ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

18 հունիսի, 2018 | 21:53

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան և կարևորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը: Վարչապետն իր դիտարկումներն է ներկայացրել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել և երաշխավորել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: «Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, կարևորել ու ողջունել դրանց խաղաղ և ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման քայլերին ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այլ թեմաների:

ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունների անդամները հունիսի 18-ին հանդիպել են Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ, որը գլխավորում է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը:

Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել են վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, եւ այսօր այստեղ են՝ մոտիկից ծանոթանալու իրավիճակին, լսելու քաղաքական ուժերի տեսակետները հետագա զարգացումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Դեյվիդ ՄըքԱլիսթերն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը սատարում է ժողովրդավարական գործընթացներին:

Եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են ՀՀ ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխություններով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետով, կուսակցություններին հատկացվող եթերաժամանակով, լուծման կարիք ունեցող գերակա հարցերով, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի կարծիքներով: Դեյվիդ ՄըքԱլիսթերը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանը շահագրգռված է Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ եւ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նշել է, որ այժմ արդեն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցությունն աջակցում է ՀՀ կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ ներքին հարցերի լուծման, արտաքին քաղաքականության իրականացման գործում, որը որեւէ փոփոխության չի ենթարկվել: Նրա կարծիքով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով աշխատանքային խումբը պետք է ստեղծվի խորհրդարանում:

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են»,- նշել է Հակոբ Հակոբյանը: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավելել է, որ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետներն այս հարցում միահամուռ են՝ հակամարտության կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ նրա՝ բանակցություններին չմասնակցելը խաթարում է դրանց լիարժեքությունը: Արմեն Ռուստամյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծված նոր իրողությունները նպատակ ունեն մեծացնել ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը, պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, կասեցնել արտագաղթը եւ խրախուսել հայրենադարձությունը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն անդրադարձել է թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը եւ նկատել, որ դրա արդյունքներն արդեն տեսանելի են: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության օրերս հաստատված ծրագրում որպես առաջնահերթություն նշվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու հակակոռուպցիոն պայքարը:

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ է համարել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի բարեփոխումն ու ընտրակեղծիքների համար նախատեսված պատիժների խստացումը:

ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությանն է անդրադարձել նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ կարեւորելով ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, որոնք կարտացոլեն ընտրողների իրական կարծիքները:


Առնչվող նյութեր
1. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2. Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը.- Չեխ պատգամավոր Շտետինան բացահայտեց, թե ինչու է աջակցում Արցախին
3. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
4. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
5. Հայաստանի պարգեւներ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում՝ Յարոմիր Շտետինային
6. Ադրբեջանը քրեական հետախուզում է հայտարարել չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի, ինչպես նաեւ հույն եւ լյուքսեմբուրգցի պատգամավորների նկատմամբ
7. ՖՐԱՆՍԻԱ.Հալեպահայության աջակցության երթ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի դիմաց
8. Չեխ պատգամավոր Շտետինան կանխորոշել է Ռուսաստանի փլուզումը
9. Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ
10. Եվրոպական Խորհրդարանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: