ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արտասահմանյան առաջնակարգ բուհեր ընդունված երիտասարդներին հանձնվեցին ,,Լույս,, հիմնադրամի հավաստագրեր

19 հուլիսի, 2013 | 10:56

ԵՐԵՎԱՆ.- ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը: Մասնակցել են նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:

Հանրապետության Նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

«Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր և դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ: Տարեց-տարի ավելանում է հայ երիտասարդների ներկայությունը աշխարհի լավագույն բուհերում: Եվ այսօր այդ ներկայությունը բավականաչափ սոլիդ է: Ես ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական: Ինձ համար չափազանց կարևոր է տեսնել ձեզ, անձամբ ծանոթանալ և զրուցել: Աշխարհի լավագույն բուհերում սովորելը, իմ կարծիքով, և՛ իրավունք է, և՛ հնարավորություններ: Իրավունքը վաստակում է երիտասարդն իր գիտելիքով, իր աշխատանքով, իսկ հնարավորություններ պետք է ստեղծեն ձեր մերձավորները, ձեզ շրջապատող մարդիկ, հասարակությունը, որտեղ դուք ապրում եք, պետությունը, իշխանությունները և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեզ օժանդակել: Եվ այս պարագայում, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծում է «Լույս» հիմնադրամը: Մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք, ուսանելով լավագույն բուհերում, նոր գիտելիքներ եք ձեռք բերելու: Հավատում ենք, որ դառնալու եք լավ մասնագետներ, լավ մարդիկ, լավ հայեր, լավ քաղաքացիներ: Ինչպես գիտեք, հայերը մշտապես ձգտում էին գնալ աշխարհի գիտական և կրթական կենտրոններ, բայց վստահ եմ, որ նաև գիտեք, որ այդ գործընթացը միանշանակորեն չի գնահատվել և այսօր էլ, թերևս, կան նման մոտեցումներ: Օրինակ, մեր մեծ մտածողներից Ռաֆայել Պատկանյանը մտահոգություն էր հայտնում, որ դրսում գիտելիք ստացած երիտասարդները շատ դեպքերում հեռանում են մայր ժողովրդից և արագ ուծանում: Կարծում եմ, որ նա գտնում էր, որ աշխարհի լավագույն կենտրոններում գիտելիք ստացած մարդկանց համար ավելի հեշտ է ինտեգրվել օտար հասարակությանը, և շատ դեպքերում այդպես էլ տեղի էր ունենում:

Այս դահլիճում ներկա են նաև այն երիտասարդները, ովքեր «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ գիտելիք են ձեռք բերել լավագույն բուհերում, վերադարձել են Հայաստան և այստեղ նրանք աշխատում են, ապրում են լիարժեք կյանքով: Վստահ եմ, որ նրանց օրինակը շատ ավելի գրավիչ է: Այսօր մեր հասարակությունը դժվար օրեր է ապրում: Դրսում լավ աշխատանք և ավելի լավ պայմաններ փնտրելու խնդիրը շատ ցավոտ է ընկալվում մեր հասարակության կողմից, մեր բոլորի կողմից և դրա հիմնական պատճառն այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակն է մեր հայրենիքում: Բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ այս գործընթացը երկարատև չի լինելու: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք զարգացման մեր ճանապարհին: Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներն ինձ համար հետաքրքիր են նաև այլ առումով: Ես վստահ եմ, որ դուք այն մարդիկ եք, ովքեր դրսում գիտելիք ձեռք բերելով՝ վաղը համալրելու եք մեր պետական կառավարման համակարգը: Չափազանց կարևոր է, որ պետական համակարգում աշխատեն նվիրված, կոմպետենտ և իրենց ապագան լավ պատկերացնող երիտասարդներ: Յուրաքանչյուր երկրի հարստություն, առաջին հերթին, առողջ և կրթված երիտասարդներ են: Ես վստահ եմ և կրկնում եմ՝ մենք հավատում ենք ձեզ: Հավատում ենք, որ դուք գիտելիք ստանալով, ավելի եք ուժեղանալու, որովհետև մենք միշտ ասում ենք, որ գիտելիքը ուժ է, և ինքներդ ուժեղանալով, ուժեղացնելու եք մեր պետությունը, մեր հասարակությունը: Եվս մի խորհուրդ ունեմ ձեզ տալու. ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ: Կարդացե՛ք մեր դասականներին, կարդացե՛ք համաշխարհային դասականներին, կարդացե՛ք ժամանակակից գրականություն: Ես կասկած չունեմ, որ ցանկացած բարձրակարգ համալսարանում դասախոսները ծրագրերի միջոցով ի վիճակի են լիարժեք գիտելիք տալու, բայց դրանով մի բավարարվեք: Այդպիսի համալսարանում կարելի է դառնալ շատ լավ իրավաբան, շատ լավ մաթեմատիկոս, շատ լավ կառավարիչ, բայց հավատացեք, առանց կարդալու՝ անհնար է դառնալ լայնախոհ անհատականություն: Իսկ առանց լայնախոհության շատ դժվար է իրերն ու իրադարձությունները գնահատել այնպես, որպեսզի օգտակար լինի և՛ ձեզ՝ կոնկրետ անձին, և՛ այն հասարակությանը, որտեղ դուք ապրում և գործում եք:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ ձեզ հաջողություն և ուզում եմ, որպեսզի մեր հաջորդ հանդիպումների ժամանակ այս տարի ընդունվածները ևս ներկա լինեն և իրենց օրինակով ոգևորեն նրանց, ովքեր կընդունվեն 2014, 2015 թվականներին», – «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. «Լույս» հիմնադրամին աշխատանքի դադարեցման մասին ծանուցում է ներկայացվել. կրթաթոշակառուները կոչ էին արել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ
3. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
4. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
5. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
6. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
7. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
8. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
9. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
10. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: