ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեմիս Ռուսոսին գերել է Սուրբ Էջմիածնի երգչախումբը-բացառիկ զրույց

26 հունվարի, 2015 | 22:04

DEMIS RUSOS  ARTUR GHUKASIAN 2Կիրակի օրը՝ հունվարի 25-ին  երկարատեւ հիվանդությունից հետո 69 տարեկանում  մահացել է հույն հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը։  Դեմիս Ռուսոսը  համաշխարհային հայտնի  հիթերի հեղինակ է՝ Goodbye my Love, Goodbye, Forever and Ever, From Souvenirs to Souvenirs, My Only Fascination եւ այլն։ Նրա ալբոմները վաճառվել են 60 միլիոն օրինակով։ Նա ապրում էր Հունաստանում, բայց բնակարան ուներ նաեւ Ֆրանսիայում, ուր հաճախ էր լինում։

1999ին նա եղել է Հայաստանում, իսկ 2010-ին Մոսկվայում  ստացել է Տաշիր փառատոնի մրցանակը՝ հայերի սիրված արտասահմանյան երգիչ անվանկարգում։

Մեր թղթակից, իսպանաբնակ լրագրող Արթուր Ղուկասյանը,դեռեւս 1999-2000-ական թվականներին, երբ բնակվում էր Հունաստանում, մի քանի անգամ հանդիպել եւ հարցազրույցներ է վարել հայտնի երգիչի հետ նրա տանը։ 2008-ին լինելով Իսպանիայում, Ռուսոսը ինքն է զանգել Արթուրին  եւ հեռախոսով երկար զրուցել Հայաստանի մասին։ Այսօր ներկայացնում ենք նրա բացառիկ զրույցներից մի հատված մեր ընթերցողներին, որը կարող եք կարդալ նաեւ մեր ամսագրում։

Դեմիս Ռուսոսի ֆենոմենի եւ հաջողության գաղտնիքների մասին շատ է գրվել եւ ամեն մեկն իր հերթին սեփական համոզմունքներն է հայտնել: Ինքն անձամբ, սակայն, մեր զրույցների ընթացքում միանգամայն տարբեր բացատրություններ է տվել: Ըստ նրա, չափազանց կարեւոր է, որ քո մուտքը երգարվեստի աշխարհ համապատասխանի ինչ-ինչ հանգամանքներին, որոնք նպաստում են մարդու հանրահայտ լինելուն եւ կայացմանը:

-Գիտեք,- ասել էի,- ինձ համար հասկանալի է, եթե Ձեր ասածը վերաբերում էր ժամանակին. հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում եւ այլն: Բայց ի՞նչը  նկատի ունեք, երբ խոսում եք հանգամանքների մասին:

-Տես,իմ առաջին ձայնագրությունը՝ շատ տխուր մի երգ էր եւ այն հնչեց, բարեխտաբար, ռադիոյով մի օր, երբ ուժեղ անձրեւ էր գալիս ու իմ կատարումն ինքը համապատասխանում էր թե՛ օրվա մռայլ եղանակին եւ թե՛ մարդկանց տրամադրությանը, որն նույն եղանակն էր պարտադրում:

-Բարեբախտաբար, որ այդ օրը հնչե՞ց, թե՞՝ որ ռադիոյով հնչեց:

-Երկուսն էլ: Զարմացած դեմք մի ընդունիր. երգի ու կատարողի իսկական արժեքը հենց ռադիոն է ի հայտ բերում: Եթե դու վարում ես քո մեքենան ու այդ ընթացքում ուկնդրում մի երգ, որ շարժում է քո զգացմունքները, այդ երգն, ուրեմն, կայացած է: Դու չես տեսնում երգչին, գուցե նրա անունն էլ չգիտես՝ դու լսում ես միայն ու ազդվում: Այդպես պատահեց եւ իմ դեպքում՝ լսարանին անհայտ էի ու սկսեցին զանգել ռադիոկայան, խնդրելով նորից հաղորդել այն…

-Հույները երգն ու արվեստը սիրող ժողովուրդ են, բայց դուք հազվագյուտներից եք, որ ձեռք բերեցիք համաշխարհային համբավ:

-Այստեղ չափանիշներն են ուրիշ: Բավարար չէ, որ դու լավ ձայն ունենաս: Ժամանակակից հույներից հրաշալի ձայն ունեն Նոտիս Սվակյանակիսն ու Դանդիսը, բայց նրանք սահմանափակվում են հունական լսարանով: Կարող էին դուրս գալ այդ սահմաններից, բայց… Դու, օրինակ, հայ ես. ո՞ր հույն երգիչներին են լսում:

-Յորղոս Դալարասին, Յաննիս Պարիոսին…

-Հրաշալի է: Նրանք իսկապես տաղանդավոր երգիչներ են, որոնց սիրում ես դու, հույն ժողովուրդը, հունական արվեստին ծանոթ հայերն ու այլ ազգերի ներկայացուցիչները: Դրանից այն կողմ չի անցնում…

-Քանի որ անդրադարձաք իմ ազգային պատկանելիությանը, կուզեի որ հայաստանյան քո տպավորություններով կիսվեիր:

-Իմ ծանոթությունը Հայաստանի հետ նախ հայերեն երգերից սկսվեց, եւ դա հասկանալի է: Բնականաբար, լեզուն չգիտեմ, խոսքերը չէի հասկանում, բայց երաժշտությունը որոշ դեպքերում շատ բան էր ասում:

-Հետո հրավերք ստացաք համերգով հանդես գալ Երեւանում:

-Այդ նույն ժամանակահատվածում մի քանի հրավերքներ ստացա, բայց նախընտրեցի, այո՜, Հայաստանը:Ինձ համար էի գնում:

-Ի՞նչ եք ուզում ասել դրանով:

demis rusos-Ուզում եմ ասել, որ ես այլեւս հասել եմ մի աստիճանի, որ ինքս եմ որոշում եւ իմ սրտի թելադրանքին եմ լսում: Կախում չունեմ ավելի կամ պակաս շահավետ առաջարկություններից եւ ընտրեցի Երեւանը:

-Շատ լա՛վ: Վայրեջք կատարեցիք Երեւանում ե՞ւ…

-Օ՜, ես շատ լավ տպավորություններով ծանրաբեռնված հետ եկա: Հրաշալի մի ժողովրդի զավակն ես, Արտո (համառորեն ինձ Արտո էր կոչում միշտ-Ա.Ղ.): Բոլորը, ում հետ հանդիպեցի, հոյակապ մարդիկ էին:

-Ասացիր, որ հայկական երաժշտությունը որոշ դեպքերում քեզ շատ բան էր ասում: Ո՞ր դեպքերում:

-Օրինակ, ինձ տարան ձեր գլխավոր եկեղեցին՝ անունը հիմա չեմ հիշում..

-Սուրբ Էջմիածին:

-Չգիտեմ: Գուցե: Ես լսեցի այնտեղ պատարագը: Բացի այդ պատարագից, ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց նաեւ երգչախումբը: Ես վստահեցնում եմ քեզ, որ այն աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն է:

Հաջորդ տեսարանը, որ ինձանից անկախ մեկ-մեկ հիշեցնել է տալիս իր մասին՝ սահմանամերձ մի բնակավայր էր, որից այնկողմ Թուրքիան է: Ինձ ինչ-որ վանք ուղեկցեցին, որտեղ կրոնավորներ կային եւ ուխտավորեր: Այդ վանքն էլ է ուժեղ կերպով տպավորվել իմ մեջ:

DEMIS RUSOS ARTUR GHUKASIAN-Մի խոսքով, համերգից բացի հնարավորություն ունեցաք նաեւ որոշակիորեն ծանոթանալու մեր երկրի հետ:

-Այո, ես իրոք շատ լավ ժամանակ անցկացրեցի այնտեղ: Չմոռանամ նշել նաեւ թե որքան գեղեցիկ են Հայուհիները եւ որքան հյուրասեր բոլոր նրանք, ում հետ հանդիպել էինք: Հայուհիների հարցում չեմ չափազանցնում:

-Այդ տպավորությունները հույս են ներշնչում, որ դարձյալ կայցելեք Հայաստան…

-Կանեի, գիտե՞ս: Նկատի ունեցիր, որ նախքան գնալը ես լավ էլ տեղեկացված էի, թե ինչ կարգի տնտեսական ու այլեւայլ խնդիրների առջեւ է կանգնած Հայաստանը, բայց ինձ համար կարեւորը այն չէր, թե ես ինչ կստանայի այդտեղ, այլ այն, թե ի՞նչ եմ ուզում իմ հոգով: Մի խոսքով, դա իմ ցանկությունն էր…

Մեկ նյութում անհնար է գրել ամբողջը: Վերջին անգամ Իսպանիայում էի արդեն, երբ զանգահարեց (քանի՛ հոգու հետ վերջին անգամ Իսպանայից խոսեցի՝ սկսած Հենրիկ Իգիթյանից մինչեւ…): Պատմում էր ռուսաստանյան հաջող ելույթների մասին:

-Եթե Հայաստան գնաս, այս անգամ ես էլ եմ քեզ միանալու,- ասացի նրան մեր վերջին զրույցի ընթացքում:

Երեւի գիտեր, որ երկրորդ անգամն, ավաղ, չի լինելու…

Արթուր Ղուկասյան

Վալենսիա

Իսպանիա

հատուկ ՕՐԵՐ-ի համար


Առնչվող նյութեր
1. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
2. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
3. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
4. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
5. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
6. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
7. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
8. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
9. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
10. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: