ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախը միջազգային հանրությանը կոչ է անում կտրուկ դիրքորոշում արտահայտել Սումգայիթյան ջարդերի նկատմամբ

27 փետրվարի, 2013 | 08:19

ԵՐԵՎԱՆ- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես,,-ի հաղորդմամբ` հայտարարությունում նշվում է. «1988 թվականի փետրվարի 27-29 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ իշխանությունների թողտվության և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում մարդկանց սպանում էին, բռնաբարում և խեղում լոկ այն պատճառով, որ նրանք հայեր էին: Սումգայիթում տասնյակ սպանվածները, հարյուրավոր խեղվածներն ու հազարավոր վտարված հայերը դարձան առաջին զոհերն Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի, ովքեր դրանից մեկ շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարել էին ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու մտադրության մասին: Չնայած այդ պահանջներն իրենց բնույթով խաղաղ և օրինական էին, Ադրբեջանն ի սկզբանե հրաժարվեց երկխոսությունից, փոխարենը դիմելով սպառնալիքների և ահաբեկման լեզվին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման բռնաճնշումներին:

 

Ցավոք, առ այսօր սումգայիթյան ջարդերը չեն արժանացել միջազգային հանրության համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականին: Ավելին, սումգայիթյան կոտորածի մասին ճշմարտության չբարձրաձայնումը, դրա իրական պատճառների պարտակումը և իսկական կազմակերպիչների անպատժելիությունը ճանապարհ բացեցին Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ էթնիկ զտումներ իրականացնելու համար, որոնք իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին Բաքվում հայերի արյունահեղ կոտորածի և բռնատեղահանման ժամանակ, իսկ հետագայում էլ հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:

 

Սումգայիթի ողբերգական իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին և նպաստեցին հայերի և ամեն հայկականի նկատմամբ կույր ատելության հետագա սաստկացմանը, ինչը հետևողականորեն և հաջողությամբ սերմանվում է Ադրբեջանում և նրա հասարակության մեջ:

 

Այսօր Ադրբեջանում, չնայած միջազգային հանրության` իր բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչերին, քարոզվում են այլատյացություն, անհանդուրժողականություն և ռազմամոլություն: Ցանկացած ոք, ով հանդես է գալիս հայերի հետ ինչ-ինչ հարաբերություններ հաստատելու օգտին, ահաբեկվում է և դաժան հաշվեհարդարի ենթարկվում իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ ադրբեջանցի սպան, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել իր հայ համակուրսեցուն սումգայիթյան ջարդարարների ձեռագրին համաձայն դաժանորեն սպանելու պատճառով, փառաբանվում է որպես ազգային հերոս և օրինակ երիտասարդ սերնդի համար:

 

25 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակին և համաշխարհային հանրությանը կոչ ենք անում իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ: Զանգվածային սպանությունների և ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետևում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաև կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը,,:

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
2. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
3. Հայաստանը և Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը. Աբո Չափարյան
4. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
5. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում
6. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում
7. «Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով
8. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ,, ՀԲԸՄ արշավը շարունակվում է
9. ՀԲԸՄ Եվրոպայի պատվիրակությունը Արցախում
10. Արցախի Հանրապետության ԱԳՆ hայտարարություն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: