ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ թափանցիկ հիմնադրամ. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զինվորները ապահովագրվում են, մնում է աջակցել նրանց

02 հոկտեմբերի, 2017 | 17:27

2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Թե ինչպիսի՞ գործունեություն է ծավալել նորաստեղծ հիմնադրամը եւ ինչպիսի՞ն են առաջին 9 ամիսների արդյունքները, այս մասին  է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի զրույցը  Հայաստանի Զինծառայողների ապահովագրական հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի հետ։

– Ինչո՞ւ զինծառայողների ապահովագրության համար ընտրվեց հիմնադրամի տարբերակը։ Ինձ թվում է պետությունն ինքը կարող էր ապահովել այդ գումարը, այն մտցնելով բյուջեի մեջ եւ վճարման իրավունքը տալով պաշտպանության նախարարությանը։ Ավելի հեշտ չէր դա նախատեսել, քան հիմնադրամի ճանապարհը ընտրել, երբ մի քիչ անկախատեսելի է, թե արդյոք անհրաժեշտ գումարները կհավաքվեն, թե ոչ։

 – Մոդելը, որն ընտրված է, մի քանի հիմնասյուն ունի։ Առաջին խնդիրն էր, որ պարտադիր դրոշմանիշային վճարները հավաքվեն եւ Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի հատուկ այդ նպատակով վճարում կատարի, եւ այդ վճարված գումարները ոչ թե գնան ընդհանուր բյուջեի եկամտային մաս եւ ծախսվեն տարբեր ծրագրերի վրա, այլ վճարումը լինի թիրախավորված եւ ծառայի միայն ու միայն այդ նպատակին։

Երկրորդ խնդիրն էր, որ այդ հավաքագրվող գումարներին հնարավոր լինի նվիրաբերել կամավոր գումարներ։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են այդ նպատակով նվիրաբերություն կատարել,  կարողանան գումար ուղարկել։ Այսօր արդեն մենք ունենք 6 միլիոն դոլարից ավելի հավաքագրված միջոցներ՝ պարտադիր դրոշմանիշային վճարների տեսքով եւ 135 հազար դոլար՝ կամավոր նվիրատվությունների տեսքով։ Երրորդ խնդիրն էր, որ այդ հավաքագրված միջոցներն անկախ եւ պրոֆեսիոնալ կերպով կառավարվեն։ Եթե միջոցը հավաքում ես եւ չես դնում շրջանառության մեջ, որպեսզի ժամանակի ընթացքում գումար չկորցնես։ Իսկ եթե կարողանում ես ճիշտ կառավարել այդ գումարները, դրանով ապահովում ես նաեւ այդ հիմնադրամի կայունությունը։

Եվ չորրորդը, որ հիմնադրամն ինքն իրեն ապահովի անկախությունը բյուջետային տարբեր տիպի ծախսերից։ Այդ գումարը պետք է ծախսվի միայն մեկ նպատակի համար՝ զինվորների ապահովագրության։  Անցած ինն ամիսներին կատարած մեծ աշխատանքը՝ 22 հատուցումները ներառյալ, ցույց տվեցին, որ ոչ մի այլ ծախս չի կատարվում, բացի հատուցումից։ Իհարկե, կարելի է այլ ծախսեր անել, որ էլի կապված են հատուցման հետ, բայց մենք չենք անում։

-Օրինակի համար ի՞նչ ծախս։

-Օրինակ, այդ նույն միջոցների կառավարումը որոշակի ծախսեր է ենթադրում, որը եթե  փորձառու կառավարչի հանձնես, պետք է վճարներ անես, բայց այս պահին օրենքն ասում է, որ կենտրոնական բանկի աշխատակիցները 5 տարով կամավոր սկզբունքներով պետք է կառավարեն, հետեւաբար այդ աշխատանքները չեն վճարվում։

-Այո, Ձեր կայքէջում էլ կարդացի, որ հիմնադրամի աշխատակազմը կամավոր հիմունքներով է աշխատում։ 

– Այո, մեր պայմանագրերը կայքում տեղադրված են, ուր երեւում է, որ մենք կամավորությամբ ենք աշխատելու հիմնադրամի հետ։

– Նախքան հաջորդ հարցին անցնելը, կցանկանայի մի միջանկյալ հարց տալ կապված նախկինում ստեղծված նմանատիպ մի այլ հիմնադրամի՝ ,,Մարտիկ,,ին։ Այդ  հիմնադրամում որքան գիտեմ դեռ մեկ միլիոն դոլար գումար կա/ http://orer.eu/hy/։ Այդ հիմնադրամը նաեւ այդ նպատակներով էր ստեղծվել, հնարավոր չէ՞ այդ գումարը փոխանցել Ձեր կողմից ղեկավարվող հիմնադրամին։

– Ես ,,Մարտիկ,, հիմնադրամի գործունեությանը ծանոթ չեմ եւ չգիտեմ ինչ են արել։ Եթե այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացնի, մենք սիրով կընդունեք, քանի որ բոլորից էլ ընդունում ենք նվիրատվություններ Հայաստանից ու սփյուռքից, ինչպես անհատներից, այնպես էլ կազմակերպություններից։

– 1000 դրամ վճարում են միայն պետական հիմնարկների, թե նաեւ մասնավոր սեկտորի աշխատողները։

-Բոլորը։ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է, նա պարտավոր է  ամսական 1000 դրամ վճարել։ Այսինքն, ով ունի որեւէ եկամուտ, վճարում է։ Միայն մի դեպքում, եթե աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ցածր է՝ այսինքն առանց հարկերի 55 հազար դրամ է կամ ցածր, ապա տվյալ անձի փոխարեն վճարում է գործատուն։

–  Ձեր կայքէջում կարդացի, որ նվիրատվությունների 74 տոկոսը Հայաստանից են անհատական փոխանցումների ձեւով, եւ 26 տոկոսը՝ սփյուռքից։ Նաեւ նկատեցի, որ թափանցիկ ձեւով ցույց է տրված, թե ում, երբ եւ ինչի համար են փոխանցումները կատարվել,  որպեսզի ավելի մեծացվի հիմնադրամի նկատմամբ վստահությունը, եւ նաեւ սփյուռքից փոխանցումներ անեն։ 25 տարիների փորձը ցույց է տվել, որ ընդհանրապես նմանատիպ հիմնադրամների նկատմամբ վստահությունը նվազում է։ Դա են վկայում նաեւ ,,Հայաստան,, հիմնադրամի վերջին տարիների մարաթոնները։ Այժմ ինչ գործիքներ եք մշակել, որ Ձեր կատարած աշխատանքի արդյունքներն ավելի ակնառու երեւան եւ ավելի վստահորեն աջակցեն նաեւ սփյուռքից։

– Երբ մենք նախաձեռնում եւ առաջարկում էինք այս նախագիծը, մենք խոստացանք, որ հիմնադրամը բացառիկ թափանցիկության պայմաններում պետք է աշխատի,  մենք իրական ռեժիմում ցույց ենք տալիս, թե որքան գումար է հավաքվել եւ որքանն է հատուցվել, որքանն է վճարումներից, որքանը՝ նվիրատվություններից։ Ընդ որում ցույց ենք տալիս չորս տարադրամներով՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի,  որպեսզի բոլորի համար պարզ լինի։ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր սոցիալական քարտի համարը հավաքել կայքէջում եւ ստուգել՝ իր վճարած հարկը տեղ հասել է՞ ։ Աշխարհում որեւէ երկրում նման բան չկա, որ քաղաքացին իր վճարած հարկի տեղաշարժին հետեւի։

Այնուհետեւ յուրաքանչյուր քաղաքացի, ով նվիրատվություն է անում, նրա անունը իր իսկ ցանկությամբ երեւում է օնլայն ռեժիմով  մեր նվիրատուների ցանկում։ Ով չի ցանկանում իր անունը նշել, գրվում է անանուն։ Նաեւ իր էլեկտրոնային հասցեն կարող է գրանցել, եւ ստանալ բոլոր այն հատուցումների մասին լրատվությունը, որոնք ինքը կատարել է։ Այդպես  երեւում են նաեւ կատարած հատուցումները, եթե մահ է կամ առաջին կարգի հաշմանդամ է, միանվագ ստանում է 10 միլիոն դրամ/20 000 դոլար/, եթե 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա՝ 5 միլիոն դրամ/10 000 դոլար/։ Նաեւ նրանց ամեն ամիս 400-600 դոլար փոխանցում է կատարվում, ինչը երեւում է մեր կայքէջում։ Ունենք նաեւ խոշոր նվիրատուների էջ, որտեղ նրանք կարող են նաեւ իրենց խոսքը հղել։ Յուրաքանչյուր քաղաքացի նույնպես կարող է իր ուղերձը գրել եւ տարածել սոցիալական ցանցերով, ինչի ծրագրային ապահովումը կա։ Մեր բոլոր որոշումներն օնլայն ռեժիմով հրապարակված են։

Մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներից, որ մեզ գրում են, հարցեր են տալիս, նաեւ կատարում են հասարակական վերահսկողություն, որն ավելի է բարձրացնում մեր թափանցիկ աշխատելու մակարդակը եւ վստահությունը մեր նկատմամբ։ Մենք շնորհակալ ենք այն քաղաքացիներից, որոնք ուշի ուշով հետեւում են։

Դուք վճարումներ կատարում եք 2017 թվականի հունվարի 1-ից հետո վիրավորված կամ մահացած զինծառայողների ընտանիքներին։ Հիմա այն զինծառայողները, ովքեր տուժել են 2017-ից առաջ, կարող են հարց տալ, թե ինչով են իրենք մեղավոր, որ ձեր հիմնադրամի ծառայություններից չեն օգտվում։ Ինչ որ մի սկզբունք կամ մոտեցում մշակվել է, որ այն մարդիկ, ովքեր խիստ կարիքի մեջ են գտնվում, նրանց բացառության կարգով օգնեն։

– Երբ մենք այս նախագիծը ներկայացնում էինք, ասում էին ապրիլյան պատերազմից տուժածներին ինչու չեք հատուցում։

Պատասխանը մեկն էր, իսկ ինչու ոչ նաեւ 1915 թվականի տուժածներին։ Այդպես մինչեւ 1992 թվական։ Ակնհայտ է, որ լավ կլիներ, որ բոլորին էլ հատուցեինք։ Բայց պետք էր ինչ որ մի թվական վերցնեինք, պայմանական եւ գնալ առաջ, քանի որ խոսքը գնում էր բոլորին համահավասար վճարումներ կատարելուն։ Սրանով տարբերվում է մեր ապահովագրական հիմնադրամը, որը ապահովում է մեր յուրաքանչյուր ծառայողի  կյանքը եւ նման է կյանքի ապահովագրությանը։ Ինչ վերաբերում է նախորդ դեպքերին, ես չեմ սահմանափակվում միայն ապրիլյան դեպքերով, այլ ըստ էության պետք էր սկսել 1991 թվականից։ Որովհետեւ այս տարիներին հազարավոր զոհեր ենք ունեցել։ Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ եթե ինչ որ մի պահի հիմնադրամը կուտակած լինի բավարար միջոցներ, եւ հիմնադրամի կայունությունը ապահովված լինի, ապա հիմնադրամի խորհուդը իրավասու է որոշում կայացնել եւ այդ հավաքված գումարների մի մասը որոշակի աջակցության տեսքով տրամադրի նախկինում զոհվածների ընտանիքներին կամ  վիրավորվածներին։ Հույս ունեմ, որ մենք իսկապես չենք ունենա նոր ծանր դեպքեր եւ հիմնադրամը կկարողանա անդրադառնալ նաեւ այդ նախկին զինծառայողներին։ Այժմ նման հնարավորություն չունենք։ Դեռ մենք այս տարին պետք է փակենք, եւ հույս ունենք նման դեպքեր էլ տեղի չեն ունենա։-

-Կարեւոր մի այլ հարց էլ կա՝ կապված հիմնադրամի հետագա գործունեության հետ։ Աստված մի արասցե, եթե կարիքավորների թիվն ավելանա եւ հիմնադրամը չկարողանա բոլորին վճարել, այդ դեպքում ի՞նչ եք նախատեսել անել։

Այս հիմնադրամի գաղափարի ստեղծման հիմքում դրված են մաթեմատիկական հաշվարկներ, վերլուծվել են անցած 25 տարիների զոհերի թիվը, եւ այդ պատմությունց ելնելով, դուրս ենք եկել որոշակի թվերի։ Եթե անցած 25 տարիների թվերը ունենանք, մենք կկարողանաք անհապաղ մեր հատուցումներն իրականացնել։ Աստված մի արասցե, եթե լինի էսկալացիա, ռազմական դրություն եւ նախատեսվածից շեղումներ լինեն զգալիորեն, ապա հիմնադրամն իրավունք ունի ֆինանսական գործիքներից օգտվելով, ֆիանասկան շուկաներից պարտք հավաքել, հատուցումներ կատարել եւ տարեկան մուտքերի հաշվին այդ պարտքը մարել։ Այսպիսով Ձեր առաջին հարցին եմ նաեւ անդրառնում, ասելով, որ հիմնադրամը նաեւ իրավունք ունի ֆինանսական շուկաներից պարտք հավաքել։

Վերջում կցանկանայի լսել Ձեր ուղերձը մեր ընթերցողներին։

– Իմ ցանկությունն է, որ մեր տեսանելիությունը սփյուռքում բարձրանա, որ մարդիկ հասկանան, որ  25 տարի անց վերջապես ստեղծվել է նման թափանցիկ, անկախ եւ պրոֆեսիոնալ հիմնադրամ։ Երկորդը դրա համար ձեւվաորվել է անկախ եւ բազմազան խորհուրդ, որի կազմում  երեք հոգու կառավարությունն է նշանակել, երեքին՝ կենտրոնական բանկը, եւ երեքին՝ զինվորների հարցերով զբաղվող 15 հասարակական կազմակերպությունները։  Խորհրդի նախագահը պաշտպանության նախարարն է, ով նաեւ այս նախաձեռնության առաջնորդն է։ Կենտրոնական բանկի թեկնածուները Հայաստանում չեն ապրում եւ տարբեր միջազգային կայռույցներում են աշխատում։ Մեր նպատակն էր ընդգրկել հասարակության բոլոր շերտերից։ Խորհուրդի նիստերը լուսաբանվում են եւ տեղադրվում են մեր կայքում։

Հետեւաբար կխնդրեի, որ ձեր ընթերցողները ծանոթանան մեր գործունեությանը /www.1000plus.am/hy/ եւ տարածեն մեր մասին տեղեկատվությունը, եւ եթե ունեն հնարավորություն, ապա կատարեն իրենց նվիրատվությունը։ Կարող են մի գումար սահմանել եւ ամեն ամիս որոշակի գումար ուղարկել կամ մեկանգամյա նվիրատվություն անել։ Հայաստանում Կոնվերս բանկն է իրականցնում այդ ծառայությունը եւ ոչ մի գումար չի գանձում այդ փոխանցման համար։

 

ՕՐԵՐ

Պրահա


Առնչվող նյութեր
1. Ապրիլյան պատերազմի հերոս Արման Ավետիսյանի հանդիպումը Բելգիայի ՚՚Նարեկ՚՚ հայկական դպրոցի սաների հետ
2. Մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ
3. Հայաստանի յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի զինվորական է. Ազգ-բանակի կապի մասին խոսել է պաշտպանության նախարարը
4. Հարցազրույց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հիմնադիր նախագահ, Արծիվ 9-ը և Արամազդ ջոկատների հրամանատար, գնդապետ Կորյուն Ղումաշյանի հետ
5. ժամանակն է գեներալ-բիզնեսմեններին հրաժեշտ տալ եւ պատժել մեղավորներին. Էդիկ Բաղդասարյան
6. Պարգեւատրման արժանի խիզախ զինվորները եւ նրանց անձնվեր արարքները
7. «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը
8. Պաշտոնից ազատվել են երկու բարձրաստիճան գեներալ եւ պաշպանության փոխնախարարը
9. Հայ զինծառայողները Գերմանիայում մասնակցում են բազմազգ զորավարժությանը
10. Արծրուն Հովհաննիսյան-Ապրիլյան չորսօրյա պատերազմի վերլուծություն

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: