ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար

21 հունիսի, 2018 | 10:56

Հունիսի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը կարևորեց Եվրոպական միության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատեց այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։ Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծեց, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորեց Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Բարձր հանձնակատար Մոգերինին վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների ու խնդիրների շուրջ՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։ Զրուցակիցներն անդրադարձան համագործակցության այն ոլորտներին, որոնք հնարավորություն կընձեռնեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

 

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

 

2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը և Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արևելյան գործընկերության և վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր գնահատեց բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը և կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, շարունակական և ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաև շեշտեց, որ արդյունավետ և անկախ դատական համակարգը կարևոր է օրենքի գերակայության համար և արժեքավոր նախապայման՝ տնտեսական և սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաև մատնանշեց նոր քրեական օրենսգրքի և նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը և ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարևորությունը:

Ի հավելումն, Գործընկերության խորհուրդն ընդգծեց շարունակական ջանքերի միջոցով առևտրի ոլորտում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ և կանխատեսելի առևտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք և ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծեց նաև հարկային ոլորտում լավ կառավարման կարևորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների:

Էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշեց էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի և միջուկային անվտանգության կարևորությունը՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և 2018թ. փետրվարի 21-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունների։

Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017թ. նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնահերթությունները կձևավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները:

Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021 թվականների համար: Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և քաղաքացիների կենսապայմանների տեսանելի և շոշափելի բարելավմանը:

Գործընկերության խորհուրդը ի գիտություն ընդունեց Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների զեկույցը և կարևորեց 2017 թվականի մայիսին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը:

Գործընկերության խորհուրդը որոշեց, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա:

Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արևելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձևաչափի: Հայաստանը հաստատեց իր հանձնառությունը կարևոր, դինամիկ և կառուցողական դեր խաղալու Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանը և Եվրամիությունը երկուստեք ընդգծեցին Արևելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարևորությունը: ԵՄ-ն ընդգծեց իր պատրաստակամությունը քննարկելու Արևելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ:

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այնուհետև, Գործընկերության խորհուրդն ընդգծեց, որ Սիրիայում հակամարտության տևական և վստահելի քաղաքական հանգուցալուծման հասնելը բացառիկ կարևորություն է ներկայացնում: Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակներում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո:

Եվրամիությունը վերահաստատեց իր հանձնառությունը աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և հորդորեց կողմերին ներգրավվել այս գործընթացի մեջ առանց որևէ նախապայմանի:

Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը Իրանի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

Խորհուրդը նախագահում էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանյան պատվիրակության ղեկավարն էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
4. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
5. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
6. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
7. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
8. Զոհրաբ Մնացականյան-Անտոնիու Գուտերեշ հանդիպում Նյու Յորքում
9. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում
10. Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին. Ֆեդերիկա Մոգերինի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: