ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դավութօղլուի հմայքի արշավը Հայաստան կատարած այցելության ընթացքում

17 դեկտեմբերի, 2013 | 20:25

Ahmet-Davutoglu-5Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:

Ի սկզբանե Դավութօղլուն և նրա դիվանագիտական թիմը սկսել էին ապատեղեկատվական քարոզչություն ծավալել` հայտարարելով, որ նա թերևս չկարողանա մասնակցել համաժողովին այլ պարտավորությունների պատճառով, տպավորություն ստեղծելով, որ նա մեծ ցանկություն չունի Հայաստան մեկնելու: Ավելի ուշ, նա իր մասնակցությունը պայմանավորեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների դրական արդյունքով: Ադրբեջանի նախագահին համոզելու համար, որ Թուրքիան մտահոգվում է իր կրտսեր եղբոր շահերով, Թուրքիայի արտգործնախարարությունը լրատվամիջոցներին կեղծորեն տեղեկացրեց, որ Հայաստանը համաձայնել է դուրս գալ Արցախի երկու շրջաններից:

Երևան կատարած այցելության ընթացքում Դավութօղլուի հմայքի արշավի իսկական նպատակն էր կանխել միջազգային քարոզչությունն ընդդեմ Թուրքիայի 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում: Նա ուզում էր համաշխարհային հանրությանը տպավորել, թե իբր իր երկիրը պատրաստակամ է հաշտվելու Հայաստանի հետ` միաժամանակ սատարելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի դիմումին:

Ի պատասխան՝ հայ պաշտոնյաներն ամեն ինչ արեցին թուրքական հմայքի արշավի հաջողությունը նվազեցնելու համար: Հայաստանի ընտրած ռազմավարությունն էր` Դավութօղլու երևանյան այցը պահել ՍԾՏՀ համաժողովի շրջանակներում, և ոչ թե զբաղվել հայ-թուրքական երկկողմ հարաբերություններով, բացառելով որևէ քննարկում Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հակամարտության վերաբերյալ:

Ուստի զարմանալի չէ, որ Երևանում Հայաստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի միջև որևէ հանդիպում տեղի չունեցավ: Միակ պաշտոնական հանդիպումը կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը նաև հանդիպեց ՍԾՏՀ-ի մյուս մասնակիցների հետ որպես համաժողովի հյուրընկալող:

Բնականաբար, Հայաստանի մայրաքաղաքում եղած ժամանակ Դավութօղլուն բախվեց որոշ խոչընդոտների: Նա ստիպված էր համաժողովի անցկացման վայր` «Մարիոթ-Արմենիա» հյուրանոց մտնել հետևի դռնից` իր այցի կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցից խուսափելու համար: Մինչ այդ, Նալբանդյանը հանդես եկավ մի շարք կուռ հայտարարություններով՝ ՍԾՏՀ համաժողովից առաջ, ընթացքում և հետո, նախազգուշացնելով Թուրքիային, որ Հայաստանը չի ընդունելու որևէ նախապայման, ինչպիսիք են Արցախի տարածքից մասնակի դուրս գալը` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման դիմաց:

Նալբանդյանի վճռական կեցվածքն ստիպեց Դավութօղլուն նահանջել, վախենալով, որ իր այցը Հայաստան կարող է որակվել որպես ձախողված: Ադրբեջանին վշտացնելու գնով, թուրք նախարարն ընդունեց, որ նա չի եկել ներկայացնելու կոնկրետ առաջարկներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և չի պահանջել Արցախի երկու շրջաններից դուրս գալը, պնդելով, որ Երևան գալու իր միակ նպատակն էր հաղթահարել Հայաստանի և Թուրքիայի միջև «հոգեբանական պատնեշը» և սկիզբ դնել երկխոսության ու վստահության վերականգնմանը:

Իր հայտարարած հարաբերությունների բարելավման որոնման նպատակով Դավութօղլուն հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում նա Ցեղասպանությունը նսեմացրեց որպես անցյալի «որոշ իրադարձություններ» և կոչ արեց բոլորին «առաջ գնալ»: Երբ Մանուկյանը պատմեց Ցեղասպանության ժամանակ իր չորս հորեղբայրների մահվան մասին, Դավութօղլուն խոստացավ աղոթել նրանց համար` իրենց ծննդավայր` Մոկս, Վանա լճի հարավում, իր հաջորդ այցելության ընթացքում: Սակայն նա հանդգնեց խորհուրդ տալ հայերին չմոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի թուրք զոհերի մասին: Նա նաև սփյուռքահայերին առաջարկեց վերադառնալ իրենց նախկին հայրենիքը` ներկայիս Թուրքիան: Մանուկյանի հետ հանդիպման ամենահետաքրքիր պահը Դավութօղլուի բացահայտումն էր, որ Անկարայում արտգործնախարարության կենտրոնական գրասենյակի շենքերից մեկը պատկանել է մի հայի, դրանով իսկ բարձրացնելով դատական հայցի հնարավորությունը նախկին սեփականատիրոջ ժառանգորդների կողմից:

Արտգործնախարար Դավութօղլուն վերջին ճիգը գործադրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստական աշխատանքները խափանելու համար` պատմելով թռիչքի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողներին, որ 1915 թվականին հայերի «տեղահանությունը» «անմարդկային» էր: Հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի ողջունել այդ քայլը, նա դատապարտեց «տեղահանությունը» որպես «բացարձակ սխալ քաղաքականություն, որն իրականացվել է [Oսմանյան ժամանակաշրջանի ղեկավարների «Միություն և առաջադիմություն» կոմիտեի օրոք]»:

Դավութօղլուն նաև հայտնեց, որ նա հանդիպել է սփյուռքահայերի հետ արտերկրում իր այցելությունների ընթացքում, սակայն չի հրապարակել դրանց մասին` մտահոգվելով, որ «ծայրահեղական հայերը խնդիրներ կառաջացնեն»:

Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին: Միացյալ Նահանգները և Կանադան միակ երկրներն էին, որոնք ողջունեցին Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ կոչ անելով, որ երկխոսությունը շարունակվի երկու կողմերի միջև:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
7. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
8. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
9. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
10. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
3.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
4.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
5.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
6.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
7.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
8.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
9.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
10.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: