ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՐԻՍ ՂԱԶԻՆՅԱՆ. Ճանաչենք մեր պատմությունը և ձևակերպենք ազգային կյանքի բանաձևը

18 հունվարի, 2013 | 21:27

aris kazinyan,,Փորձադաշտ ,,Ադրբեջան,,  գրքի հեղինակը պատասխանում է ,,Օրեր,, ամսագրի հարցերին                

ORER 1-2/ 62 2012 

Հայտնի հրապարակախոս, լրագրող, գրող Արիս Ղազինյանի անունը քսան տարի հայ եւ օտար մամուլի էջերում է։ Լրագրական գործունեությանը զուգընթաց անցած տարիներին լույս են տեսել նրա երեք բանաստեղծական գրքերը`,,Անհետացած գեները, ,,Ընդմիջումը,, եւ ,,Ով է դարիս հերոսը խենթ,, , որոնք իրապես նոր խոսք էին հայ պոեզիայում։ Ճանաչողական մեծ նշանակություն ունեն նաեւ նրա  ,,20-րդ դարի մեծագույն հայերը,, եւ ,,Հայաստանի 100 գաղտնիքները,, պատկերագրքերը։

Արիսի  վերջին գիրքը` ,,Փորձադաշտ ,,Ադրբեջանը,,  լուրջ գիտական ուսումնասիրություն է ոչ միայն Ադրբեջանի պատմության, այլեւ ողջ տարածաշրջանի պատմաքաղաքական եւ հասարակական զարգացումների, ինչը հնարավորություն է տալիս նորովի վերլուծել ե՛ւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ե՛ւ Ղարաբաղյան հակամարտությունը։ Այս  զրույցով անդրադառնում ենք միայն հեղինակի վերջին գրքին, գրականության թեման թողնելով մի այլ հարմար առիթի։ 

Արիս Ղազինյանը ծնվել է 1967–ին Երեւանում: 1974- 1984 թթ. սովորել է Ձերժինսկու անվան (այժմ Ջ.Կիրակոսյանի) դպրոցում: 1986 – 1991 թթ. ուսանել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետում, նեղ մասնագիտացումը՝  գեոմորֆոլոգ: 1993–1994 թթ.  աշխատել է ԵՊՀ ,,Ատլաս,, լաբորատորիայում, որպես քարտեզագետ եւ Քարտեզագրության ու Գեոդեզիայի ինստիտուտում, որպես խմբագիր–քարտեզագետ: 1994–1998 թթ. ,,Ազգ,, օրաթերթի թղթակիցն էր, 1999-2000 թթ.՝ ,,Երկիր,, թերթի թղթակիցը։ 2000 թ–ից ,,Գոլոս Արմենիի,, թերթի քաղաքական մեկնաբանն է: Երկար  տարիներ հանդիսացել է  ռուսաստանյան ,,Կովկաս,, վերլուծական կենտրոնի եւ ,,Ռեգնում,, գործակալության փորձագետ: Որպես հայաստանյան եւ արտասահմանյան առանձին լրատվամիջոցների սեփական եւ հատուկ թղթակից աշխատել է  ՌԴ կովկասյան ինքնավարություններում, Վրաստանում, Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում:

– Ձեր վերջին գիրքը՝ ,,Փորձադաշտ ,,Ադրբեջանը,, շահեկանորեն տարբերվում է նախորդներից: Այն լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը ներառում է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ կարելի է ասել ողջ տարածաշրջանի պատմությունը եւ հատկապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ ընթացքը: Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:

-Գրքի գաղափարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանինն է: Նշեմ, որ ի դեմս այդ կառույցի, մեզանում վերջապես գործում է (ընդ որում՝ հենց պետական բարձրագույն մարմնի ,,ներսում,,) մի խումբ, որն ընդունակ է պաշտոնապես արձանագրել հայությանը հայտարարված տեղեկատվական պատերազմի փաստը:

Մինչ այդ, ,,հայկական հակազդեցությունը,, արտահայտվում էր ոչ պաշտոնական մակարդակներում (առանձին խմբագրություններ, անհատներ, մասնավոր հետազոտական կենտրոններ), ինչը բացասաբար էր ազդում նաեւ գործի արդյունավետության վրա: Բացի այդ առիթ էր տալիս տարբեր թյուր մեկնաբանությունների. խոսվում էր օրինակ այն մասին, որ հայերի պահանջատիրությունը առավել բնորոշ է Սփյուռքում գործող մեր ավանդական կուսակցությունների գաղափարախոսությանը, բայց ոչ այնքան՝ հայաստանաբնակներին:

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում Կենտրոնի նախաձեռնությամբ լույս են տեսել Արցախի հիմնախնդրի պատմա-իրավական կողմը լուսաբանող աշխատություններ, թողարկվել հայերի ջարդերի (Սումգայիթ, Բաքու եւ այլն) ու տեղահանության (,,Օղակ,, գործողություն) մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր: Մարտի 3-ին Երեւանում կայացած ,,Սովի եւ կրակի միջեւ. Իշխանություն՝ կյանքերի գնով,, ֆիլմի առաջին հանրային ցուցադրությանը ներկա էր նաեւ ժապավենի հերոսներից մեկ՝ՙ չեխ լրագրող Դանա Մազալովան:

,,Փորձադաշտ ,,Ադրբեջան,, գիրքը՝ Հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի հերթական նախաձեռնություններից է եւ նույնպես հասցեագրված է միջազգային փորձագիտական եւ դիվանագիտական հանրությանը: Սա է պատճառը, որ աշխատությունը գրված է ռուսերեն լեզվով, նախատեսվում է առանձին հատվածներ հրատարակել նաեւ անգլերենով:

Գիրքը պատմում է ադրբեջանական ազգի առաջացման, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության ձեւավորման պատմության մասին, ներկայացնում այդ պետական կազմավորման զարգացման հիմնական փուլերը, տրամաբանությունը, օրինաչափություններն ու սկզբունքները: Կարելի՞ է արդյոք պնդել, որ առանց այս հարցերի լուսաբանման հնարավոր չէ հասկանալ ներկայիս հակամարտության իրական խորությունը

-Իհակե: Նախ պետք է միմյանցից անջատել երկու ինքնուրույն գործոն՝ ,,ղարաբաղյան հարցը,, , որպես զուտ քաղաքական խնդիր, եւ ,,ղարաբաղյան հարցը,,, որպես պատմական երեւույթ:

Առաջին դեպքում գործ ունենք չափազանց խճճված մի հանգույցի հետ՝ հյուսված թե գլոբալ, թե ռեգիոնալ, թե լոկալ բազմաթիվ եւ բազմերանգ հակասություններից:  Անկարան, Բաքուն, Թեհրանը, Փարիզը, Մոսկվան, Վաշինգտոնը, Երեւանը…  յուրովի են ընկալում ,,ղարաբաղյան  հարց,, հասկացությունը եւ անփոփոխ այդ բառակապակցության մեջ ներդնում են փոփոխական եւ միանգամայն տարբեր իմաստներ, տեսնում՝ միանգամայն տարբեր բաներ:

Երկրորդ  դեպքը՝ ոչ պակաս բարդ հանգույց է: Այստեղ արդեն հանդես են գալիս այլ բնույթի հակասություններ, կապված պատմական անցյալի, ներկայի եւ ապագայի հետ: Սա քաղաքակրթական հարցադրումների ոլորտ է: Բանն այն է, որ Պատմությունը  սոսկ դպրոցական առարկա կամ դասագիրք չէ, այլ (առաջին հերթին) ազգերի եւ պետությունների կենսագրությունը կերտող շարունակական գործընթաց, որն ի դեպ զարգանում է որոշակի օրենքներով: Պատմական փաստերը պետք է ոչ թե թվարկել, այլ բանաձեւել, բերել օրենքի տեսքի:

Այսպես, Արցախի խնդիրը ոչ թե պատճառն է  հայ-ադրբեջանական հակամարտության, այլ հետեւանքը: Ուստի հարցի էությունն ըմբռնելու ու հասկանալու համար անհրաժեշտ է նախեւառաջ փորձել ըմբռնել ու հասկանալ ադրբեջանական պատմության յուրահատկություններն ու զարգացման հիմնական օրինաչափությունները:

-Նշանակո՞ւմ է սա, որ գիրքը կոչված է ինչ-որ չափով լրացնել այն բազմաթիվ ,,լուրջ բացերը,, , որոնք տակավին գոյություն ունեն ղարաբաղյան հարցի եւ նրա քաղաքակրթական էության ընկալման ու ներկայացման կտրվածքում:

-Այո: Միջազգային կառույցները, որոնք ,,ղարաբաղյան հարցը,, դիտակում են որպես զուտ քաղաքական խնդիր, հակված են մտածել, որ հայ-ադրբեջանական հակամարտության հիմքում՝ հենց նույն ,,ղարաբաղյան հարցն է,, , որի կարգավորումը կարող է հանգուցալուծել նաեւ մնացյալ խնդիրները:

Սա սխալ մոտեցում է. հնարավոր չէ սոսկ արցախյան հիմնախնդրի ,,սահմաններում,, (ընդ որում, ,,սահմաններում,, թե ժամանակագրական, եւ թե տարածական) ,,տեղավորել,, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հակասությունների ողջ ներկապնակը. ի դեպ, խայտաբղետ մի ներկապնակ, որի գույներից լոկ մեկն է ,,ղարաբաղյանը,,:

Ընդամենը երկու օրինակ.

1998 թ.–ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հանդես եկավ  հետեւյալ հայտարարությամբ. ,,Տարածքը, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն՝ իրականում Արեւմտյան Ադրբեջանն է:  Մեր հայրերի հարազատ մահալներն՝ Իրեւանը, Գեյչան, Զանգիբասարը, Զանգեզուրը… Հավատում եմ, որ տարածքների բուն տերերը՝ ադրբեջանցիները, վաղ թե ուշ կվերադառնան հայրենիք,,:

1999 թ.-ին նույն Ալիեւն արդեն հրահանգ է տալիս պատմաբաններին. ,,Մեզ անհրաժեշտ են  այնպիսի գործեր, որոնք անընդհատ եւ հետեւողականորեն կապացուցեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքի ադրբեջանական պատկանելիությունը,,:

Նման օրինակները բազմաթիվ են. Ակնհայտ է, որ նրանք չեն  տեղավորվում սոսկ ղարաբաղյան հիմնախնդրի ,,սահմաններում,, եւ կրում են շատ ավելի լայն տարածական ու ժամանակագրական իմաստ:  Սրանք այն հարցադրումներն են, որոնք տակավին ,,չեն նկատվում,, միջազգային հանրության եւ դիտորդական առաքելությունների կողմից, թեեւ հակասությունների իրական բանալին հենց այստեղ է:


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: