ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեւորգ Դեոդատը (Աստվածատուրյանը)՝ Պրահայի առաջին սրճարանատերը- ՕՐԵՐ ամսագրի արխիվ

16 սեպտեմբերի, 2017 | 12:42

 

1707 թվականին Պրահայում բացվեց քաղաքի առաջին սրճարանը դամասկոսցի հայ Գեւորգ Աստվածատուրյանի (Դեոդատի) կողմից։ Որոշ աղբյուրների համաձայն դա տեղի է ունեցել 1714-ին։ Մեր կարծիքով, առաջինը եղել է բացօթյա սրճարան, իսկ երկրորդը՝ 7 տարի անց բացվածն    արդեն փակ սրճարան կամ ինչպես այն ժամանակներում էին ասում՝ սրճատուն։ Այս մասին գրել ենք դեռ ՙՕրեր՚ ամսագրի առաջին համարում՝ 1999 թվականին, ուր կինո-սցենարիստ Հայկ Մարտիրոսյանն ասում էր, որ Դամասկոսից մի հայ՝ Գեւորգ անունով 17-րդ դարում հիմնել է առաջին սրճարանը,  որի տեղում այդ պահին վերանորոգման մեջ գտնվող  չինական ռեստորան էր, իսկ այժմ՝ ,,Ոսկե օձի մոտ,, սրճարան-ռեստորանը։/Խմբ. Ռեստորանի տերերն անընդհատ փոփոխվում են/։

Եվ այսպես,  Պրահայի առաջին սրճարանատիրոջ մասին փաստերի հավաքագրումը տեւեց ավելի քան տասը տարի։ Այդ ընթացքում մեզ հաջողվեց ծանոթանալ նաեւ Գեւորգ Դեոդատի-Աստվածատուրյանի թողած գրական ժառանգությանը, որը պահվում է Չեխիայի պետական արխիվում եւ Ազգային գրադարանում։

Դեռ 1983 թվականին ,,Սովետական Հայաստան,, ամսագիրն իր չորրորդ համարում տպագրեց  չեխագետ Հովհաննես Հարությունյանի առաջին համապարփակ հոդվածը Գեւորգ Դեոդատի եւ Պրահայի առաջին  սրճարանի մասին։ Թե՛ Չեխ Հովիկը (այդպես էին անվանում նրան ժամանակակիցներն ու ընկերները), եւ թե՜ հետագա բոլոր ուսումնասիրողները Գեւորգ Դեոդատի մասին գրելիս հիմնվել են չեխական ՙՕտտոյի գիտական բառարան՚ի կամ Ռիեգերի հանրագիտարանի տեղեկությունների վրա։

Այնուհետեւ ավելի լայն հետաքննություն է իրականացրել ամերիկահայ Մաքս Բուդակյանը (Max Boudakian), ով 2000 թվականին Միացյալ Նահանգներում լույս տեսնող ՙԱրարատ՚ ամսագրի աշնանային համարում անգլերենով տպագրել է մի լուրջ ուսումնասիրություն՝ նվիրված Պրահայի հայերին եւ հատկապես  Գեւորգ Դեոդատին, եւ օգտագործել մոտ 17 սկզբնաղբյուր։ Ըստ հեղինակի Գեւորգ Դեոդատը ծնվել է 1668 թվին եւ մահացել՝ 1730 թվականին։

Վեջինիս ծննդյան եւ մահվան թվերի մասին Չեխ Հովիկը դժվարանում է հստակ ժամկետներ նշել՝ իբրեւ ծննդյան տարեթիվ նշելով 17-դարի երկրորդ կեսը՝ Դամասկոսում եւ մահվանը՝ մոտավորապես 1740 թվականը։ Այս թիվն է գրված նաեւ Օտտոյի հանրագիտարանում եւ չեխական մամուլի այլ հրապարակումներում։

Հայտնի է, որ Գեւորգ Աստվածատուրյանը ծնվել է վաճառականի ընտանիքում։ Նրա ծնողներն եղել են հայ քրիստոնյաներ, ինչը նշված է նաեւ չեխական հանրագիտարանում։ Ու քանի որ Դեոդատի հայրն անընդհատ ճամփորդել է, Գեւորգն էլ հոր գործերի բերումով մանկության եւ պատանեկության տարիներն անցկացրել է Եգիպտոսում (Կահիրե եւ Տրիպոլիս)։ 1699 թվականին նա արդեն  լավ տիրապետել է լատիներենին եւ իտալերենին, ուստի մեկնել  է Հռոմ, շարունակել  է ուսումը եւ ընդունել կաթոլիկություն։ Անտիոքի պատրիարքի խորհրդով նա պատրաստվում էր քրիստոնյա քարոզիչ դառնալ, բայց վերջինս՝ Իգնիատիոս Պետրոսը (Ignacie Petr) անսպասելի մահանում է, եւ այդ պատճառով դա չի հաջողվում իրականացնել։ Ընդ որում Գեւորգը տեղեկանում է, որ Անտիոքի պատրիարքին ու Հալեպի պատրիարքին սպանել են թուրքերը։ ՙԵւս չորս տարի Հռոմում մնալուց հետո, նա վճռում է ճամփորդել Եվրոպայում։ 1704 թվականին Վիեննայում հանդիպում է բախտակից մի հայի, որի հետ առեւտրական շատ համարձակ գործ է ձեռնարկում, բայց, խաբվելով ընկերոջից, կարողությունը կորցնում է։

Կարիքն ու ծանոթների խորհուրդը նրան բերում են Պրահա, որտեղ դառնում է առաջին սրճարանատերը՚(ՙՍՀ՚)։ Ի դեպ, չի բացառվում, որ Վիեննայի այդ ընկերը Հովհաննես Դեոդատն է լինում, ով առաջին սրճարանն է բացել Ավստրիայի մայրաքաղաքում։  Այդ մասին է վկայում նաեւ Մ.Բոուդակյանը. ՙԱյստեղ(Վիեննայում-խմբ.) նա ծանոթացել է իր հայրենակիցների հետ՝ Հովհաննես Դեոդատի հետ, որը 1666 թվականին գալով Վիեննա, 1685 թվականին այնտեղ բացել էր սրճարան։ Եվ մի այլ հայ էլ՝ Իսահակ դե Լուկան կամ Սահակ Լուկաշ կամ Լուկաշյանը, Երեւանից եկել էր Վիեննա եւ այնտեղ զբաղվել սուրճի, թեյի եւ այլ ուտեստեղենի վաճառքով՚։ 1703 կամ 1704 թվականներին վեց ամիս մնալով Վիեննայում Գեւորգ Դեոդատը որոշում է իր հայրենակիցների բիզնեսի հաջողությունը փորձել Հափսբուրգների կայսրության մի այլ մասում՝ Պրահայում։

Մաքս Բուդակյանի կողմից անցկացրած հետաքննությունը պարզել է, որ Գեւորգ Դեոդատը լուրջ հետք է թողել այդ տարիների Պրահայի պատմության մեջ։ Նա Պրահա է եկել 1705 թվականին եւ առավել հայտնի էր իր արաբական անունով՝ Գորգոս Հաթալահ էլ Դեմշկի (Gorgos Hatalah el Demski)։ Նա նաեւ լատինացրել է իր անունը, երբեմն օգտագործելով լատիներեն ձեւը՝ Գեորգուս Դեոդատուս Դամասկենուս (Georgius Deodatus Damascenus)։ Պրահաբնակները նրան նույնիսկ անվանել են ՝ Յիրժի Բոհդան Դամաշսկի (Jiri Bohdan Damassky)։ Երեք ձեւերն էլ ընդգծել են նրա դամասկոսցի լինելը։

Ըստ Բոուդակյանի Դեոդատը 1689-ին Հռոմ գնալու ճանապարհին մնացել է նաեւ Կոստանդնուպոլսում, եւ ինչպես Պրահայի պետական կենտրոնական արխիվի  տնօրեն Վ. Բաբիչկան  է փաստել, նա հայտնի է եղել նաեւ  Գրեգոր Արմենիեր վոն Կոնստանտինոպել(Gregor Armenier von Constantinopel) անունով։ Ի դեպ, ըստ Բոուդուկյանի, Պրահայի ճամփորդական գրքույկներն օգտագործում են Դամայան ազգանունը՝ Դեոդատուսի փոխարեն, որպեսզի լատիներեն վերջավորությունը շփոթմունք չառաջացնի։

Մինչեւ Գեւորգ  Աստվածատուրյանի Պրահա գալը, սուրճն այստեղ դեղատներում էր վաճառվում։

Գալով Պրահա Դեոդատն արաբական հանդերձանքով՝ տուրբանով շրջել է եւ սուրճ է վաճառել քաղաքի կենտրոնական փողոցներում, հիմնականում Ստարե մեստոյում (Հին քաղաքում)՝ ձախ ձեռքում պահելով սուրճը տաքացնելու կրակարանը, իսկ աջ ձեռքում՝ մի տուփ՝ լի տարբեր բաժակներով ու շաքարով։ Ըստ որոշ աղբյուրների, գլխին կապած տուրբանի վրա էլ սկուտեղ է պահել։ Սուրճի վաճառքը նրան ստիպում է վերջնականապես հաստատվել Պրահայում, 1707 թվականին նա դառնում է Չեխիայի քաղաքացի եւ ամուսնանում Աննա Ժինկովայի հետ։ Նրանք երեք երեխա են ունենում՝ Վիտը, Լյուդմիլան եւ Վիկտորիան։ Այդ ժամանակ Գեւորգը Ժոզեֆ  Առաջին կայսեր կողմից թույլտվություն է ստանում՝ հիմնելու բիզնեսի մշտական կետ, քանզի ինչպես նշեցինք, մինչ այդ նա սուրճը գովազդելու համար շրջում էր Պրահայի փողոցներով եւ մարդկանց հյուրասիրում, շրջապատից տարբերվելով  իր արեւելյան հագուկապով, արաբական լայն տաբատով ու տուրբանով։ Դա է պատճառը նաեւ, որ նրան շփոթել են մեկ թուրքի, մեկ արաբի հետ, եւ նույնիսկ Կարլովա փողոցի այն շենքը, ուր նա բնակվել է, բնակիչներից մեկի վկայությամբ կոչել են ՙԵրկու արաբի մոտ՚։

Եվ այդպես, 1708 թվականին նա ՙՈսկե օձի մոտ՚ շենքին կից բացում է իր փոքրիկ վաճառատեղին, որը հետագայում ընդլայնում է։ Այդ մասին Հովհաննես Հարությունյանի աղբյուրը նշում է. ՙՍկզբնական շրջանում  Գեւորգ Աստվածատուրյանը, որը Պրահայում հայտնի էր Իրժի Դեոդատ, Ջորջոս Հատալահ իլ Դամաշսկի եւ Գեորգիուս Դամասկենուս անուններով, իր շարժական փոքրիկ սրճարանն առած անցնում էր փողոցից փողոց, բայց շուտով առեւտուրն այնքան եկամտաբեր է դառնում, որ նրան հնարավորություն է ընձեռում գնելու Շուշանների ու Ճիզվիտական (այժմ՝Կարլովա) փողոցների անկյունի ՙՈսկե օձի մոտ՚ կոչվող շենքի գետնահարկը, եւ այստեղ բացելու քաղաքի առաջին սրճարանը։ Պրահայի ճիշտ կենտրոնում հիմնված այս հաստատությունը՝ շնորհիվ Գեւորգ Աստվածատրյանի ձեռներեցության ու համակրելի բնավորության, դառնում է քաղաքի ամենանշանավոր հավաքատեղին՚։

 

,,Ոսկե օձի մոտ,, ռեստորանը  Պրահայում

Իր հերթին Մաքս Բուդակյանը ՙԱրարատ՚ում գրում է. ՙ1991 թվականին հրատարակված Թ. Փորթերի ՙՊրահա՝ Արվեստ եւ Պատմություն՚ գրքում ասվում է, որ  Լիլիովա եւ Կարլովա փողոցների հատման կետում  ՙՈսկե օձի մոտ՚ Ռենեսանսային շենքն է, որը 1714 թվականից առաջին սրճարանն է Պրահայի, եւ որի տերը հայ Դեոդատուս Դամայանն  է՚։ Սակայն հեղինակը երեւի շփոթել է, քանի որ այդ թվականին Դեոդատը իրոք բացել է մի սրճարանատուն, որի տեղում այսօր ՙԵրեք ջալյամի մոտ՚ հյուրանոցն է։ Հենց այս հյուրանոցի կայքէջում  է գրված, որ 1714 թվականին հայ Դեոդատ Ռամայանը բացել է Չեխիայի առաջին սրճարանը եւ վաճառել է հույն Դեոդատուս Դամասցենուսի կողմից բերած սուրճը։ 1972-1976 թվականներին շենքը կապիտալ վերանորոգման է ենթարկվել եւ առ այսօր գործում է իբրեւ ՙԵրեք ջալյամի մոտ՚ հյուրանոց, որի առաջին հարկում կա նաեւ ռեստորան։ Հետեւաբար այս 1714 թիվը վերաբերում է երկրորդ սրճարանին, ինչը մի շարք չեխական աղբյուրներ համարում են Պրահայի առաջին փակ սրճարանի ստեղծման տարեթիվ, այդ թվում՝ ՙՈսկե օձի մոտ՚ սրճարանի կայքէջը։

 

Այնուհետեւ Դեոդատն ավելի է ընդլայնում իր բիզնեսը եւ նույն՝ 1714  թվականին Պրահայի Հին Քաղաքում՝ Ստարոմեստսկայում գնում է նոր տուն։ Ըստ ամենայնի այդ տունը  գտնվել է Ցելետնա փողոցում։ Նոր ՙՈսկե օձի մոտ՚ սրճարանը հետաքրքիր կահավորում է ունեցել եւ նույնիսկ սեղաններին դրված են եղել շախմատի խաղատախտակներ։ Այստեղ նա  սուրճի հետ մատուցել է նաեւ կարմիր գինի(Ա)։

Այդ տարիներին Դեոդատը լրիվ ինտեգրվել էր Պրահայի հասարակական կյանքում։ 1716 թվականի մայիսին նա իր սրճարանում  նշել է Կարլ Վեցերորդ կայսեր որդու՝ արքայազն Լեոպոլդի ծննդյան տարեդարձը, արժանին մատուցելով իրեն հյուրընկալած երկրին։ Բացի այդ, սրճարանի երեք պատուհանները զարդարված են եղել արաբերեն լեզվով Աստվածաշնչյան գրություններով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ասել են ՙԵրկար կյանք կայսեր ընտանիքին՚, Դեոդատից անվճար ստացել են մեկ բաժակ գինի (Ա)։

ՙՊրահայի առաջին սրճարանատերը մեծ հեղինակություն է ձեռք բերել նաեւ իր աստվածաբանական ու բարոյագիտական բնույթի լատիներեն եւ գերմաներեն գրված աշխատություններով՚(ՍՀ)։

Դեոդատն այնքան է ինտեգրվել կայսերական եւ հասարակական կյանքում, որ ինքնավստահությամբ  գերմաներենով եւ լատիներենով պամֆլետներ է գրել տարբեր թեմաներով, որոնց մի մասն առնչվել է Միջին Արեւելքի  քրիստոնյաներին, մի այլ մասը՝ Պրահայի հրեական համայնքի ղեկավարներին, նրանց բարեգործական հիմնադրամներին՝ հատկապես  Բոհեմիայի եւ Պրահայի ռաբբիների ղեկավար Դավիթ Բեն Աբրահամ Օփենհեյմերին։ Վերջինս Երուսաղեմի հրեաների համար Եվրոպայում հավաքվող գումարների պատասխանատուն էր։

Դեոդատի գրած պամֆլետները դարձել են լուրջ հակամարտության առիթ եւ նույնիսկ դատական գործ է սկսվել իր եւ Բոհեմիայի ռաբբիների ղեկավար Դավիթ Բեն Աբրահամ Օփենհեյմերի միջեւ։ Ի դեպ, նրանց եւ Դեոդատի միջեւ դատական գործի 177  ձեռագիր էջերը  գտնվում են Պրահայի պետական արխիվում։ Ընդ որում, նման գործեր գրելուն Դեոդատին հրահրել են ժամանակին նրա սրճարան այցելող ճիզվիտները։

Զայրացած հրեա մեծահարուստները Գեւորգին զրկում են վարկերից, եւ աստիճանաբար ուռճացող պարտքերը չքավորության են հասցնում նրան, իսկ տեղի հրեաներն ամեն ինչ անում են, որպեսզի Դեոդատը սնանկանա։ Չեխ խմբագիր եւ գրող Յարոմիր Սմեյկալը գրում է, որ Դեոդատն ինչպես արագ հարստացել էր, այնպես էլ արագ կորցրեց ամեն ինչ։  Նա թաղվեց պարտքերի մեջ, եւ որպեսզի խուսափի դատական պատասխանատվությունից, ըստ Բոուդակյանի  աղբյուրի՝ 1723 թվականի դեկտեմբերին գաղտնի տեղափոխվեց Գերմանիա՝ Լայպցիգ, որտեղ 1724 թվականին գրեց իր նոր  գիրքը՝  մեկնաբանելով ռաբբիների հետ իր հակամարտությունը։

Ի դեպ, մի շարք գրքերում, այդ թվում ՝Ֆրանտիշեկ Լադիսլավ Ռիեգերի (Rieger) չեխական առաջին հանրագիտարանում (լույս է տեսել 1860-1874, 14 հատորով), ինչպես նաեւ Յան Օտտոյի(1841-1916) եւ Յակուբ Մալիի գիտական բառարան-հանրագիտարանում (լույս է  տեսել1888-1909 թթ, 27 հատորով), այդ գրքի տպագրության թիվը նշված է1734-ը։ Նախ եթե Դեոդատը  մահացել է 1730-ին, ապա այդ գիրքը չէր կարող գրած լինել։  Ավելին, Չեխիայի արխիվներում այդ թվագրմամբ գիրք մենք չենք հայտնաբերել։ Դեոդատի մեզ հասած աշխատությունների հրատարակման թվերը տատանվում են 1711-ից մինչեւ 1719 թվականները)։

Այդ տարիներին Լայպցիգից Գեւորգը  մի նամակ է գրում կայսր Կարել վեցերորդին եւ 1726 թվին նրանից ներում է ստանում։ Նրա պարտքերը ներվում են, եւ նա պարտա-վորված 130 ոսկի է նվիրաբերում Պրահայի հրեական համայնքին։ Ամեն դեպքում, Դեոդատի կյանքն այլեւս առաջվանը չէր։ Ամուսնությունը խարխլվում է, ինքը՝ սնանկանում, եւ ըստ Բուդակյանի, Դեոդատուսը մահանում է 1730 թվին՝ 62 տարեկան հասակում։ (Այլ աղբյուրների համաձայն՝ 1740-ին)։ Մահից մեկ տարի անց փակվում է նրա սրճարանը։ Հաջորդ սրճարանը Պրահայում բացվում է ընդամենը 9 տարի անց եւ կոչվում է Թատերական սրճարան (Divadelni kafirna v Kotcich)։

ՙԳեւորգ Աստվածատուրյանը մահանում է ծայր աղքատության մեջ՝ հիշատակ թողնելով ՙՈսկե օձի մոտ՚ սրճարանը, ձեռագիր ու տպագիր մի շարք աշխատություններ եւ անհայտ վարպետի ձեռքով արված իր երկու հարթաքանդակները (Յ. Օտտոյի հանրագիտարանի վկայությամբ, այդ դիմապատկերները մինչեւ անցյալ դարի վերջը պահպանված են եղել, բայց հիմա դրանց տեղն անհայտ է։  Այստեղ եղել է նաեւ հուշատախտակ՝ ՙՍա Պրահայի առաջին սրճարանն է, որ 1707 թվականին բացել է դամասկոսցի հայ վաճառական Իրժի Դեոդատը՚(ՍՀ)։

 

Դեոդատը գրել է լատիներեն (5 գիրք), գերմաներեն (3 գիրք) եւ արաբերեն աստվածաբանական եւ բարոյախրատական գործեր (որոնցից մոտ 6-ը անտիպ գործեր են՝ ձեռագրեր), եւ որոնք սովորաբար ունեցել են շատ երկար անվանումներ։ Դրանց մեծ մասը, ինչպես նաեւ մի քանի ձեռագրեր, պահպանվում են Պրահայի  ազգային գրադարանում եւ կենտրոնական արխիվում, ինչպես նաեւ Բռնո եւ Օլոմոուց քաղաքների գրադարաններում։ Ի դեպ, Չեխիայի ազգային գրադարանում գտնվող ձեռագրերից երկուսը վերամշակման բաժնում են։

OLYMPUS DIGITAL CAMERA

Ահա նրա գործերից մի քանիսի թվարկումը՝

-Proverbium Arabicum: Men amanak la  tachunoh Vamen chanuk la tamenoh; id est: Qui fidei tuae se committit, fidem serva, et qui fidem frangit, cave ne fidas: Sapiens Magnati Consilium, ut idoneum filio provideat fidumque praefectum, in quodem facto animadversum, quo Tripoli etc. Contigit et antea fuit Arabico descriptum idiomate. (Praha, 1712).

– Der wahre Weegweiser ist die Forcht Gottes etc.: Pure Wahrheit, das it, ErklՊhrung des Kupferstiches, welcher sich in diesem BՖchlein befindet, zu StՓrkung der EinfՊltigen Christen in dem wahren christlichen Glauben, absonderlich der neugetaufften etc. etc. damit sie leicht capiren, dass die RՓmisch-Catolische Christen nicht Figuren und Bilder etc. etc. sondern den wahren, nՊchtigen und barmherzigen Gott Adonaz etc. etc. allein laben prosen und anbethen. (Praha u K.J. Hraby 1719).

-Speculum veritatis, sive colloquium inter HebrՊum et Georgium Deotatum Damascenum, nunc civem Pragensem. (Praha 1714).

-Kurtze Vorstellung und ErklՊrung derer drei vornehmsten in der Ganze Welt befindlichen Glauben. Nemlich des Christlichen, JՖdischen und Mohametanischen. (Praha 1734 u Jana V. Helma).

 

Վերջում ավելացնենք, որ Դեոդատի անտիպ ձեռագրերը թվայնացվել են ,,Միկո ինթերնեշընլ,,/այժմ՝ ,,Մարլենկա,,/  ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի հովանավորությամբ՝ Երեւանի Մատենադարան ուղարկելու նպատակով։ Իսկ ՙՕրեր՚ի խմբագրությունում կան Դեոդատի մի քանի գործերի պատճենահանված տարբերակները։ Հին գրքերի պահպանության պատճառով որոշ գրքերի պատճենահանումը Չեխիայի ազգային գրադարանում արգելվում է։

 

Հակոբ Ասատրյան

2009թ.

ORER 5/50 2009

Հ.Գ. Ի դեպ, 2007 եւ 2009 թվականներին հայաստանյան մամուլում Պրահայի առաջին սրճարանի մասին հրապարակումներով հանդես եկավ Խաչատուր Դադայանը՝ ինչ որ լրագրողների զգուշացնելով, որ իր աշխատանքի պտուղները չյուրացնեն, քանի որ այդ մասին առաջին լրագրային հրապարակումն ինքն է գրել։ Հարգարժան պարոնին տեղյակ ենք պահում, որ իրենից 24 տարի առաջ հայկական մամուլում այդ մասին գրել է հայտնի չեխագետ Հովհաննես Հարությունյանը (ՙՍովետական Հայաստան՚,1983), իսկ 2000 թվականին լուրջ ուսումնասիրությամբ հանդես է եկել ամերիկահայ Մաքս Բուդակյանը (ՙԱրարատ՚)։

 

Համառոտագրություններ.

ՍՀ- ՙՍովետական Հայաստան՚ ամսագիր

Ա- ՙԱրարատ՚ ամսագիր


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. 20 տարվա ճանապարհ Լեբոյի հետ.սուրճի մեկ բաժակում խտացված է երեք աշխարհամասերի արեւն ու բույրը
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
7. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
8. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
10. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: