ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա. Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց նախագահ Ռոսեն Պլևնելիևին

16 հունվարի, 2016 | 09:43

Bulgaria naxagahՀունվարի 15-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բուլղարիա։

Օդանավակայանից արտգործնախարար Նալբանդյանն ուղևորվեց Բուլղարիայի նախագահական պալատ, ուր նրան ընդունեց նախագահ Ռոսեն Պլևնելիևը։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Բուլղարիայի նախագահը նշեց, որ բուլղար և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Սոֆիան շահագրգռված է երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Նախագահ Պլևնելիևն ընդգծեց, որ Բուլղարիան հպարտանում է իր հայազգի զավակներով, ովքեր լուրջ ներդրում են ունեցել երկրի բարգավաճման գործում և այսօր էլ շարունակում են կարևոր դեր խաղալ Բուլղարիայի հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նախագահ Պլևնելիևին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը` նոր լիցք հաղորդելու հայ-բուլղարական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։ Որպես հեռանկարային բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, տուրիզմը։

Բուլղարիայի նախագահը ներկայացրեց իր երկրի եվրոպական քաղաքականությունը, երկրի տնտեսական զարգացման նպատակով իրականացվող բարեփոխումները։

Նախագահ Պլևնելիևը և նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Բուլղարիայի նախագահն իր երկրի աջակցությունը հայտնեց եռանախագահների գործունեությանը` համոզմունք հայտնելով, որ հիմնահարցն ունի միայն խաղաղ հանգուցալուծում։ «Ես համոզված եմ, որ խաղաղությունը պայմանավորված է բոլորի կողմից միջազգային հանձնառություններին հավատարմությունից։ Զենքի օգտագործումը վկայում է փաստարկների պակասի մասին», – ընդգծեց Բուլղարիայի նախագահը։

5490_hqԱյնուհետև Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի հետ։

Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բուլղարական իշխանություններին` հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ նրանց նախնիներից շատերը Բուլղարիա են եկել 100 տարի առաջ՝ մազապուրծ լինելով Ցեղասպանությունից։

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց անցյալ տարվա ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության կապակցությամբ։

Հանդիպմանը կարևորվեց միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը նշեց, որ անհրաժեշտ է խթանել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերը: Ցեցկա Ցաչևան վերահաստատեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահին Բուլղարիա այցելելու հրավերը և հույս հայտնեց, որ հնարավոր կլինի այցն իրականացնել այս տարվա ընթացքում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ երկու խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը:

5491_hqՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը և այդ առումով արժևորեց իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան – Բուլղարիա խմբի ղեկավար Մանվել Բադեյանի ներկայությունը։

Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նույն օրը կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դանիել Միտովի բանակցությունները, որոնք մեկնարկեցին դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Դանիել Միտովը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարեկամական, դրանք գալիս են դարերի խորքից։ Նա խորհրդանշական համարեց, որ դեռևս միջնադարում մի քանի բուլղար թագավորներ ամուսնացել են հայուհիների հետ։ «Բուլղարները և հայերը ուս ուսի պայքարել են բալկանյան մի շարք պատերազմներում։ Հայաստանը հանդիսանում է Բուլղարիայի կարևոր միջազգային գործընկեր և վաղեմի բարեկամ: Այսօրվա այցը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին և հնարավորություն ընձեռում քննարկելու նոր ծրագրեր», – ասաց Դանիել Միտովը։

5493_hqՇնորհակալություն հայտնելով Սոֆիա այցելելու հրավերի համար` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր պատմական սերտ կապերը Բուլղարիայի հետ` հիմնված մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և մշակութային կապերի, ընդհանուր ճակատագրի և փոխադարձ համակրանքի վրա:

Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով նոր խթան հաղորդել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և հավելյալ ջանքեր ներդնել` համագործակցության առավել խորացման և զարգացման համար: «Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք գործնական քայլեր ձեռնարկել` մեր փոխգործակցությանը նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ», – շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության զարգացման հեռանկարները:

bulgaria nalbandianՄտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, միջխորհրդարանական կապերի զարգացման, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։

Այս առումով Բուլղարիայի արտգործնախարարը նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն է հանդիսանում Սև ծովը և Հարավային Կովկասը կապող տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը, դրա ներուժի օգտագործումը:

Եվրոպայի խորհրդում Բուլղարիայի նախագահության համատեքստում քննարկվեցին բուլղարական նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին: Նախարար Միտովը վերահաստատեց Բուլղարիայի աջակցությունը ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
5494_hqՄտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի` ուկրաինական ճգնաժամի, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրագործման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական ճգնաժամի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը Դանիել Միտովին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։

Հայաստանի արտգործնախարարն իր բուլղարացի գործընկերոջը հրավիրեց Երևան:

Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամլո ասուլիս։

Բուլղարիայի արտգործնախարարը պաշտոնական ընթրիք տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին։

Բուլղարիայի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուլղարիա – Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը միտված` խորհրդարանական բարեկամության խմբի անդամների գործունեությունը և նախաձեռնությունները:

Հունվարի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ բուլղարահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց իր այցի նպատակները, ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող` բուլղարահայերի բազմաթիվ հարցերի։

Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Մեծ հպարտություն է բոլոր հանդիպումների ընթացքում լսել Բուլղարիայի ղեկավարների կողմից հայ համայնքի վերաբերյալ հնչեցված բարձր գնահատականները երկրի կյանքում բուլղարահայերի դերի և կշռի մասին»:


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
4. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
5. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
6. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
7. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
8. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
9. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
10. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: