցիոն գործերի հետաքննությամբ։ ,,Այսօր առավել քան երբեւէ մենք պետք է կանգնենք Հայաստանի ու Արցախի կողքին,, ասաց լյուքսեմբուրգցի պատգամավորը։

Այնուհետեւ սկսեվեցին կլոր սեղանների շուրջ քննարկումները։ Առաջին կլոր սեղանը՝«Հայապահպանում՝ գոյատեւման հիմնական ազդակ» վարեց Համազգային Մշակութային Միության վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։

Զեկցուցմուներով հանդես եկան  Մոնթրեալի Սուրբ Հակոբ վարժարանի հայեցի դաստիարակության պատասխանատու Մհեր Գարագաշյանը / «Հայեցի դաստիարակության ներկայիս մարտահրավերները՝ տնից  մինչեւ դպրոց, դասական մամուլ  եւ համացանց»/,   Կիպրոսի Մելքոնյան եւ Փարիզի Հրանտ Տինք վարժարանների Հայերեն լեզվի դասավանդման պատասխանատու, մանկավարժ  Կարապետ Տաքէսեանը / «Արեւմտահայերէնի գործածութեան իրավիճակը Եւրոպայի մէջ եւ անոր պահպանման անհրաժեշտութիւնը»/,  Հունաստանի Հայ Կապույտ Խաչի Լեւոն  և Սոֆիա Հակոբեան Ազգային վարժարանի նախկին տնօրեն Միհրան Քիւրտօղլեանը /«Գաղութային կազմակերպութեան կշիռքը ինքնության պահպանման և պահանջատիրության պայքարում»։

Օրվա երկրորդ թեման  էր  «Թրքական եւ ադրբեջանական լոբբին  Եվրոպայում,,։ Այս կլոր սեղանը վարեց Եվրոպայի Հայ Դատի գրասենեակի եվրոպական ծրագրերի համակարգող  Հեղինե Էվինյանը։ Հայաստանի Եվրոպական ընկերներ- EuFoA երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար  Տաթևիկ Հայրապետյանը հանդես եկավ  «Թուրք եւ ադրբեջանական  պետական քարոզչությունը եւ դրա հակազդեցությունը Հայաստանի մարմինների  կողմից» թեմայով զեկուցմամբ, որին հավորդեց «Եվրոպական լրատվամիջոցների օգտագործումը  թուրք և ադրբեջանական լոբբինգին հակազդելու գործունեության մեջ» զեկուցումը, որը կներկայացնի Փարիզից MediaSchool Group ընկերութեան տնօրեն, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազեանը։ «Թուրք եւ ադրբեջանական լոբբին՝ սոցիալական ցանցերը տեղեկատվական պատերազմի մեջ» զեկույցով հանդես եկավ  տեղեկատվական անվտանգության եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Երեւանից։«Հայապահպանում՝ գոյատեւման հիմնական ազդակ»։

Վերջին կլոր սեղանը՝ ,,Ցեղասպանության ճանաչում եւ հատուցումներ ,, թեմայի  շուրջ վարեց Արդարարդատության եւ մարդու իրավունքների հայկական իրավանց կենտրոնի  կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ Գեւորգ Հակոբճեանը,ով նաեւ  Ավստրիայի Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ է։ Զեկուցումներով հանդես եկան Բոխումի RUHR համալսարանի Ցեղասպանութեան եւ Սփիւռքի հետազոտությունների ինստիտուտի ղեկավար,  պրոֆեսոր Միհրան Դաբաղը /«Ցեղասպանության հիշողության կարեւորությունը մեր պահանջների ծիրից ներս» ,  եւ  Հայաստանի  Սահմանադրական դատարանի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը / «Հատուցման գործընթաց հոլովույթը»/ թեմայով։

Հոկտեմբերի 19-ին համագումարն իր աշխատաքները կշարունակի Եվրոպական խորհրդարանում։

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: