ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիլիջանի միջազգային դպրոցի բացումը

11 հոկտեմբերի, 2014 | 21:51

dilijan school 1  Հոկտեմբերի 11-ին Նախագահ Սերժ Սարգսյանն,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և դպրոցի բացման նպատակով Հայաստան ժամանած բազմաթիվ հյուրերի հետ այսօր մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցիբացմանը:

Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համալիրի՝ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցմանն ու գործարկմանը բերած ակնառու ավանդի, Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ներդրած անձնական մեծ ավանդի համար դպրոցի ծրագիրը կյանքի կոչած մի խումբ մարդիկ ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական պարգևները:

dilijan school 2Եկեղեցականաց դասի կողմից կատարվեց UWC Դիլիջան քոլեջի օրհնության կարգ, որի ավարտին Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերն իրենց օրհնությունը բերեցին ներկաներին:

Այնուհետև այս առիթով արարողության մասնակիցներին իր պատգամն ու գնահատանքի խոսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ԽՈՍՔԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ

ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Տիար Սերժ Սարգսյան,

Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության, Տիար Բակո Սահակյան,

Մեծարգո Նախագահ Սերբիայի Հանրապետության, Տիար Տոմիսլավ Նիկոլիչ,

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդ,

Միջազգային դպրոցի հարգարժան հիմնադիրներ, ուսուցիչներ, սիրելի սաներ և ներկաներ,

Գոհունակ սրտով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողության առիթով:

Dilijan school 3Ողջունում ենք «Միացյալ աշխարհի քոլեջներ» կրթական կազմակերպության գործունեության շրջանակներում Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը: Կրթօջախների բացումը միշտ բարի և լուսավոր հույսերի ավետիս է ու առիթ: Ուսումն ու կրթությունը եղել և մնում են կյանքի առաջընթացի և հասարակության բարեփոխման հիմնական գրավականները:

Բարձր ենք գնահատում, որ «Միացյալ աշխարհի քոլեջներ» կրթական կազմակերպությունն աշխարհի բազմաթիվ երկրներում հիմնադրած իր կրթական հաստատություններում ուսման ու կրթության շուրջ միավորում է տարբեր ազգերի ու ժողովուրդների զավակների` դրանով իսկ նպաստելով մարդկանց միջև խաղաղության ու բարեկամության ամրապնդմանը, ազգամիջյան համագործակցության ընդլայնմանը և մարդկության ապահով ու անվրդով կյանքի ու զարգացման նպատակների իրագործմանը: Սա մեծ առաքելություն է, առաքելություն, որն արդիական է եղել ինչպես նախկինում, այնպես և ներկայիս, երբ աշխարհն ալեկոծվում է սիրո պակասից, անհանդուրժողականությունից, կրոնական ու ազգայնական ծայրահեղականության դրսևորումներից, որոնց ցավալի հետևանքները այսօր տեսանելի են հատկապես Մերձավոր Արևելքում:

Դիլիջանում բացվող այս դպրոցը, որ առայժմ միակն է տարածաշրջանում, նույնպես տեղակայված է աշխարհա-քաղաքական այնպիսի գոտում, որի ամենաբնորոշ բնութագրիչներից մեկը «փխրուն խաղաղությունն» է: Մեր երկիրը` Հայաստանը և մեր ժողովուրդը մշտապես դրսևորել է իր հավատարմությունը խաղաղ համակեցության ու գործակցության համամարդկային արժեքներին` դրա համար, ինչպես անցյալին, այնպես էլ այսօր, հաճախ վճարելով իր արյամբ ու կյանքով: Այս իմաստով Մենք խիստ խորհրդանշական ենք նկատում Հայաստանում նմանօրինակ դպրոցի հիմնադրումը:

Կրթությունը մեր ժողովրդի ավանդական առաջնահերթություններից է: Վանքերն ու եկեղեցիները, որոնցով շրջապատված է Դիլիջանի միջազգային այս դպրոցը, մեր ժողովրդի համար մշտապես եղել են նաև օջախներ ուսման ու կրթության: Հավատացած ենք, որ այս սրբավայրերից ճառագող օրհնությունն առավել արդյունավոր պիտի դարձնի դպրոցի առաքելությունը և առավել պտղաբեր` ջանքերը դպրոցի հիմնադիրների, ուսուցիչների և աշակերտների:

dilijan school 5Մեր առաջին բարեմաղթանքն ուղղված է դպրոցի ուսուցիչներին և սաներին, որպեսզի ամենայն սիրով ու ջանադրությամբ ուսուցանեն և ուսանեն, կարողանան գնահատել և մանավանդ՝ հարգանքով վերաբերվել ինչպես սեփական, այնպես և այլ ժողովուրդների հոգևոր ու մշակութային արժեքներին:

Մեր օրհնությունն ու մաղթանքն ենք բերում ՀՀ Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, ԼՂՀ Նախագահ Տիար Բակո Սահակյանին և պետական պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տիար Տոմիսլավ Նիկոլիչին, ովքեր իրենց ներկայությամբ առավել նշանակալի են դարձնում դպրոցի բացման հանդիսավոր այս արարողությունը՝ հավելյալ պատասխանատվություն ներշնչելով դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին, կրթական գործի կազմակերպման ու իրականացման իրենց առաքելության մեջ:

Եղբայրական սիրով ողջունում ենք այստեղ ներկայությունը Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, ով իր ընտրությունից հետո առաջին անգամը լինելով այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր զորակցությունն ենք բերում Նորին Սրբությանը՝ ի դիմաց Սիրիայում հավատավոր ասորի ժողովրդի դիմագրաված դժվարությունների ու նեղությունների:

Մեր բարեմաղթանքներն ու գնահատանքն ենք բերում նաև Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին ու կառավարիչներին` Տիար Ռուբեն Վարդանյանին և նրա մեծազնիվ Տիկնոջը` Վերոնիկա Զոնաբենդին, Տիար Գագիկ Ադիբեկյանին, Տեր և Տիկին Նուբար և Աննա Աֆեյաններին, Տիար Վլադիմիր Ավետիսյանին, Տիար Օլեգ Մկրտչյանին և Տիար Ջոն Փադըֆութին:

Աղոթում ենք, որ Ամենողորմ Տերը խաղաղություն պարգևի համայն մարդկությանն ու ամբողջ աշխարհին և օրհնելով բազմապատկի ներդրվող բոլոր այն ջանքերն ու նախաձեռնությունները, որոնք նպաստելու են խաղաղության ու մարդկանց միջև համերաշխության հաստատման աստվածահաճո գործին:

Տիրոջ սերը, շնորհն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինեն: Ամեն:

Dilijan school 4Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ
Սիրելի՛ բարեկամներ, հյուրեր,

Այսօր բոլորիս համար տոնական և ուրախալի օր է: Այս արարողությամբ պաշտոնապես բացվում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «Դիլիջանի միջազգային դպրոց»:

Ես շուրջբոլորս նայելով՝ ասում եմ՝ երանի այն երեխաներին, որ սովորելու են այստեղ: Եվ սա իսկապես ինձ համար շատ մեծ և կարևոր միջոցառում է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացված ծավալուն միջազգային ներդրումային ծրագրերից մեկն է: Երբ Ռուբենն առաջին անգամ ինձ հետ խոսեց այս ծրագրի մասին, նա ինձ անմիջապես վարակեց այս ծրագրի խիստ անհրաժեշտ լինելու իր համոզման ուժով: Կարծում եմ, այստեղ հավաքվածներից շատ քչերը գիտեն, որ ծրագրի սկիզբն այնքան էլ բարենպաստ չէր: Ավելի ճիշտ՝ կարող էր թվալ, որ բարենպաստ չէր, բայց մենք թիմ ունեինք, ովքեր համոզված էին այս դպրոցի անհրաժեշտության մեջ և կարողացան այնպես անել, որ Ռուբենը և իր ընկերները կասկած չունենան մեր ցանկության հետ կապված:

Սա մի ծրագիր էր, որ այլ դեպքերում կարող էր անհասկանալի թվալ. մեծ ներդրում է, բայց շահույթ չի հետապնդում: Մեր, ցավոք սրտի, շահերով առաջնորդվող դարում մարդկանց աչքերը հաճախ սևանում են մեծ գումարներից ու շահույթ ստանալու մոլուցքից:

Բայց հուրախություն բոլորիս ո՛չ Ռուբենը, ո՛չ Վերոնիկան, ո՛չ այս ծրագիրը հովանավորած մարդիկ այդպիսիք չեն: Եվ չափազանց կարևոր է, որ այս ծրագիրն իրականացնելու առաջարկը համընկավ Հայաստանի ապագայի շուրջ մեր ռազմավարական նպատակադրման հետ:

Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում:

Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու:

dilijan school 6Եվ այս դպրոցի մեկ կարևորագույն հատկանիշն էլ միջազգային լինելն է: Մեր պատմությունը և ներկան ապացուցում են, որ հայկական տաղանդի լավագույն բացահայտման համար անհրաժեշտ է ամենալայն համաշխարհային համատեքստ: Հայաստանը փոքր է հայերի համար: Մենք երբեք չենք պարփակվել մեր սեփական սահմանների մեջ և չենք պարփակվելու: Մենք պետք է բաց լինենք աշխարհի հանդեպ, մշտապես ընդօրինակենք, տեղայնացնենք և զարգացնենք ամեն մի առաջադեմ նորույթ:

Իհարկե, ուրախալի է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ աշխարհի տարբեր երկրներից և դա հարստացնելու է ոչ միայն այս դպրոցի աշակերտներին, այլև նոր հնարավորությունների դուռ է բացելու մեր երկրի համար: Դպրոցն իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենական ու բարի արժեքներ՝ իր հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եվ այդ փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:

Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս դպրոցն իրականություն դարձնելու գործում միավորվել էին մասնավորի և պետության ջանքերը: Եվ սա ամենալավ առիթն է, որպեսզի ես խորին շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են այս դպրոցի կայացման գործում: Իհարկե, առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն են, Գագիկ Ադիբեկյանը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը և շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունը հնչի: Ես խնդրում եմ նրանց էլ ծափահարեք:

Ռուբե՛ն և Վերոնիկա՛, մենք, իրոք, երախտապարտ ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կա՛մ ֆինանսական միջոցներով, կա՛մ իրենց բարի խոսքով, կա՛մ ձեզ ոգևորելու առումով մասնակցել են այս, չեմ վախենում այդ բառից, պատմական կառույցի կայացմանը: Եվ մենք ձեզնով հպարտ ենք:

Ես շնորհավորում եմ բոլորիս մեկ անգամ ևս այս հոյակապ օրվա՝ դպրոցի բացման առիթով, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցին մաղթում եմ բարի երթ:

Եվ ուզում եմ դպրոցին երկու գիրք նվիրել, որ շատ խորհրդանշական են: Սրանք այն գրքերն են, որտեղ ամփոփված են մեր պատմական հուշարձանների մեծ մասի մասին տեղեկություններ. Լուվրում և Վենետիկում կայացած ցուցահանդեսների գրքերն են:

Շնորհակալություն:

###


Առնչվող նյութեր
1. Scholae Mundi հիմնադրամն ու Mahindra Group-ը հայտարարում են նոր կրթաթոշակային ծրագրի մասին
2. Համահայկական խնդիրների լուծման համար արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ
3. ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ` ԲԱՐԵՐԱՐ ԳԱԳԻԿ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ
4. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին
5. Վատիկանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետի հանդիպումը
6. Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: