ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳՈՆՍԱԼՈ ՊԵՐԵՐԱ ՖԵՌԵՐ. „Ես նույնպես հայ եմ’’ գիրքը իմ սրտի կանչն է

16 հունվարի, 2013 | 23:53

ՎԱԼԵՆՍԻԱ.- Հարցազրույց  ՈՒրուգվայի համալսարանի պրոֆեսոր  Գոնսալո  Պերերա Ֆեռերի  հետ

 Հայոց  ցեղասպանությունն առաջինն ընդունած Ուրուգվայը կարող է նաեւ սկիզբը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար եւ իրական հնարավորություններ կան, որ այդ ծրագիրը աստիճանաբար կյանքի  կկոչվի: Այս եւ այլ հարցերի շուրջ մեր գործակից Արթուր Ղուկասյանը զրուցեց մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ուրուգվայի Հանրապետական համալսարանի պրոֆեսոր, անկախ լրագրող եւ ջերմ հայասեր Գոնսալո Պերերա Ֆեռերի հետ:

-”Ես նունյպես հայ եմ”՝ ասել  եւ տարբեր առիթներով բազմիցս կրկնել եք: Դուք իրոք հայկական  ունե՞ք: Ի՞նչ է նշանակում Ձեզ համար հայ լինելը:

-Իմ երակներում բնավ ոչ մի կաթիլ հայկական արյուն չի հոսում: Արմատներս հարյուր տոկոսով կատալանական են: Այդուհանդերձ, իրազեկությունս Հայկական հարցին՝ մասնավորապես եղեռնագործ թուրքական պետությանը ներկայացված հայցին (առ այն, որ Հայոց գեղասպանության իրագործումից հետո, վերջինս իր պատասխանատվությունն է կրում պատմական եւ ողբերգական այդ իրադարձության կապակցությամբ), պատճառ հանդիսացան, որպեսզի հայությանն ինձ համար իբրեւ համայն մարդկության հայելին ընկալեմ: Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի, բազմաթիվ անարդարությունների, ժխտողականության, թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված հետապնդումների (որի համաձայն յուրաքանչյուրը, ով ճշմարտությունը երեւան բերելու խիզախությունը կունենա, անմիջապես պատժի է ենթարկվում) եւ մի շարք այլ փաստերի նկատմամբ  եթե շարունակեի սեփական հանգստության, հարմարավետության եւ վախի դրդումներով շարժվել, անտարբեր կամ լուռ մնալ, ինքս ինձ խաբեության, անազնվության, ոճրագործության եւ բարբարոսության մեղսակիցը կզգայի: Որպես կատալոնական ծագումով մի ուրուգվայցի ես մեծ սեր եմ տածում ինչպես իմ ծննդավայրի, նույնպես նաեւ նախնիներիս հայրենիքի ու մշակույթի հանդեպ, ինչը միանգամայն ծագումնաբանական զգացողության արտահայտություն է: Ինձանից անկախ հանգամանքների բերումով կարող էի նույնությամբ իտալացի, ճապոնացի, լեհ կամ հայ լինել: Ի դեպ, ինձ համար խորթ է կենսաբանական պատահականություններին ու հետեւություններին առնչվող պատճառաբանությունները, բայց իսկապես մեզանից ոչ ոք չի որոշում, թե նա որտե՞ղ եւ ինչպե՞ս է ծնվում:

Այո, ես հայ եմ՝  հոգեւոր իմաստով: Երբ ինքս ինձ հաշիվ եմ տալիս, որ ժամանակակից շրջանում հայերի դեմ իրականացված ամենամեծ գազանությունը պատշաճ ճանաչմանը չի արժանանում, այլ կերպ ես ինձ զգալ չեմ կարող: Ավելին. այս պարագայում ես ինձ իբրեւ հարյուր տոկոսանոց հայ եմ համարում եւ, ամենակարեւորը՝ իմ կամավոր ընտրությամբ: Հասկանո՞ւմ եք, աշխատասեր ու խաղաղասեր ժողովրդի եւ նրա դահիճների, այդքան արյունահեղությունների ենթարկված մարդկանց զավակ-թոռների եւ ցեղասպանների, ճշմարտությունը վավերացնելու այդքան դիմումների եւ այն արձանագրելու համար ցուցաբերված վախկոտության արանքում իմ մտածելակերպի տեր մարդկանց համար ոչ մի երրորդ տարբերակ պարզապես չի մնում:  ”Ես հայ եմ” գոչում էր ամբոխը Հրանտ Դինքի հուղարկավարությանը՝ 2007 թվականի հունվարին: Այդ ժամանակահատվածում ես գրում էի հոդվածներս Ուրուգվայում լույս տեսնող ”Բրեչա”(”Brecha”) շաբաթաթերթի համար եւ մեկ առանձին նյութով էլ մերժողականության խնդրին անդրադարձա: Դա իմ առաջին առնչությունը չէր Հայ Դատի հետ, բայցեւայնպես, հրապարակավ առաջին ելույթն էր, որից հետո առավել պարզ եմ նկատել, թե լույսի եւ ստվերի, բարի եւ չար կամքի տեր մարդկանց (որ իրենց սարսափելի մեղքերի մեջ թաղված, ի վիճակի են ոչնչացնել միայն) պայքարում, ինչպես է հայկական հարցն աստիճանաբար մի ամբողջ խորհրդանշի վերածվում:

-Ֆեյսբուք սոցիալական ցանցում ”Ուրուգվայցիները ցեղասպանության ճանաչման համար” անվանումով մի խումբ էիք ստեղծել: Դա Ձե՞ր գաղափարն է: Գիտենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին պետությունն է: Ո՞րն էր այդ դեպքում Ձեր խմբի ստեղծման նպատակը:

 -Ինչպես արդեն նշեցի, նոր չէի ծանոթ Մեծ Եղեռնի պատմությանը: Դա տեղի ունեցավ դեռեւս պատանեկությանս շրջանում, երբ ես 16 տարեկան մի տղա, թողեցի ընդամենը 20 հազար բնակչություն ունեցող իմ փոքրիկ բնակավայրը եւ մայրաքաղաք Մոնտեվիդեո տեղափոխվեցի ուսումս շարունակելու նպատակով: Այդտեղ ես ծանոթություն հաստատեցի Արմեն Գարո Սարգսյան անունով մի հայի հետ եւ կարճ ժամանակի ընթացքում  մենք  բարեկամացանք։ Բախտավորությունն եմ ունեցել նաեւ վայելելու հայ ընկերոջս ընտանիքի սերն ու ջերմությունը: Նրանց շնորհիվ ես նախնական տեղեկությունները ստացա 1915 թվականի դեպքերի մասին, որոնք հիմնված էին իրենց հարազատ գերդաստանի պատմությունների վրա: Դրանք ինչ-որ պատմական ակնարկներ չէին, այլ կենդանի վկայություններ այն մասին, թե հանցագործները ինչպես էին գազանաբար հարվածներ հասցրել իմ սիրելի ընկեր Արմենի նախնիներին: Այսօր այդ մարդը՝ Արմենը, մեր համալսարանի նշանավոր պրոֆեսորներից  է եւ Ուրուգվայում Հայ Դատի պայքարին լծված հայտնի դեմքերից մեկը:

Ինչպես նրա, այնպես էլ Գերման Կարապետ Թոդջյանի՝ Ուրուգվայի պատմության մեջ ամենահայտնի ծանրամարտիկի  եւ հայկական հարցի ջերմ մարտիկի ու իմ լավագույն բարեկամներից մեկի հետ, բազմիցս էինք մտածել, թե ի՞նչ կարող ենք անել Ուրուգվայից, որն առաջինն է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը, որպեսզի այդ պահանջն այլ երկրներում եւս իր արձագանքը գտնի: Այդպես էլ ծնվեց Ձեր կողմից հիշատակված խմբի ստեղծման գաղափարը, որի անդամների թիվը մի շատ կարճ ժամանակահատվածում գերազանցեց հինգ հազարի սահմանը: Սկզբում շատ ակտիվ էի, բայց հետո Արմենը, Գերմանը եւ խմբում գրանցված մի քանի այլ ընկերներ որոշեցին փոխարինել ինձ, որպեսզի ես հնարավորություն ունենամ կենտրոնանալ եւ ավարտին հասցնել իմ ամենադժվար գրված գիրքը։ Մինչ այժմ ես հրատարակել եմ գիտական, սոցիալական եւ քաղաքական թեմաներով հատորներ, իսկ այս մեկը յուրահատուկ է: Որպեսզի պատկերացնեք, թե որքան դժվար է ինձ համար, ասեմ, որ երկու անգամ արդեն լիովին ավարտած գիրքը վերանայել եմ նորից: Երրորդ ընթերցումը կարծում եմ կդառնա վերջնական տարբերակը ու շուտով կհանձնեմ տպագրության: Գրքի վերնագիրն է՝ ”Ես նույնպես հայ եմ” եւ խոստովանեմ, թե հատկապես ի՞նչն էր այդքան բարդ ինձ համար։ Ես այնպիսի տպավորություն ունեի, որ մի վայր եմ ներխուժել, որը չափազանցություն չի լինի, եթե ,,սուրբ,, անվանեմ: Դա այն ապստամբության, համբերության, համառության եւ քաջության հողն է, այն հողը, որի վրա փոքրաթիվ մի ժողովուրդ, բախվելով ու դիմադրելով, պայքարել է հանուն ճշմարտության եւ ի շահ արդարության: Թեեւ  Հայ Դատին է նվիրված այդ գործը, ուղղված է այնուամենայնիվ, բոլոր նրանց, ովքեր ինչպես եւ ես, գենետիկորեն հայկական պատկանելիություն չունեն: Գլխավոր պատճառներից մեկը սրտի կանչն է:  Երեւակայությամբ ընթերցողները գեթ մի պահ, եթե հնարավոր է, պետք է մտնեն պապիկներ չունեցող թոռների, ծնողազուրկ զավակների ու հենց իսկ այդ զոհերի մաշկի մեջ: Գրքում ընդգծված միտքն այն է, որ ԲՈԼՈՐ ազնիվ մարդիկ կարող են արդարության գործի համար ծառայել, որը այս պարագայում Հայ Դատն է:


Առնչվող նյութեր
1. Ուրուգվայական լավագույն ֆիլմերը կրկին Երեւանում
2. Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը
3. ՈՒրուգվայում հրապարակ է անվանակոչվել հայ նպարավաճառ Մարտին Տերյանի անունով
4. Ուրուգվայում կանցկացվի Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով
5. Երևանում նշվեց Ուրուգվայի «Կոմիտաս» հայկական ռադիոժամի հիմնադրման 80-ամյակը
6. Կարեն Միրզոյանի նամակը՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին
7. Ուրուգվայի Սենատի նախագահը Հայաստանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: