ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արդեն ամեն մեկս ունենք մեր Հայաստանը». օտար նկարիչները հայաստանյան 10 օրերի մասին

28 սեպտեմբերի, 2017 | 13:04

Ինչպես գիտեն մեր ընթերցողները 10 օր շարունակ 10 երկրների 40 գեղանկարիչներ Լոռու մարզի Օձուն գյուղում և Թումանյանի  տարածաշրջանում մասնակցում էին «Համագործակցության և բարեկամության ներկապնակ»  բացօթյա գեղանկարչության փառատոնին:

Այն նախաձեռնել  էր «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Անմիջական աջակիցներն էին ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը և ՀՀ մշակույթի  նախարարությունը: Մասնակիցները ավարտելով  փառատոնը Լոռում, վերադարձան Երևան` իրենց երկրները մեկնելու նպատակով: Նրանց ընդունեց և ստեղծագործական նոր հաջողություններ մաղթեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:Մեր թղթակիցը Օձուն-Երևան ճանապարհին զրուցեց նկարիչների հետ և խնդրեց կիսել իրենց տպավորությունները:

Յուրի Վասիլև, Ռուսաստան

Չգիտեմ մյուսներին ինչպես, բայց Հայաստանը ինձ ստեղծագործական հզոր լիցքեր է տալիս:

Ես արդեն Հայաստանում երրորդ անգամ եմ և նույն զգացումը ունեմ: Այստեղից գնում եմ ոչ միայն մեկ տասնյակից ավելի կտավներ ստեղծած, այլև բազմաթիվ ճեպանկարներով, որոնք հետագայում ևս կտավներ են դառնալու, տեղ գտնելու ցուցահանդեսներում ու պատկերագրքերում:

Լոռվա աշխարհը ինքնատիպ  ու գեղեցիկ է, նկարչի  համար ներշնչանքի աղբյուր: Ինչպես կարող ես  չնկատել և նկարչության համար նյութ չդարձնել Հաղբատի, Ախթալայի կամ Օձունի վանքերը  կամ Դեբեդի կիրճը, Լալվար սարը:

Անգամ ամեն մի առավոտ իր պատկերն ունի Օձունի  ցանկացած բարձունքից, պարզապես պետք էր կարողանալ այդ ամենը կտավին հանձնել:

 Վիկտոր Յամշիկով, Ռուսաստան

-Շարունակեմ Յուրիի խոսքը:  Ուր էլ գնայիր, ուր էլ  նայեիր բնության հրաշք կտոր էր:  Ես  փորձեցի Լոռվա բնությունը հասկանալ  գույների ու երանգների լեզվով: Թե դա  որքան ինձ հաջողվեց, կասի  արվեստասերը:

Այս ամենին  կավելացնեի  այն ստեղծագործխական  ու մարդկային  մթնոլորտը, որ կար  փառատոնի օրերին: Մենք նոր ընկերներ ձեռք բերեցինք, նոր ստեղծագործական  հասցեներ առաջ եկան: Մի խոսքով  ստեղծագործական  առումով  հարստացած ենք  գնում այստեղից, բայց վերադառնալու  ցանկությամբ:

Լի Յանգ, Չինաստան

-Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում  և Լոռվա աշխարհում: Ձեր երկիրը  չի կարող չձգել նկարիչներին, քանի որ բնության ամեն մի անկյունը ստեղծագործական մտահղացումներ է բերում արվեստագետներին: Ես սիրեցի ձեր սարերը և ձորերը,  առավել ևս հոգևոր տաճարները: Դրանք պարզապես  հրաշքներ են, ձեր մեծ հարստությունը:

Այցելելով, օրինակ,  Հաղբատի վանք,  կամարների տակ ես հանգիստ  էի առնում ու մեծ սիրով ստեղծագործում:

Պատահական չէ, որ մեր չինացի նկարիչների խումբը ցանկացավ  մեկ ամբողջ օր լինել Հաղբատում ու նկարել վանքը` տարբեր դիրքերից:

 Վանգ Մինգ-Չինաստան

Ուրախ եմ, որ սերտ  համագործակցություն է սկսվել  հայ և չինացի նկարիչների միջև: Մերոնք  արդեն երկրորդ տարին է Հայաստան  են գալիս: Իսկ մենք  այս տարեվերջին կամ հաջորդ տարի կընդունենք  մեր հայ գործընկերներին: Այստեղ մենք ոչ միայն կարողացանք  ստեղծագործել, այլև փոխադարձաբար մեր  փորձը փոխանցել: Մենք հետաքրքրվում էինք  նախկին  խորհրդային  երկրների նկարչական դպրոցով, նրանք` մեր ավանդական նկարչությամբ: Ամենա­կարևորը, կարողանում էինք  բավարարել միմյանց  հարցասիրությունը:

Հավատացեք, որ եթե  հրավեր ունենամ, հաջորդ տարի էլ կգամ Հայաստան: Այսպես են մտածում նաև չին մյուս նկարիչները:

 

Նիրժան Սաուտբեկով, Ղազախստան

-Մենք սիրով ենք եկել Հայաստան: Մեզանից մեկը Լոռում եղել է  տարիներ առաջ և նա մեզ հեքիաթներ էր պատմում: Կարծում էինք պարզապես Հայաստանի բնությանը սիրահարված մարդ է:  Բայց այն, ինչ-որ տեսանք  ոչ միայն հեքիաթ էր,  այլև  իրականության, որում ապրեցինք 10 օր շարունակ, ստեղծագործեցինք,  բնապատկերներ  ստեղծեցինք, վայելեցինք հայկական  հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Մասնավորապես, աշխատել ենք Օձուն  և Աքորի գյուղերում:  Սովորական մարդիկ  բացում էին իրենց  բակերի դռները  և ներս հրավիրում, հյուրասիրում, հարց ու փորձ անում: Այս ամենից մարդ  չէր կարող չջերմանալ, Հայաստանի  գույները լիովին  չհասկանալ: Այս ամենից հետո  հասկացանք, թե  ինչի մասին  էր մեզ պատմում  մեր ընկեր  Մարատը:

Անտոն Վիրվո, Բելառուս

-Ես առաջին անգամ էի Հայաստանում  և ուրախ եմ, որ տեսա  ձեր հրաշալի  երկիրը, այստեղ ապրող մարդկանց, ճանաչեցինք  հայ նկարիչներին: Լոռվա  աշխարհը, ուր անց էր կացվում մեր փառատոնը ինքնատիպ  բնաշխարհ է և դա  ոչ-ոք չի կարող ժխտել: Բայց այն, որ  այդքան բարի ու ջերմ են մարդիկ, դա ինձ զարմացրեց: Ես մեծ սիրով շփվում  էի նրանց  հետ, քանի որ  հողագործ մարդիկ  մեծ ջերմությամբ  էին  հետաքրքրվում մեզանով:

Ուրախ եմ, որ եղա մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդավայրում, ներկա եղա այնտեղի տոնահանդեսին և նկարեցի տուն-թանգարանը:

Շատ ուրախացա, որ այդքան երեխա կար այնտեղ,  այդքան պատանի ու աղջիկ: Սա  նշանակում է, որ նոր սերունդը  չի կորցրել իր հետաքրրքությունը  գրողների, արվեստագետների նկատմամբ:

Նկարում էի այն եկեղեցու մոտ, որի վանահայրն է եղել Հովհաննես Թումանյանի հայրը: Շատ մարդիկ  էին գալիս մոմ վառելու, աղոթքի, սա ազգապահպանության հիմքն է: Շատ բան տեսա ու  հասկացա Հայաստանում: Չգիտեմ, որը պատմեմ, որը թողնեմ:

 

Կարինե Պարոնյանց, Լատվիա

-Առաջին անգամ չեմ Հայաստանւմ: Այն իմ նախնիների երկիրն է և այստեղ շատ բարեկամներ ունեմ: Բայց այն, ինչ ապրեցի այս օրերին այլ էր: Ես իսկապես հասկացա մեր հարուստ բնությունը, մեր ինքնատիպ  պատմությունը, ամենակարևորը հասարակ  ժողովրդին: Գիտեմ, որ ժողովուրդը  ապրելու դժվարություններ ունի, բայց միևնույնն է չի կորցրել իր հյուրընկալությունը, ջերմությունը,  մարդկայնությունը:

Եվ  սա չես   կարող տեսնել որևէ մեկ այլ տեղ: Այս   դեպքերում է, որ ասում  են ուրիշ է մեր Հայաստանը:

Ես այստեղ էի եկել դստերս` 1.5 տարեկան Սոֆիի հետ: Ճիշտ է նա շատ բան չի հասկանում, բայց շատ կարևոր էր, որ նա շնչեր մեր հայրենիքի  օդը: Նա այստեղ իրեն  շատ հանգիստ էր զգում:

 

Արվիդաս Բագդոնաս, Լիտվա

 –Ամեն մեկս մեր պատկերացումներն ունեինք  Հայաստանի մասին: Շատ էինք լսել,  կարդացել: Բայց այլ  է,  երբ գալիս ես երկիր, այն էլ ոչ մայրաքաղաք, այլ տարածաշրջաններից մեկը, ապրում  քո գործընկերների հետ, միաժամանակ ստեղծագործում:

Այստեղ  ստեղծագործելը ինձ համար  կարծես մի նոր ոգևորություն ու տոն լիներ: Ինչ խոսք, որ ժամանակ էր պետք հասկանալու ու հարմարվելու հայկական վառ ու տպավորիչ գույներին, բայց առանց  դրանց հնարավոր  չէ այստեղ ստեղծագործել` այն էլ բացօթյա  նկարչության պայմաններում:

Երբ տարբեր երկրներից եկած  նկարիչներս օրվա վերջում  նայում էինք միմյանց  աշխատաքներին, տեսնում էինք, որ  իսկապես հեքիաթների ու հրաշքների աշխարհում ենք ապրում:

Ես  հանդիպեցի  Օձունի արվեստի  դպրոցի սաներին: Ինչ  շնորհալի պատանիներ ու աղջիկներ էին:

Նրանց համար սիրով վարպետաց  դաս անցկացրի, դեռ ավելին նաև երգեցի  լիտվական երգեր:

Աննե Պարմատո, Էստոնիա

    –«Համագործակցության և բարեկամության» ներկապնակ փառատոնի  լավագույն ձեռքբերումը մարդկային և ստեղծագործական շփումներն էին,  աշխարհաճանաչողությունը: Ես վաղուց  էի երազել լինել Նոյյան Տապանի և Արարատների երկրում:

Եվ ահա դա իրականություն  է և ուզում էի լիովին հասկանալ այս հինավուրց երկիրը` իր պատմական, ճարտարապետական հուշարձաններով, խաչքարերով, բնության իր նմանը չունեցող անկյուններով:

Այնքան հարուստ էր մեր շրջապատող  աշխարհը, որ չգիտեիր, թե ինչից  սկսել: Օրինակ, Ախթալայում իմ գործընկերները հիմնականում  նկատեցին  եկեղեցին, բերդը, բնությունը, իսկ ես խաղողի վազերը, որ աճում է մերձակա խանութի բակում:

Մինչ ես ցանկանում  էի նկարել, տերերը ինձ  այդ վազերի խաղողը  հյուրասիրեցին:

Այնքան քաղցր էր, որ հասկացա` այսպիսի խաղող աշխարհում չկա:

Մենք ճանաչեցինք Լոռին  որպես փոքրիկ  Հայաստան,  այն շատ  սիրեցինք և արդեն  ամեմ մեկս ունենք  մեր Հայաստանը, որին շատ ենք կարոտելու:

Բայց այն  ճեպանկարները, որ ունենք մեր մտքերում  ու նոթատետրերում մեզ հնարավորություն կտան ժամանակ առ ժամանակ  վերադառանալու Հայաստան և կտավին հանձնել  մեր տպավորությունները:

 

 Ռայխ Ռոսին, Էստոնիա

-Երբ տեսա Արդվու հայկական  եկեղեցին զարմացա  ու հիացա: Այն այնպես էր  ձուլված միջավայրին, որ կարծեցի, թե դա բնության մի մասնիկն է և ձեռակերտ չէ: Հետո ինձ պատմեցին, որ այն առնչվում է հայոց սրբադասված Հովհաննես Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին, որի գահակալության 1300-ամյակը լրանում է այս տարի: Ինձ ցույց տվեցին նաև, որ նա թաղված է այստեղ գտնվող եկեղեցու մեջ:

Իսկ եկեղեցին էլ նրա անունով կոչվում է սուրբ Հովհաննես կամ տեղի բարբառով` Սրբանես:

Ամեն օր մեզ անընդհատ նոր տեղեկությունների էին հաղորդակից  դարձնում այս կամ այն պատմական վայրի, հուշարձանի կամ բնության վայրի մասին:

Այսպես   սկսեց Լոռվա աշխարհը մեր առջև  բացվել  և սկսեցինք  դժվարանալ, թե ինչը նկարենք, ինչը` ոչ:

Պատկերացրեք էստոնական սառնությունից եկել ենք հայկական ջերմ  ու տաք  միջավայր: Մեր աշխատանքներն էլ տաք գույներ ստացան: Ստիպված էինք  այդպիսի  գույների ներկեր խնդրել կազմակերպիչներից: Սրանից հետո տաք գույները  տեղ կգտնեն մեր ստեղծագործություններում:

 

Քլեմենս Բունգկուն Սու, Հարավային Կորեա

Հայաստանում առաջին անգամ չեմ: Մի քանի ամիս առաջ  էի եղել Երևանում, ներկայացրել իմ աշխատանքները: Սիրով ընդունեցի «Լոռվա ձորի» հրավերը` Մասնակցելու այս  փառատոնին  և ստեղծագործական մեծ բավականություն ստացա, շատ նոր  ծանոթներ ունեցա: Այս օրերին մենք լուրջ քննարկումներ ունեցանք ժամանակակից կերպարվեստի մասին, ձգտեցինք հասկանալ, թե արվեստը ինչպես է զարգանում 21-րդ դարում` գլոբալիզացիայի` համաշխարհայնացման պայմաններում:

Շատ օգտակար էր` բոլոր առումով: Եթե հրավեր լինի`հաջորդ տարի կրկին Հայաստան կգամ:

Օմարի  Կաչկաչիշվիլի, Վրաստան

-Ինձ համար միշտ տոն է գալ այստեղ, լինել  իմ հայ բարեկամների մոտ և ստեղծագործել  համատեղ: Կրկին փորձեցի  վրձնահարվածների լեզվով հասկանալ  Լոռվա սարերն ու ձորերը: Բայց  այս անգամ դրան գումարվեց  մարդկային հոգեբանության ատացոլումը: Այս օրերին  քիչ չէին շփումները հասարակ ժողովրդի հետ, դա էլ  էր մեզ հարստացնում: Ջերմ տպավորություններով  եմ գնում Հայաստանից` կրկին հանդիպելու ցանկությամբ:

Մենք այս  կարծքիները  գրառելուց հետո  փոքրիկ  զրույց ունեցանք  փառատոնի  ղեկավար, «Լոռվա ձոր»  հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի հետ:

-Ամեն տարի նույն տպավորությունը ունեմ, որ փառատոնի  օրերը շատ արագ  են անցնում: Տաս օրը մեկ ակնթարթ թվաց: Այդ մասին են վկայում  նաև նկարիչները:  Թերևս  պատճառներից մեկը այն է, որ ծրագիրը հագեցած էր:

Նկարիչները ձգտում էին  ցույց տալ իրենց  տաղանդի և աշխատասիրության առավելագույնը:

Դրա մասին  են վկայում ստեղծված ավելի քան 300 աշխատանքները, որոնց մի մասը ճանապարհ ընկան տարբեր երկրներ, ուր կներկայացվեն ցուցահանդեսներում, տեղ կգտնեն պատկերագրքերում:

Հրաժեշտ տալով , բոլորն էլ  ասում էին` մինչ նոր հանդիպում Հայաստանում: Թող այդպես լինի: Իսկ մեկ տարին շատ արագ է անցնում:

Գրի առավ Կ. Տիտանյանը

Օձուն-Երևան

 

 


Առնչվող նյութեր
1. Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
4. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
5. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
6. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
7. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
8. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
9. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
10. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: