ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գարեգին Բ-ն Բեռլինում նախագահել է «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բեռլինում այցելեց «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոն
21 հոկտեմբերի, 2017 | 17:41

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց ԿաթողիկոսըԱրևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ միասին հյուրընկալվեց Գերման-Ավետարանական եկեղեցու «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոնում:

Ծառայության պատասխանատու և կենտրոնի տնօրեն դոկտ. տիկ. Կոռնելիա Ֆյուլկրուգ-Վայցելը, ողջունելով Արևելյան Ուղղափառ նվիրապետերին և համառոտ ներկայացնելով սոցիալական կենտրոնի պատմությունն ու առաքելությունը, հրավիրեց եկեղեցապետերին իրենց ողջույնի խոսքն ուղղելու ներկաներին:
Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը, գոհունակություն արտահայտելով կենտրոն այցելության առիթով, մասնավորապես կարևորեց նրա առաքելությունը քրիստոնեական եկեղեցիների կյանքից ներս։ «Ուրախ ենք հյուրընկալվելու եկեղեցական-սոցիալական ծառայության մի կենտրոնում, որն այսօր աշխարհում տիրող սովի ու նեղությանց մեջ իր քրիստոնեական նվիրյալ ծառայությունն է բերում մարդկությանը: Մենք տպավորված ենք կենտրոնի աշխատանքով և ձեռքբերումներով: Ինչպես գիտեք, խորհրդային անաստվածության տարիներից հետո, անցյալ քսանհինգ տարիների ընթացքում մենք կարողացանք վերակազմակերպել Սոցիալական ծառայության բաժինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայաստանն այսօր ապրում է տնտեսական շրջափակման և պատերազմական իրավիճակում: Մենք փորձում ենք մեր ժողովրդի կարիքավոր զավակների համար հայթայթել անհրաժեշտ օգնությունը», – ասաց Նորին Սրբությունը` բարի ու արդյունավոր ընթացք մաղթելով Գերման-Ավետարանական եկեղեցու Սոցիալական ծառայությանն ու նրա աշխատակիցներին իրենց հետագա ծառայության և առաքելության մեջ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ և Հնդիկ Մալաբար Ասորի Ուղղափառ եկեղեցապետերի հետ միասին նախագահեց Բեռլինի` Դիտրիխ Բոնհոֆֆերի անվան Գերման-ավետարանական եկեղեցու կենտրոնում բացված «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը:
Բեռլինի Գերման-ավետարանական եկեղեցու եպիսկոպոս դոկտ. Մարկոս Դրյոգեն ողջույնի իր խոսքում մեծապես կարևորեց Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների տեղն ու դերը Քրիստոնեական Եկեղեցու կյանքում` մասնավոր շնորհակալություն հայտնելով եկեղեցապետերին Գերմանիա կատարած իրենց այցելության համար:
Գերմաներենով արտասանած իր խոսքում Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. ,,…Մեր խոսքի մեջ կկամենայինք ընդգծել երկու կարևոր իրողություն, որոնք Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների համար դարձել են այլևս առօրյա փորձառություն` նահատակություն և բռնագաղթ: Հասկացություններ, որոնք վտանգում են քրիստոնեության ծագման սկզբից իսկ բնօրրան դարձած աշխարհագրական այդ տարածքում քրիստոնեական եկեղեցիների ու համայնքների գոյությունը և պատմամշակութային արժեքների պահպանությունը: Հայտնության գրքից մեջբերված խոսքերը, ըստ էության, մեր առաջ բացում են հալածանքների ու նահատակության վաղքրիստոնեական վկայությունը, որով այսօր էլ շարունակում են ապրել Մերձավոր Արևելքի հարյուր հազարավոր քրիստոնյա քույրեր և եղբայրներ, ովքեր իրենց կյանքն են ընծայել իրենց հայրենի երկրների առաջընթացի ու զարգացման համար:

….Օտար տիրապետության, ի մասնավորի Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվելով` Մերձավոր Արևելքի քրիստոնյաները հավատի իրենց տերունավանդ ճանապարհն անցան Գողգոթայի խաչի ու նահատակության հերոսական վկայությամբ: Բայց այս իրողությունը մերձավորարևելյան քրիստոնյաներին չմղեց ինքնակղզիացման ու հուսահատության, այլ ընդհակառակը` Սուրբ Հոգու ներշնչումով և ուժով նրանք հոգևոր իրենց կյանքի և մշակույթի անբաժանելի մաս դարձրին վերականգնումի և վերակենդանության, նորոգության ու հարության գաղափարները: …Մեր քույր` Ասորի Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ և Եթովպական Թևահեդո Եկեղեցիների նվիրյալ սպասավորների ու հավատացյալների կրած նեղությունների, բռնի արտագաղթի ամենօրյա փորձառությունը, տասնյակ և հաճախ հարյուրավոր սուրբ նահատակների վկայությունը ապացույցն են այն անհանդուրժողության ու կրոնի սրբազան արժեքների եղծման, որն այսօր առկա է Մերձավոր Արևելքի տարբեր մուսուլմանական ծայրահեղականների խոսքերում և գործերում: Մտահոգությունների տեղիք են նաև Մերձավոր Արևելքից քրիստոնյաների բռնի արտագաղթի արդյունքում ծնունդ առնող դժվարությունները, մերձավորարևելյան սփյուռքի աճը տարբեր երկրներում: Այսօր կարևոր է մեկտեղել մեր ջանքերը` պահպանելու համար քրիստոնեական պատմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և կասեցնելու բռնի արտագաղթը, պաշտպանելու իրավունքները քրիստոնեական փոքրամասնությունների ու համայնքների, անհրաժեշտ հոգատարություն դրսևորելու տարբեր երկրներում հետզհետե ստվարացող մերձավորարևելյան քրիստոնյա փախստականների հանդեպ,,:
«Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային համաժողովի գումարման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց համաժողովի կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր եռանդուն կերպով միջազգային ամենատարբեր հարթակներից հնչեցնում են Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակի ու հալածանքների օրեցօր բարդացող խնդիրը: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նմանատիպ համաժողովների կազմակերպումը միջազգային հանրության առաջ վերստին կպարզի Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրական պատկերը` նպաստելով այնտեղ ապրող հավատակիցքույրերի ու եղբայրների անվտանգ ու բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
Աղոթելով Հայոց Եկեղեցու` Մերձավոր Արևելքում ապրող զավակների, Արևելյան քույր Եկեղեցիների հավատացելոց, հոգևորականաց ու նվիրապետերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երկնավոր Տիրոջից հայցեց խաղաղություն ու շենություն հնագույն ու պատմական եկեղեցական համայնքներին: Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսն շեշտեց, թե նահատակությունը գրեթե հասակակից է Արևելյան Ուղղափառ քրիստոնեությանը, և մաղթեց, որ դարավոր այդ պատմական շղթային ավելանան նաև արդարությունն ու խաղաղությունը:
Նույն օրը երեկոյան, հավարտ պաշտոնական ծրագրի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի կողմից, ի պատիվ Գերմանիա Ամենայն Հայոց Հայրապետի պաշտոնական այցելության, կազմակերպվեց պաշտոնական ընթրիք-ընդունելություն, որին հրավիրված էին Գերմանիայի իշխանությունների, ինչպես նաև դիվանագիտական և եկեղեցական առաքելությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վեհափառ Հայրապետի հատուկ հրավերով ընթրիքին միացավ նաև Ասորի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Իգնատիոս Եփրեմ Բ Պատրիարքը` իրեն ուղեկցող պաշտոնական պատվիրակությամբ:


Առնչվող նյութեր
1. Հայ-գերմանական ֆորումի նախագահը Մայր Աթոռում
2. Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված
3. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
4. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ուխտավորներին՝ իր հրաժարականի պահանջի առիթով
5. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
6. Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման. Վահրամ քահանա Մելիքյան
7. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ
8. Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը` ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ
9. Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ՀՀ նորընտիր վարչապետին
10. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: