ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

30 հունիսի, 2018 | 08:22

Գերմանական ռազմական տեխնիկայի խոշորագույն կոնցեռն «Ռայնմեթալը» Ադրբեջանի հետ գործարք է կնքում, հաղորդում է հետաքննող լրագրող Հանս Մարտին Թիլլաքըՙ գերմանական «Շթեռն» հանդեսի հունիսի 27-ի համարում: Հունիսի կեսերին Փարիզում, Eurosatory ռազմական տոնավաճառի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, «Ռայնմեթալի» մենեջեր Ջոն Թեյլորը Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարար Յաֆար Ջամալովի հետ պայմանագիր է ստորագրելՙ « ապագա «երկկողմ համագործակցության» մտադրությունները գրավոր ամրագրելով: «Շթեռն» հանդեսը շեշտում է, թե Ադրբեջանի հանդեպ կա ԵԱՀԿ-ի զենքի էմբարգոն (արգելքը)»: REPORT.AZ News Agency-ի տրամադրած լուսանկարը, որ «Շթեռն»-ը կցել է հոդվածին, հաստատում է այդ հանդիպման, փաստաթղթի ստորագրման պահը: Գերմանական հանդեսից տեղեկանում ենք նաեւ, թե ԳԴՀ-ի 2009-2013-ին տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Նիիբելը, որ 2015-ից «Ռայնմեթալի» խորհրդատվական թիմի մաս է կազմում, ապրիլի սկզբին Բեռլինում հանդիպել է Ադրբեջանի դեսպանին, որն էլ թվիթերում հանդիպման մասին գրառում է արել, ավելի ուշՙ ջնջել այն:

Հետաքննող լրագրող Մարտին Թիլլաքն ընթերցողներին հիշեցնում է, թե ԵԱՀԿ-ն դեռ 1992-ին է Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ սահմանել զենքի մատակարարման էմբարգոնՙ հաշվի առնելով, որ ԼՂ-ում արյունոտ հակամարտությունը կանգ չի առնում:

Պատերազմական վիճակը պաշտոնապես երբեք չի ավարտվել, մարտեր բռնկվում են կրկին ու կրկին, գրում է հոդվածագիրը: Բունդեսթագի Ձախ խմբակցության պատգամավոր Սեվիմ Դաղդելենը «Շթեռնի» միջոցով դաշնային կառավարության ուշադրությանն է հանձնել խնդիրըՙ պահանջելով հստակեցնել ու վստահեցնել, թե «Ռայնմեթալը» չի խոչընդոտի սպառազինությունների արտահանման վերահսկողությանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ էմբարգոն Ադրբեջանի հանդեպ չի վերանա: Սպառազինությունների արտահանումն Ադրբեջան արտոնվում է միայն «բացառիկ դեպքերում», «Շթեռնի» հարցին ի պատասխան հստակեցրել է ԳԴՀ տնտեսության նախարարության մամլո խոսնակը: «Ռայնմեթալ»-ը հանդեսի հարցերն անպատասխան է թողել:

«Շթեռն» հանդեսն իհարկե չի գրում, որ այդ պայմանագիրը վերջինը եղավ Ջամալովի կյանքում, ադրբեջանցի 68-ամյա քաղաքական գործիչը հունիսի 23-ին կնքեց մահկանացուն: Դյուրահավատ չենք, թե մեր հարեւան երկրի առաջնորդները վատ կանխազգացում կունենան ու սրանից հետո կանգ կառնենՙ կանխելով նաեւ իրենց երիտասարդների մահը: Քաղաքական շահն իհարկե արհամարհում է մահը, բայց այսՙ ճանապարհ ելած համագործակցության արյունոտ ապագան պատկերացնելն անգամ մեզ հուշում է, թե բոլոր հնարավոր եղանակներով պիտի խոչընդոտել դրա իրականացմանը: Ադրբեջանն էլ գիտե, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ձեւակերպված « 80-ականների զենքով» անշուշտ չենք պատասխանելու, բայց իր ժողովրդին կամ ավելի ճիշտ ընտրողներին վստահեցնում է, թե միջոցներ չի խնայում երկրի ամրապնդման համարՙ մոռանալով սակայն, թե իր ժողովրդիՙ միջազգային լրատվամիջոցներին հետեւող հատվածը գոնե լավ տեղեկացված է, թե Հայաստանը նորՙ միշտ արդիական զինատեսակ ունիՙ ժողովրդավարությունը:

1889 թվականին հիմնադրված, Եվրոպայում խոշորագույն «Ռայնմեթալի» կենտրոնակայանը Դյուսելդորֆում է տեղակայված: Գերմանահայերը, ի թիվս այլ միջոցառումների, առաջին հերթին բողոքի զանգվածային հանրահավաք պիտի կազմակերպեն «Ռայնմեթալի» կենտրոնակայանի առջեւՙ հիշելով եւ հիշեցնելով, թե գերմանական զենքից ստացած վերքը հայերիս համար դեռ թարմ հիշողություն է 1915-ից ի վեր:

«Աշխարհում ատոմային զենքի մեծ կուտակում կա: Համաշխարհային հանրությունից ավելի մեծ ջանքեր են պահանջվում սպառազինման վերահսկողության, զինաթափման համար», հունիսի 27-ի բեռլինյան իր ելույթում ասել է ԳԴՀ արտգործնախարար Մաասը ՙ առաջարկելով համաշխարհային հանրային օրակարգի առաջնահերթություն դարձնել վերոհիշյալ հարցերը: «Սպառազինությունների ոչնչացման հարցը գոյատեւման խնդիր է», հրաշալի ձեւակերպել է ԳԴՀ արտգործնախարարը, որ գերատեսչության կայքէջում վերնագիր է դարձել նաեւ: Գոյատեւման ու վերապրելու պատմության կրողներիսՙ հայերիս Գերմանիայի արտգործնախարարին ուղղված համերաշխության, միեւնույն ժամանակ պահանջի մասին, հուսանք կհաղորդի ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, որ հունիսի 28, 29-ին ԳԴՀ-ում է:

Նկար 1. «Ռայնմեթալի» մենեջեր Ջոն Թեյլորը Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարար Յաֆար Ջամալովի հետ պայմանագիր կնքելիս։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ԱԶԳ 


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
7. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
8. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
9. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
10. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: