ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի փայլուն հաղթանակը Ֆրանսիայում

«Ես ներկայացնում եմ հայկական մշակույթը».ասում է մրցանակակիր հայ երաժիշտը
07 նոյեմբերի, 2016 | 08:23

Բացառիկ հարցազրույց ՕՐԵՐ-ին

2016 թվականի հոկտեմբերի 24-29-ը  Ֆրանսիայի Նիցցա(Նիս) քաղաքում կայացավ դաշնակահարների միջազգային 9-րդ «Concours International de Piano Nice Côte d’Azur» մրցույթը , որի առաջին մրցանակին եւ գավաթին արժանացավ 23- ամյա դաշնակահար ԱրմենԼևոն Մանասերյանը՝ շրջանցելով մրցույթին մասնակից մի քանի տասնյակ երաժիշտների։  Իզուր չէր, որ դեռեւս 2012-ին «ԱԶԳ» օրաթերթը նրա մասին գրել է. «Աներկբա է, որ Լեւոն Մանասերյանի անցնելիք երկար ու ձիգ ուղիներում իր ազգակիցներին ուրախացնելու տաղանդի դեռ բազում փայլատակումներ կունենա, քանզի նա նպատակասլաց է, ունի բնատուր շնորհ եւ անհագուրդ աշխատասիրություն»։

armen-levon-manaseryan-2

Բազմաթիվ միջազգային եւ հանրապետական  մրցույթների մրցանակակիրն ու դափնեկիրը այժմ սովորում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում, համատեղելով  ուսումը Երեւանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Ապրում է Լյուվեն  քաղաքում։  

Անձնագրով նա Լեւոն Մանասերյան է, սակայն Արմեն անունով կնքվել է և պատվով կրում է հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Մինասի Մինասյանի անունը: Այսպիսով օգտագործում է ԱրմենԼեւոն ձեւը, թեեւ իրեն ավելի շատ դիմում են Արմեն անունով։ Ի դեպ,  Արմենի մորական տատը` հայտնի արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի հորեղբոր դուստրն է եղել:

Արմենի տաղանդին հաղորդակից ենք դարձել դեռեւս 2007-ից, երբ նա սկսեց մասնացել  «Նոր անուններ» միջազգային պատանեկան  ծրագրի համերգներին։ Այնուհետեւ դարձավ միջազգային տարբեր հիմնադրամների կրթաթոշակառու, այդ թվում՝ «Նոր Անուններ»ի  և Հայկական բարեգործական ընդհանուր միության։  Ձայնագրել է երկու ձայնասկավառակ։

 Շնորհավորելով մեր հայրենակցին այս կարեւոր  ու պատվավոր հաղթանակի առիթով, հրավիրեցինք ՕՐԵՐի հյուրասենյակ՝ հարցազրույցի։

  • Արմեն, նախ անդրադառնանք հաղթանակիդ։ Ի՞նչ է ենթադրում առաջին տեղի մրցանակը։
  • Ես արժանացա դափնեկրի դիպլոմի եւ 1-ին մրցանակին՝ համապատասխան գավաթին։ Գալա համերգի համար կազմակերպիչները խնդրեցին, որ կատարեմ  Արամ Խաչատրյանի «Տոկատան»։ Այս ստեղծագործությունը շատ էին հավանել։ Ժյուրիի նախագահ Գաբրիել Տաչինոյին  ծանոթ էր այս գործը` ինքն այն ժամանակին կատարել էր,  բայց բազմազգ ժյուրիում մարդիկ կային, ովքեր առաջին անգամ էին լսում։ Իրոք, մեծ հավանության արժանացավ այդ ստեղծագործությունը։ Մրցույթը նվիրված էր  Նիցցայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Սիմոն Դելբեր-Ֆեւրիեի հիշատակին: Վերջինս, ի դեպ եղել է հայտնի դաշնակահարներ` Ռոբեր Կազադեզուսի և Մարգարիտ Լոնգի սանը:
    armen-levon-manaseryan-gavat
  • Դու արդեն մրցույթների մասնակցության հարուստ փորձ ունես, բայց ամեն մի մրցույթ ունի իր նրբությունները։ Ինչքանո՞վ էր դժվար այդ մրցույթը։
  • Հիմնական դժվարությունն այն էր, որ ես մասնակցեցի «Համերգային դիպլոմ» անվանակարգում, ինչը ենթադրում էր մենահամերգ-մրցույթ։ Այսինքն պետք է նվագեի մենահամերգային բավականին մեծ ծրագիր, որը պարտադիր պետք է լիներ բազմաոճ և տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններից բաղկացած։ Մրցույթը երկու փուլից էր կազմված։ Առաջին փուլում մենք մեր ձայնագրություններն էինք ուղարկում, իսկ ընտրվելուց հետո պետք է մեկնեինք  Նիցցա  եւ այնտեղ նվագեինք համերգային ծրագիր։  Ես կատարել եմ Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային շարքը, որը շատ մեծ գործ է, ունի թե՜ տեխնիկական, եւ թե՜ երաժշտական բարդություններ։ Այս ստեղծագործությունը գրվել է նկարիչ Հարթմանի պատկերների ազդեցությամբ: Մուսորգսկին, այցելելով Հարթմանի ցուցահանդեսը, անչափ ոգևորվել էր նկարներով, եւ որ որոշել էր ստեղծել ոչ պակաս պատկերավոր ստեղծագործություն:  Որքան հիշում եմ, սա ամենամեծ  ծավալի  դաշնամուրային գործերից մեկն է և ժամանակին Մուսորգսկու ժամանակաշրջանի դաշնակահարներից շատերը հրաժարվել են  կատարել այս ցիկլը,  համարելով այն ոչ «հարմարավետ»  դաշնակահարի համար:

Բնականաբար, որպես հայ ընտրել էի հայկական գործ՝  Արամ Խաչատրյանի «Տոկատան», որն անչափ սիրում եմ կատարել և առանց  որի չէի ցանկանա մասնակցել մրցույթին։ Միշտ համերգներիս փորձում եմ ներկայացնել  հայկական որեւէ ստեղծագործություն։

  • Մինչեւ Եվրոպա գալը, բնականաբար սովորել ես Երեւանում։
  • Այո, ավարտել եմ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ե՜ւ բակալավրիատը, ե՜ւ մագիստրատուրան, իսկ այժմ նաեւ ուսումս համատեղում եմ նույն բուհի ասպիրանտուրայում։ Կոնսերվատորիայում ուսանել և ուսանում եմ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանում։  Մինչ այդ հաճախել եմ Երեւանի  Պյոտր  Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, որտեղ ուսուցիչս էր պրոֆ. Շուշանիկ Բաբայանը։
  • 2014-ից տեղափոխվեցիր Բելգիա ուսումնառության։ Ինչո՞ւ ընտրեցիր Բելգիան։
  • Անկեղծորեն, այստեղ շատ երաժիշտ ընկերներ ունեմ, որ ինձ հրավիրել էին մենահամերգների։  Ելույթներիս ընթացքում ես ծանոթացա երկրին և այն շատ հավանեցի, թե՜ երկրի և թե՜ մշակույթի առումով: Դրան հետեւեց ընկերներիս առաջարկը՝ փորձել  ուսումը շարունակել տեղի հայտնի երաժշտանոցներից որեւիցէ մեկում։  Այդպես փորձեցի եւ միանգամից ընդունվեցի  Լիեժի եւ Գենտի  կոնսերվատորիաները։  Բայց  ընտրեցի Լիեժի Թագավորական կոնսերվատորիան, քանի որ այստեղ շատ լավ ու ուժեղ դասախոսներ ունեմ՝ պրոֆ. Եթիեն Ռապպեն եւ  պրոֆ. Ֆրանսուա Տիրին։

Մյուս առավելությունը, որ կարծում եմ այստեղ ունեմ, այն է, որ Բելգիայից ավելի հեշտ ու մատչելի է հայկական երաժշտություն տարածելը։ Այստեղ գրեթե բոլոր համերգներին, բոլոր միջոցառումներին փորձում եմ հայկական որեւէ գործ նվագել, բացի հիմնական դաշնամուրային իմ ծրագրից , նաեւ հայկական ծրագիր ներկայացնել։ Այդ իսկ առումով ավելի հեշտ է դառնում տարածելը։  Բելգիան թեեւ փոքրիկ պետություն է, բայց հարեւան բոլոր պետություններից շատ զբոսաշրջիկներ են գալիս, քանի որ Եվրոպայի կենտրոնն է շատ առումներով։

  • Բացի ուսումնառությունից, բնականաբար նաեւ համերգային գործունեությամբ ես զբաղվում։
  • Այո, իհարկե,  բայց ասեմ, որ Բրյուսլեում մի փոքր երաժշտական փառատոն եմ անցկացնում՝ Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Դա երաժշտության ու մշակույթի ,,Վիտրաժ,, («VITRAGE»)  փառատոնն է։ Այս փառատոնի  մասնակցության նախապայմաններից է , որ մասնակիցները մեկ հայկական եւ մեկ ռուսական գործ պետք է ներկայացնեն եւ ամենեւին կապ չունի, թե կատարողը  որ երկրից է եւ ինչ ազգության։ Չնայած 2017-ի հունվարին կլրանա փառատոնի ստեղծման մեկ տարին, այնուամենայնիվ, մոտավորապես տասը համերգ ենք ունեցել։  Սեպտեմբեր ամսին նույնիսկ Մոսկվայի հայկական թատրոնը եկավ Բելգիա եւ երկու ներկայացմամբ հանդես եկավ փառատոնի շրջանակներում։ Հայաստանից երգչուհիներ հրավիրեցի, իսկ Միացյալ Նահանգներց իր հեղինակային համերգին ժամանեց  հայտնի ամերիկահայ կոմպոզիտոր, Գրեմմիի նոմինանտ Հայկ Բոյաջյանը:
  • Համայնքային կյանքում ի՞նչ մասնակցություն ես ունենում։
  • Հիմնականում երաժշտական միջոցառումների եմ մասնակցում։ Բայց այս տարի ապրիլյան դեպքերից անմիջապես հետո, ընկերներով հավաքվեցինք եւ ապրիլի 11-ին բարեգործական  համերգ-դրամահավաք կազմակերպեցինք Բելգիայի հայկական միությունների աջակցությամբ, որին մասնակցեց 7 բելգիահայ երաժիշտ։  Հավաքված ողջ հասույթը՝  տասնութ հազար եվրոն  համայնքի ներկայացուցիչներն  անձամբ տարան Արցախ եւ բաժանեցին զոհված կամ տուժած ազատամարտիկների ընտանիքներին, ամեն մի զոհվածի ընտանիքին մոտ  500 եվրո տրվեց։belgia-erazishtner
  • Հիշում եմ դեռեւս 2006 թվականին Ֆրանսիական ,,Ֆլամ,, (FLAME») դաշնակահարների  միջազգային մրցույթում քո հաղթանակը , երբ արժանացար առաջին մրցանակի եւ հուշամեդալի։ Դրանից հետո, կարծես թե այլ մրցույթների մասին շատ չլսեցինք։ Ի՞նչ այլ հաջողություններ ունեցար այս տարիներին։
  • Մի շարք երկրներում ունեցել եմ համերգներ ու նաեւ մրցույթային հաղթանակներ։ Գերմանիայում մասնակցեցի շատ կարեւոր մրցույթի՝ 2012 թվականի հունիսի վերջին Մյունխենի «12 Munchner Klavierpodiun Der Jugend» միջազգային երիտասարդական մրցույթում  արժանացա դափնեկրի կոչման եւ երեք հատուկ մրցանակների , որոնք գնահատվեցին դիպլոմներով ու պարգեւներով։  Նույն տարում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում  մասնակցեցի  ԱՊՀ երկրների «Դելփյան խաղերին»՝  Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ  եւ արժանացա 3 -րդ մրցանակի ու բրոնզե մեդալի։

Այս երկու տարվա մեջ Բելգիայում դաշնակահարների միջազգային երկու մրցույթների դափնեկիր եմ դարձել և արժանացել 3-րդ մրցանակի` Անդրե Շառլեի («ANDRÉE CHARLIER») անվան դաշնակահարների 33-րդ միջազգային մրցույթում   և  երիտասարդ դաշնակահարների միջազգաին 13–րդ «Les Rencontres Internationales des jeunes Pianistes» մրցույթում,  որը կրում է  նաև «Prix  EPTA – BELGIUM WALLONIE BRUXELLES ASBL» անվանումը:

Մրցույթի կազմակերպիչն  էր  ճանաչված «EPTA –  BELGIUM» («European Piano Teachers Association») կազմակերպությունը և  ժյուրիի անդամներից շատերը տվյալ կազմակերպության իրենց երկրների` «EPTA – RUSSIA», «EPTA – GERMANY», «EPTA – POLAND» ներկայացուցիչներն էին:
Այդ երկու մրցույթներին նախորդել էր ՝ «Triomphe de  L’Art» մրցույթում իմ նվագակցությամբ  թավջութակահար Միքայել Գրիգորյանի ելույթը, ով  արժանացավ առաջին տեղին:

Մասնակցել եմ մի շարք վարպետության դասերի տարբեր երկրներում: 2004 թվականին Ռումինիայում, 2011 թվականին Մոսկվայում, որտեղ նաեւ մի շարք համերգներ ունեցա, այնուհետև` 2014 եւ 2015 թվականներին մասնակցեցի Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի կոնսերվատորիայում կայացած «Մոցարտեում»  ամառային ակադեմիայի վարպետության դասերին` պրոֆ. Յոսեֆ Պարատորեի հրավերով և ղեկավարությամբ, որն ի դեպ այս տարվա Իտալիայի Մոնտեպուլչիանո քաղաքի «Palazzo Ricci» վարպետության դասերին էր նաև ինձ հրավիրել:  Իտալիային հաջորդել է Գերմանիայի Կասսել քաղաքում անցկացված միջազգաին «VII. International Hugo-Staehle-Festival  for Young Pianists» փառատոնը, որտեղ ես ելույթներ ունեցա և այդ փառատոնի շրջանակներում մասնակցեցի վարպետության մի շարք դասընթացներին, հայտնի դաշնակահար Հերբերտ Կոխի (Գերմանիա) հրավերով և գլխավորությամբ: Այդ օրերին դասնթացներ ունեցա նաև հայտնի դաշնակահարներ` Իրինա Օսիպովայի, Կիրիլ Կաշունինի, Ալեքսանդր Խազանովի (Ռուսաստան), Շել-Վու Բաենի (Հարավային Կորեա), Միշել Ջիոիոզանիի (Իտալիա), Ջուրո Տիկվիցանի (Խորվատիա), Իվան Ուրվալովի (Գերմանիա) հետ:

Հերբերտ Կոխի կողմից, այս տարի, նաև հրավիրվել եմ, որպես հյուր-կատարող մասնակցելու իր դասարանական համերգին, որը  Գերմանիայի «Musikhochschule Münster University» համերգային դահլիճում էր:

Հայաստանում ավելի քան 10  մենահամերգներ եմ ունեցել, այդ թվում՝ Գաֆեսճյան կենտրոնում։ Մասնակցել եմ շատ փառատոների, համերգների և միջոցառումների: Այնպես որ, փորձել եմ շատ ակտիվ լինել։

Ամենուր, բացի եվրոպական եւ ռուսական երաժշտությունից նաեւ հայկական երաժշտություն եմ նվագել։armen-levon-manaseryan-1

  • Քանի որ երկար տարիներ համերգներով հանդես ես գալիս Արեւմուտքում եւ հիմա էլ սովորում ես Բելգիայում, քո ապագան ինչպե՞ս ես պատկերացնում՝ Հայաստանում, թե Եվրոպայում։ Իբրեւ երաժիշտ քեզ ավելի լավ որտե՞ղ ես զգում կամ ինքնադրսեւորվում։
  • Դժվար է այդ հարցին պատասխանել, քանի որ 4 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ կլինեմ Բելգիայում։ Հետեւաբար, նաեւ 4 տարի հետո չգիտեմ, թե որտեղ կլինեմ։ Բայց կարծում եմ, որ դաշնակահարի համար, եւ ընդհանրապես երաժշտի համար շատ կարեւոր է հասկացող ու գնահատող հանդիսատեսը։ Հետեւաբար, թե այդ հանդիսատեսը որտեղ կլինի եւ ինչպես, այժմ չեմ կարող ասել։ ժամանակի հարց է դա։ Ես միշտ փորձում եմ հայկական երաժշտությունը քարոզել, հայկական մշակույթը ներկայացնել։ Եվ իմ Հայաստանում չգտնվելը, չի նշանակում, որ ես Հայաստանի մասին չեմ մտածում կամ Հայաստանի հետ չեմ։  Հայաստանում բնականաբար ընտանիքս է, բարեկամներս և ընկերներս են, որոնց չեմ կարող երբեք մոռանալ։
  • Ստեղծագործական առումով որտե՞ղ է ավելի հեշտ աշխատել` Հայաստանում, թե դրսում։
  • Եթե հարցին մոտենանք աշխարհագրական դիրքից, Եվրոպայում ավելի հեշտ է տեղաշարժվել եւ մասնակցել տարբեր մրցույթների, փառատոների և համերգների։ Հայաստանից, ինչպես հիշում եք, անցած անգամ նույնիսկ Պրահա գալը դարձավ պատմություն, ավելի դժվար է հասնել։ Այստեղ չկան սահմաններ, հետեաբար այստեղ ավելի հեշտ է գործունեություն ծավալել, ծանոթանալ եւ ծանոթացնել  քոնը՝ տարբեր երկրների մշակույթներին։ Եվրոպան` գործունեության իմաստով ավելի հարմարավետ է, քան Հայաստանում մնալը։
  • Ինքդ ստեղծագործում ես, թե միայն նվագում ես։
  • Ես վաղուց գրել եմ մի քանի գործ` ջազային երգ, որի մոտիվներով երգչուհիներից մեկը նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել։ Մի այլ գործ` “Տրիո“, որը գրել եմ ուսանողական տարիներին՝ նվիրված է եղեռնի զոհերի հիշատակին։ Շատ ստեղծագործություններ էլ մնացել են անավարտ իմ կատարողական գործունեության պատճառով։ Այժմ շատ եմ շփվում երիտասարդ կոմպոզիտորների հետ եւ նախընտրում եմ նաեւ նրանց ժամանակակից գործերը կատարել։levon-manaseryan-mrtsanak
  • Եվրոպայում ելույթներիդ ժամանակ հանդիսատեսը ինչպիսի՞ երաժշտություն է սիրում լսել, եւ ինչպե՞ս է գնահատում հայկական երաժշտությունը։
  • Ես դեռ չեմ տեսել հանդիսատես, որին հայկական երաժշտությունը դուր չգա՝ լինի դա եվրոպացի, թե ռուս։ Նույն փառատոնը, որը ես եմ կազմակերպում, պարտադիր հայկական երաժշտության կատարում ենք ընդգրկել, եւ ռուս երաժիշտները կատարելով ռուսական գործեր,  անցնում են հայկական գործի կատարմանը, եւ պետք է ասեմ, որ  հայկականը ավելի շատ ողջույնների է արժանանում։ Հայկականը շատ անսովոր եւ հետաքրքիր է թե մեղեդային, եւ թե ռիթմիկ առումներով եվրոպացիների ու ընդհանրապես օտար ազգի  ունկնդիրների համար։ Նույնիսկ  շատ մրցույթներից կամ համերգներից հետո ինձնից խնդրել են կատարածս հայկական երաժշտության նոտաները, որն ինձ համար շատ պատվաբեր է և հաճելի:

Հանդիսատեսն այստեղ  շատ բազմազան է՝ երեխաներից մինչեւ մեծահասակներ հաճույքով գալիս են համերգների։  Մարդիկ փորձում են իրենց ազատ ժամանակը մշակութային առումով հետաքրքիր անցկացնել՝ ոչ միայն ակումբներում լիցքաթափվելով, այլեւ դասական համերգների գալով։  Նույնիսկ երկրից երկիր են գալիս՝  ներկայացում կամ համերգ դիտելու։

  • Եվ վերջում ընդունված հարց.ի՞նչ է սպասվում առաջիկայում։
  • Լինելով «Վիտրաժ» փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի հետ միասին, որոշել ենք  նոյեմբերի 11-ին եւ 13-ին երկու համերգ  կազմակերպել Բրյուսելում։  Ես ու թավջութակահար Հայկ Սուքիասյանը կկատարենք դաշնամուրի եւ թավջութակի համար գրված սոնատներ։

Նոյեմբերի 11-ի համերգը նվիրված է Շոստակովիչի  110 -ամյակին, իսկ երկրորդ համերգը կլինի Բրյուսելի Հայ տանը՝ Հայաստանի դեսպանության  հովանու ներքո, որը կնվիրենք Հայաստանի Հանրապետության 25-ամյակին։

Հարցազրույցը վարեց Հակոբ Ասատրյանը
Պրահա

ՕՐԵՐ ամսագիր, Orer.eu

Լուսանկարները՝ Մանասերյանի անձնական արխիվ

armen-ev-haik-brussel-logo


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
2. ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում
3. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
4. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
7. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
8. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
9. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
10. Դաշնակահար Վարդան Մամիկոնյանի համերգը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: