ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դիլիջանի գրավչությունը զբոսաշրջիկներին կներկայացնի նորաբաց տեղեկատվական կենտրոնը

20 օգոստոսի, 2018 | 15:36

Օգոստոսի  17-ին Դիլիջանում բացվել է Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։

Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով  Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի Ազգային պարկի հետ։

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի և հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը և  դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ:

«Եվրոպական միությունն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար՝ նոր աշխատատեղերի ստեղծման և մարզերի տնտեսական մրցակցության խթանման միջոցով։ Դիլիջանում Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի, Արհեստների ու արվեստների կենտրոնի հիմնումը Եվրամիության նախաձեռնության և IDeA հիմնադրամի հետ գործընկերության տեսանելի արդյունքներից են», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։

Զբոսաշրջիկները կենտրոնում կարող են տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին, վարձակալել հեծանիվներ, վրաններ և արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ, որոնք պատրաստում են տեղի արհեստավարժ վարպետները։

Դիլիջան՝ Մաքսիմ Գորկու փողոց 15/2 հասցեում կառուցված կենտրոնի հարևանությամբ վերաբացվել է նաև Դիլիջանի քաղաքային զբոսայգին, որի  բարեկարգումն իրականացվել է IDeA հիմնադրամի ծրագրով։  Բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը։

«IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն։  Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնումը, ինչպես նաև

քաղաքային զբոսայգու բարեկարգումն ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան  Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը կարևորել է ծրագրի արդյունքները համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և բնակիչների զբաղվածության ապահովման տեսանկյունից։

«Կենտրոնի բացումը և զբոսայգու բարեկարգումը սպասված իրադարձություն է մեր քաղաքի բնակիչների համար։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելուց բացի նորակառույց Զբոսաշրջային կենտրոնը մշտական աշխատանքով է ապահովելու Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչներին, իսկ բարեկարգված զբոսայգին կդառնա մեր համաքաղաքացիների հանգստի սիրելի վայրը»,- նշել է Դիլիջան համայնքի ղեկավարը։

Դիլիջանի Զբոսաշրջային կենտրոնում աշխատանքի տեղավորված  6 բնակիչները ծրագրի ուղղակի շահառուներ են:


 


Առնչվող նյութեր
1. IDeA հիմնադրամը ներկայացրել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը
2. IDeA-ն աջակցում է Շուշիի Վերին մզկիթի վերականգնմանը
3. IDEA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ Է $250.000 ԵՎ ՍԿՍՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ
4. Արցախում մեկնարկում է Էկոգյուղի ծրագիրը
5. Լրագրական Ուղեւորութիւն Դէպի Հայաստան.ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: