ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արժանիներին» նվիրված մրցանակը տրվել է «Դինո Գոլդին». արձագանք Սփյուռքից

10 հունիսի, 2013 | 12:56

«Դինո Գոլդ Մայնինգ ընկերության» գործունեությունը և նրա կողմից բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ հարուցված դատական գործը մեծ արձագանք են գտել նաև Սփյուռքում: Ողջունելի է, որ մեր հայրենակիցները ոչ միայն հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, այլև փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում բարձրաձայնել բնապահպանական, մարդու իրավունքների և այլ ոլորտների խնդիրները: «Դինո Գոլդ մայնինգ»-ի գործունեությանն իր ուրույն ոճով արձագանքել է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Կարեն Եղբարյանը: Նա «Ասպարեզ» և «The Armenian Weekly» լրատվական կայքերի հոդվածագիր է և ունի հոդվածների շարք, որին տվել է SpitRain անունը (բառացի թարգմանությամբ՝ Թքանձրև): Հոդվածների այդ շարքում Կարենն անդրադառնում է «ամենաարժանիներին» և փորձում ցույց տալ իր վերաբերմունքը նրանց հանդեպ: Թուք ու մուրն այս անգամ բաժին է հասել Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայինինգ» ընկերությանը: Ստորև անգլերենից թարգմանաբար ներկայացնում ենք asbarez.com կայքում հրապարակված Կարեն Եղբարյանի հոդվածն ամբողջությամբ:

«Գրեթե 3 տարի է անցել այն օրվանից, ինչ որևէ անձ կամ կազմակերպություն արժանացել է այդքան «ցանկալի» Թքանձրև (SpitRain) մրցանակին, բայց այս հաղթողը մեծապես արժանի է դրան` էն էլ ոնց: Ինչպես հիշում եք, «Թքանձրևը» ծագել է հայկական հայտնի ասացվածքից. «Անամոթի դեմքին թքում ես, ասում է` անձրև է գալիս»:

Հաղթողը «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունն է (այն Հայաստանի Կապան քաղաքում ոսկու հանք է շահագործում), որը պատկանում է «Դանդի Փրեշըզ Մեթալս» կանադական ընկերությանը: Վերջինիս արժեթղթերը գրանցված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Հավանաբար ժամանակն է, որ այդ շուկայի կողմից վերանայվի, թե արդյոք «Դանդի Փրեշըզ Մեթալսը» պետք է պահպանի իր տեղը ցուցակում՝ հաշվի առնելով, թե ինչպիսի վարքագիծ է նա հանդուրժում իր դուստր ընկերության կողմից:

Հանքարդյունաբերությունն արդյունաբերության կեղտոտ տեսակ է, և այս իրողությունը կասկածի ենթակա չէ: Այնուամենայնիվ, հնարավոր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրին և հանքերում աշխատող մարդկանց հասցված վնասի չափերը` կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հոգալով անվտանգության մասին:

Սակայն թվում է, թե Դինոն ընտրել է միանգամայն հակառակ ճանապարհը` նախապատվությունը տալով վատագույն մոտեցմանը: Տվյալ դեպքում «Դինո Գոլդը» որոշել է դատի տալ Եղիա Ներսեսյանին` զրպարտության մեղադրանքով: Հավանաբար հիշում եք, որ Եղիան այն բնապահպանական և քաղաքացիական ակտիվիստն է, ով 2012 թվականի դեկտեմբերին այցելեց Լոս Անջելես: Ըստ «Դինո Գոլդի»՝ նա «հանցանք» է գործել` հայտնելով, որ «Դինո Գոլդը» էլեկտրաշոկ է կիրառում իր հանքում աշխատողների նկատմամբ, որպեսզի նրանք շարունակեն աշխատանքը (ինձ համար պարզ չէ, թե ինչպես է այն կիրառվում, կամ արդյոք խոսքը վերաբերում է թեյզերի (taser) օգտագործմանը): Այժմ այս հրաշալի և հարգանքի արժանի ընկերությունն անհանգստացած է իր բարի համբավի համար և ցանկանում է հերքել «զրպարտությունը»:

Հավանաբար ձեզ մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ «Դինո Գոլդ»ը նույն ոգևորությամբ չարձագանքեց, երբ նրա անունն այս առնչությամբ շոշափվում էր Հայաստանի Հանրապետության մամուլում մոտ երկու տարի առաջ: Ակնհայտ եզրակացությունն այն է, որ ընկերությունը չէր կարծում, թե այս ամենն այսպիսի մեծ արձագանք կգտնի: Սակայն այժմ, երբ լուրերը հասել են Սփյուռքին, ուր հանրության առավել լայն շերտեր կարող են տեղեկանալ այս մասին, մեր հանքային տիրակալը ընկել է անկառավարելի բարկության և իրարանցման մեջ:

Ինձ ենթադրություններ են հասել նաև այն մասին, որ «Դինո Գոլդն» այս ամենն անում է Հայաստանի Հանրապետության կառավարության թելադրանքով: Բնականաբար ձեզ մոտ հարց է ծագում, թե ո՞րն է արդյոք պաշտոնական Երևանի շահագրգռվածությունն այս ամենի մեջ: Պատասխանը շատ պարզ է: Եղիան հաջողությամբ կարողանում է մոբիլիզացնել մարդկանց և նրանց ուշադրությունը սևեռել սխալ կառավարման պատճառով առաջ եկած բազմաթիվ խնդիրների վրա: Այսպիսով, Հայաստանի «օբյեկտիվ» դատարանների միջոցով նման ակտիվիստին լռեցնելը, նրա ուսերին ծանր ֆինանսական տույժ դնելը, շահավետ է հայաստանյան կառավարությանը, որը ցանկանում է կոծկել իր ձախողումներն ու թերացումները:

Որն էլ որ լինի իրական դրդապատճառը (գուցե երկուսն էլ, գուցե մեկ այլ գործոն), ամո՛թ քեզ «Դինո Գոլդ»: Գրե՛ք հանցավոր ընկերությանը և նրա մայր կազմակերպությանը: Եթե ապրում եք Կանադայում, հատկապես Տորոնտոյում, կարող եք այս մասին գրել նաև ձեր տեղական լրատվամիջոցներին: Տեղեկացրե´ք, թե ինչ եք մտածում այս ամենի մասին: Հայտնե՛ք նրանց, թե որքան անվայել եք համարում սեփական բիզնեսի իրականացման համար մարդկանց ազատ խոսքի իրավունքը խոչընդոտելը»:

Թարգմանեց` Էմանուելլա Ավագյանը

Հոդվածի աղբյուրը` http://asbarez.com/110265/spitrain-vi/comment-page-1/#comment-6135

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան. ՀԲՃ
2. Ահազանգ Իջևանի անտառներից՝ ծառերի սպանդը շարունակվում է. ՀԲՃ
3. Ի՞նչ էր ուզում Դինո Գոլդը և ի՞նչ ստացավ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: