ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ

09 հունվարի, 2009 | 14:24

ՄԵՏԱՂՅԱ ՓԱՅԼՈՎ ՍՈՊՐԱՆՈՆ

Արաքս Դավթյանի հոբելյանը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՆՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵՆ

Նրա հոյակապ սոպրանոն համարել են ամուր եւ պայծառ, թեթեւակի մետաղյա փայլով, կատարյալ տեխնիկայով եւ անվրեպ ինտոնացիայով։ Ռուսական եւ միջազգային մամուլը նրա ձայնը համեմատել է աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալյեի հետ, իսկ հանրահայտ արական ալտով ղազախ երգիչ Էրիկ Կուրմանգալիեւի հետ համատեղ ելույթներըˋ օպերային դեսերտ։ Հայաստանի ժողովրդական դերասանուհի Արաքս Դավթյանի սոպրանոն գերել է տասնյակ երկրների հանդիսականների։ Հանրաճանաչ դիրիժոր Վ.Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզների» հետ միասին նա շրջել է ողջ աշխարհով, համերգներով հանդես եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի եւ Ռուսաստանի ամենահեղինակավոր համերգասրահներում, աշխատել ամենահայտնի դիրիժորների հետ։ Դեռ 1979 թվականին դառնալով վոկալիստների Գլինկայի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, իսկ այնուհետեւ նաեւ իտալական Վիոտիի միջազգային մրցույթի հաղթող, Արաքս Դավթյանի առջեւ բացվել են Մոսկվայի Մեծ թատրոնի դռները։ Բայց ինչպես միշտ, այս կյանքում ամեն ինչ հեշտությամբ չի տրվում։ Պայքարների ու երջանիկ հաղթանակների տարիներն այլեւս հետեւում են։ Հիշում եմ իր բնակարանի համեստ ու ջերմ միջավայրը,ընտանեկան հանգիստ մթնոլորտը։ Թվում էր, թե մենք վաղուց ճանաչում ենք իրար։ Ահա այսպիսին է մեր ժամանակների լավագույն երգչուհիներից մեկըˋ Արաքս Դավթյան, որքան մեծ, նույնքան ջերմ ու հարազատ։

Տարիներ առաջ ունեցած մեր զրույցն առաջին անգամ ենք ներկայացնում տպագրությանˋ սիրելի երգչուհու ծննդյան 60-ամյա հոբելյանի առիթով, որ լրանում է 2009-ի ապրիլի 22-ին։

Մանկությունը եւ ընտանիքը

– Իմ արմատները Կարսից են։ Տատիկս էլ, պապիկս էլ Կարսից են։ 1915 թվին ինչպես բոլորն են փախել, այնպես էլ նրանք, հասել են Լենինական։ Բայց շուտով այնտեղ էլ երկրաշարժ է եղել, եւ տեղափոխվել են Նոյեմբերյանի շրջան։ Երբ պատերազմը սկսվեց, հայրսˋ Աշոտ Հովհաննեսի Դավթյանը գնացել է զինվորական ուսումնառության եւ պատերազմ մեկնել որպես զինվորական օդաչու։ 20 տարի ծառայել է բանակում իբրեւ հետախուզական ավիացիայի օդաչու։ Իսկ մայրսˋ Ելենա Ենոքի Դավթյանը տնային տնտեսությամբ էր զբաղվում։ 1949 թվին ես ծնվել եմ Նոյեմբերյանում, բայց քանի որ հայրս արդեն Արխանգելսկում էր աշխատում, մենք բոլորս տեղափոխվեցինք այնտեղ, ուր ծնվեց քույրսˋ Իրինա։ Տարիներ անց տեղափոխվեցինք Վրացական ՍՍՀ, ուր Փոթիում ծնվեց եղբայրսˋ Պետրոսը։ Մի քանի տարի անց տեղափոխվեցինք Ուկրաինաˋ Եվպատորիա։Այնուհետեւ դպրոց գնացինք, երաժշտական կրթություն ստացանք։

– Ինչո՞ւ ընտրեցիք երաժշտական դպրոցը, երաժշտությունը, նախադրյալներ կայի՞ն։

– Դա ես չընտրեցի։ Մայրս էր ընտրել, քանի որ ինքն էր երազել երաժիշտ դառնալ։ Ու քանի որ իրեն չէր հաջողվել, ուզում էր, որ ես այդ ուղղությամբ գնամ։ Նա որոշել էր, որ ես ու քույրս պետք է սովորենք դաշնամուրի բաժնում։ Դա սկսվեց Փոթիից, հետո շարունակվեց Եվպատորիայում։ 1961 թվին հայրս թոշակի անցավ, եւ մենք տեղափոխվեցինք Երեւան։ Նա ուզում էր իր հայրենքիում ապրել։ Երեւանում շարունակեցի երաժշտական կրթությունս, կրկին շնորհիվ մեր մոր, քանի որ նա իրոք նպատակադրվել էր մեզ երաժիշտ դարձնել։ Բայց մենք դաշնակահար չդարձանք։ Իրային ուղարկեց խմբավարական-դիրիժորական բաժին, իսկ ես ընտրեցի վոկալը։ Մեր բարձրագույն երաժշտական կրաթությունը ստացանք Երեւանի կոնսերվատորիայում։ Ես սովորեցի Գուլաբյանի դասարանում։ Դեռեւս երաժշտական ուսումնարանից սկսեցի մենահամերգներով հանդես գալ, եւ արդեն երկրորդ կուրսից ելույթներ էի ունենում։

– Իսկ եղբա՞յրդ էլ երաժշտությամբ զբաղվեց։

– Եղբայրս ջութակ նվագել սովորեց, բայց հինգերորդ դասարանից թողեց եւ ընտրեց ինժեների մասնագիտությունը։ Հիմա բնակվում է Ամերիկայում։

– Իսկ ընտանիքում երաժշտությամբ զբաղվողներ կայի՞ն։

– Իմ հորաքույրը երաժիշտ էր, բայց ընտանեկան պատճառներով չէր երգում։ Նա ավարտեց մաթեմատիկայի ֆակուլտետը։ Հորաքույրս հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մայրն է։ Ես երբ դաշնամուրով էի զբաղվում, զուգահեռաբար նաեւ երգեցողություն էի պարապում։ Այնպես որ զարմանալի բան չկար, որ ես հետո ընտրեցի երգելը։

– Իսկ մանկությունից ի՞նչ երգեր եք հիշում։

– Ես հիմա չեմ հիշում ինչ երգեր եմ երգել։ Ես ոչինչ չեմ հիշում այդ տարիներից։ Դպրոցական տարիներից հիշում եմ, երբ Փոթիում դպրոցից տուն վերադառնալիս խանութների ցուցափեղկերի մոտ ժամերով կանգնում էի։

– Վրացերեն սովորում էի՞ք։

– Չէ, իբրեւ զինվորականի երեխաներ մենք կարող էինք չսովորել։ Դա պարտադիր չէր։ Ղրիմումՙ Եվպատորիայում հակառակը, մեզ ստիպում էին ուկրաիներեն սովորել, բայց ես ոչինչ չեմ հիշում։ Օրենքն այն էր, որ զինվորականների երեխաները չեն կարող անընդհատ տարբեր հանրապետություններում տարբեր լեզուներ սովորել։

– Բարձրագույն կրթությունը ստացաք Երեւանում։ Ինչպիսի՞ն էր Ձեր տարիների կոնսերվատորիան։

– Այն ժամանակ կոնսերվատորիան իրոք կոնսերվատորիա էր։ Նախ շատ սահմանափակ էր ընդունելությունը, միայն պետպատվեր էր, եւ կրթությունը լրիվ անվճար էր։ Պետությունը պատասխանատվություն էր կրում այդ ուսանողների համար, որ ավարտում էին, եւ ապահովում էր աշխատանքով։ Այսօրվա պես 70-80 մարդ չէին կարող ընդունել, քանի որ չէին կարող ապահովել աշխատանքով։ Մեր կուրսում ընդամենը ութ ուսանող էինք։ Այն ժամանակ մի տասնյակից ավելի դասախոս ունեինք, հիմա նրանց թիվը հասնում է 60-70-ի։ Իհարկե, եթե ամեն կուրսում 50-70 ուսանող լինի, դասախոսների թիվն էլ կավելանա։ Իսկ դրանից նախեւառաջ տուժում է որակը։

– Այն ժամանակ նաեւ ստեղծագործական մոտեցում էր ցույց տրվում,-մեր զրույցին միանում է տիկին Իրինան, Արաքս Դավթյանի քույրըˋ հյուրասիրելով ամառային թարմ հյութով։ -Ամեն ուսանողի հետ շաբաթական գոնե չորս անգամ առանձին դաս էին վարում, հիմա նման բան չկա։ Այժմ, կան դասատուներ, որ 15-20 ուսանող ունեն։ Նույնիսկ եթե հաստիքները թույլ չեն տալիս, մեկի մոտ արձանագրվում են, բայց հաճախում են իրենց ընտրած դասախոսի մոտ։

– Իսկ մակարդակը կրթության շա՞տ է տուժել նախկինի հետ համեմատ։

– Իհարկե, այժմ բոլորովին այլ մակարդակ է, լրիվ այլ վիճակ է։

– Դուք դեռ դասավանդու՞մ եք այնտեղ։

– Չէ, ես մի քանի տարի է, ինչ դուրս եմ եկել։

– Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ երբ մեր երաժիշտները արտերկրում հաջողությունների են հասնում, ամեն դեպքում չեն մոռանում նշել Երեւանի կոնսերվատորիայի դերն իրենց կայացման գործում։ Ինչ է, մեթոդիկան ա՞յլ է, թե՞ դասախոսական կազմն է ուժեղ։

– Մեթոդիկան սովետականն էր, ես կարծում եմ այն ժամանակ ամեն տեղ էլ նույն վերաբերմունքն էր, որ պետք է լինի որակ։ Հետո կոնսերվատորիայում իբրեւ դասախոս աշխատելն այն ժամանակ շատ դժվար էր։ Նկատի ունեմ աշխատանքի տեղավորվելը։ Իսկ հիմա մարդը հազիվ ավարտում է կոնսերվատորիան, նրան անմիջապես ընդունում են աշխատանքի։ Առաջ դժվար էր, իսկ հիմա, եթե դու ընկերոջ բարեկամն ես, կարող ես եւ ընդունվել։

– Ձեզ հետ ուսանած երաժիշտներից կա՞ն մարդիկ, ովքեր եւս հայտնի երաժշտական դեմքեր դարձան։

– Այո։ Վալերի Հարությունովը բաս երգիչ, որն իր ուսերին տանում էր մեր օպերային թատրոնի բասի ողջ խաղացանկը։Մեզանից մի կուրս բարձր ավարտեց Արաքս Մանսուրյանը, իսկ մեր կուրսում կար նաեւ Յուրի Շալամով բարիտոնը, ով նույնպես օպերայում կատարում էր գլխավոր դերերգեր։ Այն ժամանակ մեներգիչներին շատ դժվար էր օպերա ընդունվել այնպես, ինչպես դասախոսներինˋ կոնսերվատորիա։

– Պատճառնե՞րը։

– Պատճառներն այսօր ընդհանուր համակարգի մեջ են։ Ինչպիսին երկիրն է, այնպես էլ տարբեր ենթակառուցվածքներն են։ Այդ ամենը սկսվեց ԽՍՀՄ փլուզումից։ Ամենուր պրոֆեսիոնալներին փոխարինեցին անձեռահասները։ Առաջ էլ կարող է նման բաներ եղել են, բայց դա այնքան չնչին տոկոսն է կազմել, որ չի էլ նկատվել։ Այսօր մեր ռեկտորն ասում է, որ մենք ինքնագործունեության համար ենք կադրեր պատրաստում։

– Դուք ձեր անցած երաժշտական ճանապարհից գոհ եք։

– Չէ, իհարկե, ես կարող էի ավելին անել։

– Ի՞նչն էր խանգարում։

– Չգիտեմ։ Նախ երեւի այն, որ ես բավականին ուշ մտա մեծ բեմ։ Նկատի ունեմ միջազգային բեմը, ուր միայն 35 տարեկանում հայտնվեցի։ Իհարկե, մինչեւ Սպիվակովի հետ ծանոթությունը, ինձ այստեղ ոչ ոք չէր նկատում։ Ես փորձում էի, որ ինձ ճանաչեն, որ ուշադրություն դարձնեն, եւ կարելի է ասել անցա շատ դժվար ճանապարհ։ Մասնակցում էի տարբեր մրցույթների, խնդրում էի, որ ինձ լսեն, եւ չէի անցնում։ Յոթերորդ անգամ անցա, բայց այդ անգամ էլ ինձ չթույլատրեցին երկրից դուրս գալ։ Դա 1982 թվականն էր։ Ինչ-որ մեկը ԿԳԲ նամակ էր ուղարկել իմ դեմ, եւ ինձ չթողեցին։ Մեկնաբանեցին, որ կարող է գնամ եւ մնամ։

– Իսկ ո՞ւր պետք է գնայինք։

– Ֆրանսիա։ Մեկնելուս նախորդ օրն ինձ կանչեցին եւ ասացինˋ կներես, Դավթյան, բայց չենք կարող քեզ թողնել, նամակ է եկել քո դեմ։ Պետք է մասնակցեի Թուլուզում կայանալիք օպերային երգիչների միջազգային մրցույթին։ Երկու տարի անց, 1986-ին արդեն հաջողվեց Իտալիա մեկնել, ուր միջազգային մրցույթում գրավեցի առաջին տեղը։ Այստեղ շատերն էին չարախոսում, որ ես մրցանակ չեմ ստանա, քանի որ մեծ եմ արդենˋ 35 տարեկան էի։ Այն ժամանակ նման միջազգային մրցույթների ուղարկում էր մոսկովյան հատուկ ժյուրին, որի անդամները ասում էին, որ ես Իտալիայում չեմ կարող հաղթել։ Իսկ ես վստահ էի իմ ուժերի վրա եւ ասացի, որ ԽՍՀՄ մշակույթի նախարարին կբողոքեմ։ Այդժամ ժյուրիի նախագահն ինձ կանչեց եւ ասաց, որ խաղաղ ձեւով այս հարցը կարելի է լուծել, եթե Հայաստանի մշակույթի նախարարությունը մի երաշխավորագիր ներկայացնի, այդ դեպքում իրենք ինձ համար մի տեղ կտան։ Այդպես էլ արեցինք։ Իմ նվագակցողի հետ մեկնեցինք Իտալիա։ Ի դեպ, այդ մրցույթի ժյուրիի անդամ էր նաեւ մոսկովյան ժյուրիի անդամներից մեկը, բայց ես նվաճեցի առաջին մրցանակըˋ Վիոտիի անվան մրցույթում։

– Բայց դա խթանե՞ց գործին։ Ձեր կյանքը փոխվե՞ց։

– Իհարկե, մեծ չափով խթանեց։ Կես տարի դեռ այնքան ակտիվ չէի, հետո սկսվեց մի նոր շրջան։ Եվ այդժամ հանդիպեցի Սպիվակովին։ Իսկ նրա համար նշանակություն չուներ դու մրցույթի դափնեկիր ես, թեˋ ոչ։ Իմ մտերիմ ընկերըˋ կոմպոզիտոր Վաղարշակ Զաքարյանը Սպիվակովին խնդրել էր ինձ լսել։ Երբ նա ինձ լսեց, միանգամից ծրագիր առաջարկեց։ «Մոսկվայի վիրտուոզների» հետ իմ առաջին համերգը տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում։ Եվ այդտեղից ամեն ինչ սկսվեց։ Միայն Սպիվակովի հետ մենք 150 համերգ ենք ունեցել։ 1987-ին Սպիվակովի հետ Պրահայում էլ ենք ելույթ ունեցել։ Հոյակապ համերգ էր, եւ մամուլը շատ լավ արձագանքեց։ Շատ գեղեցիկ դահլիճ էր։ Հետո նվագախումբը մեկնեց Իսպանիա եւ բնականաբար առանց մենակատար երգիչների։ Այդպես բաժանվեցի «Մոսկովյան վիրտուոզներից», եւ հանկարծ հայտնվեց մի այլ դիրիժորˋ Կոնստանտին Օրբելյան կրտսերը, ով հիանալի մարդ է։ Նրա հետ մենք ծանոթացանք ֆրանսիական Տուրում տեղի ունեցող փառատոնին, եւ այդ օրվանից կապի մեջ ենք։ Ես հաճախ նրա Մոսկովյան կամերային նվագախմբի հետ եմ ելույթներ ունենում։ Երգում եմ ե՛ւ արեւմտյան դասական արիաներ ե՛ւ հայկական։

– Իսկու ինչո՞ւ օպերա չգնացի՞ք։

– Ես շատ բարձրˋ -22 կարճատեսություն ունեմ։ Դե՜, այսպիսի լարված կյանքով ապրելը, պատկերացնում եք, թե ինչ էր ինձ համար։ Թեեւ Մոսկվայի Մեծ թատրոնում Վերդիի «Տրավիատայում» եմ երգելˋ1986-ին, Օբրազցովայի ամուսնուˋԺորայտիսի հետ, ես Վիոլետայի դերում էի։ Այդ ժամանակ մի խնդիր կարˋ ընտրել Մեծ թատրոնը, թե Սպիվակովին։ Ես նախընտրեցի Սպիվակովին։ Ընդ որում Սպիվակովի հետ մեր ծանոթությունն առիթ հանդիսացավ այլ դիրիժորների հետ ծանոթության։ Մի համերգ երբեք չեմ մոռանում, եւ եթե իմ կյանքում միայն այդ համերգը եղած լիներ, ես էլի բավարարված կլինեի։

Ամստերդամում հայտնի Կոնցերտգեբաու համերգային դահլիճի 100-ամյակն էր, եւ իտալացի դիրիժոր Ռիկարդո Շային ցանկացել էր ունենալ սովետական երաժիշտների կազմ, եւ երեք մենակատար երգիչների կանչեցին ԽՍՀՄ-իցˋ ես էի, Տամարա Սինյավսկայան եւ Գեորգի Սելեզնեւը Մոսկայի Մեծ թատրոնից եւ մի տենոր Իտալիայից։ Կատարեցինք Վերդիի «Ռեքվիեմը», որը հեռարձակվեց ողջ Եվրոպայով։ Անմոռանալի էր։ Շայիի հետ հետ երգել եմ նաեւ Շոստակովիչի 4-րդ սիմֆոնիան։

– Ձեր երգացանկը շատ բազմազան է։ Բայց ո՞րն է ավելի հոգեհարազատˋ իտալակա՞նը, ռուսական դասակա՞նը, թե՞ հայկականը։

– Ինձ համար շատ դժվար է ասել։ Հայկական երաժշությունից, Կոմիտասից որեւէ գործ կարող է կատարեմ, բայց եթե այն հոգեհարազատ է ինձ։

– Ո՞ր ստեղծագործությունն է, որի կատարմամբ լիովին բացահայտում եք Ձեր ձայնի ողջ հզորությունը։

– Վերդիի «Ռեքվիեմը»։ Եթե նայեք դրա տեսագրությունը, կզգաք, որ այդ գործով ես ամեն ինչ ասում եմ։

– Ո՞ւմ հետ եք ավելի հեշտ աշխատել։

– Անուններ չտամ, բայց կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալների հետ շատ հեշտ է աշխատել, իսկ նրանք ովքեր չգիտեն, թե ինչ պետք է անեն, այդ դեպքերում շատ դժվար է։

– Դասական երաժշտությունն ի՞նչ վիճակում է Հայաստանում։

– Ես միայն կարող եմ ասել, որ մեծ անկում է այդ ոլորտում։ Մարդկանց մեծ մասը ապրում է անցյալով։ Եվ նրանք պատրաստ չեն առանց նորմալ աշխատավարձի համերգների վրա փող ծախսել։ Առաջ դա բոլորի համար դյուրին էր։ Արեւմուտքում, դուք էլ գիտեք, որ դասական երաժշտությունը միշտ ստանում է պետական հովանավորություն։ Նույնը հիմա կատարվում է Ռուսաստանում։ Պուտինը պետականորեն աջակցում է։ Մեզ մոտ նման մոտեցում չկա։ Եթե մեր երաժշտական խմբերից մեկը, ով դրսից աջակցություն է ստանում, մի օր կորցնի այդ աջակցությունը, ուղղակի փաստի առջեւ կկանգնի։ Հետեւաբար, մեզ պետք է պետական աջակցություն եւ շատ ուժեղ աջակցություն։ Այդ ժամանակ կարելի է բոլորին հրավիրել Հայաստան եւ ոչ միայն հայերին։ Կարեւորը, որ պրոֆեսիոնալներ լինեն։  

– Մեր հանդիսատեսը դրա պահանջն ունի՞։

– Իհարկե։ Թող հազար հոգի լինի։ Եթե որակ լինի, կգան։ Սպիվակովին ինչքա՞ն մարդ է գալիս ունկնդրելու։ Դահլիճում տեղ չի լինում։ Այժմ ամենաճանաչվածներից Վիլազոյին թող բերեն կամ մի այլ հայտնի երգչի։

– Ասում են, որ օպերային երգիչների սերունդ չեն պատրաստում։ Ունե՞նք նման սերունդ։

– Շատ լավ պոտենցիալ ունենք։ Բայց Գոհար Գասպարյանի նման թռիչք, իհարկե, չունենք։ Սովետական Միության ժամանակվա էներգետիկայի նման աստղաշարք հիմա չեմ տեսնումˋ Արշավիր Կարապետյանն իր հիասքանչ ձայնով, ժամանակին Վահան Միրաքյանն էր փայլում, Նար Հովհաննիսյանը, Միհրան Երկաթը։ Միգուցե կյանքն էր այլ։ Պատկերացնո՞ւմ եք Նար Հովհաննիսյանը մահացավ աղքատության մեջ, ստիպված հաց էր վաճառում։

– Ձեր դերասանական խաղը Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» ֆիլմում հայտնություն էր մեզ համար։

– Ինձ համար նորություն չէր ֆիլմհամերգում նկարահանվելը։ Ժամանակին մասնակցել եմ Բագրատունու բեմադրություններին։ Նա մեզ լավ աշխատացնում էր։ Տեսախցիկի զգացողությունն իմ մեջ վաղուցվանից է դրված։ Մի անգամ էլի ինչ-որ հեռուստատեսային նկարահանման էի, ռեժիսորն ինձ ասաց, թեˋ այդպես կինոյում են նկարահանվում։ Դա ինքնաբերաբար է ստացվել։ Ռուստամի ֆիլմում ինձ զգուշացրին, որ տեսախցիկի համար չաշխատեմ, քանի որ տեսախցիկն է ինձ համար աշխատելու։ Ռուստամից շատ բան էր կախված։ Նրա հետ շատ հանգիստ էր աշխատելը եւ շատ հետաքրքիր։ Դա թանկագին հաճույք էր, որ վայելեցի այդ ֆիլմում նկարահանվելիս։

– Նրա հետ նոր ծրագրեր ունե՞ք։

– Առայժմˋ ոչ։ Մենք 25 տարի է ընկերություն ենք անում եւ անընդհատ շփումների մեջ ենք եղել։ 1997-ից սկսվել են նկարահանումները։ Տասը տարի է տեւել, մինչեւ որ այդ ֆիլմի վերջնական տարբերակը պատրաստ լինի։ Քանի որ գումարը քիչ էր, այդքան ձգձգվեց։ Հետո նեգատիվն էին գողացել, մոնտաժի գումար չկար։ Դեռ 2005-ին նորից նկարհանվեցինք, բայց դա չէր մտել վերջնական տարբերակի մեջ։ Ֆիլմը Պետերբուրգում «Գրան պրի» ստացավ եւ հանդիսականների մրցանակին արժանացավ, Վենետիկի եւ Մոսկվայի փառատոններում լավ ընդունվեց, «Ոսկե ծիրան»ում ցուցադրվեց, մամուլը հիացական արձագանքներ էր տվել։ Ֆիլմի գումարը Ղազախստանն էր տալիս, եւ ուզում էին, որ Էրիկ Կուրմանգալիեւի մասին ֆիլմ նկարեն։ Բայց Ռուստամը որոշեց, որ մի մարդու մասին չի լինի այդ ֆիլմը, եւ ցանկացավ իր ձեւով նկարահանել։ Նա որոշեց ֆիլմ նկարել երգիչների մասին եւ ցույց տալ այն մեծ արվեստը, որը ապրում է մեր կողքին։ Այնտեղ շատ հետաքրքիր պահեր կանˋ Տրավիատայից հատվածներ եւ… ոչխարների հոտի տեսարանը։ Նա ցույց է տալիս, թե այդ ամենն ինչքան մոտ է բնությանը։ Այդ ֆիլմում նկարահանվեցինք ես, Էրիկ Կուրմանգալիեւը, եւս երկու ղազախ երգչուհիներˋ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհիներ Ռոզա Ջամալովան եւ Բուբիգյուլ Տուլիգեեւան։ Եվ երբ Խամդամովը «Ոսկե ծիրանի» օրերին եկավ Երեւան, շատ ափսոսեց, որ հնարավորություն չի ունեցել այդ ֆիլմի համար նկարահանել նաեւ Գոհար Գասպարյանին։

– Այժմ ի՞նչ ծրագրեր ունեք։

– Կոնսերվատորիայից դուրս գալուց հետո զբաղված եմ ձայնասկավառակների ձայնագրմամբ, ինչպես նաեւ շարունակում եմ մասնակցել փառատոնային համերգներին։

Հ.Գ. – Ավելացնենք, որ մեր հարցազրույցից հետո, վերջին տարվա ընթացքում Արաքս Դավթյանը թողարկեց ռուսական ռոմանսների ձայնասկավառակը, ինչպես նաեւ մասնակցեց Պետերբուրգում եւ Ռիգայում անցկացված փառատոնային համերգներին։ «Օրեր»-ը ջերմորեն շնորհավորում է մեծանուն երգչուհուն, մաղթում առողջություն եւ ստեղծագործական բեղուն աշխատանք։

Հ Գ ˗ Մեծանուն երգչուհինˋ Արաքս Դավթյանը  հանկարծամահ եղավ 2010ի  հուլիսի  28-ինˋ Մոսկվայում։

Հարցազրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Լուսանկարըˋ Սահակ Տրոյանի

ՕՐԵՐ, 1/2009


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: