ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եղիցի լույս» մրցանակ`աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին

18 հուլիսի, 2014 | 19:31

zanusi 23Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին:

Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոնում ողջունեց Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` ուրախությամբ անդրադառնալով կինոփառատոնի արձանագրած հաջողություններին, տարեցտարի մասնակիցների թվի ավելացմանն ու աշխարհագրական տարածքի ընդլայնմանը: Սրբազան Հայրն ընդգծեց այն կարևոր առաքելությունը, որ կինոն ունի մարդու հոգևոր կյանքի զարգացման գործում, որի առաջամարտիկներից և քարոզիչներից է նաև կինոարվեստի նվիրյալ տիար Քշիշտոֆ Զանուսսին:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով շնորհակալություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին մրցանակաբաշխության համար` շեշտելով Սբ Էջմիածնի մեծ դերակատարությունը մշակույթի և արվեստի տարածման գործում:

Մեծարյալի կյանքին և գործունեությանն անդրադարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր տիար Դավիթ Մուրադյանը` շեշտելով, որ Քշիշտոֆ Զանուսսին ժամանակակից կինոյի փիլիսոփաներից է. մի մարդ, ով հավատում է հավիտենական արժեքներին և իր արվեստի միջոցով քարոզում դրանք: Նա կարևորեց նաև այն ջերմ և բարեկամական կապերը, որոնք լեհ կինոռեժիսորն ունի Հայաստանի և հայ մշակույթի հետ` մասնավորապես խոսելով մեծարյալի և 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մտերմիկ հարաբերությունների և վերջինիս արվեստի տարածման գործում նրա անգնահատելի ավանդի մասին:

zanusi 3Ապա Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների բուռն ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին` մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդի համար:

Մրցանակաբաշխությունից հետո իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց անվանի կինոռեժիսորը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը գնահատանքի և մշակույթի, կինոյի և հավատի միջև կամուրջներ ստեղծելու համար: Անդրադառնալով քրիստոնեության համամարդկային նշանակությանը` նա նշեց, որ քրիստոնեությունը ներշնչանքի և սիրո աղբյուր է, այն ապագան է և ոչ թե անցյալը` միաժամանակ հույս հայտնելով, որ Քրիստոսի սիրո վարդապետությամբ լուսավորված մարդն այսուհետև նույնպես պիտի շարունակի բարիք արարելու իր կարևոր առաքելությունը:

Արարողության ավարտին իր հայրապետական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ անդրադառնալով շնորհալի կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը` Վեհափառ Հայրապետն ասաց. «Մարդուն շնորհված արարելու աստվածապարգև հատկությունը առավել չափով դրսևորվում է արվեստի ստեղծագործություններով, որոնցից է նաև զարգացման մեծ ճանապարհ անցած կինոարվեստը: Կինոն` որպես արվեստի ստեղծագործություն, բարձր և կարևորագույն առաքելություն ունի իր ներազդող հզոր միջոցով սերմանելու բարին ու գեղեցիկը մարդկային սրտերից ներս, կերտելու մարդու հոգևոր-բարոյական բարձր նկարագիրը, արտահայտելու նրա ներաշխարհի դրսևորումները` առաջադրելով արդի մարտահրավերների zanusi1հաղթահարման ուղիներ և նպաստելով մարդկության ընթացքին դեպի խաղաղ, բարեգործ աշխարհ: …Մենք բարձրորեն գնահատում ենք Ձեր վաստակաշատ գործունեությունը կինոյի ասպարեզում: Վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերով, ռեժիսորական հիանալի աշխատանքով Դուք պատվավոր տեղ ունեք կինոասպարեզում: Խոհափիլիսոփայական ուշագրավ ստեղծագործություններով Դուք խոսում եք աշխարհի ու մարդկանց հետ, հորդորում աստվածապարգև կյանքը գնահատելու, երկրավոր այս ժամանակը զուր չվատնելու և աստվածահաճո գործերով արժևորելու: …Հայրապետիս համար գոհունակություն է նաև անդրադառնալ Հայաստանի և հայ կինոգործիչների հետ ունեցած Ձեր բարեկամական հարաբերություններին, որոնց հիմքը դրվել է դեռևս խորհրդային տարիներից: Այդ ժամանակաշրջանում Դուք նաև գովելի ջանքեր ներդրեցիք 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: Կինորարվեստում պատկառելի Ձեր վաստակը այսօր Դուք հավելում եք կրթական բեղուն գործունեությամբ` մասնագիտական Ձեր բարձր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու հմտությունները փոխանցելով տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի կինոաշխարհի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին»:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը, կինոյի, մշակույթի գործիչներ և հյուրեր:

 


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
5. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
6. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
7. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
8. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
9. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները
10. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: