ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

27 սեպտեմբերի, 2017 | 12:24

Սեպտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի պաշտոնական շնորհանդեսը:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակն է աջակցել հայ մշակույթին ու արվեստի տարբեր ճյուղերին, հայ ժողովրդական և հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում ստեղծել է հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան, հրատարակել Կոմիտաս վարդապետի կողմից կազմված «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ընտրանին, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ վերահրատարակել Մակար Եկմալյանի «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (երգչախմբի համար նախատեսված բաժինը` նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան) և Նիկողայոս Թաշչյանի կողմից գրի առնված և հայկական նոտագրության համակարգից եվրոպական նոտագրության փոխադրված «Երգք ձայնագրեալք ի Ժամագրոց» օգտաշատ հատորները:

Շնորհանդեսին ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրինությունը և նախագծի աշխատանքներին իրենց մասնակցությունը բերած անձինք, մշակույթի գործիչներ, տարբեր կրթօջախների և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազան Հայրը խորհրդանշական նկատեց, որ հայ մշակույթին նվիրված այս միջոցառումն անցկացվում է մեծանուն Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը: Խոսելով ներկայացված հրատարակությունների մասին` Նաթան արքեպիսկոպոսը անդրադարձավ հայ մշակութասեր հասարակությանը և աշխարհին այս նախագծի միջոցով մատուցվող արժեքավոր ընծային: Սրբազանը կարևորեց նախագծին մասնակցած բոլոր անձանց ջանքերը` ուղղված հայոց մեծ և հին մշակույթի պահպանությանն ու հոգատարությանը:

  Շնորհանդեսը շարունակվեց «Մշակութային վերածնունդ» ֆիլմի դիտումով, այնուհետև «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի կատարած աշխատանքների և մասնավորապես լույս ընծայված հրատարակությունների մասին խոսեց կոմիտասագետ, Հայաստանի Երգահանների միության վարչության անդամ Արթուր Շահնազարյանը:

Ծրագրի մտահղացման, գաղափարախոսության և իրագործման մասին խոսեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը: Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց հիմնադրամի աշխատակազմին և հիմնադրամի հետ գործակցած բոլոր անհատներին: Նա ընդգծեց, որ ծրագիրը կարևոր առաքելություն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում և հնարավորություն է ընձեռում ապագա սերունդներին օգտվելու և ճանաչելու հայ ազգային ու հոգևոր երաժշտությունը:  Արթուր Ջանիբեկյանը հավաստիացրեց, որ հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը` կյանքի կոչելով բազում գեղեցիկ նորանոր իրագործումներ:

Խոսքի ավարտին տիար Արթուր Ջանիբեկյանը հիմնադրամի անունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նվիրաբերեց Նոյյան տապանի տեսքով պատրաստված Հայկական ազգային երաժշտական գանձարան-նվագարկիչը, որն իր մեջ ամփոփում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում ձայնագրված 500 նմուշները։

Շնորհանդեսն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։

Հայրապետական իր սերն ու օրհնությունը բերելով հանդիսության բոլոր մասնակիցներին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Այսօր՝ հաղորդակցության մեծ հնարավորությունների մեր օրերում, հիրավի, անհրաժեշտությունը կա մեր ազգային մշակույթի դարավոր ձեռքբերումները վերարժևորելու, ճաշակով ու բարձր մակարդակով ներկայացնելու և դրանցով կրթելու մեր ժողովրդին՝ մեր արժեքները դարձնելով կյանքի, առօրյայի մաս: Ուրախությամբ ենք արձանագրում, որ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից այս ուղղությամբ նվիրյալ ջանքեր են ներդրվում՝ ժողովրդական ու հոգևոր երաժշտության բացառիկ նմուշները ուսումնասիրելու, նոտագրելու, թվայնացնելու, համապատասխան նոր հրատարակություններ պատրաստելու համար: Հիմնադրամի հովանավորությամբ կյանքի կոչվող ծրագրերը նպաստում են մեր ժողովրդական ու հոգևոր երաժշտական ժառանգության պահպանմանը, խրախուսում հավատարմությունն ու նախանձախնդրությունը մեր մշակույթի, ի մասնավորի երաժշտարվեստի դարավոր ավանդների հանդեպ՝ պատշաճորեն դրանք մատուցելով մեր ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը: Այս իմաստով ուշագրավ է և գնահատանքի արժանի նաև Նոյյան տապանի տեսքով պատրաստված երաժշտական գանձատուփը, որի մեջ զետեղված են «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում ձայնագրված նմուշները: Հիշյալ ձեռնարկումները կարևոր ազդակ են նաև նոր սերնդին մեր մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելու գործում:

Այս նախաձեռնությունների շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ջանքերով հրատարակվել են Մակար Եկմալյանի հեղինակած Պատարագի՝ երգչախմբի համար նախատեսված բաժինը, ինչպես և երաժշտագիտական վերլուծություններով ու ժամանակակից նոտագրության չափանիշներով՝ երաժշտագետ Նիկողայոս Թաշչյանի կողմից գրի առնված Ժամագիրքը»:

Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին, հիմնադրամի տնօրինությանն ու աշխատակիցներին մշակութային արժեքների պահպանության գործում ստանձնած հանձնառությունների համար: Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտության ամբիոնի վարչությանը, ինչպես և տարբեր տարիների ընթացքում կոնսերվատորիայում սովորող ուսանողներին, ովքեր իրագործել են Ժամագրքի վերծանման աշխատանքները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտանորոգ հաջողություններ ու արդյունավորում մաղթեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ազգանվեր ու մշակութասեր բարի գործերին:

Հանդիսության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ ելույթ ունեցավ Երևանի Պետական Կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:


Առնչվող նյութեր
1. Ֆրեզնոյում կհիմնվի Սարոյանի տուն- թանգարանը
2. Արթուր Ջանիբեկյանը Մատենադարանի համար գնել է Գրիգոր Նարեկացու թանկարժեք ձեռագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: