ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրում ինքնորոշման սկզբունքը բացակայում է

24 նոյեմբերի, 2017 | 17:22

ԲՐՅՈՒՍԵԼ. – ՕՐԵՐ. –  Բրյուսելում աշխատանքներն ավարտեց Արևելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովը։ Ամփոփիչ մամուլի ասուլիսից րոպեներ առաջ հրապարակվեց հիմնական քաղաքական փաստաթուղթը` ԱլԳ հռչակագիրը, որը Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի որակմամբ փոխզիջումային տարբերակ է։  Նա նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի հռչակագիրն ավելի հատու ու հստակ որակումներ ունենար, սակայն մասնակիցներն ավելի են կարևորել կառույցի միասնականությունը։

Հավանաբար նման փոխզիջման արդյունք է նաև փաստը, որ հռչակագրում բացակայում են ոչ միայն հակամարտությունների անունները, այլ նաև դրանց կարգավորման համար նշված միջազգային իրավունքի նորմերի ու օրենքների որոշակիացումը։

Արդեն նշել էիք, որ առավոտից հայտնի էր, որ թեժ քննարկումներ են սպասվում հատկապես հռչակագրի շուրջ, Հայաստանի պարագայում  հատկապես կարևոր էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինքնորոշման իրավունքի ամրագրումը փաստաթղթում։  Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախագծում հստակորեն նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխված լինի միջազգային հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության ու  ինքնորոշման իրավունքի վրա։

Բրյուսելյան հռչակագիրը սակայն նման դրույթ չի պարունակում։  Սա մենք դիտարկում ենք իբրև Տուսկի նշած փոխզիջում։  Չկա ոչ ղարաբաղյան հակամարտության, ոչ որևէ այլ հակամարտության անուն։  Հռչակագրի 6րդ կետում միայն ընդհանուր նշվում է, որ «գագաթաժողովի մասնակիցները կրկին կոչ են անում նորոգել ջանքերը կարգավորելու տարծաշրջանի չկարգավորված հակամարտությունները` հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու օրենքների վրա»։

ՕՐԵՐն արդեն նախորդ հաղորդագրությունում նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բրյուսելյան այսօրվա հռչակագրի ձևակերպումները պատճենվելու են Ադրբեջանի հետ հավանական ստորագրվելիք համաձայնագրում, երբ դրա ժամանակը գա, ուստի Եվրամիության անդամ պետությունները չափազանց զգույշ են գտնվել այս հարցում, որպեսզի Ադրբեջանն իր վրա պարտադրանք չզգա։

Եվրախորհրդարանն այս հարցում շատ ավելի սկզբունքային գտնվեց. օրեր առաջ գագաթաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև-երաշխավորություններ, որով ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ կոչ էր արվում վերջ տալ զինված բախումներին,  ու նաև եվրախորհրդարանը աներկբա աջակցություն էր հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հստակորեն նշում, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն միջազգային հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի ու ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա։

Իրողությունն այն է, որ փաստորեն «ոչ-ոքի» գրանցվեց հռչակագրով։ Թեև դրա 2րդ կետում մի հարաբերական և էական որոշակիություն կա` նշվում է, որ «Եվրոպական Միությունը հավատարիմ է մնում անդամ բոլոր պետությունների տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության աջակցությանը»,  ու արմատական են գնահատվում ՄԱԿի խարտիան, 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտը և 1990 թվականի ԵԱՀԿ Փարիզյան խարտիան։   Նշված փաստաթղթերում անշուշտ ինքնորոշման իրավունքն ամրագրված է, սակայն հռչակագրում հատուկ շեշտվում է անդամ բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը։ Սա արդեն ամենևին էլ «ոչ-ոքի» չէ ու ավելի  շատ բխում  է Ադրբեջանի շահերից։  Նաև` Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի շահերից, անշուշտ։ Ավելին, ուղերձը հստակորեն դեպի Ռուսաստան է, ու Դոնալդ Տուսկն էլ իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն երբևէ չի ընդունի Ղրիմի բռնագրավումը և խստորեն դատապարտում է այն։

Մեկնաբանությունների ժամանակ կարելի է մանևրել, տարբեր տեսակետներից պարզաբանումներ տալ, ու ամենայն հավանականությամբ հենց սա էր Տուսկի ասած «միասնականության« կարևորությունը։ Ցանկացած կողմ կարող է մեկնաբանել ԻՐ շահերի տեսանկյունից։  Հայաստանի պաշտոյաները մեծ հնարավորություն ունեին միջազգային գերհսկա լրատվական ծառայությունների համար մեկնաբանություններ տրամադրել, սակայն նախընտրեցին հերթական անգամ լռելյայն հեռանալ։ Հետո անշուշտ հայկական լրատվամիջոցներին ու հայերենով «կբացահայտեն» հռչակագրի դրական կողմերը, կնշեն հայկական դիվանագիտության հաղթանակի մասին` հայաստանյան լսարանի համար։ Ափսոս ու ավաղ։

Մի նկատառում, որ անհրաժեշտ  է նշել.  գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ արտոնված բոլոր հարցերը ակնհայտնորեն նախորոք համաձայնեցված էին։  Գագաթաժողովի ողջ աշխատանքի ընթացքում բոլոր լրագրողների տեղաշարժի իրավունքը խստիվ սահմանափակված էր` անվտանգության նկատառումներից ելնելով։ Բոլոր պատվիրակությունների պաշտոնյաները,  ովքեր ասելիք ունեին, դուրս էին գալիս մամուլի կենտրոն ու հանդես գալիս մեկնաբանություններով, պատասխանում ներկաների` հատկապես իրենց երկրներից ժամանած բազմաթիվ լրագրողների մի քանի հարցերի։

Հայաստանյան այսքան լրագրողների  ներկայություն վաղուց միջազգային հարթակում չէի տեսել։  Սակայն հայկական պատվիրակությունից ոչ մեկը, գոնե մամուլի քարտուղարի մակարդակով դուրս չեկավ որևէ լուր հայտնելու։  Մամուլի կենտրոնի պատասխանատուները լուրեր ունեին ու տրամադրում էին ԲՈԼՈՐ պատվիրակությունների հնարավոր ճեպազրույցների ու հայտարարությունների մասին, բացառությամբ` Հայաստանի։

Նույնիսկ ժամանման արարողության ժամանակ  պատվիրակությունների ղեկավարները մոտենում էին լրագրողներին ու մեկնաբանություններ տալիս։ ՀՀ նախագահը  բազմախոստում ասաց` հետո։ Հավանաբար հետո, Հայաստանում, հայերեն, նեղ հանրապետական…  Մի՞թե Հայաստանի իշխանություններն ասելիք չունեն հազարավոր հավաքված միջազգային լրագրողներին, հատկապես հռչակագրի շուրջ քննարկումների  մեզ հասած աղոտ լուրերի պարզաբանմամբ։ Անհնար է պատկերացնել, որ Մերկելից ավելի զբաղված էին Հայաստանի պատվիակները։

Այս պահի դրությամբ անպատասխան մնացած հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք սեպտեմբերին հրապարակված պայմանագրի նախագիծը որևէ փոփոխություն կրե՞լ է, թե՞ ստորագրվել է հրապարակված տարբերակով։

 

Աննա Կարապետյան

Բրյուսել

www.orer.eu


Առնչվող նյութեր
1. Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
2. Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
3. Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
4. Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
5. Ստորագրվեց Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
6. Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7. Բրյուսելում դեռևս սպասողական իրավիճակ է
8. Բրյուսելում կայացավ մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը
9. Երևանում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը
10. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: