ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եղիցի լույս» մրցանակը՝ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին

12 հուլիսի, 2013 | 13:15

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ .-Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի ներկայությունը Սբ Էջմիածնում ողջունեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով շնորհավորեց մեծարյալ արվեստագետին Հայ Եկեղեցու մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Ապա Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին` հոգևոր, մշակութային ու մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար:

Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսեց պրն. Փելեշյանը, ով իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:

Արարողության ավարտին ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ անդրադառնալով շնորհալի կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը` Վեհափառ Հայրապետն ասաց. «Տիար Փելեշյանը ռեժիսոր-վավերագրողի իր գործերով, բարձրարժեք վավերագրական ֆիլմերով բազմաթիվ մարդկանց հոգիներում զորացրել է ձգտումը դեպի բարին ու արդարը, վեր հանել մարդկային ներաշխարհի հույզերը, կամքի ուժը և ստեղծագործական թռիչքը, ներկայացրել Աստծո արարչագործության պսակ մարդ արարածին իր ողջ վեհությամբ, տքնելու ու կերտելու զորությամբ, ամրապնդել նաև մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, իր ուրույն տեսանկյունով ներկայացրել հայ ժողովրդին»:

 Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց նաև, որ մեր ժողովրդի համար հպարտություն է այսպիսի զավակ ունենալը, ով համաշխարհային կինոյի ասպարեզում համարվում է մեծագույն գործիչ և կինեմատոգրաֆիայի դասական, ում նշանավոր գործերը համամարդկային նշանակություն ունեն և նույնիսկ մեր ժողովրդի մասին պատմող գործերը դուրս են գալիս նեղ սահմաններից, ազգայինի միջոցով ներամփոփում ու տարածում համամարդկայինը: Վերստին շնորհավորելով տիար Փելեշյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց մեծարյալին:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանական ֆորումի նախագահը Մայր Աթոռում
2. Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված
3. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
4. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
5. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
6. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
7. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
8. Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման. Վահրամ քահանա Մելիքյան
9. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
10. Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: