ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գազան եւ իբրեւ ցեղասպան փոխամբաստանությունները

24 հուլիսի, 2014 | 07:44

sahan gantaharyanԳազայում արձանագրված սպանդը անկասկած արժանի է միջազգային դատապարտանքի: Կոչերը, հայտարարությունները, պատգամներն այս դեպքում որեւէ հիմնական նշանակություն չեն ունենում, երբ բացահայտ պատերազմ է հայտարարված ժողովրդի դեմ, երբ տուժողն ու սպանվողը անզեն բնակչությունն է` կանայք, երեխաներ, տարեցներ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը զինվորական գործողությունների հունավորումը ուղղում է դեպի բնակչությունը: Ի վերջո, պատերազմը եւս ունի իր օրինաչափությունները, երբ հասկացությունը վերաբերում է զինյալ ուժերի միջեւ արձանագրվող բախումներին: Այս դեպքում այդպես չէ։ Երեխա զոհերն ու վիրավորները ցնցել են աշխարհն ու հանրային կարծիքը: Այդ ցնցումը սակայն չի առարկայանում` վայրագությունները սանձելու առումով միջազգային համապատասխան կառույցների կողմից սպասվող միջոցառումներով: Հրադադարը ուշանում է, սպառնալիքները շարունակվում են, հեռակա եւ օդային ռմբակոծումները վերածվում են ցամաքային ներխուժումների եւ զոհերի թիվը բազմապատկվում է:

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

Այս բոլորի մեջ հերթական անգամ իրադրությունները վերլուծելու պահին, ազգային ոսպնյակները լարելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Նախ իհարկե, տարածաշրջանի բռնկվածության նոր տարողության ի տես, եւ ապա նկատելու, որ միեւնույն տարածաշրջանում խալիֆայություն հաստատողները, որոնք անհանդուրժող են այլադավանության նկատմամբ նույն կատաղությունը չունեն իսլամ բնակչություն ոչնչացնող Իսրայելի նկատմամբ: Եւ հիշել պարզապես, որ Մուսուլի քրիստոնյա ազգաբնակչության հեռացման հետ հեռանում էին նաեւ այնտեղ մնացած վերջին մի քանի հայերը:

Դիտակետերի այս արագ անցումի ընթացքում կենտրոնանանք Ցեղասպանության խաղաթղթի հանգամանքի վրա: Առաջին անգամ չէ, որ Թուրքիայի վարչապետը Իսրայելին ամբաստանում է Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Առաջին անգամ էլ չէ, որ Թել Ավիւից իրեն հիշեցնում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այս խաղաթուղթը Անկարայի կողմից շահարկվում է վարչապետի մակարդակով, մինչ Թել Ավիվի կողմից` նախարարի։ Առաջին հայացքից նախարարով հիշեցում կատարելը դիվանագիտական ոճով սպառնալ է Անկարային, որ եթե շարունակի նման բնութագրումներ տալ Գազայի պատահարներին, ապա իրենք եւս կբնութագրեն 1915-ի դեպքերը: Իրատեսական չէ ակնկալելը, որ նման պաշտոնական եւ իրավական բնութագրումներ կատարվեն. այսուհանդերձ իբրեւ ցեղասպան այս փոխամբաստանությունները կարող են որոշ ժամանակի համար շարունակվել, ընդհատվել եւ վերստին բարձրաձայնվել: Չմոռանանք, որ էրդողանը նախընտրական փուլում է եւ հայտարարությունները ինչպես արտաքին, այնպես ներքին սպառման համար իսլամական կարեւոր շրջանակներ կարող են ներգրավել: Ի վերջո, Անկարա-Թել Ավիվ պատերազմը հայտարարողական մակարդակի վրա է, մինչեւ այն պահը, որ ուժի մեջ է մնում երկու երկրների միջեւ կնքված ռազմավարական դաշինքը:

Իհարկե, այս բոլորը հայկական կողմի համար խանդավառիչ տվյալներ ունենալու պատճառ չունեն: Վերընդգծելը կարեւոր է սակայն, որ շուրջ 100 տարի առաջ գործադրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հետեւանքների վերացումը անհրաժեշտություն է` կանխարգելելու համար այսօր Գազայում եւ այլուր արձանագրվող զանգվածային ջարդերն ու պատերազմական ոճիրները: Կրկնակիորեն անհրաժեշտ` երբ ցեղասպանը ի՛նքն է ցեղասպանությամբ ամբաստանում զանգվածային սպանդների պատասխանատուներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: