ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՐՄԵՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ. Հիմնական խնդիրը գիտության ոլորտի թերֆինանսավորումն է

14 ապրիլի, 2013 | 11:55

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Արմեն Թումասյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Աշխատում է Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայում (նախկին՝ ԵրՖԻ – Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), զբաղվում է փորձարարական ֆիզիկայով, ներկայում աշխատում է CMS(LHC) նախագծում՝ հադրոնային շիթերի էներգետիկ տրամաչափման, Հիգգսի մասնիկի որոնման և մի քանի ուրիշ խնդիրների վրա: Հանդիսանում է CMS(LHC) գիտափորձի հայաստանյան խմբի անդամ: Սա, եթե ոչ ամենահզորը, ապա ամենահզոր գիտափորձերից մեկն է ամբողջ աշխարհում: Կոլաբորացիան բաղկացած է մոտ 3000 գիտաշխատողից: Չնայած հայաստանյան իրենց խումբը փոքր է (ընդամենը 4 հոգի), բայց տարբեր խնդիրների լուծման մեջ ունեցել են լուրջ ներդրում: Արտասահմանյան գործընկերների հետ կապը շատ ամուր է ու փոխադարձ օգտակար:

Աշխատանքները ներկայացվել են CMS գիտափորձի պարբերական գիտաժողովներում, RDMS-CMS գիտաժողովներում: Հոդվածների թիվը մի քանի հարյուր է, բոլորն էլ՝ ամենահեղինակավոր ամսագրերում, հղումների թիվն, իր խոսքով, տատանվում է 0-ից մինչև 500 և ավելին: 2012-ին «Տաշիր» հիմնադրամի կողմից ստացել է դրամական պարգև` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած՝ «Առավելագույն հղումների թվով աշխատանքների» մրցույթի շրջանակներում:

–Արմեն, ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք գիտնական դառնալ։

–Սիրում եմ իմ մասնագիտությունը, դարձա գիտնական, որովհետև ունեի հնարավորություն՝ զբաղվելու իմ սիրած գործով… Ուղղակի, ինձ հետաքրքրող հարցերն ու պատասխանները գիտության ոլորտից են: Սխալ է ասել, թե ես ինչ-որ մի օր որոշեցի դա, այդպես ստացվեց. սկզբում լավ էի սովորում դպրոցում ու սիրում էի ֆիզիկան, որոշեցի ընդունվել համալսարան, հետո լավ էի սովորում համալսարանի բակալավրիատում ու որոշեցի շարունակել, սովորել ու ավարտել մագիստրատուրան, հետո լավ էի սովորում մագիստրատուրայում ու ունեի հետաքրքիր խնդիր, որով որոշեցի շարունակել զբաղվել ասպիրանտուրայում, իսկ հետո ոչինչ չէր մնում, քան պաշտպանել ու դառնալ գիտնական։ Օրվա մեծ մասն եմ նվիրում գիտությանը, թեև դա կախված է օրվանից ու գործերի ծանրաբեռնվածությունից, պետք եկած ժամանակ, պատահում է՝ ամբողջ օրը: Այլ հետաքրքրություննե՞ր… դե դրանք տարբեր են. փորձում եմ ոչնչից հետ չմնալ, բայց դրանից գործերս չեն տուժում: Նախասիրություններս՝ սպորտ, խաղեր, ֆիլմեր և այլն, առանձնահատուկ՝ ոչինչ:

– Արմեն, Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները՝ հասարակության կողմից գիտությունը չկարևորե՞լը, արժեհամակարգի խեղո՞ւմը՝ անկախության տարիներին, համապատասխան պետական օղակների վատ աշխատա՞նքը…

–Ըստ իս, հարցի առաջին մասում պատճառն ու հետևանքը տեղերով պետք է փոխել: Չեմ կարծում, որ ընդհանուր առմամբ մեր հասրակությունում տեղ ունի գիտության չկարևորում, իսկ եթե տեղ ունի էլ, ապա հիմնական պատճառը հենց թերֆինանսավորումն է: Հասարակության մեջ կա հարգանք՝ գիտության և նրանով զբաղվողների նկատմամբ, ըստ երևույթին, շատերը խուսափում են այս ոլորտից` ուղղակի իմանալով կամ ենթադրելով իրենց սպասվող ֆինանսական դժվարությունների մասին, եթե որոշեն աշխատել այդ ոլորտում: Իմ կարծիքով, նախ և առաջ պետք է պետության (հե՛նց պետության և ոչ թե առանձին բարեգործների կամ ներդրողների) կողմից հովանավորվող համակարգված լուրջ ծրագիր, որը նպատակ կունենա բարելավել գիտության և այդ ոլորտում աշխատողների պայմանները:

–Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք տրվեցին վերջին երկու տարվա ընթացքում։ Արդյո՞ք դրանք բավականչափ լրջորեն են փոխում իրավիճակը։

–Իհարկե, այսպիսի ծրագրերը շատ ողջունելի են և անհրաժեշտ, սրանք լրացուցիչ խթան  են հանդիսանում բոլորիս համար: Այո՛, որոշ չափով փոխում են իրավիճակը:

–Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և ասել, թե ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

–Հիմնական խնդիրը գիտության ոլորտի թերֆինանսավորումն է։ Իհարկե, այլ խնդիրներ էլ կան (օրինակ, տարբեր հարցերում տարբեր ղեկավար անձանց կողմից ծայրահեղ բյուրոկրատական մոտեցումը):

–Կարծիքներ կան, որ գիտնականը չպետք է նյութականից խոսի, որ նրա միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու որ գիտնականը դադարում է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։ Ի՞նչ կասեք։

–Գիտնական լինելուց առաջ նախ բոլորս էլ մարդ ենք՝ մեր կենսական ու կենցաղային խնդիրներով:

–Որքա՞ն է կոռուպցիան տարածված գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես, կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ ևս տուժել եք դրանից։

–Ես դժգոհություն չունեմ իմ կոլեկտիվի մարդկանցից, ես մեծ հարգանք եմ տածում իմ ղեկավարի ու լաբորատորիայի վարիչի նկատմամբ, իմ արդյունքները երբեք ոչ ոք չի յուրացրել: Կոռուպցիան համակարգին ընդհանուր առմամբ է վերաբերում: Իմ կարծիքով, դա մեր ոլորտից կվերանա այն ժամանակ, երբ պաշտոնները համապատասխան անձանց բաժին հասնեն՝ ըստ իրենց արաժանիքների և տվյալ պաշտոնում համընդհանուր բարելավման համար ծավալած գործունեության, ոչ թե՝ ելնելով ծանոթ-բարեկամ կատեգորիայից:

–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։ Ինչպե՞ս կբունաթագրեք դրանք։

–Այո, տեսնում եմ (օրինակ վերը նշված մրցանակաբաշխությունները` «Հայկյան», “Հղումների քանակի” և այլն), դրանք, ինչպես ասացի, լրացուցիչ խթան են հաղորդում, բայց դա դեռ շատ քիչ է՝ ոլորտի պրոբլեմները լուծած համարելու համար:

–Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում՝ գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

–Պարբերաբար մեկնում եմ այլ երկրներ` ՌԴ, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա: Բարձր աշխատավարձ, բյուրոկրատիայի բացակայություն, սոցիալական ծրագրեր, որոնք օգնում են գիտաշխատողներին կենցաղային հարցերում (ասենք, կացարանի առկայություն)… սրանք մեզ մոտ բացակայում են:

–Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

–Իհարկե, ավելի սերտ համագործակցությունը կարող է տալ լավ արդյունքներ, և կարելի կլինի ավելի մեծ դրամաշնորհներ շահել, բայց չեմ կարծում, որ ոլորտի խնդիրները կլուծվեն դրանով, պետք է պետական լուրջ աջակցություն:

–Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին. արդյո՞ք, մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից, չպետք է արագորեն ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

–Ես ինքս 2012-ին պաշտպանել եմ ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման ատենախոսություն և շատ լավ տեսնում եմ այն բացը, որը ներկայում կա: Հարցեր են տրված, թե ինչպես շտկել իրավիճակը: Նորմալ վարձատրվող PostDoc-ի տեղեր ստեղծելը, իմ կարծիքով, շատ լուրջ բարեփոխում կլիներ: Սա լուրջ քայլ կլիներ՝ երիտասարդ կադրերին Հայաստանում պահելու գործում, որն անչափ կարևոր է մեր տեղի գիտական ինստիտուտների մրցունակության, հեղինակության բարձրացման գործում։

–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

–Կախված է նրանից, թե նախորդ հարցն ինչ լուծում կստանա:

Մանե Հակոբյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
2. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
3. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
4. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
5. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
6. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
7. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
8. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
9. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից
10. Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 105 ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: