ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախյան ընտրանքը սիրիահայության համար-Արցախի անկախության հռչակման օր

02 սեպտեմբերի, 2013 | 10:46

sahan gantaharyanԱրցախի անկախության հռչակման օրվա նշումը, եթե նախ` պետության կայացման խորհուրդն է ընդգծում, ապա նույնքան կարեւոր է նրա կայացման եղանակի մասին խորհրդածելը: Իսկ դա ինքնին շեշտում է առաջին րոպեից միջազգային ընտանիքի կողմից նվիրականացած սկզբունքի` ազգի ինքնորոշման իրավունքի ժողովրդավար ձեւով հարգումը: Ի վերջո ինքնորոշումը, որի վրա կենտրոնանում է մեր բանակցային ամբողջ փլիսոփայությունը, ժողովրդային կամարտահայտության ժողովրդավար հիմունքով կայացած ճանապարհն է, որից անցնցում անցել է արցախահայությունը:

Այստեղ պետք է նկատի ունենալ մադրիդյան սկզբունքների (թեկուզ նորացված տարբերակով) անժամկետ հանրաքվեի վերակազմակերպման բանակցային կետի շուրջ լարված ծուղակ տեսնելու տրամաբանությունը:

Արցախահայությունը ինքնորոշվել է արդեն: Հանրաքվեով. եւ այն էլ շատ ժողովրդավար հիմունքով: Ժողովուրդը քվեարկել է թե՛ Ադրբեջանի բռնատիրությունից անկախանալու եւ թե՛ ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Վերստին հանրաքվե կազմակերպելու պահանջը, այն էլ անժամկետ, ունի իր տրամաբանությունը:

Ադրբեջանցի գաղթականների տունդարձի պահանջը անշուշտ բանակցային կետ է` սեղանի վրա դրված: Բաքուն լիարժեք օգտագործում է փախստականների հարցը` մարդկային իբրեւ թե աղետի, ժողովրդի տեղահանության եւ մարդու տարրական իրավունքների խախտման իմիտացիոն դեպքերի վրա հրավիրելով կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ մանավանդ միջազգային հանրության ու համապատասխան ֆոնդերի ուշադրությունը: Ի դեպ, մի թղթածրար, որը հայկական կողմը համարժեք չարծարծեց` միջազգային մանրադիտակների լուսարձակների տակ տեղադրելու համար Բաքվից, Սումգայիթից, բայց մանավանդ Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից եւ հարակից շրջաններից վերապրած հայերի իրավիճակը:

Բանակցային փլիսոփայությունը հուշում է, որ ադրբեջանցի փախստականների դիմաց համարժեք արծարծվեին նաեւ հայ գաղթականների հետ կապված բազմապիսի խնդիրները: Սա ոչ անպայման միջազգային ֆոնդերից մեծ հատկացումներ ապահովելու համար, այլ բանակցային գործընթացին իբրեւ կարեւոր հակափաստարկ արծարծելու համար:

Ի վերջո անժամկետ հանրաքվեն ադրբեջանցի գաղթականների տունդարձի պայմանականության հետ կապ ունի. Արցախի ժողովրդագրական պատկերի փոփոխության երազանքը Բաքուն մղել է անընդհատ խոսելու իր փախստականների մասին:

Արցախը ինքնորոշվել է հարգելով միջազգային օրինաչափության ճշտած եղանակը` հանրաքվեն, որը նաեւ ընթացել է ժողովրդավար հասարակարգի համապատասխան չափորոշիչներով:

Գաղթականների տունդարձի կամ ընդհանրապես Արցախի բնակեցման խնդիրը սուր կերպով անհանգստացրել է Բաքվին։ Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունները բողոքում են տվյալ երկրի եւ միջազգային ընտանիքի համապատասխան կառույցներին, որ Արցախի իշխանությունները ոտնձգություններ են կատարում:

Իրաքի պատերազմական իրավիճակի օրերին, Դամասկոսում այդ օրերին դեռևս գործող Ադրբեջանի դեսպանությունը տեղի իշխանություններին բողոքել էր, որ Սիրիան տարանցիկ կետի է վերածվել Իրաքից Սիրիա եւ ապա Հայաստան ու Արցախ մեկնող իրաքահայերի համար:

Այժմ էլ բողոքը Արցախում հաստատվող սիրիահայ ընտանիքներին է վերաբերում։ Բաքուն դարձյալ անհանգիստ է եւ բողոքում է։ Շուրջ երեսունի հասնող եւ Արցախ հաստատված սիրիահայ ընտանիքները, իհարկե, կտրուկ փոփոխություն պիտի չբերեն ժողովրդագրական համապատկերին։ Այս օրինակների շահարկումն է, որ կատարում է Բաքուն դեպի միջազգային կառույցները` ընդգծելու համար, որ հայկական կողմը իբրեւ թե հակասում է բանակցային տրամաբանությանը: Խոսքը ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին է այն շահարկումով, որ բնակեցվում են տարածքներ, որոնց կարգավիճակի ճշտումը բանակցային թեմա է:

Ճիշտ է, որ Արցախի Հանրապետության նախագահի մամլո բանբերը սիրիահայությանը հնարավորության սահմաններում օժանդակելը գերադասել է իր հայտարարությունում։ Այսուհանդերձ, նա պատասխանել է նաեւ Բաքվի բողոքին: Ի վերջո Արցախի օժանդակությունը իր նախադեպն ունի` սիրիահայ ընտանիքներին համապատասխան դյուրություններ ընձեռելու առումով: Այժմ այդ դյուրությունների ընծայման մասին խոսում է պաշտոնական Ստեփանակերտը, ի հեճուկս Բաքվի թե՛ բողոքներին եւ թե՛ շահարկումներին: Պարզ է ուղերձը. բնակեցումը պիտի շարունակվի:

Արցախը 22 տարի առաջ ինքնորոշվել է, անկախ Հանրապետություն է, կայացած պետություն է եւ ի՛նքն է որոշում նաեւ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցներին օժանդակություն տրամադրելու տարողությունն ու եղանակը: Այս օրերին, ռազմավարական նշանակություն ունեցող արցախյան ընտրանքը կարող է հատուկ կարեւորություն ներկայացնել ոչ միայն սիրիահայության համար: Հրատապ կարգով` սիրիահայութեան համար։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: