ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիայի «Նուարդ» մշակութային միությունը 15 տարեկան է

29 նոյեմբերի, 2015 | 18:41

gevorg minasyanԲելգիայի Անտվերպեն քաղաքում մեծ շուքով նշվել է տեղի «Նուարդ» հայկական մշակութային միության 15-ամյակը:

Հանդիսության ժամանակ միության անցած ուղու, առկա խնդիրների մասին խոսել է միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Պարոն Մինասյանը նշել է, որ միության ջանքերով հիմնվել են հայկական շաբաթօրյա դպրոց, ժողովրդական պարերի խումբ, տեղադրվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, լույս է տեսնում Բելգիայի միակ հայատառ «Լրագիր» ամսաթերթը, երկհատորյակով տպագրվել է «Բելգիան եւ հայերը» գիրքը, կազմակերպվել են հայկական մշակույթի օրեր, հայ-բելգիական մշակույթի օրեր, հայ ճանաչված երգիչների համերգներ, ինչպես նաև հանդիպում է կազմակերպվել Արամայիս Սահակյանի, Հովհաննես Թումանյանի թոռների, ճանաչված այլ հայերի հետ:

Պարբերաբար, ամեն տարի, միությունը նշել է Հայաստանի Անկախության օրը, հայկական մյուս տոները, հայ մեծերի հոբելյանները: Հաճախակի են կազմակերպվում հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Կազմակերպվել են նաեւ գոբելենի, գորգի, ձեռքի աշխատանքների, հայ գրքի ցուցահանդեսներ: Գործում են շախմատի, նկարչական խմբակներ, երիտասարդական, կանանց միություններ, հիմնվել է երգչախումբ /ղեկավար` Լենա Բեգլարյան/, 4-8 տարեկան երեխաների նոր պարախումբ /պարուսույց` Անժելա Ավակիմյան/:

Միությունը նաև աշխատել, բազմաթիվ նյութեր է տրամադրել Եվրախորհրդարանի ֆլամանդացի պատգամավորներին` Եվրախորհրդարանում, այնուհետ` Բելգիայի պառլամենտում Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին բանաձեւեր ընդունելու համար:
Ի դեպ, նոյեմբերի 13-ին միությունը կազմակերպել է «Ջուղայի խաչքարերի սպանդը» խորագրով լուսանկարների ցուցահանդես:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ միության ջանքերով, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան պարոն Մարգարյանի եւ Ֆլանդրիայի նախագահ-նախարար պարոն Բուրժուայի աջակցությամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց Ֆլանդրիայի պառլամենտը, իսկ Բելգիայի պառլամենտում հարցի քննարկմանը հետամուտ եղան եւ հաջողության հասան ֆլանդրիացի պառլամենտականները:
Միությունը Ֆլանդրիայի պառլամենտում բացել է ցուցահանդես «Ցեղասպանություն -100. Հիշում եվ պահանջում ենք» խորագրով:

Ապրիլին «Նուարդ» միությունը Գեւորգ Մինասյանի առաջաբանով, նոր նիդեռլանդերենով վերահրատարակել է Ցեղասպանության ականատես Ֆաիզ էլ Խուսեինի 1917թ. Հաագայում տպագրված «Կոտորածները Հայաստանում» գիրքը:
Գիրքը տրամադրվել է դիվանագիտական կառույցներին, գրադարաններին, լրագրողներին և Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող անհատներին:

Ամեն տարի ապրիլի 24-ին ցեղասպանության մասին հաղորդում է պատրաստում բելգիական ռադիոն: Միությունը աշխատանք է տանում թանգարանների, գրադարանների թուրքական բաժիններից առանձնացնել հայկական ցուցանմուշներն ու գրքերը: Միությունը դիմել է Անտվերպենի քաղաքապետարանին` Անտվերպենում ռուս ցար Պյոտր 1-ինի արձանի պատվանդանին ամրացնել ցուցանակ` նշելով արձանի հեղինակ, ռուսաստանաբնակ ճանաչված հայ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի անունը:

Պարոն Մինասյանը խոսեց նաեւ առկա խնդիրների, դժվարությունների մասին: Նա նշեց, որ միությունը ունի ֆինանսական խնդիրներ, թերթը 13 տարի չի փոխում բաժանորդագինը, այն դեպքում, երբ տասնապատիկ ավելացել են տպագրական ծախսերը: Խմբերի, խմբակների պարապմունքների համար սրահների վարձավճարը նույնպես միությունն է կատարում` չստանալով որեւէ աջակցություն, վերոնշյալ գրքերը տպագրվել են անձնական միջոցներով եւ այլն:

«Մենք չենք աշխատում փառաբանվելու համար: Մենք մեր ուժերի ներածին չափով ուզում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, ուզում ենք հայը հայ մնա, ուզում ենք հայը հայերենով կարոտի իր դրախտամերձ երկրին»- այս խոսքերով ելույթն ավարտեց պարոն Մինասյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ փաստաբան, երկար տարիներ բելգիահայոց գաղութային վարչության ասամբլեայի ղեկավար Ստեփան Միրդիկյանը: Նա նշեց «Նուարդ» միության մեծ դերը` ասելով, որ այն նոր հայկական շունչ բերեց համայնքին, որ միության հրաշալի երիտասարդների շնորհիվ հայկականությունը չի կորսվի:

Ելույթներից հետո բեմը տրամադրվեց միության պարային խմբերին, երգիչներին, թատերախմբին: Իր փայլուն կատարումներով միության տարեդարձը շնորհավորեց Եւրոպայում մեծ ճանաչման արժանացած տենոր Վանո Տադեոն, նույն ինքը` Վահրամ Թադեւոսյանը:

Նշենք նաեւ, որ մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվել էր միության անդամ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը դիտեցին եւ երեկոյին մասնակցեցին բազմաթիվ հայեր, հյուրեր Բելգիայի տարբեր քաղաքներից: «Նուարդ» միությունը ստացել էր բազմաթիվ շնորհավորագրեր:

«Նուարդ» մշակութային միության լրատվական ծառայություն


Առնչվող նյութեր
1. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
2. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
3. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
4. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
5. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
6. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
7. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
10. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: