ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եզդիական նոր տարին նշվեց Ակնալճի սրբատեղիում

20 ապրիլի, 2017 | 16:44

ezdiner4

Ամեն տարի եզդի ժողովուրդն ապրիլի 3-րդ շաբաթվա չորեքշաբթի օրը, իր տոնացույցով տոնում է Նոր տարին՝ հաջորդ տարվա սկիզբը։ Այս առթիվ  Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն։

Սրբատեղի էին եկել եզդիներ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից, նաև այլ երկրներից՝ Ռուսաստանից, Իրաքից, Գերմանիայից և այլն։ Հանդիսությունը սկսելուց առաջ հանդիսավորությամբ սրբատեղի բերվեց Հայաստանում պահվող Մալակե Տաուսի սուրբը։ Այն տեղադրվեց տաճարում, որին այդտեղ գտնվող ներկաները երկրպագեցին։ Այնուհետև տոնակատարության մասնակիցներն այցելեցին նոր կառուցվող Մալակե Տաուսի տաճար, ծանոթացան շինարարության ընթացքին։

Տաճարի հիմնադիր և մեկենաս Միրզա Սլոյանը պատմեց, որ տաճարի թռիչքը լինելու է 25-27 մետր և այն լինելու է մարմարակերտ: Միաժամանակ տեղավորելու է ավելի քան 300 հավատացյալների, ունենալու է ինքնատիպ ճարտարապետություն` հիմնված ավանդականի և նորարարության վրա։

«Տաճարի կառուցումով մենք Հայաստանում կունենանք մեր նոր Լալըշ,-ասաց Միրզա Սլոյանը,-ուրախ եմ, որ  մեր սրբավայրը դեպի իրեն է ձգում ուխտավորների  աշխարհի տարբեր վայրերից»:

ezdiner2Հայ-եզդիական բարեկամության հրապարակում սկիզբ առավ տոնակատարության ոգեկոչումը, որը բացեց շեյխ Հասան Հասանյանը, ընդգծելով` ազգային ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը, դրանց այդպիսի հրապարակային ոգեկոչուման կարևորությունը։

«Այս տոնը ընտանեկան լինելով հանդերձ միշտ պահանջում է համախմբում, որովհետև այն համաժողովրդական տոն է։ Շատ ուրախ եմ, որ մեծ է հայ մասնակիցների թիվը»,- ասաց Հասան Հասանյանը։

Այնուհետև ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ուղղված Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա՝ Մալաքե Տաուսի տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Ապրելով կողք-կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ։ Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին»:

ezdiner 3Ներկաներին եզդիական Նոր տարվա առթիվ շնորհավորեցին ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, բժիշկ Ռզգան Շամոյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո  Երիցյանը, այլ բանախոսներ։

«Ես ուրախ եմ, որ այստեղ տեսնում եմ հայ-եզդիական բարեկամության լավագույն դրսևորումներ և կարող եմ բարեկամ ժողովրդին շնորհավորել իրենց տոնի առթիվ, միաժամանակ ուրախանալ նրանց ազգային ինքնության դրսևորմամբ, կյանքի տարբեր ոլորտներում ունեցած հաջողություններով»,-ասաց Սերգո Երիցյանը։

Երկար ժամանակ հրապարակում իշխում էր ազգային երգն ու երաժշտությունը, խրոխտ պարը։ Տոնակատարության ժամանակ պարում էին բոլորը՝ ահել, ջահել, կին ու տղամարդ։ Այս առթիվ Հայաստան էին եկել եզդի երաժիշտ կատարողներ աշխարհի տարբեր երկրներից:

«Նման բազմամարդ հանդիսությունները մեր սրբավայրում պետք է ավանդույթ դառնան,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց միջոցառման մեկենաս, Ռուսաստանի Իվանովո քաղաքում բնակվող և աշխատող, գործարար Թելման Ֆերոյանը,- քանի որ մենք անհրաժեշտություն ունենք մի կողմից վերականգնելու մեր ազգային ավանդույթները, մյուս կողմից` մի նոր մակարդակի բարձրացնելու, ավելի լայն շրջանակների մասնակից դարձնելու  դրանց: Վստահ եմ, որ նման միջոցառումով սկիզբ կդրվի ամեն տարի եզդիական նոր տարին Ակնալճի սրբատեղիում տոնելու ավանդույթին»:

Մեր թղթակցի հետ զրույցում Ակնալճի սրբատեղիի հիմնադիր Միրզա Սլոյանը ասաց նաև, որ այսկերպ ամեն տարի սրբատեղիում ավանդույթներ են ձևավորվում:

«Մասնավորապես առաջին անգամ համաժողովրդական տոնակատարության  տեսքով նշվում է Նոր տարին,-ասաց Միրզա Սլոյանը,-այն հաջորդ տարի անպայման իր շարունակությունն  է ունենալու»:

Եզդի ժողովորդի բոլոր տոները, ծիսական ավանդույթները պետք է տարին  բոլոր այստեղ անցկացվեն և որևէ մեկը, եթե ցանկանա դրանց մասնակցել, ապա պետք է վստահ լինի, որ  օրացույցով նախատեսված օրը կարող է գալ և ներկա լինել: Ամենակարևորը, որ  այս ամենին սկսում են մասնակցություն ունենալ մեր համայնքի ներկայացուցիչները անկախ նրանից, թե որտեղ են ապրում:

Բոլորիս համար Հայաստանը հարազատ տուն է, իսկ մենք հայ ժողովրդի հետ մեկ միասնական ժողովուրդ ենք, պարզապես մենք երկու տարբեր ազգեր ենք: Մեր պայքարը միշտ միասնական  է եղել:  Հաղթանակներն միշտ էլ  համատեղ  ենք կռել»:

Հեռու չէ այն օրը, երբ Մասիսների հայացքների ներքո, Մայր աթոռի սուրբ Էջմիածնից ոչ հեռու, սուրբ Լալըշից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա, Արագածից փչող հովերի դեմ-հանդիման կանգնած Տաուսե Մալակի  տաճարը իր դռները  կբացի, և այն  հնարավորություն կտա  այստեղ նշել և իրականացնել ազգային-կրոնական  բոլոր տոները, ծիսակատարությունները:

Եզդիական Նոր տարվա  հյուրերը այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության  հուշարձան` իրենց  հարգանքի տուրքը  մատուցելով Մեծ Եղեռնի  զոհերի հիշատակին` ծաղկեպսակներ զետեղելով ու ծաղիկներ խոնարհելով:

Ռուսատանցի, Իրանցի,  Եվրոպացի հյուրերը, ովքեր առաջին անգամ  էին լինում Հայաստանում, այցելեցին նաև Հայոց Մեծ Եղեռնի թանգարան և տպավորված դուրս եկան այնտեղից: Մասնավորապես  Իրաքցի Ղազի Պսոն  ասաց, որ  թանգարանը շատ  ազդեցիկ էր: Ամենակարևորը այն աշխարհին զգոնության կոչ է անում,  որ երբեք չպետք է կրկնվեն  ցեղասպանությունները: Ցավոք, դրանք կրկնվում են, ինչպես 2014 թվականին օգոստոսի սկզբին եզդիների հետ  կատարվեց Շանգալում:

«Ապրիլը  Հայոց ցեղասպանության ամիսն է, և մենք բոլորս գլուխ ենք  խոնարհում բոլոր հայ նահատակների հիշատակի առջև,-ասաց նա»:

Եզդիական Նոր տարվա այսպիսի  ոգեկոչումը  ցույց տվեց, որ  անընդհատ պետք է վեր բարձրացնել այն ամենը, ինչը կարող է  ազնվացնել և ամբողջացնել ազգային  և համամարդկային գիտակցությունը:

 

Կարինե Տիտանյան

Ակնալիճ-Երևան

 

 ezdiner 1

 

 

 


Առնչվող նյութեր
1. Սերգո Երիցյանի «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը
2. Հոբելյանի շեմին. Սերգո Երիցյան
3. «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը նվիրված է հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին
4. Ուխտագնացություն դեպի Արդվի. Հովհան Օձնեցու գահակալության 1300-ամյակը
5. Բժիշկ Մկրտիչ Գրաբսկու բանաստեղծական «Ինքնավերծանումը»
6. «Չինական ճեպանկարներ». Հին բարեկամության և համագործակցության նոր զարգացումները
7. Չինական ճեպանկարների գույներն ու երանգները
8. Հովսեփ Թոքատ «Ավերակ Քղին». հայրենի եզերքի կարոտը սրտումս
9. Չինական առակների համամարդկային արժեքները. «Իմաստության արկղիկը» և Սերգո Երիցյանի «Չինական ճեպանկարներ» գրքերի շնորհանդեսը Երեւանում
10. Չինական առակները` հայ նկարչի աչքերով

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: