ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում

Ծրագրվում է անցկացնել նաեւ Հարություն Դելլալյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթ
06 հոկտեմբերի, 2017 | 17:09

Վերջերս  կարեւոր նախաձեռնություններով Հայաստանում էր գտնվում Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, Դելլալյան եռյակի ջութակահար, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության փոխնախագահ Նարինե Դելլալյանը։ ՕՐԵՐ-ը փորձեց ճշտել, թե որոնք էին այցի արդյունքները։

-Տիկին Դելլալյան, ի՞նչ առաքելությամբ էիք այս անգամ Հայաստանում, ինչպիսի՞ միջոցառումներ կազմակերպեցիք։ Եվ ընդհանրապես,ո՞րն է Դելլալյան կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությանը նվիրված նոր հրատարակությունների արժեքը։

– Այս անգամ վերադարձս տուն, նշանավորվեց մի շատ կարևոր իրադարձությամբ՝ երաժշտական աշխարհին փոխանցեցինք Հարություն Դելլալյանի բոլորովին վերջերս տպագրված հինգ կամերային ստեղծագործությունների նոտաները։ Ստեղծագործություններից երկուսը՝ վերահրատարակվում են երկրորդ անգամ։ Հատկապես վերջին տարիներին նրա երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, և հաճախ են մեզ դիմում աշխարհի ամենատարբեր անկյուններից, թե որտեղի՞ց է հնարավոր գտնել այս կամ այն ստեղծագործության նոտաները։ Ուրախալի է նաև, որ մեր երիտասարդ կատարողներն են հաճախ անդրադառնում։ Նարե Արղամանյանն էլ վերջերս Պորտլանդի միջազգային դաշնամուրային փառատոնում կատարեց “Նվիրում Կոմիտասին” դաշնամուրի սոնատը, կան նաեւ այլ օրինակներ։

Ի վերջո ամեն տպագրություն ստեղծագործությանը նոր շունչ, նոր կյանք է տալիս, դա լինի գրականություն, թե երաժշտություն։ Ի դեպ, ես այնքան էլ վստահ չեմ, թե որքանով է հայկական դասական երաժշտությունը հասանելի աշխարհին։ Ինքս, երբ որևէ հայ կոմպոզիտորի երկ եմ փնտրում ՝ դիմում եմ ընկերներիս, դժվարությամբ, բայց նրանց միջոցով եմ հայթայթում այս կամ այն ստեղծագործությունը։ Իսկ ինչպե՞ս կարող է այն հասանելի լինել օտարազգի երաժշտին, եթե մենք չլինենք միջազգային շուկայում։ Ավելին, Երևանում գոյություն չունի գեթ մեկ նոտաների խանութ, որտեղ հնարավոր լինի գտնել դասական երաժշտության պարտիտուրներ, նույնիսկ ուսուցման համար անհրաժեշտ ժողովածուներ։

Գրքերի տպագրման հարցը վերջին տարիներին բավական լավ վիճակում է։ Տպագրվում է թարգմանչական գրականություն, հայ հեղինակներ։ Իսկ երաժշտության բնագավառը դեռ բաց է։ Այնինչ, մենք ունենք այնպիսի կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները լիարժեք իրավունք ունեն ներկայանալու աշխարհին։ Նշեմ նաև, որ հայրիկիս նոտաների տպագրմանը աջակցել է մշակույթի նախարարությունը։ Այս փաստը հուսադրող է։

Վերադառնալով նոտաների շնորհանդեսի երեկոյին, որը տեղի ունեցավ ինձ համար բացառիկ, պատվավոր մի վայրում, Կոմիտասի թանգարան֊ինստիտուտում, որոշեցինք շեշտել Արվեստից Արվեստ ծնվելու գեղեցկագույն երևույթը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հարություն Դելլալյանի արվեստից ներշնչված, Արայիկ Մանուկյանի հեղինակած “Հարություն” ֆիլմը և երկրորդը՝ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանի “Նոտագրելով Տիեզերքի Քաոսի Ալքիմիան” էսսեի ընթերցումն էր, որը գրված է բացառապես Դելլալյանի երաժշտության ազդեցության ներքո։ Վերջում Հայկ Մելիքյանը կատարեց հանրահայտ “Նվիրում Կոմիտասին” դաշնամուրի սոնատը։ Նոտաների խմբագիրն է Գոհար Շագոյանը։

Տարբեր հանդիպումների մեջ ինձ համար առանձնակի նշանանակություն ունեցավ Նարեկացի Արվեստի Միության կողմից ինձ հետ կազմակերպված հանդիպումը։ Այդ հանդիպումը նախ ինձ համար էր կարևոր։ Հայաստանի ամենամեծ հարստությունը՝ հայ մարդն է։ Նման շփումները, հարազատների մեջ ևս մեկ հարազատ հոգի գտնելը ինձ երջանկացնում է։ Իսկ ՆԱՄ֊ը Երևանի բացառիկ, հոգևոր լույս սփռող անկյուններից մեկն է, որի գործունեության առատությունից ես ապշել էի։ Մեկը մյուսից կարևոր անդրադարձումներ մշակութային կյանքին, կրթական, ճանաչողական միջոցառումներ, որտեղ ընդգրկվում են մշակույթով ապրող, ամենատարբեր տարիքի մարդիկ։ Այս փոքրիկ, բայց բովանդակալից անկյունը հրաշալի մոդել է Երևանյան մշակութային կյանքում։

Մոտ ապագայում, հուսով եմ, որ կկարողանանք իրականացնել երիտասարդ կոմպոզիտորների կողմից կազմակերպվող Հարություն Դելլալյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը։ Մեր նպատակն է հայոց մայրաքաղաքը աշխարհին ներկայացնել որպես դասական երաժշտության ընկալման և գնահատման բարձր չափանիշներ սահմանող ու ճաշակ թելադրող մշակութային հարթակ։

 

ՕՐԵՐ

Դանիել Երաժիշտ

Արայիկ Մանուկյան

Հայկ Սելիքյան


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
4. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
5. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
6. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
7. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
8. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
9. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
10. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: