ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արթուր Սաքունց. Նեղացածների ռեւանշիզմը եւ անմրցակցային ընտրությունները

31 մարտի, 2017 | 20:21

2017 թվականի մարտին Պրահայում անցկացվող ՙՙՄեկ աշխարհ՚՚ մարդու իրավունքներին նվիրված  կինոփառատոնի ժյուրիի կազմում  էր նաեւ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, ում խնդրեցինք մեկնաբանել Հայաստանի նախընտրական գործընթացները։

artur sakunts praha 2

  •  Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ձեր գրասենյակը, որո՞նք են Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները։
  • Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականի մարտի 21-ին՝ նախ որպես Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, իսկ 2001 թվականից գրանցվել ենք իբրեւ Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ։ ՀՔԱ-ն Հայաստանում հիմնվել է 1992 թվականին՝ Անահիտ Բայանդուրի ղեկավարությամբ, որի անդամ էի նաեւ ես։ Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական անսամբլեա միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1990 թվականին՝ Վացլավ Հավելի նախաձեռնությամբ։ Այս կազմակերպության նպատակն էր աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանը հետխորհրդային շրջանի հանրապետություններում։ Հայաստանի կոմիտեն այդ ժամանակ զբաղվում էր Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ, անհայտ կորածների ու ռազմագերիների հարցերով։ Մենք այլ խնդիրների կողքին նաեւ որդեգրեցինք մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, այդ թվում ՝ փակ եւ կիսափակ հաստատություններում։ Մարդու իրավունքների վիճակի պարբերական դիտարկում՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում ու ծերանոցներում, զինված ուժերում եւ այլն։ Բնականաբար իրականցնում ենք նաեւ ընտրությունների դիտարկումներ։ շոշափելով խոսքի ազատության, ազատ ընտրության իրավունքի, դատական եւ այլ հարցեր։ Ոչ միայն մշտադիտարկումներ ենք անցկացնում, այլեւ խորհրուրդ-առաջարկներ ենք ներկայացնում իշխանություններին, եթե ի վիճակի են դրանք իրականացնել։ Եթե ոչ, ապա միջազգային կառույցներին ուղարվող զեկույցներում ենք նշում։ Մարդու իրավունքների ՄԱԿ-ի կամ Եվրոպայի համապատասխան կառույցներին։ Տալիս ենք նաեւ դատաիրավական խորհրդատվություն եւ իրականացնում դատական պաշտպանություն։ Նախադեպային նշանակություն ունեցող գործեր ենք վերցնում, որոնց միջոցով ստանում ենք որոշումներ, եւ դրանցով փորձում ազդել իրավիճակի բարելավման վրա։ Քաղաքական բանտարկյալներին ենք հետեւում, ցուցակագրում ու հրապարակում ենք խախտումները։ Անվճար իրավաբանական խորհրդատվություն ենք տալիս սոցիալապես անապահով խավերին։ Այսօր մեր կառույցում աշխատում է  20 հոգի, որոնցից երկուսը՝  Երեւանի ներկայացուցչությունում։ Այդ ներկայացուցչությունը բացել ենք, քանի որ դիմողների հոսքը մեծ էր եւ պահանջարկ կար։ Մեզ ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Բաց Հասարակության հիմնադրամները, Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն, Բրիտանական Զիգրիդ Թրասթը։  ԱՄՆ դեսպանությունից ընդամենը մեկ անգամ ենք աջակցություն ստացել։
  • Ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին անցկացվելիք Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված նախընտրական շրջանը Հայաստանում, եւ ձեր գրասենյակն ի՞նչ աշխատնքներ կատարեց։ 
  • Նախընտրական շրջանում 60 դիտորդներով իրականացրեցինք երկարաժամկետ դիտորդական առաքելություն, իսկ կարճաժամկետ դիտորդական առաքելություն կիրականցնենք ընտրությունների օրը։ Այս աշխատանքը իրականացրեցինք ՚՚Անկախ դիտորդ՚՚ հասարակական կազմակերպությունների դաշինքի մեջ որին անդամակցում ենք մենք, ,,Իրազեկ քաղաքացիների միավորումը, Գորիսի  մամուլի ակումբը եւ Մարտունիի կանանց  միությունը, եւ մեր  դիտորդները  բաշխված են Հայաստանի բոլոր 13 ընտրատարածքներում։ Այս ընթացքում, եթե խախտումներ էին լինում, մենք արձանագրում էինք եւ ահազանգում։ Իհարկե, իշխանությունն ինչպես միշտ, ցանկանում է պարզ դեմքով դուրս գալ այս փորձությունից։

՚՚Գործընկերություն հանուն բաց հասրակության նախաձեռնության՚՚  շրջանակներում 60 հասարակական կազմակերպություններով  քննարկեցինք եւ որոշեցինք, որ  միայն դիտորդական առաքելությամբ զբաղվելը բավարար չէ։ Դա այն նվազագույնն է, որ կարելի է անել։ Բայց իրավիճակը Հայաստանում այնպիսին է, սոցիալական, քաղաքական եւ անվտանգության հարցերը շատ սուր են դրված, բայց դրանց շուրջ հասարակական  բանավեճ չկա։ Ընտրապայքարի ամբողջ խոսակցության լեյտմոտիվն այն է, թե ով ում հետ է միացել, ով շանսեր ունի եւ ով չունի։ Բայց որ խնդիրներն են պետք լուծել եւ ինչպես են հարցերը լուծելու, ոչ մի խոսակցություն։ Մենք պետք է բանավեճ-քննարկում ստեղծենք հասարկության մեջ։ Թե ընտրությունների մեջ մտած կուսակցությունները, եւ թե մասս-մեդիան, չեն ստեղծում այդ մթնոլորտը, եւ ուշադրությունն ավելի սեւեռում են գովազդային բնույթի եւ ծիծաղելի թեթեւ հայտարարությունների վրա, բաց թողնելով հիմնական հարցերը։ Մենք մեծ հարցաշար էինք ուղակել բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին, եւ զուգահեռ  քննարկումներ կազմակերպել մարզերում։ Մոտ 70 հարցից բաղկացած հարցաշարում ընդգրկել ենք մեր հասարակությանը հուզող ամենատարբեր բնույթի հարցեր՝ սկսած Հայաստանում քաղբանտարկյալներից մինչեւ ՚՚Մարտի 1-ի՚՚ գործի բացահայտում եւ արտաքին քաղաքական հարցեր։ Այդ հարցերի պատասխաններն ամփոփելու ենք, վերլուծություն ենք անելու եւ ժողովրդին ցույց տալու,  թե որ կուսակցությունն ինչպես է մտածում։ Լուսաբանման եւ իրազեկման հարցերը ստիպված ենք մենք անել, քանի որ դա է հուզում է հանրությանը։ Հանրությունը բնականորեն կազմակերպված չի, որ կարողանա այդ հարցերը տալ։ Իսկ մենք հանրային, կենսական հարցերն ենք բարձրացնում։ Ընտրության արդյունքների հրապարակումից հետո, նաեւ այդ կուսակցություններին կհիշեցնենք իրենց պատասխանների մասին։

25 տարվա մեջ առաջին անգամ հանրային պահանջարկը ձեւակերպված ձեւով ներկայացնելու փորձ է արվում։ Գոնե կարողանանք ձեւավորել հանրային եւ քաղաքական պատասխանատվության մեխանիզմը։ Մենք հույս ունենք, որ քաղաքական ուժերը ինչ-որ պատասխանատվություն կվերցնեն։

  • Սփյուռռքից նույնպես դիտորդներ են ժամանել, որպեսզի վերահսկեն ընտրությունների անցկացումը։ Ձեր կարծիքով դիտորդական վերահսկողությունը ի վիճակի՞ է իրականությանը մոտեցնել ընտրությունների արդյունքները։
  • Սփյուռքի հայերը գալիս են, բայց ես կասկածում եմ, որ նրանց դերը մեծ լինի։ ԵԱՀԿ-ն նույնպես ամեն անգամ մեծ առաքելությամբ գալիս է, ԵԽԽՎ-ն էլ է մշտապես դիտորդներ ուղարկում։ Մթնոլորտի առումով կարող է դիտորդների ներկայությունը ազդեցություն ունենալ, բայց թվաքանակի իմաստով ընտրատեղամասերը ծածկելու խնդիրը կրկին կմնա։

Ելնելով նախորդ ընտրությունների փորձից, նախագահական կամ սահմանադրական հանրաքվեի, ես կարող եմ ասել, որ այո, հնարավոր է դիտորդական առաքելության միջոցով հասնել նրան, որ քվեարկության արդյունքները համապատասխանեն ընտրողների քվեարկության արդյունքներին։ Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ նախորդ ընտրություններում կեղծվեցին այդ քվեարկության արդյունքները։ Օրինակ, Վանաձորում եւ Գյումրիում ոչ-ն ավելի շատ էր, քան այո-ն, բայց Լոռու մարզով այո-ն գերիշխեց, նույնը՝ Շիրակի մարզում եղավ։ Այսինքն սա ցույց է տալիս,որ ցավոք գյուղական բնակավայրերում մեր դիտորդական ռեսուրսները չեն բավարարում։ Ցավոք, նաեւ այսպես կոչված ոչ իշխանական ուժերը չունեն այն մարդկային ռեսուրսները, որ կարողանան ծածկեն հանրապետության բոլոր տեղամասերը։ Ավելին, չկա նաեւ փոխադարձ գործակցույթուն այդ քաղաքական ուժերի միջեւ, որպեսզի իրենց ռեսուրսները հավասարաչափ տեղաբաշխեն բոլոր ընտրատարածքներում։ Ամեն դիտորդ նաեւ քաղաքացի է։ Շատ դեպքերում մեր դիտորդները փաստը արձանագրելիս մնում են մենակ եւ նրանց այդ կուսակցությունները չեն աջակցում։ Այս ընտրություններն  ամենաանմրցակցային ընտրություններն են։ Ու թեեւ ունենք քաղաքական, տնտեսական ու անվտանգության լուրջ խնդիրներ, բայց  գաղափարների մրցակցություն չկա։

 

  • Ի՞նչ գործոններ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։
  • Ընտրակաշառքի ազդեցությունը չեմ կարծում, որ այդքան մեծ է։ Մյուս կողմից ընտրողի մոտիվացիան չկա։ Վտանգն այն է, որ առանց մեծ խախտումների էլ կարող է իշախանական թեւը ձայն ստանալ, բայց նաեւ պարզ է մի բան, որ անտանելի վիճակի է հասել զզվանքը իշխանության նկատմամբ։ Մյուս կողմից էլ այլընտրանքի բացակայություն է ստեղծել է ճահճային իրավիճակ։ Մարդիկ հարց են տալիս՝ ՚՚Լավ ում համար քվեարկենք՚՚։

Միանշանակ է մի բան, որ Սերժ Սարգսյանը չի ուզում իշխանությունը հանձնել եւ կպայքարի մինչեւ վերջ։ 25 տարի իշխանության մեջ լինելով, եւ ամեն ինչ ձախողելով, երբ մարդ ուզում է նորից գալ իշխանության, դա նշանակում է, որ ոչ մի պատասխանատվություն չունի։ Այդ պատասխանատվությունը քվեարկության արդյունքների տեսակետից կդրսեւորվի, բայց  դրա երաշխիքը չկա։ Եթե մի իշխանություն 9 տարի ՚՚Մարտի 1՚՚-ը չի բացահայտում, կատարողներին պատասխանատվության չեն ենթարկում, իսկ դա նշանակում է, որ անպատժելիությունը ֆունդամենտալ նշանակություն է ստանում մեր երկրում։ Եթե պանամական թղթերի  կոռուպցիայի մեջ թաղված Միհրան Պողոսյանին հանրապետականի տեղամասային ցուցակներում են ընդգրկում, եւ քրեական հետապնդումը դադարեցնում, ապա այլեւս ի՞նչ արդարության մասին կարող է խոսք գնալ։

Այլ հարց է եթե քվեարկության արդյունքները կարողացանք պահել, արդյոք հնարավոր է, որ հանրապետական իշխանությունը զիջի իշխանությունը։ Իշխանության թխվածքը քչացել է, եւ միշտ խռովածներ կլինեն, որոնց բանակն օրեցոցր աճում է։ Կարող է նեղացածների ռեւանշիզմը գլուխ բարձրացնի։ Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի դուրս գալը եւ մյուս կողմ անցնելը դրա դրսեւորումներից է։

Սա անգլիական թավավորի եւ լորդերի հակասության ժամանակաշրջանն է ինձ հիշեցնում։ Հայաստանում ստեղծվել է այդպիսի իրավիճակ, որը կապված է քաղաքական, տնտեսական եւ ֆինանսկան ռեսուրսների խիստ սահմանափակվածությամբ։ Սերժ Սարգսյանը այլեւս իր իր շրջապատի ոչ բոլոր օլիգարխներին բավարարելու հնարավորություն ունի։ Ուստի այս թխվածքի կտորի համար մեծ պայքար է գնալու եւ գզվռտոց։ Սա պալատական հեղաշրջման եւ միջանկյալ փոփոխության փուլ կարող է լինել։ Հետեւաբար Սերժ Սարգսյանի խաղը մոտեցել է ավարտին։ Նա թեեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, բայց վատ շախմատ խաղացող է, քանի որ ի սկզբանե պարտիան տանուլ է տվել։ Փոփոխություն, իհարկե կլինի, թեեւ այդ փոփոխությունը այն չի, ինչ որ մենք կուզենք, բայց դա գոնե մեռյալ կետից իրավիճակը տեղաշարժելու միակ հնարավորությունն է։

 

8.03.2017

Պրահա

ՕՐԵՐ

Հ.Գ. Նշենք, որ  «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) փետրվարի 25-ին 64 հարց է հղել 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին, որոնց պատասխանել են 9 քաղաքական ուժից ընդամենը 4-ը: Հարցաշարին պատասխանել է չորս կուսակցություն եւ դաշինք, որոնց ամբողջական արդյունքները հրապարակել է asparez.am կայքէջը։


Առնչվող նյութեր
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
2. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
3. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
7. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
8. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
9. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը
10. Ազգային գրադարանում նշվեց Հայաստանի անկախության 27 ամյակն ու Գրատպության թանգարանի մեկ ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: