ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար

29 մայիսի, 2018 | 09:29

Ուրբաթ, 25 Մայիսին Պրահայի մէջ (ինչպէս նաեւ այլուր՝ զոր օրինակ Վիեննայի մէջ) «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ, որուն ընթացքին քաղաքիս բոլոր եկեղեցիները մինչեւ ուշ գիշեր հանրութեան համար բաց կը մնան, եւ երաժշտական, մշակութային եւ հոգեւոր ելոյթներով ճոխ յայտագիրներ կը ներկայացուին: Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նոյնպէս մասնակցեցաւ «Եկեղեցեաց Գիշեր»ին. յետ միջօրէի ժամը ութէն սկսեալ՝ Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեան քաղաքիս Ս. Հոգի Եկեղեցւոյ մէջ փոքր ելոյթ մը ունեցաւ, ուր Հայոց եկեղեցական երաժշտութենէն եւ հոգեկանութենէն նմոյշներ ներկայացուց Չեխ հասարակութեան: Նկատի առնելով որ այս տարի Վենետկոյ Մխիթարեան Միաբանութեան Ս. Ղազար հաստատուելուն երեքհարիւրամեակը կը տօնուի՝ Բրշ. Սարկաւագը այս առթիւ նախապատուութիւն ընծայեց Ս. Ղազարու հարուստ եւ ինքնատիպ երաժշտական աւանդութեան, նմոյշներ կատարելով Պետրոս Պիանքինիի եւ Հ. Լեւոն Տայեանի գրի առած երաժշտական արձանագրութիւններէն: Իւրաքանչիւր շարական ներկայացուց հանդերձ արարողական տեղեկութեամբ եւ Չեխերէն թարգմանութեամբ (օգտուելով Պրոֆ. Եւգէն Քինդլերի եւ կամ միասնաբար պատրաստած թարգմանութիւններէ): Այսպիսով՝ հնչեցին Պիանքինիի արձանագրած ծանր «Խորհուրդ Խորին»ը, ծանր «Ընտրեալըդ»ը, ինչպէս նաեւ Տայեանի ԴԿ ստեղի «Յոյս իմ ի մանկութենէ իմմէ» գեղեցիկ Մանկունք շարականը:

 

Յիշենք, որ ի դէպ՝ Բրշ. Սարկաւագը նաեւ Ս. Ղազարու Մայրավանուց մէջ Մայիս 4-6 ընթացած «Մխիթար եւ Մխիթարեանները. դպրանոց մը Քրիստոնէական Լուսաւորութեան» գիտաժողովի մասնակցելու հրաւիրուեցաւ, առընթեր հայրենի եւ սփիւռքահայ, ինչպէս նաեւ Անգլիացի, Ֆրանսացի եւ Իտալացի ականաւոր մասնագիտաց:  Ի միջի այլոց՝ իրենց մասնակցութիւնը բերին նաեւ Մաշթոցեան Մատենադարանի Գլխաւոր Աւանդապահ՝ Դր. Գէորգ Տէր-Վարդանեան եւ Աւագ Գիտաշխատող՝ Արուսեակ Թամրազեան, Փարիզի Ս. Յովհաննէս Կարապետ եկեղեցւոյ երաժշտապետ ու ականաւոր երաժշտագէտ՝ Դր. Արամ Քերովբեան, Պրոֆ. Աննա Շիրինեան, Պրոֆ. Արմէն Մութաֆեան, Դր. Մաքսիմ Եւատեան, Մխիթարեան Միաբանութենէն՝ Հոգշ, Տ. Սերովբէ Վրդ. Չամուրեան եւ Տ. Վահան Վրդ. Օհանեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն՝ Հոգշ. Տ. Շահէ Ծ. Վրդ. Անանեան եւ Տ. Զաքարիա Ծ. Վրդ. Բաղումեան, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն՝ Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան: Բացման արարողութեան մասնակցեցան Գերշ. Տ. Լեւոն Արք. Զէքիեան, Մխիթարեան Միաբանութեան Քահանայապետական Պատուիրակ, Տ. Ֆրանչեսկօ Արք. Մօրալիա, Վենետկոյ Պատրիարք, ինչպէս նաեւ Տիար Գերարտօ Օրթալլի, Վենետկոյ Գրականութեան եւ Արուեստից Հիմնարկի Նախագահ: Բրշ. Սարկաւագի ելոյթի խորագիրն էր՝ «Ս. Ղազարու եկեղեցական երգեցողութեան աւանդութիւնը եւ Հ. Ղեւոնդ Տայեանի շարականներու ձայնագրութիւնը»: Իսկ Կիրակի, 6 Մայիսին՝ Բրշ. Սարկաւագը մասնակցեցաւ Մայրավանուց եկեղեցւոյ մէջ Ս. Պատարագին, զոր մատոյց Գերշ. Տ. Լեւոն Արք. Զէքիեան: Բոլոր մասնակիցները Մխիթարեան Միաբանութեան ջերմ ու առատաձեռն հիւրասիրութեան արժանացան՝ ըլլայ Ս. Ղազարու Մայրավանուց մէջ, ըլլայ Մուրատ-Ռափայէլ վարժարանի Զենոբիօ ապարանաց մէջ: Ակնկալելի է, որ այս խիստ շահեկան եւ բարեյաջող գիտաժողովի բոլոր զեկոյցները հասարակութեան մատչելի դառնան, կամօքն Աստուծոյ՝ Միաբանութեան «Բազմավէպ» հանդէսի յաջորդ թիւին մէջ հրատարակուելով մօտիկ ապագային:

 

Ի դէպ՝ Հայկ Սրկ. իր մեկնումէն առաջ՝ Մայիս 8-ին իր խոր յարգանաց տուրքը մատոյց՝ հոգելոյս Տ. Յովսէփ Վրդ. Պեհեսնիլեանի յուղարկաւորութեան մասնակից ըլլալով: Հոգելոյս Հայր Սուրբը, որ 30 Ապրիլին հանգեաւ ի Քրիստոս, 92 տարին չ’ամբողջացուցած, յիրաւի յոյժ սիրեցեալ ու պատկառելի միաբան մըն էր, որուն ոչ միայն Մխիթարեան Միաբանութեան՝ այլեւ համայն Հայ ժողովրդեան եւ Քրիստոնեայ Ընդհանրական Եկեղեցւոյ մատուցած ծառայութիւնը եւ վաստակը շատ մեծ է. եւ ոչ միայն Հայազգի՝ այլեւ Իտալացի սգաւորաց հոծ բազմութիւն մը հաւաքուաւծ էր յուղարկաւորութեան արարողութեան համար: Բրշ. Սարկաւագը բարեբախտութիւնը ունեցած էր հոգելոյս Հայր Սուրբի ծանօթանալու, իր Նոյեմբեր 2013-ի առաջին հետազօտական այցելութեան ընթացքին, եւ գեղեցկագոյն յիշատակներով հարստացած՝ այս սրբակենցաղ, ջերմեռանդ, ազնիւ, հիւրասէր, երաժշտասէր եւ յո՛յժ բարեհամբոյր բնաւորութեամբ մը օժտուած վանականի հետ ունեցած իր խօսակցութիւններէն: Դամբանական սրտի խօսքը կատարեց Լեւոն Սրբազան, ըսելով՝ «Այսօր կը յանձնենք հողին, բայց հողէն աւելի՝ երկնքին…»: Իսկ իր վերջին օրերուն՝ Հոգելոյս Հայր Սուրբը իր սիրեցեալ ժողովրդեան ուղղուած օրհնութեան պատգամը թողարկեց, ըսելով՝ «Սիրելիներս, Երկնաւոր Հայրը, իր անհուն ողորմութեամբ, զիս երկինք կանչեց: Եթէ կը սիրէք զիս, մի՛ տխրիք այլ ուրախացէք ինծի հետ: Փառք տուէք Իրեն եւ շնորհակալ եղէք՝ ինծի տրուած բոլոր շնորհքներուն համար, մանաւանդ զիս քահանայութեան կոչումին կանչելուն համար: Երկինքէն աւելի մօտ կ’ըլլամ ձեզի եւ աւելի լաւ կ’աղօթեմ ձեզի համար… կ’օրհնեմ ձեզ ամէնքդ անսահման սիրով, եւ հրաժեշտ կու տամ Երկնքի մէջ ցտեսութեան համբոյրով»: Յիշատակն արդարոյն՝ օրհնութեա՜մբ եղիցի:

Ստորեւ լուսանկարներում՝ Դրք. Հայկ Իւթիւճեան, Արմէն Մութաֆեան, Արուսեակ Թամրազեան Միաբանութեան Արծաթեայ գիրքը կը ստորագրեն՝ յաւարտ գիտաժողովի։

 

 

ORER.EU


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
3. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
4. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
5. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
6. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
7. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
8. Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում
9. Գյուրջիեւ անսամբլի կոմիտասյան համերգը Պրահայում
10. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: