ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գորան Բրեգովիչ. Եթե երաժշտության մեջ խենթություն չկա, ուրեմն երաժշտություն չկա՚

31 հոկտեմբերի, 2013 | 23:39

Goran_Bregovic_710Օրեր-ի հարցերին պատասխանում է Բալկանների հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչը, ով նոյեմբերին 3-ին համերգային ծրագրով հանդես կգա Պրահայի Համագումարների կենտրոնում։

– Նոյեմբերի 3ին Ձեր համերգն է Պրահայի ՙԿոնգրեսովի ցենտրում՚ համերգասրահում։ Ի՞նչ ծրագիր եք նվագելու, ո՞վ է նվագելու Ձեր հետ։

– Խառը ծրագիր կլինի, բայց որոշված է, որ միայն երգեր եմ ներկայացնելու։ Շեփորահարներիս խմբով մի քանի երգ կկատարեմ իմ ՙԿարմեն՚ հեփի-էնդով օպերայից, ՙՇամպայն գնչուների համար՚ից։ Կերգեմ գրեթե բոլոր նոր ձայնագրությունները։

– Չեխիայում շատերն են սիրում Ձեզ, շատերն են սպասում Ձեր համերգին։ Սակայն Դուք պատրաստվում եք երգել ՙՇամպայն գնչուների համար՚ը մի երկրում, որն անընդմեջ քննադատվում է գնչուների նկատմամբ վերաբերմունքի համար։ Կարծում եք Ձեր երաժշտությունն ավելի հանդուրժո՞ղ միջավայր կձևավորի նրանց համար։

– Ես կարծում եմ մարդկանց մեծամասնությունը հանդուրժող է, որոշ բացառություններով։ 21րդ դարում աշխարհը պետք է գիտակցի, որ մենք բոլորս նույնն ենք։ 21րդ դարում պետք է սովորենք ապրել մեզանից իր կրոնով, ազգությամբ, մշակույթով տարբերվող մարդու հետ։ Կարծում եմ, սա գնչունեի խնդիրը չէ։ Ես թողարկեցի մի ձայնագրություն, որ փոքր ուղերձ ունի։ Գնչուները մեր մշակույթների մեջ մեծ հետք են թողել։ Նրանք Եվրոպայում են արդեն 6 դար։ Իհարկե, ես չեմ ուզում նրանց շուրջ վատ պատկեր տեսնել։ Ժամանակն է ու բարդ չէ գնչուներին դարձնել բոլորի նման։

– Դուք երկու անգամ եղել եք Հայաստանում։ Հանրահայտ փաստ է, որ որևէ երկիր գնալուց առաջ, այդ ժողովրդի բանահյուսական երաժշտությունն եք ունկնդրում ու հայկական ժողովրդական երգերը բացառություն չէին։ Հայաստանում էլ ասել էիք, որ գուցե մի օր ինչ-որ հայկական տոներ ՙգողանաք՚։ Արդեն ՙգողացե՞լ՚ եք։

– Չգիտեմ։ Սա արվեստագետի աշխատանք է։ Սա կլեպտոմանիայի նման մի բան է, երբ չգիտես, թե ինչ ես անում։ Ո՟վ գիտի, գուցե արդեն ձեզանից ինչ-որ բան ՙգողացել՚ եմ, ու ինքս էլ չգիտեմ։

– Փաստ է, որ Դուք ոչ միայն Հայաստանում բարեգործական համերգ տվեցիք, այլ ինքներդ էլ մասնակցեցիք հանգանակությանը։ Իսկ ընկերներ ձեռք բերեցի՞ք Հայաստանում։

– Ոչ, այցը շատ կարճ տևեց։ Միայն թե երեկոյան հնարավորություն ունեցա մի շատ լավ խմբի կատարմամբ հայկական երաժշտություն լսել։ Չեմ հիշում, թե խմբի անունն ինչ էր, սակայն դա իրոք շշմեցուցիչ երաժշտություն էր։ Գիտե՟ք, դուք կարող եք հպարտ լինել ձեր երաժշտությամբ։

– Դուք նվագում եք հարյուրավոր քաղաքներում։ Կա՞ն տարբերություններ, սահմանափակումներ՝ ի՞նչ նվագել, ի՞նչ չնվագել, ինչպե՞ս նախապատրաստվել։

– Ես միշտ չէ, որ կանխորոշված ծրագիր ունեմ։ Ես շրջապատված եմ երաժիշտներով, ովքեր շատ արագ մի տոնից անցնում են մյուսին։ Այս շրջագայությամբ փորձելու եմ հաճույք ստանալ։ Հուսամ Պրահայում կհաջողվի դա։

– Իսկ ի՞նչ երաժշտություն եք Դուք սիրում լսել։

– Կարծում եմ, ես մի քիչ վտանգված կացության մեջ եմ։ Գիտեք, ոչ մի գինեկոլոգ տուն գալուց հետո չի շարունակի աշխատել։ Կարծում եմ, ես էլ նույն կացության մեջ եմ։ Ես աշխատանքից հետո այլևս ոչ մի երաժշտություն չեմ ուզում լսել։

– Դուք մի առիթով նշել էիք, որ Ձեր ՙՀարսանիքների ու հուղարկավորությունների՚ նվագախումբը կազմված է ինչպես շատ բարձր պրոֆեսիոնալ երաժիշտներից, այնպես էլ մարդկանցից, ովքեր հազիվ են նոտաներ կարդում։ Ինչպե՞ս են բարձր պրոֆեսիոնալները կարողանում աշխատել նվագախմբի մյուս հատվածի հետ։

– Սա է պատճառը, որ մենք նվագելիս հաճույք ենք ստանում։ Վերջին մի քանի տարում ես տարեկան 100-130 համերգ եմ ունեցել։ Հենց նվագախմբի անդամների տարբերությունների նկատմամբ հետաքրքրասիրությունն է, որ հնարավորություն է տալիս ինձ հետ բեմի վրա նվագելիս հաճույք ստանալ։

– Դուք նաև նշում եք, որ Ձեր երաժիշտները շատ կարգապահ են ու միեւնույն ժամանակ շատ ազատ։ Մի՞թե այս երկու հատկանիշները համատեղելի են։

– Բալկաններում մարդիկ փողային նվագախմբում նվագելու մեծ երազանքն ունեն։ Բալկանցիները հեշտությամբ են նվագում։ Բոլորը կարող են մի տոնից մյուսը հեշտությամբ անցնել։ Այս է մեր ազատությունը, որը չի նշանակում, թե նվագախմբում կարգապահություն չկա։ Մեր երաժշտությունը նման է վաղ շրջանի պանկի։ Այն մի քիչ տոնայնությունից դուրս է, քանի որ մի փոքր ազատություն կա քորդերը նվագելու մեջ։ Սակայն սա հենց այն է, ինչի կարիքն ունենք երաժշտության մեջ։ Մենք մի քիչ խենթության կարիք ունենք։ Եթե երաժշտության մեջ խենթություն չկա, ուրեմն երաժշտություն չկա։

– Ճշտեք ինձ, եթե սխալվում եմ, բայց որքան տեղյակ եմ արդեն 10 տարի ֆիլմերի համար երաժշտություն չեք գրում։ Բայց միեւնույնն է, բոլորը Ձեզ ճանաչում են իբրև Կուստուրիցայի ֆիլմերի տղա։ Ձեր համար արդեն սա մի քիչ վիրավորական չէ՞։

– Ես հպարտ եմ նրա հետ կատարած աշխատանքով։ Կարծում եմ, նա էլ հպարտ է իմ հետ կատարածով։ Մենք միասին աշխատեցինք Կուստուրիցայի լավագույն շրջանում։ Ես տվեցի իմ առավելագույնը։ Ասեմ, որ Կուստուրիցան ևս շռայլ արվեստագետ է, նա էլ ինձ է բավական բան տվել։

– Դուք ժամանակին նշել եք, որ եթե չլիներ Էրիկ Քլեփթոնը, ապա մինչև հիմա Դուք գուցե Ստրիպտիզ բարում նվագելիս լինեիք։ Հիմա՞ էլ եք այդ կարծիքի։

– Անշուշտ, միանշանակ։

– Գուցե՞ պարզապես արդեն մեծացել եք ստրիպ բարից և ընդամենը։

– Ես վերջերս հանդիպեցի նրան։ Չասացի ոչինչ այդ մասին, սակայն համերգը լսեցի ու ասեմ, որ հպարտ եմ նրանով։ Նա միացրեց ամեն ինչ, երաժշտության նկատմամբ իմ բոլոր դիրքորոշումները, երբ ես դեռևս 18 տարեկան էի։

– Ձեր անձնական կյանքի մասին հաճախ չէ, որ գրվում է։

– Ունեմ երեք փոքր աղջիկ՝ Էմմա, Ումա և Մուլա։

– Եկեք որոշակի ուրվագիծ գծենք՝ Ձեր մայրն ուղղափառ սերբուհի է, հայրը՝ կաթոլիկ խորվաթ, կինը՝ մահմեդական։ Մաքուր Սարաևոյի պատմություն։ Ի՞նչ կրոն է հիմա դավանում Ձեր ընտանիքը, արդյո՞ք դա կարևոր է Ձեր համար։

– Թող երեխաներս մեծանան, ու իրենք որոշեն ինչ դավանանք ընտրել։ Ես, անկեղծորեն ասած, երբեք չեմ հարցրել նրանց։ Ռամադանի ժամանակ մահմեդական են, սուրբ Ծննդյան օրերին՝ քրիստոնյա։ Ես մկրտվել եմ ծնողներիցս գաղտնի, քանի որ ծնողներս կոմունիստներ էին։ Ուղղափառ տատս ինձ գաղտնաբար մկրտել է ուղղափառ եկեղեցում, կաթոլիկ տատս գաղտնաբար մկրտել է ինձ կաթոլիկ եկեղեցում։

– Էթնո-ջազը բավական տարածում ունեցող ժանր է դարձել։ Հնարավո՞ր է Ձեզ նաև այդ ժանրում լսենք.։

– Ո՛չ։ Ես ջազ լսելիս հաճույք չեմ ստանում։ Իմ խմբի նախկին երգիչը նաև դաշնակահար էր։ Երբ նա նստեց ինձ հետ նվագելու, ասաց՝ հերիք է, հոգնել եմ ջազից, քանի որ արդեն գեղեցիկ կանայք չեն գալիս ջազային համերգների։ Եթե համերգներին գեղեցիկ կանայք չեն գալիս, էլ ինչ իմաստ ունի երաժշտություն նվագել։

Հուսամ, որ Պրահայում մեծ հաճույք կստանանք համերգից։ Պրահան հենց հաճույք ստանալու քաղաք է։ Ես այնտեղ ապրել եմ Կուստուրիցայի ՙԱնդերգրաունդ՚ ֆիլմի նկարահանման շրջանում։ Պրահան հաճույքի շունչ է, ու ես հուսով եմ համերգի ժամանակ մեծ հաճույք ստանալ։

Հարցազրույցը վարեցին Աննա Կարապետյանը եւ  Հակոբ Ասատրյանը

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: