ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին

27 օգոստոսի, 2018 | 11:20

Սեպտեմբերի  2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի կունենա Եվրոպայի հայերի համագումարի  հերթական  համաժողովը, որը կանցկացվի «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» խորագրով։ Համաժողվում կքննարկվեն ոչ միայն Հայաստանի նկատմամբ սփյուռքում որդեգրված նոր մոտեցումներն ու ծրագրերը, դրանց հնարավորությունները, այլեւ Եվրոպայի հայության դերը  Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) եւ թավշյա հեղափոխության համատեքստում։ Առանձին նիստում կքննարկվեն նաեւ ներսփյուռքյան հարցեր՝ Սփյուռքահայության կազմակերպչական խնդիրները եւ մարտահրավերները՝ ի՞նչպես կազմակերպել Եվրոպայի հայությանը, ինչպիսի՞ գործնական քայլեր են պետք դրանց իրականացման համար։ Համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել նաեւ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին։

Համաժողովի նախօրեին ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը Երեւանում զրուցեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ(Շվեդիա)։

Կարո Հակոբյան

– Ինչպիսի՞ հանգրվանում է գտնվում Եվրոպայի հայերի համագումարը, ինչպիսի՞ն է կազմակերպության քաղաքականությունը հատկապես Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո։ Մինչ այդ, դուք մշտապես քննադատում էիք Հայաստանի իշխանությունների հոռի բարքերը, տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Որքանո՞վ է այժմ փոխվել Ձեր վերաբերմունքը։

– Նախկին իշխանությունների նկատմամբ մեր քննադատությունը հավասարակշռված է եղել, երբեք հայհոյանք չի եղել, եւ մատնանշել ենք բոլոր այն թերությունները, որ գոյություն են ունեցել։ Եղել ենք եվրոպահայ այն կազմակերպություններից մեկը, որն իր ուղղությունը չի փոխել։ Լինելով անկախ հասարակական կազմակերպություն, ունենալով մեր տեսակետները, մենք միշտ շփման մեջ ենք եղել նաեւ իշխանությունների հետ, նաեւ հայաստանյան այլ կազմակերպությունների հետ, եւ մշտապես նշել ենք թերությունները։ Հատկապես այդ մասին ասել ենք նաեւ Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովների ժամանակ, ընդգծելով, որ նման հավաքները խորքային մոտեցում չեն, հարկավոր է խորքային մտածելակերպ։

Ինչ վերաբերում է ներկա հեղափոխությանը, մենք բավականին տեղեկացված ենք եղել , թե ինչ խնդիրներ կան, ինչ շարժումներ կան, ինչ հնարավորություններ գոյություն ունեն Հայաստանում, եւ շարժման սկզբից եւեթ աջակցություն ենք ցույց տվել մեր հնարավորությունների սահմաններում, ինքս կապի մեջ եմ եղել եւ ներկա վարչապետի, եւ շարժման մյուս առաջնորդների հետ։ Իբրեւ հասարակական կազմակերպություն, մենք էլ մեր համատեղ աշխատանքներն ենք տարել։

Սփյուռքում, եւ հատկապես Եվրոպայում, աշխատանքներ ենք տարել, որպեսզի մարդիկ աշխույժ լինեն եւ ակտիվորեն մասնակցեն։ Այժմ հեղափոխությունից հետո գլխավորն այն է, որ այն պոտենցիալը որ ունենք Հայաստանում եւ սփյուռքում, կարողանանք ճիշտ ռեալիզացնել, որպեսզի իրականություն դարձնենք մարդկանց ցանկությունները։ Դա ամենաառաջնային գործն է, որ պետք է կատարել։

Այս իմաստով մենք պետք է ծանոթանանք սփյուռքի նախարարության ծրագրերին եւ քննարկենք մեր հնարավոր մասնակցությունը։ Նաեւ իբրեւ համաեվրոպական կազմակերպություն, պետք է նպաստենք Հայաստան-Եվրոպա կապերի զարգացմանը, հատկապես հասարակական, գիտական ու մշակութային ոլորտներում։ Արդեն գիտության եւ կրթության, սփյուռքի նախարարների հետ որոշ ծրագրեր քննարկել ենք։

Մյուս խնդիրը սփյուռք-սփյուռք հարաբերություններն են։

-Այդ մասին հարց ունեի. վերջին 20 տարիներին եվրոպական սփյուռքում ի հայտ եկան մի քանի կազմակերպություններ, որոնք համաեվրոպական լինելու հավակնություն ունեն։ Չնայած դրան, Եվրոպահայ համայնքը մնում է տարանջատված եւ անկազմակերպ վիճակում։ Չկա որեւէ մեկ կազմակերպություն, որը կարողանա բոլորին հավաքել իր հովանու տակ, թեեւ  փորձեր արվում են։ Եվրոպայի հայերի համագումարը ի՞նչ նպատակներ ունի այս ուղղությամբ եւ նմանատիպ այլ կազմակերպությունների հետ համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր ունեք։

-Նախ մենք այն համոզմունքն ունենք, որ Եվրոպայի հայերի համագումարն ունի այդ պոտենցիալը՝ իր շուրջը հավաքելու այն բոլոր ուժերին, ովքեր առաջադեմ  են, զուտ կուսակցական մոտեցումներ չունեն, եւ մեր անցյալի գործունեությամբ ցույց ենք տվել, որ համագումարը ժողովրդավարական կառույց է, հորիզոնական հարաբերություններ կան։ Հետեւաբար, մեր կարծիքով, պարարտ հող կա համագործակցելու եվրոպական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ, եւ այլեւս ինստիտուցիոնալ մոտեցումներ ունենալ, այլ ոչ թե անհատական։ Բոլորը կարող են մասնակից լինեն որոշումների ընդունմանը։ Այստեղ պարտադիր անդամության հարց չկա։ Գլխավորը համագործակցության խնդիրն է ընդհանուր ծրագրերի կամ գաղափարների շուրջ։ Մեր առաջիկա ծրագրերից են տեղական եւ համատեղ համաժողովների կազմակերպումը։ Ասենք տեղական համաժողովներ կարող ենք կազմակերպել Գերմանիայում, Շվեդիայում, Հունաստանում եւ այլ երկրներում։ Դրանց արդյունքում կարող ենք ընդհանուր համաժողով կազմակերպել մեզ հետաքրքրող գլխավոր թեմաների շուրջ։ Սա մեր առաջիկա մեր տարվա ծրագիրն է։ Մեր թերությունն այն չէ, որ անհատներ չունենք։ Ունենք։ Գիտեք, որ ամեն ոք կամավոր է աշխատում, եւ միակը ժամանակի խնդիրն է։ Օրինակ, Հայաստանում հանդիպեցինք Հունգարիայի ներկայացուցիչների հետ, կապերը նորոգեցինք, պոտենցիալ ունենք եւ դա պետք է կարողանանք իրագործել։

-Կազմակերպությունը ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի գալիք տարվա համար։

Մեր առօրյա աշխատանքները պետք է շարունակենք։ Արցախի հարցի շուրջ շարունակելու ենք լոբբիստական աշխատանքը, նույնը՝ ցեղասպանության հարցի շուրջ։ Մեզ համար կարեւոր է նաեւ, թե ինչպես կարող ենք անել, որպեսզի Հայաստան-Եվրոպա հարաբերություններում դրական նոր մոտեցումներ գրանցենք։ Ապրելով Եվրոպայում, մենք պետք է հնարավորինս շատ կարողանանք ներկայացնել Հայաստանը։ Մյուսը սփյուռքում իրականացվելիք ծրագրերն են։ Մինչեւ հիմա սփյուռքում նկատելի անտարբերություն կար հայկական հարցերի նկատմամբ։ Թավշյա հեղափոխությունը թույլ տվեց, որ մարդիկ այդ անտարբերությունից դուրս գան։ Վերազարթոնք ապրեց սփյուռքը, եւ մենք չենք կարող այս առիթից չօգտվել։

Սփյուռքի հետ հարաբերությունների հետ հարցում ինչպիսի՞ն է ձեր առաջին խորհուրդը Հայաստանի նոր իշխանություններին՝ ինչպե՞ս պետք է կառուցել սփյուռքի հետ հարաբերությունները։

Ես կարծում եմ, որ Հայաստանում սփյուռքը լավ չեն ճանաչում, նույնիսկ՝ սփյուռքի նախարարությունում։ Իհարկե, կան մարդիկ որ գիտեն, բայց օբյեկտիվ ճանաչողությունը թե տեսական, եւ թե պրակտիկ առումով շատ կարեւոր է։ Նույնիսկ հասարակ ժողովրդի շրջանում սփյուռքի մասին տեղեկությունները թերի են։ Մեր խորհուրդն այն է, որ իշխանությունները սփյուռքի հետ կապի ընթացքում լավ ճանաչեն թե՛ մարդկանց, եւ թե՛ կազմակերպություններին։ Այնպես չէ, որ ամեն մարդ բարյացակամ է եւ նույն մոտեցումները ունեն։ Նախ պետք է ճանաչել եւ հետո նորմալ հարաբերություններ ստեղծել մարդկանց ու կազմակերպությունների հետ, խորհուրդներ ընդունել, եւ իշխանության մեջ՝ հատկապես գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտում սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործել։ Հսկայական ներուժ գոյություն ունի, բայց դրա 10 տոկոսը չի օգտագործվում։ Իրականում պետք է մտածել, թե ինչպես այդ ցրված անհատների ներուժը հավաքել եւ ամբողջական ձեւով օգտագործել։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Երեւան-Պրահա

 

 


Առնչվող նյութեր
1. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
2. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
3. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ
4. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը
5. Հունահայությունը զորակցում է հայրենի ժողովրդին
6. Եվրոպահայերի համագումարի կոչը սփյուռքահայությանը. Շվեդիա
7. Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը
8. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը
9. 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ
10. Եվրոպայի Հայերի Համագումարը Լեւոն Հայրապետյանին համարում է Ռուսաստանյան անարդար արդարադատության եւ հայկական էլիտայի ու իշխանությունների անտարբերության զոհը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: