ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում

14 սեպտեմբերի, 2017 | 17:40

Վաղը Լոռու մարզի Օձուն գյուղում  հանդիսավոր կերպով կմեկնարկի  բացօթյա նկարչական միջազգային, արդեն ավանդական դարձած փառատոնը` այս անգամ «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով: Այդ առթիվ  «Հենարան» ակումբում ասուլիսով հանդես եկավ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի ղեկավար Սերգո Երիցյանը: Նա սիրով պատասխանեց նաև մեր հարցերին:

 

-Արդեն 7-րդ տարին անընդմեջ տարբեր խորագրերով անց  են կացվում  «Հայկական ներկապնակ» ծրագրի փառատոնները: Ի՞նչ խորագրով է այն անցկացվելու այս տարի: 

-Այս անգամ այն ունենալու է «Բարեկամության և համագործակցության ներկապնակ» խորագիրը:  Բացօթյա նկարչության միջւազգային փառատոնը անցկացվելու է սեպտեմբերի 15-ից 25-ը Լոռվա գեղեցիկ ու գողտրիկ վայրերից մեկում` Օձուն գյուղում: Սակայն Օձունն անցկացման միակ  վայրը չէ. ճիշտ է նկարիչները ապրելու են Օձունում և հիմնականում այնտեղ են ստեղծագործելու, բայց և կլինեն տարածաշրջանի տարբեր հատվածներում:

-Ո՞ր երկրներից են նկարիչները և քանի՞սն են նրանք` այս տարվա փառատոնի մասնակիցները:

-Շուրջ 30 նկարիչ է ժամանելու 8 երկրից`Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Չինաստանից, Էստոնիայից, Լիտվայից ու Լատվիայից: Կան մասնակիցներ, ովքեր առաջին անգամ չէ, որ գալիս են Հայաստան: Նրանք գիտեն իրենց հայ գործընկերներին, արդեն ունեն բարեկամական ամուր կապեր նրանց հետ: Մենք չենք մոռանում նախորդ տարիների մեր մասնակիցներին և նրանց ևս հրավեր ենք ուղարկում: Եթե ժամանակը ներում է, նրանք մեծ սիրով գալիս են:

-Ո՞ր կազմակերպություններն են աջակցում փառատոնի կայացմանը:

-Այս  նկարչական բացօթյա փառատոնը,  կազմակերպվել է ԱՊՀ երկրների միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության անմիջական և գործուն աջակցությամբ: Մեզ աջակցում են նաև Լոռու մարզպետարանը, Գուգարաց թեմը, «Փյունիկ» հիմնադրամը, Հայաստանի նկարիչների միությունը, «Տոսպ» միավորումը, «Էդիթ-Պրինտ» հրատարակչությունը, այլ կազմակերպություններ, այսինքն`  աջակիցների բավականին մեծ խումբ գոյություն  ունի, որը ոչ միայն այս տարի, այլև արդեն 6 տարի շարունակ մեր կողքին է:

-Այս տարի փառատոնը Լոռվա աշխարհին է նվիրված: Ինչու՞  Լոռվա աշխարհին:

Մենք միջազգային  նկարչական փառատոններ կազմակերպել ենք համարյա թե մեր բոլոր մարզերում, Արցախում:  Իսկ Լոռում երրորդ անգամ ենք կազմակերպում, որովհետև բացօթյա  նկարչության համար Լոռին լավագույն բնաշխարհն ունի: Դա նաև նկարիչների ցանկությունն է:

Մենք մեր հայրենի բնության, հայրենի եզերքի հանրահռչակման խնդիր ունենք և աշխատում ենք այս փառատոնը հենց այդ նպատակին ծառայեցնել: Նկարիչները տարբեր երկրներից են գալիս` նաև իրենց վրձնահարվածներով ճանաչելու և հասկանալու Հայաստանը: Կտավների մի մասը մնում է Հայաստանում և ցուցահանդեսի տեսքով ներկայանում հանրությանը, մյուս մասը նկարիչները տանում են իրենց հետ ու մասնակցում տարբեր ցուցահանդեսների: Օրինակ, անցյալ տարի, երբ չինացիները եկան այստեղ` իրենց ստեղծած բնանկարներով ցուցադրություն կազմակերպեցին Չինաստանի Նանկին քաղաքում:

Շատ  հետաքրքիր է, երբ նկարիչները ոչ միայն գալիս, տեսնում, նկարում, ճանաչում  են քո երկիրն, այլև այդ ամենի արդյունքում, մշակութային փոխհարաբերություններ ու կապեր  ստեղծում, որպեսզի մեր երկրի արվեստագետները հնարավորինս կարողանան ներկայանալ այլ երկրներում: Անցած տարի փառատոնի մասին նաև ֆիլմ պատրաստեցինք, ընդ որում և՛ հայերեն, և՛ չինարեն: Այն լուրջ արձագանք է ունեցել:

-Այսինքն հայ նկարիչները ևս այլ երկրներում մասնակցու՞մ են նման փառատոնների:

-Օրինակ, մեր չինացի բարեկամների հետ տարեվերջին ծրագրում ենք Չինաստանում կազմակերպել նմանօրինակ փառատոն` հայ նկարիչների մասնակցությամբ: Այսպես փոխադարձ հարաբերություններ են ստեղծվում, որոնք հնարավորություն են տալիս նկարիչներին ճանաչելու միմյանց երկրները: Երբ անցյալ տարի հայ-չինական փառատոն կազմակերպեցինք, պարզապես պետք էր տեսնել, թե  որքան հիացած ու ոգևորված էին արվեստագետները: Այնքան էին ոգևորված, որ գիշեր-ցերեկ նկարում էին, ստեղծագործում: Այնքան էին հետաքրքրված Հայաստանով և այնքան սիրեցին մեր երկիրը, որ ստեղծագործությունից բացի ցանկացած ազատ ժամանակ օգտագործում էին գնալու բնության որևէ անկյուն, ծանոթանալու պատմաճարտարապետական հուշարձաններին: Մեզ թվում էր, թե նրանց  համար շատ հետաքրքիր չեն լինի Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները, մասնավորապես` եկեղեցիները, բայց ստացվեց հակառակը:

Նման փառատոններում նկարիչները 10 օրվա ընթացքում դառնում են իրենց երկրի արվեստի հետաքրքիր դեսպանները: Պատահական չէ, որ փառատոններից հետո մենք միշտ հիացական նամակներ ու արձագանքներ ենք ստանում: Այնքան անկրկնելի է Լոռվա բնությունը, այնքան ինքնատիպ, որ նկարիչները հետաքրքիր և ինքնատիպ բնանկարներ կստեղծեն: Ամեն օր առավոտյան նկարչական խմբերը հնարավորություն կունենան մեկնելու բնության որևէ գողտրիկ անկյուն և ստեղծագործելու այնտեղ: Փաստորեն Լոռվա բնությունը նրանց համար դառնում է արվեստանոց` բաց երկնքի տակ:

Ի՞նչ է նախատեսվում այս ծրագրի շրջանակներում:

-Սա  նաև արվեստի դիվանագիտության ձև է, երբ հնարավորություն ենք տալիս, որ այս կերպ  արվեստին ավելի մոտիկից հասու լինի հանրությունը: Բացօթյա նկարչության հնարավոր վայրերի մասին մենք վաղօրոք տեղեկացնում ենք արվեստասեր հասարակությանը, և հետաքրքրվողները կարող են գնալ և տեսնել, թե ինչպես են ստեղծագործում տարբեր ազգերի ներկայացուցիչ արվեստագետները: Օրինակ, երբ Օձունի վանական համալիրում  ստեղծագործում էին   չինացի նկարիչները, այդ գյուղի  արվեստի դպրոցի աշակերտները եկան, հանդիպեցին, զրուցեցին նկարիչների հետ, նրանց խորհուրդները լսեցին: Նրանցից շատերը` գեղարվեստի դպրոցների սաներ են,  նաև` ապագա նկարիչներ, և օգտվելով ընձեռնված հնարավորությունից անցնում են վարպետաց դասեր, համատեղ ստեղծագործում ավագների հետ:

Այնպես որ կլինեն վարպետաց դասեր, հանդիպումներ հասարակության տարբեր շերտերի ու արվեստասերների հետ: Պարտադիր կլինեն քննարկումներ` ինչ նկարեցին, ինչ տեսան ու զգացին: Ամբողջ օրվա ընթացքում հնարավոր կլինի ակտիվ գործունեություն ծավալել: Նկարիչները կկարողանան նաև ճանաչել տվյալ տարածաշրջանի հանրությանը, հանրությունն էլ` նրանց:

Շատ կարճ ժամանակով նկարչական խումբը կլինի նաև Երևանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մենք կփորձենք անել հնարավոր ամեն բան, որ Հայաստան ժամանած յուրաքանչյուր նկարիչ իր հետ տանի Հայաստանի մի փոքրիկ մասնիկը և երկրից  հեռանա` կրկին  վերադառնալու ցանկությամբ:

Այսպիսի միջոցառումներն իրենց արձագանքներն ունենում են ամբողջ տարվա ընթացքում:  Փառատոնի ավարտին Օձունի եկեղեցու բակում սեպտեմբերի 24-ին կկազմակերպենք բացօթյա ցուցահանդես: Եկեղեցի այցելողները կտեսնեն կտավի վրայի ներկը դեռևս չչորացած, շրջանակ չհագած աշխատանքներ: Սա ինքնատիպ մոտեցում է:

Փառատոնի օրերին փոխվում է Օձունի կյանքը: Նկարիչները մեծ սիրով շփվում են տեղի արվեստասերների հետ, հյուրընկալվում են օձունցիների տներում, խմում նրանց թորած օղին, ճաշակում  Լոռվա ձորի ուտեստները, բարեկամություն  հաստատում այդ մարդկանց հետ: Այնպես որ այս փառատոնը տվյալ տարածաշրջանի, սովորույթների ճանաչման և ընկալման առումով ևս կարևոր դերակատարություն կունենա:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Չինական դասական պոեզիայի հարստությունը
2. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
3. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
5. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
6. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
7. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/
8. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
9. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
10. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
2.Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն
3.Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները
4.Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
5.Գագիկ Գինոսյանի «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը
6.Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին
7.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
8.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
9.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: