ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լիտվայի Սեյմասում եւ Տարտուի համալսարանում

17 հունվարի, 2017 | 21:28

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Սեյմասի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

tigran mkrtchian litva

Հունվարի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բեռնատոնիսի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Յոուզաս Բեռնատոնիսին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նրան բեղմնավոր գործունեություն։

Յուոզաս Բեռնատոնիսն իր հերթին նշեց, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և որ պատմականորեն լիտվացի և հայ ժողովուրդների հարաբերություններում առկա է խորը հարգանք։ Վերջինս նաև ավելացրեց, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական կապերն ակնհայտ աճ են արձանագրել։ Նա նաև ընդգծեց Լիտվայում հայ համայնքի ակտիվ դերակատարության մասին։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերություններին՝ պայմաններ ստեղծելով դրանք ընդարձակելու համար։ Հանձնաժողովի նախագահն իր հերթին նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ բարեկամության խումբը Լիտվայի Սեյմասի ամենամեծ խմբերից մեկն է պետք է օգտվել այդ հնարավորությունից և խորացնել նաև միջխորհրդարանական հարաբերությունները։

Դեսպան Մկրտչյանը նաև ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող վերջին զարգացումները։

Յուոզաս Բեռնատոնիսը վերահաստատեց, որ Լիտվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները մոտ ապագայում հաջող ավարտ կունենան։
tigran mkrtchian tartu

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Տարտուի համալսարանի ռեկտորի հետ

Հունվարի 16-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ 19-րդ դարի հայ լուսավորչական շարժման ներկայացուցիչների և Տարտուի համալսարանի կապին՝ ընդգծելով հայ ժողովրդի պատմության մեջ նրանց ունեցած անգնահատելի դերը: Ռեկտորն իր հերթին շեշտեց Խաչատուր Աբովյանի և Տարտուի համալսարանի մյուս հայ շրջանավարտ լուսավորիչների գործունեությունը լուսաբանելու կարևորությունը:

Հայաստանի համալսարանների և Տարտուի համալսարանի միջև կրթության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու համատեքստում դեսպան Մկրտչյանն ընդգծեց համագործակցության նոր ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը:

Ողջունելով կրթության ոլորտում համագործակցություն հանդես բերելու նախաձեռնությունը՝ Վոլլի Կալմը նշեց, որ այժմ ևս Տարտուի համալսարանում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ծրագրի անդամ հանդիսացող երկրների ուսանողներին կրթաթոշակներ են հատկացվում: Ռեկտոր Կալմը նշեց նաև, որ ցանկալի է, որ Հայաստանից Տարտուում ուսում ստացողների թիվը, ինչպես նաև մասնագիտացումների բազմազանությունն էլ ավելի ընդարձակվի, ինչպես նաև հայտնաբերվեն կրթության ֆինանսավորման այլ աղբյուրներ: Վոլլի Կալմն ավելացրեց նաև, որ «ԵՄ Էրասմուս+» ծրագիրն այդ իմաստով լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի հետ կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Դեսպան Մկրտչյանը ռեկտորին առաջարկեց նաև մոտ ապագայում մասնագիտական տարբեր համաժողովներ, Հայաստանին նվիրված գիտական միջոցառումներ անցկացնել Տարտուի համալսարանում, որը ռեկտոր Կալմի կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և համագործակցելու պատրաստակամությամբ:

Տեղեկանք․ Տարտուի (նախկինում՝ Դորպատի) համալսարանը (էստ․՝ Tartu Ülikool) Էստոնիայի հնագույն ազգային համալսարանն է։ Այն հիմնվել է 1632 թ. Շվեդիայի Գուստավ II Ադոլֆ թագավորի կողմից։ Այս համալսարանում իրենց ուսումնառությունն են ստացել մի շարք անվանի հայեր, որոնք հետագայում նշանակալի դերակատարում են ունեցել հայ իրականության մեջ։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
4. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
8. Բալթյան հայերի միության հայտարարությունը
9. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
10. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: