ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում

28 փետրվարի, 2018 | 08:54

Փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց քննարկում նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Եվրոխորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվասիի եւ Լարս Ադակտուսոնի հրավերով, կազմակերպությամբ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի, Թուֆենեկյան հիմնադրամի եւ Ամերիկայի Հայկական իրավանց կենտրոնի։

Նիստը վարում էր Հայ Դատի միջազգային քարտուղարության արտաքին հարաբերությունների պատասխանատու Կիրո մանոյանը։ Ներկաներին ողջունեցին պատգամավորներ Միշել Ռիվասին եւ Լարս Ադակտուսոնը, իրենց ելույթներում անդրադառնալով Սումգայիթի, Բաքվի եւ Մարաղայի հայկական ջարդերին, Արցախյան խնդրի լուծմանը,  ընդգծելով նաեւ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Լարս Ադակտուսոնը հատկապես ընդգծեց, որ  եվրոպական պատագամավորները Բրյուսելում նստած չեն կարող օբյեկտիվ կարծիք կազմել Արցախի մասին, այլ պետք է տեղում լինեն, այցելեն Ղարաբաղ եւ տեսնեն, թե ինչպես են այն մարդիկ ապրում եւ ինչ են մտածում։

Դոկտոր Ալֆրեդ դե Զայասն անդրադարձավ միջազգային օրենքներում առկա այն սկզբունքներին, որոնք թույլ են տալիս կիրառելու ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Խոսեց նաեւ ԼՂՀ պետական կառույցների կայացման եւ ինքնորոշման հանրաքվեի կարեւորության մասին։

Դոկտոր Պոլ Վիլյամսն էլ արձանագրեց, որ վերջին տարիներին շատ բան է փոխվել ինքնորոշման ընկալման հարցում, եւ Ղարաբաղը միակը չէ այս շարքում։ Միայն վերջին 25 տարում 20-ից ավելի նոր պետություններ են կազմավորվել։ ,,Արցախն արդեն անկախության մեծ փորձառություն ունի,  եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի,,- ասաց նա։

Այս ընթացքում նիստին ներկա ադրբեջանցի ուսանողները փորձեցին Խոջալուի գենոցիդ վերտառությամբ պաստառ պարզել, բայց Հայ Դատի ներկայացուցիչը անմիջապես պատռեց դրանք, այնպես որ նրանց նախատեսված ակցիան ձախողվեց։

Այնուհետեւ ելույթ ունեցով ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ով արձանագրեց, որ նախկին Խորհրդային տարածքում առկա հակամարտությունների շարքում Լեռնային Ղարաբաղը միակն է, որի պարագայում կողմերի միջեւ խաղաղապահ ուժեր չկան տեղակայված։ Նրա կարծիքով, դա բարձրացնում է պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն էլ նշեց, որ Լեռնային Ղարաբաղը դա կոնֆլիկտի անուն չէ, այլ երկիր է, որտեղ մարդիկ ապրում են ու արարում, պայքարում ապրելու համար եւ իրենց մարդկային իրավունքների պաշտպանության համար։ Նա նշեց, որ ԵՄ -ն պետք է աջակցի խաղաղ բանակցությունների ընթացքին, եւ Ադրբեջանը պետք է հասկանա, որ առանց Լեռնային Ղարաբաղի բանակցությունների սեղանի շուրջ նստելու, այս հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ։ ,,Առանց սեղանի շուրջ բանակցելու ապագայում խաղաղություն եւ կայունություն անհնար է պատկերացնել,,- ասաց նա։

Այնուհետեւ ներկաները պատասխանեցին տարբեր հարցերի, այդ թվում ադրբեջանցիների, տվեցին սպառիչ պատասխաններ՝ թե Արցախի խնդրի, եւ թե Խոջալուի դեպքերի մասին, նշելով, որ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը չեխ լրագրողին տված իր հարցազրույցում արդեն նշել է, թե ովքեր են եղել դրա կազմակերպիչները։

Այսօր Եվրախորհրդարնում տեղի կունենա մի այլ քննարկում ՝ նվիրված Արցախին, որ կազմակերպել են  Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, Հայասատանի Եվրոպացի ընկերներ եւ ՀԲԸՄ Եվրոպա կազմակերպությունները։

Հակոբ Ասատրյան

Բրյուսել

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը .

Ըստ ականավոր միջազգային գիտնականների Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղության գործընթացի առաջնային սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ

Բրյուսել, 28 Փետրվար 2018 – Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները:

Բանախոսների թվում էին ՄԱԿ-ի՝ «Ժողովրդավարական և անաչառ միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ» դոկտորԱլֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և  քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը: Միջոցառումը համատեղ ջանքերով կազմակերպել էին Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (Armenian Legal Center for Justice and Human Rights-ALC),  Թուֆենկյան հիմնադրամը և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD):

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվեցին փետրվարի 26-27-ը Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում (Center for European Policy Studies- CEPS) տեղի ունեցած գիտաժողովի եզրակացությունները, որին մասնակցում էին միջազգային իրավունքի տասնյակ ականավոր մասնագետներ և նախկին  դիվանագետներ:  Գիտաժողովը կազմակերպվել էր Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից:
Գիտաժողովի եզրակացությունները հետևյալն էին`

  • Արցախը պետք է լինի խաղաղության գործընթացի հիմնական սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ
  • Հաստատված միջազգային իրավական նախադեպերի հիման վրա ժողովուրդները՝ այդ թվում արցախցիները, իրավունք ունեն անկախություն հռչակելու
  • Միջազգային իրավունքը արգելում է բռնի ուժով անկախության հռչակմանը պատասխանել
  • Արցախը լիարժեք պետություն է ըստ «վաստակած ինքնիշխանության» հայեցակարգի, քանի որ այն ունի ինստիտուցիոնալ ներուժ, ժողովորդավարական ճանապարհով ընտրված իշխանություն, իր սահմանների նկատմամբ վերահսկողություն և գործող քաղաքացիական հասարակություն
  • Միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն ներգրավվի Արցախում`անկախ վերջինիս կարգավիճակից
  • Միջազգային իրավունքը որոշակի շրջանակ է ապահովում, բայց միայնակ չի կարող ծառայել որպես հակամարտությունների լուծման գործիք. հակամարտույթունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել քաղաքականության դերը
  • Վստահության մթնոլորտի ապահովումը առանցքային գործիք է հիմնախնդրի վերջնական կարգավորման և խաղաղության հասնելու գործում
  • Հայատյացության սրացումը և պատերազմի քաջալերումն անընդունելի են և չպետք է խրախուսվեն. բռնության և ատելության հովանավորչությունն արգելված է միջազգային իրավունքով

Իր ներկայացման ընթացքում դոկտոր դե Զայասն ընգծեց, որ ժողովրդների ինքնորոշումը սխալմամբ մեկնաբանվում է որպես ապակայունացնող տարր: Մինչդեռ այն տարածաշրջանային և միջազգային կայունության   վճռական բաղադրիչներից է: Մեկնաբանելով 2016թ-ի ապրիլի քառօրյա պատերազմը` նա նշեց. «2016թ-ի ապրիլին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով խաթարվել է խաղաղությունը, և այն պետք է դատապարտվի որպես ՄԱԿ-ի կանոնդարության խախտում»:
Դոկտոր Ուիլյամսը շեշտեց ինքնորոշման իրավունքին առնչվող մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ ներկայումս աշխարհում կան 70-ից ավելի ինքնորոշման ակտիվ շարժումներ: Սակայն լուծում գտնելու արդյունավետ մեխանիզմի ձախողումը վերջին հիսուն տարիների ընթացքում քսան միլիոն մարդու կյանք է խլել:

«Ինքնորոշման շարժումների կարգավորման համար ծրագրերի մշակման ձախողումը մահացու է», – բացատրեց Ուիլյամսը: Նա շարունակեց` առաջ քաշելով «վաստակած ինքնիշխանության» հայեցարակարգը որպես մահացու հակամարտությունները կանխելու վճռորոշ մեխանզիմ: Վաստակած ինքնորոշումը դե ֆակտո պետություններից պահանջում է մինչ ճանաչում ձեռք բերելը կառուցել կենսունակ պետական հաստատություններ և մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարություն:
Ամփոփ ներկայացնելով վերջին զարգացումները՝ Դոկտոր Մարկեդոնովը փաստեց, որ բռնության և ռազմական հռետորաբանության աճը կողմերի միջև էլ ավելի մեծ պատնեշ է ստեղծել,ինչն ավելի է բարդացրել բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորումը: Նա նաև զգուշացրեց, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, «քանի որ մեկ այլ կարևոր մարտահրավեր է հայ-ադրբեջանական սահմանը, որը վիճելի տարածք չէ, սակայն ենթարկվում է հրադադարի խախտման»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը նշեց. «Արցախը միայն հակամարտության անուն չէ. այն տարածք է, որտեղ մարդիկ են ապրում: Այս մարդկանց վիճակված էր պայքարել իրենց ապրելու իրավունքի համար»: Ալեքսանյանը շեշտեց, որ ուժեղ պետություն կառուցելու Արցախի վճռականության ապացույց է այն փաստը, որ երկիրը միակողմանիորեն  միացել է մարդու իրավունքների բազմաթիվ պայմանագրերի, ինչպիսիք են`  Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը, Ժնևի կոնվենցիաները և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը:

Կոնֆերանսի մասնակիցները եկան համաձայնության, որ Արցախի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Արցախում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար:

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC)

Թուֆենկյան հիմնադրամ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ

Վերջին երեք լուսանկարը՝ Հայ Դատի գրասենյակի
http://www.eafjd.eu/RemedialSecessionPrAr.html

 


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
6. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
8. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
9. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
10. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: