ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բարսեղ Վարդապետ Փիլավչյան. “Չեխահայերը հզոր համայնք դառնալու մեծ ներուժ ունեն”

09 նոյեմբերի, 2012 | 19:48

ՕՐԵՐ  ամսագրի հարցերին պատասխանում է

Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ Վարդապետ  Փիլավչյանը

-Հայր Բարսեղ, Դուք երկար տարիներ ծառայել եք  Ստեփանավանում եւ հարակից շրջաններում իբրեւ հոգեւոր հովիվ, այնուհետեւ տեղափոխվել եք Հունգարիա, ապա նաեւ Չեխիա եւ հոգեւոր ծառայությունը շարունակել եք Եվրոպայում։ Ի՞նչ տարբերություններ կան Հայաստանում եւ Եվրոպայում հոգեւոր գործունեության միջեւ։

– Իրականում շատ տարբեր է։ Երբ հայրենիքում ես ծառայում, հայրենի հողն իր ուժն է տալիս եւ զորացնում։ Հայրենիքում, ի տարբերություն սփյուռքի, մեր եկեղեցիներն ունենք, եւ ծառայությունը հայկական եկեղեցում ենք կատարում։ Կան նաեւ մշակութային տարբերություններ։ Հայաստանում մեր հայրենակիցների հետ ավելի հեշտ է շփվել, հոգեւոր գործունեություն ծավալել, եւ բացարձակապես որեւէ կախում չունենք երկրի իշխանություններից։ Ազատ գործում ենք։ Իսկ թե՛ Հունգարիայում, եւ թե՛ Չեխիայում, երբեւիցե Հայ առաքելական եկեղեցի չի եղել, եւ եկեղեցու հիմնադրումն իսկ արդեն բարդ էր։ Նախ պետք է հայ համայնքը հավաքեինք, հետո գրանցեինք  Հայ առաքելական եկեղեցին, իսկ այդ բոլոր գործընթացները կապված էին երկրի իշխանությունների հետ։ Բարդություններ կային նաեւ օրենսդրության հետ։ Ի դեպ, Հունգարիայում եկեղեցու գրանցման հարցն ավելի հեշտ եղավ, օրենսդրորեն ավելի դյուրին էր, քանի որ հայ եկեղեցու 100 զավակի մասնակցություն էր պահանջվում, որ մեկ անգամ պետք է հավաքվեին եւ ժողովի ընթացքում հաստատեին  կանոնադրությունը։ Այնուհետեւ դա ներկայացվեց  գրանցման եւ 45 օրվա ընթացքում հաստատվեց։ Չեխիայում մի փոքր այլ էր, քանի որ պահաջվում էր  300  հոգու ստորագրություն եւ նրանց անձնական  տվյալները։ Այնուհետեւ այդ դիմումներն ուղարկում ենք  մշակույթի  նախարարություն, որտեղ ստուգվում է նրանց  անձը, ապա  կանոնադրությունն է խիստ քննության ենթարկվում։ Այս ամբողջ գործընթացը տեւում է վեց ամիս։ Առաջին անգամ երբ հանձնեցինք, կանոնադրության մեջ խնդիրներ կային, որ կապված էին Հայ առաքելական եկեղեցու օրենսդրության եւ Չեխիայի օրենսդրության տարբերությունների հետ։  Նույնիսկ դրանք շտկելուց հետո գրանցում չտրվեց, քանի որ ստորագրությունների մեջ բավականին շատ սխալներ կային։ Երկրորդ անգամ արդեն ես անձամբ ամբողջ Չեխիայով տնետուն անցնելով ստորագրությունները հավաքեցի, եւ մինչ գրանցման հանձնելը, նաեւ խնդրեցինք կանոնադրությունը ստուգել նախարարությունում։ Ամբողջական փաթեթն արդեն գրանցման ենք հանձնել մշակույթի նախարարության կրոնի բաժին։ Հուսով ենք, որ առաջիկա կես տարում եկեղեցին կգրանցվի, ինչի հետ կապված լուրջ ծրագրեր ունենք։

– Իսկ մեր հայրենակիցների մոտավոր թիվը հայտնի՞ է։

– Չեխիայում տվյալները հակասական են։ Հունգարիայում 450 գրանցված հայախոս հայեր կան։ Չեխիայում ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն  2000  է, բայց նախկին ԽՍՀՄ հանրապետություններից եկած  հայերին  էլ որ հաշվենք, 7000-ի է հասնում։ 500 հայ էլ Սլովակիայում է ապրում։ Ընդհանուրը՝ 8-10 հազար է։

-Մեր հայրենակիցներից շատերն են հարցնում, թե ի՞նչ կտա եկեղեցու գրանցումը Չեխիայում։

-Չեխիայի Հանրապետությունում չկա պետականորեն ճանաչված համայնքային կառույց կամ հաստատված համայնք։  Խոսքը հասարակական կազմակերպությունների մասին չէ, այլ՝ համահամայնքային լուրջ կառույցի։ Այսօր ուրախ ենք, որ ունենք Հայաստանի դեսպանություն եւ դեսպան, որ մեզ հետ շատ սերտ համագործակցության մեջ են, սակայն մեզ պետք է միասնական եւ միացնող մի կառույց, ուստի այս պարագայում եկեղեցին կարող է դառնալ համայնքային կենտրոն եւ կառույց, քանի որ դարեր շարունակ եկեղեցին է եղել  համայնքի ազգային կենտրոնը։ Հայ առաքելական եկեղեցին երբեք էլ առանձին հանդես չի եկել։ Այն հանդես է գալիս իբրեւ ազգային եկեղեցական համայնք։ Այս պարագայում մեր եկեղեցին նույնպես պետք է օգտակար լինի, եւ կոչ ենք անում բոլոր հայկական կառույցներին, որոնք գրանցված են Չեխիայի Հանրապետությունում, համագործակցեն Հայ առաքելական եկեղեցու հետ, որպեսզի մեր աշխատանքներն ավելի լիարժեք եւ կազմակերպված լինեն։ Դա էական կդարձնի հայ եկեղեցու, Հայաստանի դեսպանության եւ հայկական կազմակերպությունների կատարած համատեղ աշխատանքը։ Այս ամենը կնպաստի նաեւ հոգեւոր կյանքի աշխուժացմանը։

-Արդեն մոտ տասը տարի Եվրոպայում եք, որից յոթ տարին՝ Չեխիայում։ Ինչպիսի՞ վերաբերմունք կա Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, հաշվի առնելով, որ այստեղ է եկել հիմնականում խորհրդային անհավատության տարիներին ձեւավորված սերունդը։ Հոգեւոր արժեքների նկատմամբ փոփոխություն նկատո՞ւմ եք։

– Կա արժեքների նկատմամբ փոփոխություն։ Բայց դա ինձ չի գոհացնում։ Իհարկե, թերացումներ կան եւ մեր կողմից, թերացումներ կան նաեւ մեր հայրենակիցների կողմից։ Ապրելով սովետական մշակույթի մեջ, մարդիկ եկել են Չեխիաՙ մի երկիր, ուր բնակչության մեծամասնությունն աթեիստ է։ Աթեիզմը գերակշռում է։ Բնականաբար մեր քաղաքացիները շփվելով այդ մշակույթի հետ, ազդվում են այդ մշակույթից։ Իրենց համար եկեղեցին եւ հոգեւոր կյանքը հեռու են մնում։ Սակայն մեր հայրենակիցների մեջ բնավ չեն մարել հավատքի լույսը եւ ճրագը։ Եվ դա միայն պետք է բորբոքել եւ ավելացնել։ Անցած տարվանից սկսած մեծ  ծրագրեր ենք իրականացնում։ Նվիրյալ հայրենակիցներ ունենք, որ պատրաստ են օգնելու եկեղեցուն ոտքի կանգնելու, որպեսզի չեխահայության հոգեւոր կյանքն ավելի զորացնեն։

Ծրագրերում ունենք  եկեղեցու կառուցում, նաեւ կից մշակույթի կենտրոն, որը պետք է ծառայի հայոց կրթությանը եւ մշակույթի զարգացմանը։ Սրանք առաջնային ծրագրերն են, որ ունենք։ Շատերը միայն քննադատում են, ինչով ոչ մի տեղ չենք հասնի։ Եթե խնդիրներ կան, պետք է պարզորեն ասել եւ լուծել դրանք, եւ ոչ թե միայն մեղադրանքներ ներկայացնել։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: