ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բոլոնիայի գործընթաց. Հետադարձ հայացք տասնամյա ճանապարհի

Գրախոսության փոխարեն
16 մայիսի, 2015 | 12:33

bolonia1Մայիսի 14-ին և 15-ին, Հայաստանը կհյուրընկալի Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների պատվիրակություններին` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական 9-րդ գագաթնաժողովի կարգավիճակով: 2012 թվականին Երևանը հռչակվել էր Եվրոպական բարձրագույն կրթության մայրաքաղաք, ուր պիտի անցկացվեր այս գագաթնաժողովը:

Տասը տարի առաջ մեր երկիրը միացել էր Բոլոնիայի գործընթացին: Այդ փաստաթուղթն այն ժամանակ ստորագրել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը: Երևանյան հանդիպման նախօրյակին նա տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ հրատարակել է <<Բոլոնիայի գործընթացի հետագիծը>> գիրքը` նվիրված Բոլոնիայի գործընթացի անցած ուղուն, առկա հիմնախնդիրներին, հեռանկարներին: Ձեզ ենք ներկայացնում Սերգո Երիցյանի խոհերն ու մտորումները, որոնք տեղ են գտել գրքի առաջաբանում:

2003 թվականի ամռանը ստանձնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը՝ որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի կրթության և գիտության հանձնաժողովի փոխնախագահ, անշուշտ տեղյակ էի այն ընթացքներին, որոնք առնչվում էին Բոլոնիայի գործընթացին և գիտեի, որ միանշանակ չեն եղած կարծիքները, տեսակետները, դիրքորոշումները: Հիշում եմ Սանկտ-Պետերբուրգում մեր հանձնաժողովի նիստերից մեկը, երբ բոլոր ներկայացուցիչները, բացի Հայաստանից, սկսեցին միաբերան գովերգել խորհրդային կրթական համակարգը: Ելույթ ունենալով ասացի, որ Բոլոնիայի համակարգը չի ենթադրում եղածի ժխտում, այլ ենթադրում է տարիների ընթացքում փոփոխություններ, որոնք թույլ կտան մերձեցնել եվրոպական երկրների կրթական համակարգերը: Իմ նման խոսքից հետո սկսվեցին երկրորդ շարք ելույթները, երբ պահպանելով իրենց արտահայտած կարծիքների հիմնական ասելիքը՝ սկսեցին հետաքրքրվել, թե ի՞նչ հորիզոններ կարող է բացել Բոլոնիայի գործընթացը բարձրագույն կրթության համար, և ի՞նչ կարող են դրանից քաղել հետխորհրդային երկրները:
Այս ամենը 2003 թվականի գարնանն էր, և ես երբեք չէի էլ մտածում, որ ինձ է վիճակված լինելու կատարել Հայաստանը Բոլոնիայի գործընթացին անդամագրելու առաքելությունը:
Այնպես ստացվեց, որ 2003 թվականի ամռանը նշանակվեցի ՀՀ կրթության և գիտության նախարար: Մեկ ամիս անց Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների կրթության և գիտության նախարարների կոնֆերանսը: Քննարկումների ժամանակ հիշեցրի, որ գալիք սեպտեմբերի 19-ին Բեռլինում կայանալու է Բոլոնիայի գործընթացին մասնակից և հավակնություն ունեցող երկրների նախարարների հանդիպումը. արդյո՞ք որևէ երկիր ցանկություն չունի ընդունելու հրավերը և անդամագրվելու գործընթացին:
Իմ բոլոր գործընկերները պատասխանեցին, որ այդպիսի ցանկություն չունեն և դեռ անցնելիք ճանապարհ ունեն, մինչև կհասնեն այդ շեմին:
Սեպտեմբերի 19-ից հետո հայտնի դարձավ, որ 7 նոր անդամագրված երկրների մեջ է Ռուսաստանը: Հետո Ռուսաստանի իմ գործընկերն ասաց, որ ավելի շատ դա քաղաքական քայլ էր` հայտնվելու միևնույն կրթական տարածքում: Այս ամենից հետո հասկացա, որ առաջիկա երկու տարին, որը տանելու էր դեպի նախարարների հերթական կոնֆերանսը Նորվեգիայում, շատ կարևոր է լինելու գործընթացին Հայաստանի միանալու համար:
Հասկացանք, որ դրա համար անհրաժեշտ են օրենսդրական և ենթաօրենսդրական լուրջ փոփոխություններ: Նախևառաջ պետք էր, որ ՀՀ Ազգային ժողովը վավերացներ 2004 թվականի Լիսաբոնի որակավորումների փոխ¬ճանաչման կոնվենցիան, և փոխեր ՙՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին՚ օրենքը:
Ժամանակը քիչ էր, բարեփոխումների հակառակորդներն էլ` շատ: Անհրաժեշտ էր պարզաբանումներ կատարել ինչպես բուհերում, այնպես էլ հանրության շրջանում: Շատ հաճախ քննարկումների ժամանակ չհասկանալով ու չընկալելով գործընթացի բուն էությունը, հանդես էին գալիս կտրուկ հայտարարություններով: Անկասկած, պետք էր այս ամենին ըմբռնումով մոտենալ, ավելի ու ավելի շատ բացատրական աշխատանք կատարել, շեշտադրումներ անել այն առավելություններին, որ կարող էր ունենալ Բոլոնիայի գործընթացը:
Մոտենում էր 2005 թվականի մայիսը, երբ տեղի էր ունենալու Բոլոնիայի գործընթացին մասնակից և հավակնություն ունեցող նախարարների հերթական կոնֆերանսը: Ի դեպ, այս ամենին նախորդել էր Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդում, նախկին Խորհրդային Միության անդրկովկասյան երեք երկրների կրթության և գիտության նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին կրթական համակարգերի առկա վիճակը, խնդիրները, նախարարների ելույթները և հնարավորությունները` միասին միանալու Բոլոնիայի գործընթացին: Փորձագետների գնահատականները ցույց տվեցին, որ կրթության բարեփոխումների առումով առաջատարը Հայաստանն է, և համեմատության մեջ ավելի պատրաստը: Բայց քննարկումների տրամաբանությունը ենթադրում էր, որ այս դեպքում էլ երեք պետությունները միասին պիտի անդամագրվեին Բոլոնիայի գործընթացին:
Երեք երկրներից Հայաստանը միակն էր, որի երկու բուհում` Երևանի պետական համալսարանում և Երևանի պոլիտեխնիկական համալսարանում փորձարկվել էին երկաստիճան կրթական համակարգերը, ընդհուպ կրեդիտայինի որոշակի տարրերի ներդրումով: Որքան մեզ համար անցումը ռիսկային էր, նույնքան էլ վստահություն կար, որ հնարավոր կլինի այդ ամենը ավելի քիչ դժվարություններով իրականացնել, քանի որ արդեն որոշակի փորձ ունեինք: Մեր վրացի և ադրբեջանցի գործընկերները անկեղծորեն խոստովանում էին, որ ավելի շատ հարցեր ունեն չլուծված, և իրենց համար անցումը դժվար է լինելու: Ես դրանից առաջ պաշտոնական այցով եղել էի Թբիլիսիում և տեսել, որ Վրաստանում բուհերը ձմեռը հիմնականում ջեռուցում չունեն, դասերն էլ կարճեցված ռեժիմով են ընթանում: Իսկ մենք այդ նույն շրջանում չջեռուցվող բուհ չունեինք, դասերն էլ լիարժեք էին ընթանում:
Ասել, որ մենք առանց հիմնախնդիրների էինք գնում Բոլոնիայի գործընթացին միանալու, ճիշտ չի լինի: Իհարկե, ամենակարևորը բուհերի և դասախոսական անձնակազմի հոգեբանական, ինչու չէ, նաև տեխնիկական, գիտելիքային ոչ լիովին պատրաստ վիճակն էր: Գաղտնիք չէր, որ այդ անցմանը զուգահեռ պետք էր հազար ու մի խնդիր լուծել, ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ` որակի, դիպլոմների ճանաչման և նմանօրինակ խնդիրների հետ կապ¬ված: Պատկերացրեք, որ այս դեպքերում պարզապես շատ մեխանիզմներ սկսում են չգործել, անգամ հին ձևով…
Կարծիքներ էին հնչում նաև, թե ինչու ենք շտապում, սպասենք, երբ պատրաստ կլինենք, այն ժամանակ էլ կստորագրենք և նոր կմիանանք Բոլոնիայի գործընթացին: Իսկ 2005 թվականի մայիսը յոթ սարերի ետևում չէր, հրավերն էլ կար` մասնակցելու Նորվեգիայի Բերգեն քաղաքում մայիսի 18-19-ը կայանալիք նախարարների կոնֆերանսին և միանալու Բոլոնիայի գործընթա¬ցին: Երկրի քաղաքական ղեկավարության և նախարարության կարծիքը մեկն էր. հապաղելու կամ սպասելու կարիք չկա, պետք է միանալ և ձգտել արագ հաղթահարել դժվարությունները, կատարել անհրաժեշտ փոփոխությունները, բարեփոխումները ավելի հստակ և հասցեական ուղղությամբ տանել:
bolonia2 (1)Բերգենը ծովածոցի ափին փռված, նորվեգական մի գեղեցիկ գողտրիկ համալսարանական քաղաք է: Լավ եմ հիշում. օրը արևոտ էր, և, բնականաբար, մայիսյան առավոտը կոնֆերանսից առաջ մեզ դուրս էր կանչում. դա էլ առիթ էր, որ դրսում դեռ կոնֆերանսը չսկսված՝ շփումներ լինեին տարբեր երկրների նախարարների հետ: Բնականաբար, հին ու նոր ծանոթներ կային: Մասնավորապես, Գերմանիայի, Հունաստանի իմ գործընկերները, էլ չեմ ասում նախկին խորհրդային տարածքի մասին: Բոլորն էլ հետաքրքրվում էին Հայաստանով, գիտեին, որ մենք էլ ենք միանում Բոլոնիայի գործընթացին: Առիթ եղավ ծանոթանալու Թուրքիայի նախարարի հետ, ով, ընդառաջ գալով, ասաց, որ հարևաններն են ամեն առավոտ նախևառաջ միմյանց բարևում: Բարեմաղթանքներ փոխանակեցինք` հույս հայտնելով, որ մի օր պաշտոնական շփումներ կլինեն:
Ինչ խոսք, որ շփումների ու խոսակցության թեման Բոլոնիայի գործընթացն էր, առկա դժվարությունները և հոգսերը: Նախ բոլորն էին նշում կրթական ընդհանուր տարածքի առավելությունների մասին, միաժամանակ լուրջ դժվարություններ նկատում ազգային կթական համակարգերի փոփոխությունների ընթացքում` հաշվի առնելով նյութական լուրջ ներդրումների խնդիրը:
Առավոտյան տասն էր մոտենում, բոլորիս հրավիրում էին կոնֆերանսի բացմանը` 45 երկրների կրթության նախարարների մասնակցությամբ: Արդեն բեռլինյան հանդիպման ժամանակ 40 անդամ երկրներ կային, ավելանում էին ևս 5-ը. անդրկովկասյան երկրները, Ուկրաինան և Մոլդովան: Նախքան այդ` երկու տարի առաջ Ռուսաստանը միացել էր Բեռլինում:
Բնականաբար, կոնֆերանսի բացումից հետո, ողջունեցին 40 և նորամուտ հինգ երկրների նախարարներին և պատվիրակներին, սկսեցին վերլուծել Բոլոնիայի գործընթացի ճանապարհը մինչև Բերգեն` իհարկե առաջարկելով նոր ուղենիշներ կամ նախկինների շարունակությունը:

Մասնավորապես, շեշտվեց գործընկերության փոխհարաբերությունների զարգացումը և դրա հիման վրա, օրինակ, երկփուլ կրթական աստիճանը ձեռքբերում համարելով` այն զարգացնել և ներդնել 3-րդ փուլը, որոնք հիմնված կլինեին ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և առաջին ու երկրորդ փուլերի կրեդիտային միավորների ծավալի վրա:
Այնուհետև երկար մեկնաբանություններ ու քննարկումներ եղան կրթության որակի հետ կապված, և ընդգծվեց, որ երկրները ընդունում են որակի ապահովման Եվրասիական ցանցի (ENQA) առաջարկած Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում որակի ապահովման չափորոշիչները և ուղենիշները: Այնուհետև քննարկումներ եղան աստիճանների և ուսուցման ժամկետների, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների, Բոլոնիայի գործընթացի սոցիալական ուղղվածության, շարժունության, Եվրոպական կրթական տարածքի գրավչության և մյուս աշխարհամասերի հետ համագործակցության հետ կապված: Իհարկե այլ շեշտադրումներ էլ կային:
Ոչ քիչ թվով ելույթներ էլ եղան: Զուգահեռաբար քննարկվում էր Բերգենի հռչակագիրը ինչպես վերոնշյալ խնդիրների, այնպես էլ այլ մարտահրավերերի հաշվառմամբ, ընդգծելով, որ բարձրագույն կրթությունը, գտնվելով երեք ոլորտների խաչմերուկում (գիտական հետազոտություններ, կրթություն և նորարարություններ), Եվրոպայի մրցունակության գործոններից մեկն է: Ընդմիջումների ժամանակ ևս քննարկումները դադար չէին առնում`զարգանում էին կամ սուրճի սեղանի շուրջ, կամ ճաշի ժամանակ: Այստեղ էլ միանման, նաև տարբեր կարծիքներ էին հնչում: Մասնավորապես, բոլորը միահամուռ էին, երբ նշվում էին նպատակները, հեռանկարները, բայց թե երբ պետք է այդ ամենը իր ամբողջության մեջ իրականություն դառնար` այստեղ բաժանվում էին տեսակետները, կարծիքները: Տողերիս հեղինակը, երբ ընդգծեց, որ 2010 թվականը շատ մոտ է և հնարավոր չէ այն համարել անգամ մոտակա հանգրվան հիմնախնդիրների հիմնարար լուծման համար, բոլորը միմյանց նայեցին որպես համաձայնության նշան: Այսինքն բարեփոխումների այս շղթան երկար ժամանակ է պահանջում և դժվար է հստակ ասել, թե դրանք երբ իրականություն կդառնան բոլոր երկրների համար: Եվ այդ իրողությունը հասկանալի էր բոլոր կողմերի համար. երկրները կրթական համակարգերը զարգացման տարբեր աստիճաններ ունեն, տարբեր մակարդակներ ու ավանդույթներ: Հետո այս ամենը իր ամբողջական արտահայտությունը պիտի գտներ 2009 թվականի Լյուվենի հռչակագրում, ուր հստակ արձանագրվեցին Բոլոնիայի գործընթացի զարգացման ուղենիշները մինչև 2010 թվականը: Իհարկե, Բերգենում հռչակագրի ներկայացումից հետո Բոլոնիայի գործընթացին միանալու համար մեր ստորագրությունները դնելու նպատակով հինգ երկրների` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, նախարարները հրավիրվեցին այդ արարողությանը, ինչը և սիրով կատարեցինք` դրանով Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների թիվը հասցնելով 46-ի:
Մենք, իհարկե, շնորհավորանքներ ստացանք: Բայց այդ ամենը նման էր ավելի շատ պարտականություններ ստանալուն, քանի որ հասկացանք, որ տեսական մոտեցումներից ու դատողություններից պետք է առաջ անցնել կոնկրետ քայլերի միջոցով, մանավանդ, բերգենյան տրամադրությունները մտահոգությունների հետ մեկտեղ նաև ինչ-որ տեղ ոգևորություն էին բերում, փոփոխություններ կատարելու վճռականություն: Տեսնում էինք, որ Հայաստանով ու նրա կրթական հնարավորություններով շատերն էին հետաքրքրվում, քանի որ պայմանավորվածություններ էինք ձեռք բերում նախարարների մակարդակով փոխայցելությունների, համագործակցության` նաև կոնկրետ բուհերի միջև: Հենց նման հանդիպման արդյունք էր Չեխիայի հետ համագործակցության խորացումը, այդ երկրի կողմից անվճար կրթաթոշակների հատկացումը, Չեխիայի ռեկտորների խորհրդի նախագահի և նրա ղեկավարած պատվիրակության` Հայաստան այցելությունը: Մենք Բերգենից Երևան վերադարձանք տեսականը կոնկրետ և առարկայական դարձնելու վճռականությամբ, ինչին և հետևեցին նոր օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունները:
Այնպես ստացվեց, որ ուղիղ մեկ տարի անց այլևս չէի պաշտոնավարում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, բայց նշանակվել էի ՀՀ նախագահի խորհրդական նաև կրթության հարցերով: Բնականաբար, այստեղ չէի կարող հեռու մնալ Բոլոնիայի գործընթացից, այստեղ ևս ուշադրության կենտրոնում էին բարձրագույն կրթության ասպարեզում բարեփոխումները` այդ նպատակին ուղղված կառուցվածքային փոփոխությունները, բուհերի գործունեության արդյունավետության բարձրացումը: Հիմա եկել, հասել ենք Բոլոնիայի գործընթացի մի նոր հանգրվանի` 2015 թվականի մայիսին, Բերգենի հանդիպումից ուղիղ 10 տարի անց` երևանյան հանդիպման ժամանակ, ուր ոչ միայն ամփոփումներ կլինեն, այլև քննարկումներ, թե ուր է հասել Բոլոնիայի գործընթացը, և արդյո՞ք 2020 թվականի հանգրվանը ի զորու կլինի լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են եվրոպական կրթական տարածքի առջև: Ինչպես ասում են` երևանյան հանդիպումը յոթ սարի ետևում չէ: Ժամանակը ցույց կտա, թե ուր է հասել Բարձրագույն կրթության եվրոպական տարածքը ընդհանուր առմամբ և ամեն մի երկրում` առանձին-առանձին:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Հանրակրթության հիմնական խնդիրը ոչ ճիշտ կառավարումն է
3. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
4. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
5. Թումանյան` մեծ նվիրյալը
6. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
7. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
8. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
9. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
10. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: