ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գուսան Հայկազունի «Հայեր, միացեք» երգարանը

04 դեկտեմբերի, 2017 | 07:58

 

Լույս է տեսել Գուսան Հայկազունի «Հայեր, միացեք» երգարանը։  «Երգարանի ստեղծման նպատակն է ժողովրդին տալ 1988թ.-ից մինչև օրս նրա կողմից գրված ու հանրությանը ծանոթ և դեռ չլսված երգերի մի մասը՝ իրենց ճիշտ խոսքերով ու ճիշտ երաժշտությամբ…»։ Այս առիթով կայացած հարցազրույցը հեղինակի  հետ սիրով ներկայացնում ենք ընթերցողին։


Գագիկ Ստեփանի Նազարյանը (Գուսան Հայկազուն) ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքում, Հայկական ԽՍՀ: Ընտանիքում կար նաև երեք քույր: Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքից են: Վաղ հասակում կորցրել է հորը։ Միակը, ըստ գուսանի, որն իրեն մնացել է հորից՝ նրա որսորդական հրացանն է, որի հետ ապագա գուսանը երբեք չէր բաժանվում: Արդեն դպրոցական տարիներին սկսել է գրել հայրենասիրական և սիրային երգեր. Ըստ գուսանի, Րաֆֆի Հարությունյան անունով դասատուի շնորհիվ է նաև, որ նա սկսեց հայրենասիրական երգեր գրել: Ավարտել է դպրոցը 1967 թվականին, ինչից հետո ընդունվել է Երևանի շինարարական տեխնիկում: Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է։ Երիտասարդ տարիներին ոգեշնչվել է Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով:

Ընտրելով  Գուսան Հայկազուն կեղծանունը ընդգծում է, որ Հայկ Նահապետի ժառանգն է: Ըստ գուսանի, իր ստեղծագործությունները պայքարի կոչ են և դրանցում«լացելու» մոտիվներ չկան: Իր «Հայկազունք» երաժշտական համույթի հետ ամեն տարի Հայաստանի (այդ թվում նաև Արցախի) ավելի քան 40 դպրոցներում համերգներ է տալիս, ինչպես նաև տարին մի քանի անգամ` սփյուռքում: Մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում Լաերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև  ԳետաշենումԿապանումԳորիսումԲերձորում: Ծանր մարտերում չի մասնակցել, քանի որ իր հրամանատարը նախընտրել է, որ գուսանը շարունակի նոր երգեր գրել։ Շատ երգեր գրել է անմիջապես մարտի դաշտում:

Ըստ գուսան Հայկազունի, նա մեկ անգամ տեսել է Մոնթեին: Հետագայում, մոտիկ շփվել է Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի հետ և մինչև հիմա կապ է պահպանում նրա ընկեր Ալեք Ենիգոմշյանի հետ:

Առաջին օրերից միանալով Արցախյան շարժմանը, մեկ շաբաթվա ընթացքում գրել է իր առաջին՝ «Հայեր, միացեք» երգը։ Առաջին անգամ կատարել է այն 1988 թվականի մայիսի 17-ին (իր դստեր ծնվելու օրը) Օպերայի հրապարակում: Այդ երգի գործիքավորմամբ և հեռուստատեսությամբ առաջին կատարումով հանդես է եկել սասունցի Սահակ Գալոյանի գլխավորած «Զորավար Անդրանիկ երգչախումբը:

-Խնդրեմ, հակիրճ ներկայացրեք երգարանը։ Ինչու՞ «Հայեր, միացեք», ինչպե՞ս կբնութագրեք գրքի վերնագիրը, ինչպե՞ս ծնվեց դա գրելու գաղափարը։

Երգարանը բաղկացած է երկու մասից. առաջինում այն երգերն են, որոնք արդեն հնչում են: Նաև ընդգրկված են երգերի ստեղծման պատմություններն ու դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկությունները:
Երկրորդ մասում ընդգրկված երգերն առանց նոտաների են, որոնց մի մասը դեռևս չունի երաժշտություն: Երգարանն իր տեսակի մեջ շատ արժեքավոր է նաև նրանով, որ այն գրվում է հեղինակի կենդանության օրոք ու իր անմիջական մասնակցությամբ… Երգարանի ստեղծման նպատակն է ժողովրդին տալ 1988 թ-ից մինչև օրս Գուսան Հայկազունի կողմից գրված հանրությանը ծանոթ և դեռ չլսված երգերի մի մասը` իրենց ճիշտ խոսքերով և ճիշտ երաժշտությամբ:

«Հայեր, միացեք» երգարանի տպագրության անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ երգերիս մեծ մասի տեքստերը ճիշտ չեն երգվում, աղավաղվում է նաև երաժշտությունը: Երգարանում երգերը նոտագրված են, ու որ շատ հետաքրքիր է և ուշագրավ,  ներառված են դրանց ստեղծման պատմություններն ու տվյալ երգի ու ժամանակահատվածի վերաբերյալ իմ մտորումները:
Մեր ողջ պատմության ընթացքում միշտ զգացվել է մեր ազգի տարբեր հատվածների միասնության անհրաժեշտություն: Այսօր, երբ ունենք մի քանի միլիոնի հասնող սփյուռքահայեր, մի քանի միլիոն ծպտյալ ու տարբեր դավանանքի պատկանող հայեր, միասնության գաղափարը մնում է արդիական, և կարծում եմ, դրա անհրաժեշտությունը միշտ զգացվելու է:

-Ինչպե՞ս են ծնվում Ձեր ստեղծագործությունները։

Երգերի մի մասը ծնվում է ինքնաբուխ, ժամանակի թելադրանքով, իսկ մի մասը` ընկերներիս կամ այլոց խնդրանքով ու նախաձեռնությամբ: Թեման պետք է ինձ հարազատ լինի, հակառակ դեպքում՝ հրաժարվում եմ:

-Գիրքը ներկայացրել եք մեր պատմաբանների ու գրականագետների (երաշտագետների) դատին, ինչպիսի՞ ընդունելության արժանացավ նրանց կողմից։

Գրքի առաջին օրինակները տրվել են մեր հայտնի պատմաբաններին, երաժշտագետներին և արժանացել բարձր գնահատականի:

-Ի՞նչ առանձնահատկություն ունի այս երգարանը։ 

Երգարանն իր տեսակի մեջ բացառիկ է, ընդգրկված են մի շարք նոր հայրենասիրական, քնարական, խրատական երգեր, որոնց ձայնագրման ու տարածման դեպքում մեր գուսանական երգարվեստը կհարստանա նոր երգերով:

 -Որքա՞ն հաճախ եք մասնակցում կամ կազմակերպում  հայրենասիրական միջոցառումներ, և ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։

Ես իմ «Հայկազունք» խմբով մասնակցում եմ բազմաթիվ միջոցառումների և Երևանում, և հեռավոր մարզերում, որտեղ իմ կարիքը զգացվում է: Հաճախ ենք լինում դպրոցներում, գրադարաններում, զորամասերում, անգամ մանկապարտեզներում, որտեղ ինձ դիմավորում են իմ երգերով:

-Որքա՞ն հաճախ եք հանդիպում արդի գրականության ներկայացուցիչների ու երիտասարդ սերնդի հետ՝ ներկայացնելով ձեր գրքերը։

-Ես շատ գրող, բանաստեղծ ընկերներ ունեմ, որոնց հետ միշտ հանդիպում եմ, իսկ գրող, հրապարակախոս Նանեն իմ հարազատ քույրն է և քննարկումների , վեճերի պակաս չեմ զգում:

-Ի՞նչ կմաղթեիք մեր երիտասարդներին։

Ցանկանում եմ հայ երիտասարդին տեսնել համարձակ, իր իրավունքների հարցում պահանջատեր, անմնացորդ նվիրված մեր երկրին, վատը չհանդուժող, ազգային մտածելակերպով: Լինեն այնպիսին, ինչպիսին երազում էր Գարեգին Նժդեհը:

 

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Արցախյան շարժման 30-ամյակը Պրահայում՝ Գուսան Հայկազունի եւ Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ
2. Մարտի 3-ին Պրահայում Արցախին նվիրված ձեռնարկ՝ Գուսան Հայկազունի եւ օպերատոր Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ
3. Հայտնի երգչուհի Սիրուշոն համագործակցում է բջջային app-ի՝ PicsArt-ի հետ
4. Բարիտոն Սարիբեկ Սարգսյանը հաղթեց Վիլնյուսի միջազգային մրցույթում ՙՀեյ Արցախ՚ երգով
5. Ազնավուրը կներկայացնի նոր Encores/Բիս ձայնասկավառակը.ՉՏ24
6. Ռազմահայրենասիրական համերգ՝ նվիրված գուսան Գուսան Հայկազունին
7. «Գետաշեն» եւ «Հայե՛ր, միացե՛ք» երգերի հեղինակ Գուսան Հայկազունը հիվանդ է եւ օգնության կարիք ունի-տեսանյութ
8. «Հայկազունք» խումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայ համայնքներում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: