ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը

19 հունվարի, 2016 | 09:13

5499_hq 5500_hq 5501_hq 5498_hqՀունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։

Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած` Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին հանգամանալից քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։

Բացելով նիստը` նախարար Նալբանդյանն ասաց. «2015թ.-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ և կառուցողական երկխոսության, երկկողմ հանդիպումների, տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների: Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի բանակցությունների նախորդ ամսվա մեկնարկը մեր հարաբերություններում նոր էջ է: Հավատացած ենք, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ»:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, և վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, մարդկային շփումների խթանումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ – Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

5502_hqԷդվարդ Նալբանդյանը կարևորեց նաև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից` կողմերի միջև ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իրենց ելույթներում տեղեկացրին կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2015թ. տնտեսության և դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Խորհրդին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը, շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանին, ԵՄ երկրներին` Ցեղասպանության հարցում նրանց սկզբունքային մոտեցման համար: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ և երախտագիտություն հայտնեց ԵՄ երկրներին` ՄԱԿ-ի ձևաչափերում հայկական նախաձեռնություններին սատարելու համար։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում և Հայաստան – Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:

«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», – ասաց Հայաստանի արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Խորհրդի նիստի օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Բերտ Կունդերսի համատեղ մամլո ասուլիսը:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
2. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
3. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին
4. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
5. Ֆեդերիկա Մոգերինիի, Յոհաննես Հանի, Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի շնորհավորական ուղերձները
6. Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ժամանել է Երեւան
7. ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ
8. Հայաստանը հավատարիմ է մնում Արևելյան գործընկերությանը
9. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
10. Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: