ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արգենտինայում եւ Մեքսիկայում նշեցին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը

26 ապրիլի, 2016 | 08:29

argentina 2016 stadionԱպրիլի 23-ին Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի Արտուրո Ֆրոնդիզի սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխո Մակրին, Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի, ակադեմիական շրջանակների ներկայացուցիցչներ:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ էին հղել Արգենտինյան Հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրին և փոխնախագահ Գաբրիելա Միկետին: Նախագահ Մաուրիսիո Մակրիի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Միայն հարգանքը բարձրագույն արժեքների ու սկզբունքների նկատմամբ կհանգեցնի խաղաղության և հաշտեցման»:

Արգենտինայի Սենատի ժամանակավոր նախագահ Ֆեդերիկո Պինեդոն իր ելույթում կարևորեց Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և դատապարտեց այլ էթնիկ խմբի պատկանելության պատճառով հետապնդումները: «Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի նախերգանքն էր, և երկար ժամանակ փորձ է արվել թաքցնել այն: Արգենտինայում տարիներ առաջ մենք կարևոր քայլ կատարեցինք` ապրիլի 24-ը ճանաչելով որպես ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»:

Արգենտինայում ՀՀ դեսպան Հարությունյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Արգենտինայի ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրենց հանձնառության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մեկ տարի շարունակ բարձր մակարդակով անցկացնելու համար: Դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց ծագումով արգենտինացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված Սուրբ պատարագի և իր ելույթի համար: «Նա ոչ միայն խիզախորեն ձևակերպեց մեր ցավը, այլև ձևակերպեց մեր կամքը և հավատը` Գրիգոր Նարեկացուն հռչակելով իբրև Տիեզերական Վարդապետ:

Անդրադառնալով ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ ՀՀ դեսպանը նշեց. «Թուրքերի կողմից ոգեշնչված Ադրբեջանի արյունոտ և կոռումպացված բռնապետ Ալիևը նորից հրթիռակոծում է հայկական դպրոցը, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են երեխաներ, նորից հրետանակոծում է խաղաղ բնակիչներին, սպանում է ծերերին, կտրում ականջները, Իսլամական պետության ձեռագրով կտրում 18-20 տարեկան զինվորների գլուխը և հպարտանում դրանով»։

Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրին, իր ելույթում բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի գործունեությունը, շնորհակալություն հայտնեց արգենտինահայերին Արգենտինան կերտելու և զարգացնելու համար: Անդրադառնալով ԼՂ հակամարտության հիմնախնդրին՝ նա նշեց, որ ինքը կողմնակից է խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ազգերի ինքնորոշման սկզբունքը:argentina 2016 april 1

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի հայազգի սենատոր Միրիամ Բոյաջյանը, ով իր խոսքում անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության և խնդիրները խաղաղությամբ կարգավորելու Արգենտինայի և Լատիանական Ամերիկայի երկրների հանձնառությունը՝ նշեց, որ ԼՂ հակամարտության գործում նույնպես պետք է ապավինել միայն երկխոսության և խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման սկզբունքներին:

 

Ապրիլի 24-ին, Մեխիկոյում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:

meksika 2016 genocide Պատարագից հետո քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ արարողություն, որին իրենց մասնակցությունն էին բերել մեքսիկահայ համայնքը և մեքսիկացի մտավորականները: Արարողության ընթացքում տասնամյակներ առաջ Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրված հուշարձան-ժամացույցը, որը 1915թ. իրադարձությունները վերապրած փախստականների նվիրատվությունն է Մեխիկոյին, վերածվեց ցեղասպանության զոհերի հուշարձանի:

Այնուհետև Մեքսիկայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց հուշարձան-ժամացույցի մոտ:

Արարողության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերի հայ երաժիշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի և Բուենոս Այրեսի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև ստորագրված համաձայնագիր
8. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: