ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

25 օգոստոսի, 2018 | 12:56

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և քաղաքական կյանքում տեղ գտած փոփոխություններին` նշելով, որ իբրև Քրիստոսին հավատացող ժողովուրդ մեր ժողովուրդն հույսով ու լավատեսությամբ ջանքեր է ներդնում կերտելու իր խաղաղ, ապահով և բարօր կյանքը, պատրաստակամ` հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ևս, պիտի շարունակի ըստ ամենայնի ջանքեր գործադրել այս ուղղությամբ` դրանում զորակից լինելով նաև ՀՀ իշխանություններին:
Գարեգին Բ Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՝ հաստատելով, որ միմիայն այդ ճանապարհով է հնարավոր բացառել աշխարհում այդօրինակ նոր ոճիրները:
Տիկին Անգելա Մերկելն իր հերթին ուրախություն արտահայտեց Մայր Աթոռ` հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։
Կանցլեր Անգելա Մերկելը Նորին Սրբությանը ներկայացրեց այցից և հանդիպումներից ստացած իր տպավորությունները: Նա գոհունակությամբ փաստեց, որ իր այցը համընկավ Հայաստանում տեղ գտած փոփոխություններին` հաստատելով, որ Գերմանիան ցանկանում է այդ ճանապարհին բարեկամ ու գործընկեր լինել և վերահաստատում է պատրաստակամությունը ընդլայնելու գործակցությունը տարբեր ոլորտներում:
Զրույցի ընթացքում քննարկված մի շարք թեմաների մեջ առանձնացվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Գերմանիայի Կաթոլիկ և Ավետարանական Եկեղեցիների հետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետն ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի նաև իր շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին հայկական համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակի առնչությամբ: Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց Ադրբեջանի ղեկավարության կողմից չդադարող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, ինչը մեծապես վտանգում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անթույլատրելի նկատեց Ադրբեջանի կողմից հայության հանդեպ ատելության և թշնամանքի հրահրումը։ Վեհափառ Հայրապետը Գերմանիայի կանցլերին նվիրեց ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների հետևողական ոչնչացման մասին պատմող մի գիրք։
Տեղեկացնելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ կազմակերպվող երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումների արդյունքների մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ջանքերով ղարաբաղյան հիմնախնդիրը կգտնի իր խաղաղ կարգավորումը:
Հանդիպմանը նաև մտահոգություն արտահայտվեց Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման վերաբերյալ:
Գերմանիայի կանցլերը, կիսելով ներկայացված մտահոգությունները, հաստատեց, որ Գերմանիայի կողմից ևս ջանքեր կգործադրվեն նպաստելու համար արծարծված խնդիրների հանգուցալուծմանը: Տիկին Անգելա Մերկելը հանդիպման ընթացքում նաև իր շնորհակալությունը հայտնեց Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց աջակցելու համար:
Զրույցին ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախախար Զոհրաբ Մնացականյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը և երկու երկրների դեսպանները:

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
7. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
8. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
9. Մերկելի հետ սելֆի են արել ոչ միայն վարչապետն ու նախագահը, այլեւ Հյուսիսային պողոտայի անցորդները
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: