ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գասպար Կարապետյան. ,,Ամեն կերպ Թուրքիայի վրա ճնշում պետք է բանեցնենք, որպեսզի ճանաչի ցեղասպանությունը եւ կատարի իր պատասխանատվության հատուցումները,,

Բրյուսելը Ադրբեջանի գլխին փորձանք է դարձել
24 ապրիլի, 2017 | 00:07

ՕՐԵՐ  եվրոպական ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է  Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը

 

15 տարի առաջ Բրյուսելում բացվեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը (Արդարադատության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշնությունը), որի նախագահությունը 2011-ին ստանձնեց Գասպար Կարապետյանը։ Անցած տարիներին Բրույսելի գրասենյակը ոչ միայն ակտիվ  աշխատանք է տարել Եվրոպական միությունում եւ Եվրախորհրդարանում, այլեւ Եվրոպայի հայկական համայնքներում։  2016-ին եւ 2017-ին երկու անգամ կարճատեւ այցերով Պրահա ժամանեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ով նախ մասնակցեց Եվրոպական սոցիալիստական կուսակցության տարեկան համաժողովին, իսկ մարտ ամսին նաեւ հանդիպեց պրահայաբնակ հայ երիտասարդներին եւ սեմինարի ընթացքում նրանց ներկայացրեց  Հայ Դատի ծրագրերը, Հայոց ցեղասպանության եւ Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող աշխատանքները։

-Մեր զրույցը սկսենք Պրահայում անցկացված Եվրոպայի սոցիալիստական կուսակցության համաժողովից, որին դուք մասնակցեցիք 2016-ի դեկտեմբերին։ Ո՞րն է դրա կարեւորությունը։

-Ինչպես գիտեք Հ.Յ. Դաշնակցությունը վաղուցվանից անդամակցում է սոցինտերնին եւ մեր ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանն այդ կազմակերպության փոխնախագահներից մեկն է։ Իսկ Եվրոպայի սոցիալիստական (ընկերավարական) կուսակցությանը մեր անդամակցությունը նոր է, մի քանի ամիս է ընդամենը, եւ մենք առաջին անգամ էինք մասնակցում իրենց ժողովին։ Կապեր ունեինք իբրեւ Հայ Դատի հանձնախումբ, բայց  իբրեւ ՀՅԴ դա մեր առաջին մասնակցությունն էր։

Պրահայում մասնակցեցինք եվրոպական Արեւելյան գործընկերության  կուսակցությունների աշխատաժողովին, ինչպես նաեւ լիագումար նիստին մեզ նույնպես ձայն տվեցին, եւ մենք կարողացանք ներկայացնել Արցախի եւ Թուրքիայի հետ կապված հարցերը, Հայաստանի դեպի Եվրոպա ընթացքը, 2017-ի ապրիլյան ընտրությունների նախապատրաստական ընթացքը։ Եվրոպայի ընկերավարական շրջանակը շատ հետաքրքրված էր նոր ընտրական օրենքի ճիշտ կիրառումով։ Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը ամբողջությամբ ֆինանսավորեց նոր ընտրական կանոնակարգի գործադրումը։ Ես մասնակցեցի նաեւ կազմակերպության անդամ կուսակցությունների ղեկավարների նիստին, որին ներկա էին ԵՄ անդամ պետությունների կուսակցությունները, խորհրդակցական ձայնով մասնակցողները, եւ երկրներ, որոնք Եվրոպայի շուրջն են։  Մեր տարածաշրջանից մասնակցում էին ՀՅԴ-ն եւ Վրաստանի ,,Վրացական Երազանքը,, ։ Դաշնակցությունը ներկայանում է իբրեւ Հայաստանի կուսակցություն, քանի որ կենտրոնը Հայաստանն է։ Եվրոպայում հիմնականում ես եմ մասնակցում նման ժողովների, քանի որ Բրյուսելից հարմար է՝ մոտ է, եւ բացի աշխարհագրական դիրքը, նաեւ  մոտ հարաբերություններ ունեմ այդ կուսակցությունների հետ։ Կարեւոր էր նաեւ, որ 2016-ի հուլիսի սկզբին ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ ներկայացուցիչները  Գործակցության հուշագիր ստորագրեցին  Եվրոպայի խորհրդարանում ներկայացված  սոցիալիստական խմբակցության հետ։

-Ի՞նչ օգուտ է տալիս այդ անդամակցությունը Հայաստանին։

– Նախ սա շատ մեծ ֆորում է, որտեղ կարելի է ներկայացնել մեր հիմնախնդիրները։ Քանի որ այդտեղ միայն Եվրոպայից չեն ներկա լինում, այլեւ մասնակցում են Ավստրիալիայից, Նոր Զելանդիայից, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներից, Ասիայից սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց ժողովների ընթացքում կարելի է ոչ միայն մեր հիմնախնդիրները ներկայացնել, այլեւ առանձին հանդիպումների ժամանակ ու աշխատանքային ժողովների ընթացքում մանրամասն զրուցել։ Այս անգամ մոտ 30 հանդիպումներ ունեցա նաեւ սոցիալիստական կուսակցության նախագահի եւ զանազան երկրների պատվիրակների հետ՝  ներկայացնելով մեր հիմնախնդիրները։

Այս համաժողովը հարթակ է, որ առիթ է տալիս լայնորեն ներկայացնելու եւ լուսաբանելու մեր դիրքորոշումները։ Իհարկե,  Ադրբեջանից որեւէ քաղաքական կուսակցություն չկա, բայց այնտեղ կան նաեւ մեզ ոչ բարեկամ երկրների ուժեր, ասենք կան թրքական-քեմալական շարժումը եւ քրդական ուժերը,  որոնք մեր նման խորհրդակցական ձայնով են մասնակցում։ Թուրքիան արագընթաց քայլերով դեպի դիկտատուրա է գնում եւ դա բոլորի համար վտանգավոր է։ Ուստի պետք է ուշադիր լինենք, որ եթե իրենց կողմից հարցեր բարձրացվեն, անմիջապես  պատասխանենք։

Բացի այդ, այս կազմակերպություններն որոշումներ են ընդունում, որոնք իրենց անդամ կուսակցությունները տարբեր երկրներում կարող են իրագործել։ Օրինակ, Չեխիայի վարչապետը, խորհրդարանի նախագահն ու արտգործնախարարը ընկերավարական կուսակցույթյան անդամ են, մասնակցում են նման ֆորումներին։ Հետեւաբար, չենք կարող բացառել, որ համաժողովի որոշումներն իրենք իրագործեն, բայց եթե ներկա չլինես, չես կարող ազդել այդ որոշումների ընդունման վրա։

Հավատացած եմ, որ քաղաքականության մեջ բարեկամներ ու թշնամիներ չկան, մենք ենք ստեղծողը մեր շահերի եւ մեր սխալներով ստեղծում ենք մեր վտանգները, որոնք պետք չէ միշտ ուրիշներին վերագրել։  Հետեւաբար եթե նման հանդիպումներում դու ճիշտ ես լուսաբանում, ապա նրանց ընդունած որոշումն էլ ավելի է մոտ է լինում ճշմարտությանը։

Եվրախորհրդարանի հետ ստորագրած մեր հուշագիրը թույլ կտա, որ ամեն տարի 3-4 երիտասարդ կարողանան Եվրախորհրդարնում 6 ամիս աշխատեն, սովորեն եւ իրենց բոլոր ծախսերի ու ծրագրերի համար հոգ կտանի Եվրախորհրդարանի սոցիալիստական խմբակցությունը։ Կկազմակերպվեն Դաշնակցության խորհրդարանական խմբակցության այցեր Եվրախորհդարան եւ իրենց կողմից այցեր՝ Հայաստան, ինչպես նաեւ  համատեղ ծրագրերի պատրաստում եւ գիտաժողովների անցկացում։

Այնպես որ, ամեն ինչ իր ազդեցությունն ունի եւ իր կարեւորությունը, եւ պետք է հասկանալ, թե ինչ կարելի է տալ։ Մենք մի քանի թիրախներ ունեինք, որ կարողացանք իրականացնել։ Պետք է ճիշտ օգտագործենք մեզ տրված կարելիությունները։

-Թե՜ անցյալ տարի, թե՜ այս տարի իրականացվել են Արցախին նվիրված տարբեր ձեռնարկներ, այդ թվում՝ Արցախյան օրեր։ Ի՞նչ ազդեցություն ունեցան, եւ ի՞նչ արձագանք գտան դրանք Բրյուսելի եվրոպական կառույցներում։

-Բրյուսելը Ադրբեջանի գլխին փորձանք է դարձել։ Երկար ժամանակ է, որ այստեղ Արցախը ներկա է ոչ միայն իբրեւ Բելգիայի մայրաքաղաք, բայց նաեւ իբրեւ Եվրոպայի կենտրոն։ 2013-ից սկսած Արցախի նախագահն երկու անգամ այցելեց Բրյուսել, ինչպես նաեւ այցելեցին Ազգային ժողովի նախագահը, արտաքին գործերի նախարարը։ Բակո Սահակյանը ելույթներ ունեցավ ակադեմիական շրջանակաների ու խորհրդարանի համար, այդ թվում՝ Մենխելեն քաղաքում։ Միայն Արցախի սահմաններին իրավիճակի սրման եւ ադրբեջանցիների նախաձեռնած զորավարժությունների պատճառով Արցախի նախագահը 2016-ի նոյեմբեր 15-19-ը Արցախի 25-ամյակին նվիրված Եվրոպական խորհրդարանում անցկացված օրերին չկարողացավ գալ։  Նախատեսվում էր նրա ելույթը Եվրախորհրդարանում։

Ամեն դեպքում այդ ձեռնարկը անցկացրեցինք, բացվեց  Արցախին նվիրված հրաշալի ցուցահանդես,  տեղի ունեցավ համերգ։  Արցախը ներկայացրեցինք  ոչ թե իբրեւ հողային տարածք կամ պատերազմող երկիր,  այլ Արցախն իբրեւ ժողովուրդ եւ պետություն՝ իր մշակույթով, իր հուշակոթողներով, իր տնտեսությամբ եւ իր տուրիստական հնարավորություններով։ Կատարվածը  բացառիկ հաջողություն ունեցավ, չնայած, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի դեսպանը նամակներով փորձել էր հորդորել Եվրախորհրդարանի պատգամավորներին, որ չգան եւ չմասնակցեն։ Սակայն այդ նամակները հակառակ արդյունքը տվեցին, եւ մեր սպասվածից ավելի շատ պատգամավոր եկավ, քանի որ եվրոպացի անկախ պատգամավորները Ադրբեջանի նման ավտորիտար երկրի դեսպանից հրահանգներ չէին կարող ընդունել՝ թե ուր  պետք է գնան, կամ՝ չգնան։ Ավելին, ադրբեջանցիները ահաբեկել էին բելգիական այն կազմակերպությանը, որի սրահում ցուցահանդեսը պետք է լիներ, սակայն մեր հակընդեմ բողոքի արդյունքում, ցուցահանդեսը տեղի ունեցավ 300 հյուրերի մասնակցությամբ։ Ջերմ ելույթներ ունեցան ֆրանսիախոս խորհրդարանի եւ Դաշտային խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի  նախագահուհիները, ովքեր  խստորեն քննադատեցին Ադրբեջանի նման գործելաոճը։

Արցախին նվիրված շատ գեղեցիկ գրքույկ պատրաստեցինք, որում պարզորոշ ցույց ենք տալիս, թե ինչ օրենքների հիման վրա է Արցախը դուրս եկել Ադրբեջանի կազմից։ Մարդիկ, երբ դրանց ծանոթանում են, հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի անջատվողականության մասին խոսելն իմաստ չունի։

– Այս տարի Արցախի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք, բացի այն, որ շատ հաճախ պատգամավորական խմբեր եք տանում Ստեփանակերտ եւ Երեւան։ Ինչպե՞ս եք դիմադրում մեր հարեւանների հակահայկական լոբբինգին։

-Այս տարի էլ մենք կազմակերպեցինք, որպեսզի երեք տարբեր դիտորդական պատվիրակություններ ներկա լինեն Արցախի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Բոլոր խմբերի զեկուցումները շատ դրական էին։ Մարտին Բելգիայի Ֆրանսիախոս խորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությունը այցելեց Արցախ։ Այս  այցելությունների ծրագիրը պետք է շարունակվի ողջ տարվա ընթացքում, Արցախ պետք է մեկնեն Եվրոպական խորհրդարանի, Բելգիայի եւ Եվրոպական այլ երկրների պատգամավորներ, լրագրողներ եւ փորձագետներ։

Արցախի հիմնախնդրին նվիրված նոր գրքույկ պետք է տպագրենք, որում պետք է ընդգրկվեն նաեւ վերջին շրջանի իրադարձությունների մասին տվյալներ։ Անշուշտ նաեւ Արցախից դեպի Եվրոպա եւ Բրյուսել պետք է պատվիրակություններ գան, այդ թվում զանազան երկրների մեջ գործող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի նախաձեռնությամբ։ Արդեն մարտ ամսին Արցախի արտաքին գործերի նախարարը այցելեց Աթենք, ուր մեծ թվով քաղաքական բարձրաստիճան հանդիպումներ ունեցավ, բանախոսեց քաղաքական գիտությունների համալսարանում։  Բրյուսելում նույնպես մի քանի կարեւոր նախաձեռնություններ են նախատեսվում, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք։

– Եվ վերջում, այսօրվա թեմայով. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից երկու տարի է անցել։ Որքանո՞վ է փոխվել Ձեր մարտավարությունն այդ հարցում։  Հայ Դատի գրասենյակը ի՞նչ  ծրագրեր ունի այս ուղղությամբ։

-Մեր մարտավարությունը չի փոխվել։ Այն է՝ ամեն կերպ Թուրքիայի վրա ճնշում պետք է բանեցնենք, որպեսզի ճանաչի ցեղասպանությունը եւ կատարի իր պատասխանատվության հատուցումները։

Այս տարվա ընթացքում Եվրոպական մի շարք երկրներում մեր հանձնախմբերի հետ համագործակցությամբ տպագրեցինք նոր տեղեկատվական գրքույկներ, որոնք տրամադրվեցին եւ շարունակելու ենք տրամադրել քաղաքական եւ ակադեմիական շրջանակներին, իրենց հետ համատեղ զանազան նախաձեռնությունների դիմելու, ինչպես նաեւ հանրային կարծիքին հավելյալ լուսաբանություն հասցնելու նպատակով։

Եվրոպական մի շարք երկրներում կշարունակենք աշխատանքները, որպեսզի Ցեղասպանության ճանաչումը ապահովենք։ Պիտի շարունակենք նաեւ մեր աշխատանքները թուրքական այն լուսամիտ շրջանակների հետ, որոնք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման ջատագովներն են։

Եվրոպական խորհրդարանում  մեծ հաջողություն գրանցած ,, Ցեղասպանություն Ցեղասպանությունից հետո,, լուսանկարների ցուցահանդեսը պետք է իր շարունակությունը ունենա եվրոպական տարբեր երկրներում։ Իսկ աշնանը նախատեսում ենք Եվրախորհրդարանում կազմակերպել մեծ գիտաժողով՝ նվիրված ցեղասպանության եւ հատուցման թեմաներին։

Իբրեւ այլ նախաձեռնություն կարող ենք նշել նաեւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերի ժողովը, որը տեղի կունենա  մայիսի 27-28-ը Բրյուսելում։ Իսկ մայիսի 29-ին պետք է կազմակերպենք մեծ հյուրասիրություն՝ նվիրված Բրյուսելում մեր գրասենյակի հաստատման 15-ամյակին, ուր ներկա կլինեն Եվրոպական միության եւ Բելգիայի բարձրաստիճան քաղաքական դեմքեր, ակադեմիականներ եւ հայկական կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետեւ հոկտեմբերի 16-17-ը Բրյուսելում կանցկացնենք Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որի մասին հավելյալ մանրամասնությունները կհրապարակենք առաջիկայում։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Պրահա

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
2. Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում
3. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
4. Ցեղասպանությանը նվիրված չեխերեն գրքի շնորհանդեսը նոյեմբերի 14-ին
5. Պղծուած է Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշարձանը քանի մը օր առաջ
6. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
7. ,,Քրիստոնյաների աղետը,, գրքի երկրորդ քննարկումը Պրահայում
8. Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում
9. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
10. ,,Քրիստոնյաների աղետը,, գրքին նվիրված հանդիպում Պրահայում. Հայերի, ասորիների, հույների բնաջնջումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: