ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով

15 սեպտեմբերի, 2018 | 13:39

 

Սեպտեմբերի 9-ին Գալացի Ս. Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Ռումինիայի տարբեր քաղաքներից այստեղ էին հավաքվել հայ համայնքի և ռումինահայոց միության ներկայացուցիչներ և ուխտավորներ: Առիթը մեկն էր` մեծ շուքով տոնախմբելու Ս. Աստվածածին եկեղեցու 160 ամյակը: Տոնական սուրբ Պատարագ է մատուցում թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հավարտ որի իր պատգամն է բերում ներկա ժողովրդին` մասնավորապես նշելով. ,,Ուրախության, բերկրանքի ու ցնծության մեջ են ամենքիս հոգիները, քանզի շուրջ 160 տարիներ առաջ մեր նախնիները Գալաց քաղաքում վեր են խոյացրել հրաշակերտ մեկ եկեղեցի, որը կրում է Ս. Մարիամ Աստվածամոր անունը:

Գալացի Ս. Աստածածին եկեղեցին կառուցվել է 1858թ., գերմանացի ճարտարապետ Հերման Մասքեի նախագծով: Խորհրդային տարիներին թեև բազմիցս փորձ է արվել քանդել Գալացի հայոց եկեղեցին, սակայն Թեմակալ Առաջնորդ երջանկահիշատակ գերշ. Տ. Տիրայր արք. Մարտիկյանի միջամտության և պայքարի շնորհիվ եկեղեցին մնացել է կանգուն` շարունակելով բաց պահել իր դռները հավատացելոց առաջ մինչև այսօր: 2008 թ. բարեհիշատակ առաջնորդի գլխավորությամբ հանդիսավորապես նշվել է եկեղեցու հիմնադրման 150-րդ տարեդարձը: Հոբելյանի առթիվ նորոգվել ու բարեկարգվել է եկեղեցին:

Եվ ահա այսօր, շուրջ 10 տարի անց, դարձյալ ազդարարում ենք, որ հայոց եկեղեցին կանգուն է և շարունակում է իր հյուրընկալ դռները բացել բոլոր հավատացելոց առաջ: Դեռևս 1700 տարիներ առաջ, երբ քրիստոնեությունը ընդունեցինք որպես պետական կրոն, անխախտ ուխտ կապեցինք Աստծո հետ և դարերի փորձությունների մեջ հավատարիմ մնացինք մեր այդ սրբազան ուխտին: Ոչինչ չկարողացավ այս ուխտից մեզ շարժել`ոչ արհավիրք, ոչ հուր և ոչ սուր, ոչ թշնամու կողմից գործադրված որևէ բռնություն, անգամ նախորդ դարասկզբին մեր ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը, խորհրդային անաստվածությունը և ստալինյան բռնաճնշումները:

Սիրելիներ, մեր հորդորն ու պատգամն է ձեզ, որ ամեն ջանք գործադրեք Ռումինահայ գաղութի զորացման համար, ձեր ստեղծագործ աշխատանքով ավելացնեք հայի նվիրական անվան պատիվն այս քաղաքի և այս երկրի մեջ առհասարակ, շարունակողը լինեք այն մեծ գործի, որ ժառանգել եք ձեր հայրերից, որպեսզի Հայ Եկեղեցին դառնա այն նվիրական վայրը, այն կենտրոնը, ուր ամեն հայորդի պիտի գտնի իր հոգու մխիթարությունն ու երջանկությունը, ինչպես այսօր:

Համախումբ մնաք մեր Սուրբ Եկեղեցու հարկի ներքո, որպեսզի եկեղեցու Սուրբ Խորանից ճառագող լույսը միշտ լուսավորի ձեր կյանքի ճանապարհը, ձեր ընթացքը, ձեր գործերը դեպի բարին ու ազնիվը, դեպի արդարն ու գեղեցիկը, և դուք շարունակ սեր ու եղբայրություն վայելեք այս հողի վրա` միշտ հավատարիմ քրիստոնյա մեր ժողովրդի ստեղծարար նկարագրին,,:

Գալացի Ս. Աստվածածին եկեղեցու 160 ամյա հոբելյանի առիթով հրատարակության էր պատրաստվել տեղի հայ համայնքի ու եկեղեցու պատմությունը ներկայացնող գրքույկ: Այսօր թեև տեղի հայ համայնքը փոքրաթիվ է, բայց շարունակում է ապրել հայի ոգով, հայկական ավանդությունների պահպանմամբ ու շարունակմամբ:

 

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

 


Առնչվող նյութեր
1. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: